Չորացած գլուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորացած գլուխ, հատուկ ձևով չորացրած մարդկային գլուխ, որն ունենում է մարդկային բռնցքի չափ, սակայն նույնությամբ պահպանում է մարդու դիմագծերը։

Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ որպես զարդ օգտագործել են գիշատիչների մագիլները, մորթին, փետուրներից պատրաստել են գլխարկներ։ Թշնամու մարմնի մասերով պատրաստված ռազմավարը հաճախ հանդիսացել է զինվորի համար խիստ ցանկալի առարկա, որի ձեռքբերումով նա կարծել է, թե այն կարող է մոգական ուժ հաղորդել իրեն։ Նախնադարում այդ մղումը որոշ չափով մարդակերության առիթ է հանդիսացել։

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները լայնորեն հայտնի են եղել որպես «գանգամաշկի որսորդներ»։ Հարավամերիկյան Անդերի հնդկացիները` հիվարոները, գլխավոր ռազմավար էին համարում չորացած գլուխները։ Նրանք կտրում էին մահացածների գլուխները` հատուկ ձևով ձգելով մաշկը և լցնելով տաք ավազը միայն իրենց հայտնի ձևով այնպես, որ գլուխը փոքրանալով ստանում էր թենիսի գնդակի մեծություն, ընդ որում դիմագծերը պահպանվում էին նույնությամբ։ Մազերը, որոնք պահպանում էին նույն չափը, ավելի երկար էին թվում։ Ներկայումս «գլուխների որսը» արգելված է, սակայն որոշակի գումարի դիմաց դեռ կարելի է պատվիրել նման «հուշանվեր»։ Չորացած գլխի պահանջարկը հանգեցնում է հանցագործության աճի։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակորդի կտրած գլխի վրա գագաթից մինչև վիզը կտրվածք է արվում, որից հետո գանգամաշկը մազերով հեռացվում է գանգից։ Դա նման է կենդանիներին մորթազերծ անելուն։ Տվյալ փուլում շատ դժվար է դեմքից մաշկը հեռացնելուն, քանի որ այս հատվածում այն ամուր միացված է մկաններին։ Դրանից հետո գանգն ավելորդ է. այն այլևս պետք չի գալիս։

Հաջորդ փուլում լիանաներով կապված մաշկը որոշ ժամանակով իջեցվում է եռացրած ջրի մեջ, ինչը սպանում է միկրոօրգանիզմները և միաժամանակ կծկում մաշկը։ Այնուհետև այն ձգվում է հողի մեջ ամուր խրած ցցերին, որպեսզի սառչի։ Լիանաներից արվում է օղակ այն չափով, ինչ պետք է ունենա չորացած գլուխը պատրաստ լինելուց հետո։ Արմավենու թելերով և ասեղով կարում են կտրվածքը, որն արվել էր գանգը մաշկատելու ժամանակ

Առանց հետաձգելու` հնդկացիներն սկսում են փոքրացնել գլուխը հենց նույն օրը։ Գետի ափից նրանք վերցնում են կլորավուն 3 քար և գցում խարույկի մեջ։ Քարերից մեկը վզի կտրվածքից ներս են մտցնում և պտտում։ Հետո քարը նորից գցում են խարույկի մեջ` այն փոխարինելով մյուս տաք քարով։ Դրանից հետո նույն գործողությունը կրկնում են տաք ավազով, որը վերցնում են գետափից և կավե ամանով տաքացնում խարույկում։ Տաք ավազը կիսով չափ լցնում են գլխի մեջ` անընդհատ պտտելով գլուխը։ Գործողությունը կրկնվում է այնքան, քանի դեռ չեն հասել ցանկալի արդյունքին։

Ամբողջ այս ընթացքում հնդկացի ռազմիկը ձեռքերով ուղղում է դեմքի թոռոմած մաշկը, կարևոր է, որ դեմքը պահի թշնամու դիմագծերը։ Այս գործընթացը կարող է շարունակվել մի քանի օր։ Վերջում գլուխն ստանում է նախկինի քառորդ չափը և դառնում է բացարձակ չոր և կոպիտ։

Շրթունքների տեղում դրվում են արմավենու ամուր փայտից հինգսանտիմետրանոց ձողիկներ` ներկված կարմիր գույնով։ Շուրջը փաթաթվում է բամբակե շերտ` նույնպես ներկված կարմիրով։ Այս ամենից հետո ամբողջ գլուխը` ներառյալ դեմքը, ներկվում է սև ածուխով։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորացած գլուխները` որպես «սարսափների կրպակի» առարկա կամ կախարդներին անհրաժեշտ պարագա, հանդիպում են ժամանակակից կինոֆիլմերում և մուլտֆիլմերում։ Մասնավորապես, չորացած գլուխ կարելի է տեսնել «Բիթլջուս» ֆիլմում, «Սիմփսոններ» մուլտսերիալում, «Արքայազնը և գորտը» մուլտֆիլմում, Հարի Փոթերի արկածների մասին մանկական կինոֆիլմում, «Կոլոմբո» հեռուստասերիալում, «Հրեշները արձակուրդներին», «Մումիան վերադառնում է», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ ֆիլմերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Սթինգլ, «Հնդկացիներն առանց մարտական տապարի», Պրոգրես, 1984, էջ 499
  2. Մորիս Սանտոս «Տսանտսա» (պատմվածք)
  3. Տեսս Հարիթսեն, «Մահվան պահապանները»
  4. Տ. Ստեպանովա, "Հրաժեշտ մղձավանջին"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորացած գլուխ» հոդվածին։