Չինական չանչունյան երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական չանչունյան երկաթուղի

Չինական չանչունյան երկաթուղի (ՉՉԵ, 1953 թվականից՝ Խարբինյան երկաթուղի), երկաթուղի Չինաստանի հյուսիս-արևելքում, Մանջուրի կայարանից Խարբինով մինչև Սույֆինհե և Խարբինից մինչև Դալյան (Դալնի)։ Ունի բազմաթիվ ճյուղավորումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղին կառուցել է Ռուսաստանը՝ 1897 - 1903 թվականներին՝ 1896 թվականի ռուս-չինական պայմանագրի համաձայն։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմից հետո ՉԱԵ-ի հարավային ուղղությունը՝ Չանչունից մինչև Դալյան և Լյույշուն (Պորտ Արթուր) անցել է Ճապոնիային և կոչվել Հարավ-Մանջուր երկաթուղի (ՀՄԵ)։ 1924 թվականին խորհրդա-չինական պայմանագրով ՉԱԵ ճանաչվել է իբրև զուտ առևտրական ձեռնարկություն՝ ԽՍՀՄ-ի և Չինաստանի համատեղ կառավարմամբ։ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիս-արևելյան Չինաստանի (Մանջուրիա) նվաճումից հետո ՉԱԵ դարձել է ճապոնական, ռազմամոլների հակախորհրդային գործողությունների օբյեկտ։ 1935 թվականին ԽՍՀՄ ոչ մեծ գումարով (140 մլն ի են) ՉԱԵ վաճառել է Մանջոու Դոյի (Մանջուրիայում Ճապոնիայի ստեղծած խամաճիկ պետություն) իշխանություններին։ Կարմիր բանակի կողմից Մանջուրիայի ազատագրումից և Ճապոնիայի կապիտուլացիայից հետո ՀՄԵ և ՉԱԵ անցան (1945 թվականի խորհրդա-չինական պայմանագրով) ԽՍՀՄ-ի և Չինաստանի համատեղ կառավարմանը՝ ստանալով ՉՉԵ ընդհանուր անվանումը։ ՉԺՀ-ի կազմավորումից հետո, ՉՉԵ-ի վերաբերյալ խորհրդա-չինական նոր պայմանագրով (1950 թվական), ԽՍՀՄ-ը ՉՉԵ համատեղ կառավարելու իր բոլոր իրավունքները (ամբողջ գույքով հանդերձ) անվարձահատույց տրամադրեց Չինաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։