Չորդվանել
Չորդվանել, Չորդուանել, Չորտուանել, «Չորդվանելի» («Չորդվանեցի»), պատվանուն–տիտղոսից ծագած անձնանուն, որը կրել են Թոռնիկյանները։ «Չորդվանելի» տիտղոսը նախապես կրել է Տայքի Թոռնիկյանների կենտրոն Բերդագրակի մոտ գտնվող Չորդվանքի («չորս եկեղեցի», IX դարից քաղկեդոնականություն ընդունած Թոռնիկյանների հոգևոր կենտրոնը) եպիսկոպոսը։
Տայքի Թոռնիկյաններից նշանավոր են՝ պրոտոսպաթար Չորդվանելը (Տայքի կյուրապաղատի հանձնարարությամբ այցելել է Կոստանդին Ծիրանածին կայսերը), նրա թոռ մագիստրոս Չորդվանելը (մասնակցել է 987–89-ին կայսրության դեմ Վարդ Փոկասի ապստամբությանը, սպանվել 990-ին), Լիպարիտ զորավարի քրոջ որդի Չորդվանելը (1021-ին զինակցել է սելջուկյան թուրքերի դեմ ելած Վասակ Պահլավունուն, սպանվել 1048-ին)։
Տարոնի և Սասունի Թոռնիկյանների մեջ Չորդվանել անձնանունը տարածված է եղել XI–XII դդ․։ Հայտնի են՝ Տաճատի որդի, «իշխան Տարանոյ և ամենայն Հայոց» տիտղոս կրած Չորդվանելը (1056–1104/10), Թոռնիկի որդի, Սասունի իշխան Չորդվանելը (1073–1120-ական թթ․) և նրա թոռ, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ. Պահլավունու փեսա Չորդվանելը (մահացել է 1165-ին)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։
- Ակինյան Ն․, Մատենագրական հետազոտություններ, հ․ 4, Վնն․, 1938։
- Երեմյան Ս․ Տ․, Լիպարիտ զորավարը և նրա նախորդները, «Ն․ Մառի անվ․ կաբինետի աշխատություններ Երևանի պետ․ համալսարանի», 1947, №2։
- Դանիելյան է․ Լ․, Տարոնի և Սասունի Մամիկոնյաններ–Թոռնիկյանները (XI–XII դդ․), «ՊԲՀ», 1979, № 2։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 61)։ |