Չինական կանաչ պարիսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազային փոթորիկ Սահարայում և Արևելյան Չինաստանու

Չինական կանաչ պարիսպ (չինարեն՝ 三北防護林), նախագիծ, որը կոչված է կանխելու Չինաստանի ժողովրդական Հանրապետության տարածքում անապատների ընդլայնումը։ Նախագծի պաշտոնական անգլերեն անվանումն է The Three-North Shelterbelt Development Program։

Ծրագրի անվանումը վերցված է Չինական մեծ պարիսպի, որն անցնում է տնկարկների շերտին զուգահեռ, համանմանությամբ։ Նման են նաև նրանց գործառույթները․ եթե հին ամրությունը պաշտպանում է Չինաստանը հյուսիսային թշնամիներից, նոր նախագիծը կոչված է պաշտպանել այն ավազային փոթորիկներից։

Կանաչ պարիսպը կանաչապատման խոշոր նածագիծ է, որի հիմնական նպատակն է կանգնեցնել հյուսիսային Չինաստանի, որն ունի չորային կլիմա և խիտ բնակեցում, անապատացումը։

Անապատացում Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազը Պեկինում փոշոտ փոթորկից հետո

Վերջին տարիներին Պեկինում մեծ անհանգստություն են առաջացնում ասիական փոշոտ փոթորիկները, որից տուժում են առաջին հերթին երկրի՝ անապատի անմիջական հարևանությամբ գտնվող հյուսիսային շրջանները։ Ամեն տարի անապատների ընդլայնման պատճառով Չինաստանը կորցնում է 1300 կմ² օգտակար տարածություն։ Անապատացումը այսպես թե այնպես իր վրա զգում է 400 մլն մարդ[1]։ Անապատների տաքությունից Պեկինի միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մի քանի աստիճանով։ Չինական փոշոտ փոթորիկներից տուժում են նաև Կորեան և Ճապոնիան, որտեղ այն հանգեցնում է կեղտոտ անձրևների և գետերի խցանման։ Փոշոտ փոթորիկները, որոնց չինացիները բանաստեղծորեն անվանում են «դեղին վիշապներ», լինում են այնքան ուժեղ, որ Չինաստանից փոշին հասնում է անգամ մինչև ԱՄՆ-ի արևմտյան լողափ։

Անապատացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես աշխարհի շատ երկրներում, անապատացումը մարդու գործունեության հետևանք է։ Արագ զարգացող գյուղատնտեսությունը օգտագործում է հողերը իրենց հնարավորություններից ավելի՝ խախտելով դրանց կազմությունը և զրկելով դրանք սննդարար նյութերից։ Աղքատ բուսածածկույթը ավելի է նոսրանում տավարաբուծությունից և անտառների հատումից, հողը կորցնում է էրոզիայի նկատմամբ կայունությունը։ ժամանակի ընթացքում բուսածածկույթը կա՛մ լվացվում է տեղումներից, կա՛մ չորանում է և քշվում քամուց։

Անապատացման վրա ազդում է նաև արդյունաբերությունը։ Չինաստանի ձևավորման ժամանակ՝ 1949 թվականին, երկրի տարածքի 8 %-ը ծածկված էր անտառներով։ Սակայն ինդուստրացման արդյունքում առաջացած վառելիքի անհրաժեշտություն խնդիրը լուծվում է անտառահատության մեծացման հաշվին։

Մեկ այլ խնդիր է արդյունաբերության, գյուղատնտեսության և բնակչության կողմից ջրի օգտագործման աճը։ Այն լուծվում է արտեզյան նոր հորատանցքերի և ամբարտակների կառուցման հաշվին, ինչը հանգեցնում է գետերի ջրառատության նվազեցմանը և (երբեմն գետը ցամաքում է մինչև ծով հասնելը) և ստորգետնյա ջրերի մակարդակի անկմանը։ Օրինակ, Չինաստանի երկարությամբ երկրորդ գետը՝ Հուանհեն, ստորին մասերում չորացած է մնում մոտ տարվա կեսը։

Հիմնական մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ պարիսպի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին՝ մշակութային հեղափոխությունից հետո և շարունակվելու է մինչև 2050 թվականը։ Պետք է կանաչապատվի երկրի 350 000 կմ² մակերես, որը համարժեք է Գերմանիայի մակերեսին։

Անապատացումից տուժած շրջանները (ներառյալ անապատները) զբաղեցնում են մոտ 2,6 մլն կմ², որը մոտավորապես կազմում է Չինաստանի մակերեսի 28 %-ը[2]։

