Չեռնոգորիան Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից չեռնոգորացի զինվորներ

Չեռնոգորիան Առաջին համաշխարհային պատերազմում, նախկինում Ավստրո-Հունգարիայի թագավորության մաս կազմող Չեռնոգորիա պետության մասնակցությունը 1914 թվականին բռնկված և 1918 թվականին ավարտված աշխարհամարտին՝ համաշխարհային առաջին պատերազմին։

Չեռնոգորիան ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ 1914 թվականի օգոստոսի 5-ին։ Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո գերմանամետ ավստրիական կառավարությունը պատերազմ հայտարարեց նորանկախ Սերբիային։ Սերբիայի արևմտյան հարևանը՝ Չեռնոգորիայի թագավորությունը, այդ ժամանակից ի վեր աջակցում էր սերբերին՝ ռազմական օգնություն տրամադրելով ավստրիացի զավթիչների դեմ պայքարում։

Նույն թվականի օգոստոսի 5-ին Չեռնոգորիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային՝ պաշտոնապես դառնալով Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Պատերազմելով ավստրիացիների դեմ Չեռնոգորիան ինքնաբերաբար հայտնվեց Անտանտի ռազմաքաղաքական դաշինքի կազմում՝ դառնալով Ռուսաստանի, Սերբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և այլ կենտրոնական ուժերի դաշնակիցը պատերազմական գործողությունների թատերաբեմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիան պատերազմական դաշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիայի թագավոր Նիկոլա I-ը

Պատերազմին մասնակցելու նպատակով Չեռնոգորիայում հավաքագրվեց վեց ռազմական դիվիզիա՝ 45 000-60 000 զինվորով, 100 լեռնային և նույնքան դաշտային թնդանոթներով։ Չեռնոգորական հեծելազորը գլխավորեց երկրի թագավոր Նիկոլա I-ը, իսկ գլխավոր շտաբի հրամանատար նշանակվեց գեներալ Յանկո Վուկոտիչը[1]։

Պատերազմի սկզբին ավստրիական նավատորմը շրջափակել էր Չեռնոգորիայի ափամերձ շրջանները։ Չեռնոգորիայի և Ավստրո-Հունգարիայի կայսրության միջև պատերազմական գործողությունները սկսվել են 1914 թվականի օգոստոսի 7-ին։ Ըստ չեռնոգորական հրամանատարության ծրագրերի՝ Չեռնոգորիայի ազգային բանակը՝ Ֆրանսիայի նավատորմի աջակցությամբ, պետք է գրավեր Կոտոր քաղաքը, ուր և տեղակայված էր Ավստրո-Հունգարիայի ռազմածովային հիմնական բազան։ Ապա չեռնոգորա-ֆրանսիական միացյալ բանակը պետք է հարձակվեր և ազատագրեր Հերցեգովինան։ Սակայն այս ծրագիրը մնաց թղթի վրա։

Չեռնոգորիայի հրամանատարությունը իր պլանները կապեց Սերբիայի հետ։ Սերբիայի օժանդակությամբ սկզբնական շրջանում Չեռնոգորիայի ազատարար բանակը բավականին մեծ հաջողությունների է հասել։ Նրանք կարողացել են գրավել մի շարք ավստրիահպատակ քաղաքներ, այդ թվում և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բուդվա նավահանգիստը։ Չեռնոգորիայի հեծելազորը շուտով ներթափանցում է Բոսնիա Հերցեգովինա և պաշարում Սարաևոն, սակայն շուտով սերբական զորքերը լքում են քաղաքը, իսկ չեռնոգորացիները ի զորու չէին միայնակ դիմակայել ավստրիական թնդանոթների ռազմահրետակոծություններին։ 1914 թվականին Չեռնոգորիայի բանակը սերբականի հետ միասին ետ է մղել Ավստրո-Հունգարիայի կայսրության բոլոր հարձակումները։

Գեներալ Յանկո Վուկոտիչ

1915 թվականի ավստրո-գերմանական հարձակումը չեռնոգորական զորքերին գցեց ծայրահեղ կացության մեջ։ Զորքերի զգալի մասը ստիպված էր նահանջել դեպի երկրի ներքին շրջանները։ Չեռնոգորական բանակի դիվիզիաներից միայն մեկը՝ գեներալ Վուկոտիչի գլխավորությամբ անդրդվելիորեն շարունակեց դիմադրել ավստրո-գերմանական զորքերին՝ չնայած սերբական ուժերի նահանջի։ Հունվարի 14-ին ավստրիացիները գրավում են Ցետինեն՝ թագավորության մայրաքաղաքը։ Չեռնոգորիան ամբողջովին շրջապատված էր հակառակորդի ուժերով։ Հունվարի 19-ին երկրից փախուստի է դիմում նախագահ Նիկոլան և ռազմաքաղաքական այս դժվար պայմաններում Չեռնոգորիան ստիպված է լինում ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիր, իսկ չեռնոգորական բանակը զինաթափվեց։ Երկրում հաստատվեց ավստրիացիների օկուպացիոն ռեժիմը, որի արդյունքում Չեռնոգորիան ստիպված եղավ դուրս գալ պատերազմից։ Պաշտոնապես պատերազմն ավարտվեց Չեռնոգորիայի համար։

Սակայն երկրի բնակչության մի ստվար զանգված հրաժարվել է ընդունել օտար տիրապետությունը և շարունակել է ծավալել պարտիզանական գործունեություն։ Շուրջ 10 հազար չեռնոգորացիներ բանտարկվել են Ավստրիայի իշխանությունների կողմից։

1917 թվականին Սերբիայի և հարավսլավական կոմիտեի ներկայացուցիչները Հունաստանի Կորֆու կղզում ստորագրել են հռչակագիր՝ Հարավսլավոնական միասնական պետական համակարգի ստեղծման վերաբերյալ։ Հարավսլավոնական պետությունները՝ Սերբիայի նախաձեռնությամբ, միավորվեցին մեկ պետության մեջ, որը կոչվեց Հարավսլավիա։

Հետպատերազմյան ռազմաքաղաքական իրադրությունը Չեռնոգորիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտանտի վերստին հզորացման հետևանքով 1918 թվականին Սերբիայի ազգային բանակը ազատագրեց Չեռնոգորիան։ 1918 թվականի դեկտեմբերի 17-ին Չեռնոգորիայի ազգային խորհուրդը հայտարարում է այն մասին, որ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն։ Գործող արքայատոհմը լքում է իր դիրքերը։

Սերբերը, խորվաթներն ու սլովենները ստեղծեցին իրենց պետությունը՝ Բալկանյան թերակղզու հյուսիսարևմտյան հատվածում։ Չնայած այս հանգամանքի՝ Նիկոլա թագավորի կողմնակիցները մի քանի տարի շարունակեցին զինված դիմադրությունը։ Նրանց նպատակը անկախությունն էր։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվել է չեռնոգորական բանակի 15,000 զինվոր։ Չեռնոգորական կողմի ընդհանուր կորուստների թիվը կազմում էր 35 հազար մարդ՝ այդ թվում և քաղաքացիական բնակիչներ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին համաշխարհային պատերազմի պատմություն 1914—1918 թթ — Մոսկվա. Գիտություն, 1975. էջ 257
  2. Ուրլանիս Բ. Ց. Եվրոպայի պատերազմներ և ազգաբնակչություն // Առաջին համաշխարհային պատերազմ (1914-1918 թթ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]