Չորսու (շուկա)
«Չորսու» շուկա | |
---|---|
![]() «Չորսու» շուկայի գլխավոր գմբեթը | |
Երկիր | ![]() |
Նախագծի հեղինակ | Վլադիմիր Ազիմով,
Սաբիր Ադիլով (գմբեթային կառույցներ) |
Շինարարության սկիզբ | 1990-ական թվականների սկիզբ (գմբեթային կառույցներ) |
Կարգավիճակ | գործող շուկա |
![]() | |
![]() |
«Չորսու» շուկա (ուզբ.՝ Chorsu bozori, հայտնի է նաև «Չորսու» բազար անվամբ), Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ շուկաներից մեկը, որը գտնվում է Տաշքենդի Օլմազորի շրջանում։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնում։ Շուկայի կապույտ գմբեթով շինության առաջին հարկում հիմնականում վաճառվում են մսամթերք, կաթնամթերք, այդ թվում՝ պանիր և թթու դրված բանջարեղեն։ Իսկ երկրոդ հարկում վաճառվում են չրեր, թեյ, համեմունքներ և ընդեղեն։
Շուկան հայտնի է եղել դեռևս միջնադարում ու առևտրային մեծ նշանակություն ունեցել Մետաքսի ճանապարհին[1][2]։ Շուկայի ժամանակակից ճարտարապետական կերպարը ձևավորվել է 1990-ական թվականների սկզբին, երբ ավարտվեց գմբեթային կառույցների շինարարությունը[3]։
«Չորսու» շուկան ձգվում է մետրոյի համանուն կայարանից մինչև Քուքելդաշ մեդրեսե։ Վերջինս կառուցվել է մոտ 1570 թվականին ու գտնվում է շուկայի ծայրին։ Շուկայի ժամանակակից շենքը և կապույտ գմբեթը 1980 թվականին նախագծել են Վլադիմիր Ազիմովը և Սաբիր Ադիլովը։ Համարվում է խորհրդային մոդեռնիզմի ուշ շրջանի օրինակ[4]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուկայի անվանումն առաջացել է տաջիկերեն «Чорсӯ» բառից, որը թարգմանաբար նշանակում է «խաչմերուկ», «չորս կողմեր», «գլխավոր փողոցների հատման վայր»[5]։ Բառն առաջացել է տաջիկերեն «Чор» («չորս») և «сӯ» («կողմ») բառերի հանրագումարից։ Կենտրոնական Ասիայում այդ կերպ էին անվանում չորս մուտք ունեցող փակ շուկաներին, որոնք, որպես կանոն, կառուցվում էին քաղաքների գլխավոր փողոցների հատման վայրում[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին կրում էր «Հոկտեմբերյան շուկա» (ռուս.՝ Октябрьский базар) անվանումը։ 1950-ական թվականներին շուկային կից կառուցվեց հատուկ տարածք, որտեղ վաճառվում էին ազգային ուտեստներ։ Տեղացիները դրան անվանում էին «որկրամոլների շարք»[3]։
Տաշքենդի շուկաներում գմբեթների շինարարությունն սկսվել է ճարտարապետ Անդրեյ Կոսինսկու այցից հետո, որն Ուզբեկստան էր ժամանել 1966 թվականին՝ Տաշքենդի երկրաշարժից հետո։ Կոսինսկին այցելել էր ջրամբար, որը գտնվում էր Ռաբաթ-ի Մալիք քարավանսարայի հակառակ կողմում։ Ճարտարապետին դուր էր եկել գմբեթաձև կառուցվածքի ուժեղ հովացման միջնադարյան համակարգը։ Կոսինսկին այդ ոճը կիրառել է ճարտարապետական իր բազմաթիվ նախագծերում, որպեսզի այդ մոտեցումը կիրառվի շինությունների հովացման համար[8]։
1980-ական թվականներին Տաշքենդի քաղաքային նախագծման պետական ինստիտուտի ճարտարապետներ Վլադիմիր Ազիմովը և Սաբիր Ադիլովը սկսեցին նախագծել շուկայի վերակառուցումը։ 1990-ական թվականների սկզբին կառուցվեցին 10-15 մետր տրամագծով գմբեթային կառուցվածքները, իսկ «Չորսու» շուկայի գլխավոր գմբեթն ունի մոտ 80 մետր տրամագիծ։ Ստորին հարկում առկա են նկուղային միջանցքներ, որոնք տանում են պահեստ ծառայող տարբեր տարածքներ։ Միջին և վերին հարկերում տեղակայված են վաճառասեղանները։ Շուկայի առևտրային շարքերը բաժանվում են այնտեղ վաճառվող ապրանքատեսակներով՝ բանջարեղեն, մրգեր, ընդեղեն, արևելյան քաղցրավենիք, համեմունքներ, ձավարեղեն։ Հագուստի և կենցաղային ապրանքների համար հատկացված են առանձին տաղավարներ[2]։ «Չորսու» շուկայի վերակառուցման և գլխավոր գմբեթի կառուցման ժամանակ դրվեց նաև մետրոյի համանուն կայարանի հիմնարկեքը։ Վերջինս շահագործման հանձնվեց 1989 թվականի նոյեմբերի 6-ին։ Թունելներն անցկացվել էին բաց եղանակով՝ շուկայի տարածքով[3]։
2018 թվականին Տաշքենդի քաղաքապետարանը հրապարակեց շուկայի և դրա շրջակայքի փոխակերպման նախագիծը։ Ներկայացված էսքիզներում բացակայում էին փոքր գմբեթները։ 2022 թվականի մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ շուկայի գլխավոր գմբեթի շուրջ առկա 7 գմբեթները կներառվեն Ուզբեկստանի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում և կվերցվեն հսկողության տակ[9]։

Պատկերասրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Չորսու» շուկա
-
Հաց վաճառողները «Չորսու» շուկայում։
-
Համեմունքների վաճառք «Չորսու» շուկայում։
-
«Որկրամոլների շարքը» «Չորսու» շուկայում, 2024 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Базар Чорсу. Достопримечательности Ташкента. Среднеазиатские базары». www.centralasia-travel.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 Верещагина, Е., Калыбаев, Р. (2020). «Гид по архитектуре и культуре Ташкента: как город открывается миру и придумывает себя» (ռուսերեն). Daily Afisha. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 3,2 «Базар «Чорсу»: история старейшего рынка Центральной Азии». uznews.uz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Chaubin, Frédérique: CCCP. Cosmic Communist Constructions Photographed, Taschen 2011, p.98-99
- ↑ Ancient Business Center "Chorsu" in Samarkand
- ↑ «Русско-Таджикский словарь — Чорсӯ» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Толковый словарь таджикского языка в 2-х тт. Я том. А - О» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Угроза разрушения памятника «Чорсу базар» и его окрестностей». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Купола Чорсу — это бренд Ташкента»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորսու (շուկա)» հոդվածին։ |