Անտառը՝ որպես քամիների արագությունը և հողերի էրոզիան կանխող, հարմար է նման նպատակների համար։ Այդ նպատակով Չինաստանում կտնկվի իսկական կանաչ պարիսպ՝ պաշտպանիչ գոտի՝ ծառերից, խոտերից և թփերից, որն անցնելու է 13 նահանգով, 4500 կմ երկարությամբ և մոտ 100 կմ լայնությամբ։ Ծառերը պահելու են քամու և ավազի շարժումը, իսկ արմատները ամրացնելու են հողի բաղադրությունը և խոչընդոտելու նրա էրոզիային։ Նման պայմաններում բույսերի համար կարևոր է արագ աճն ու դիմադրությունը ավազային փոթորիկներին և դա այն դեպքում, որ այս վայրերում տարեկան տեղումների միջին տարեկան մակարդակը կազմում է ընդամենը 100-200 մմ։ Գլխավորապես նախատեսվում է բարդիների և կարմրանների տնկումը, որոնք պահանջկոտ չեն արտաքին միջավայրի նկատմամբ և առանձնանում են արագ աճով։ Ապագայում տնկվելու են նաև գենետիկորեն ձևափոխված և կլոնավորված բարդիներ։

Քանի որ մոնոկուլտուրաները առանձնանում են վնասատուների համար խոցելիությամբ և հիվանդություններով, առաջնահերթ տնկվում են խառը անտառներ։ Կանաչ պարսպի մեջ են մտնում նաև վարելահողերը։

Նախագծում ներգրավված է ողջ չին ժողովուրդը։ Օրենքով Չինաստանի 11-60 տարեկան յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է տարվա ընթացքում տնկել 3-5 ծառ կամ մուծել համապատասխան հարկ[3]։ Կիրառվում են կանաչապատման բազմաբնույթ տարբերակներ։ Ավանդական մեթոդը ենթադրում է ավազաաբլուրների քնդումը և հողի հավասարեցումը էքսկավատորներով և բուլդոզերներով, ապա հիմնականում մարդու ձեռքով բույսերի տնկում։ Մյուս մեթոդը ինքնաթիռներով սերմերի ցանումն է, որոնք գտնվում են հասունացման առաջին փուլում և փաթափված են ավազակավով։ Այսպես կանաչապատվել է ավելի քան 1000 կմ։ «Կանաչ պարիսպ» նախագծի ընթացքում մեթոդը Չինաստանի կողմից դուրս է բերվել շուկայական մակարդակ։

Անտառային տնտեսության կառուցվածքային բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Չինաստանը սկսել է անտառային արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքային բարեփոխումները։ Բարեփոխումների ընթացքում անտառային շրջանները վարձույթով են տրվել գյուղացիներին, իսկ նրանց իրավունքները իրավաբանորեն վկայված են։ Այժմ գյուղացին համարվում է իր տնկած ծառերի սեփականատերը։ Բացի այդ, գյուղացիները իրավունք են ստացել մշակել հարկվող հողը կամ իրենց օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց կամ ընկերությունների։ Այս բարեփոխումը գյուղացիներին խրախուսում է միջոցներ ներդնել անտառների տնկման մեջ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դրությամբ Կանաչ պարիսպը գտնվում էր 13 նահանգների տարածքում, զբաղեցնում էր 220 000 կմ² մակերես, որը համապատասխանում է Մեծ Բրիտանիայի մակերեսին։ Որոշ շրջաններում արդեն երևում են նախագծի արդյունքները․ վայրերը, որտեղ մարդիկ ստիպված էին ամեն օր մաքրել տները ավազից, արդեն պիտանի են ապրելու համար, իսկ փոշոտ փոթորիկները դարձել են զգալիորեն պակաս կործանարար։ Հաշվարկներով՝ արդեն տնկված անտառները տարեկան պահում են մոտ 200 մլն տոննա ավազ։

1970-ական թվականներից Չինաստանում անտառների մակերեսը դարձել է գրեթե կրկնակի ավելի։ Նոր հազարամյակում վտանգի տակ գտնվող շրջաններում տավարաբուծությունը արգելող օրենք է ընդունվել։ Չնայած բոլոր ջանքերին, որոշ շրջաններում մինչ այժմ անապատը շարունակում է ընդլայնվել։ Սակայն 2000-2004 թվականներին անապատացման տարեկան տարածքը նվազել է 1300 կմ²-ով, ինչը համադրելի է Լոս Անջելես քաղաքի մակերեսի հետ[4]։ Չինաստանի տարածքում գտնվում է ավելի քան 1 750 000 կմ² անտառ (2008 թվականի տվյալներով։ Այդ թվում է վերականգնված անտառային զանգվածների աշխարհի խոշորագույն տարածքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Holding Back the Sands». China International Business. 10.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին.(անգլ.)
  2. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)(գերմ.)
  3. Бельские просторы
  4. «Успехи Китая в борьбе с опустыниванием». Агентство Синьхуа. 17.06.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին.