Չեռնոգորական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիյա Զմաևիչ

Չեռնոգորական գրականություն, գրականության արվեստի զարգացումը Հարավային Եվրոպայի Չեռնոգորիա պետությունում։ Չեռնոգորական գրականությունն ընդհանուր առմամբ զարգացել է հարավսլավական մյուս ժողովուրդների ազգային գրականության, հատկապես սերբականի հետ փոխներգործության պայմաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործընթացների զանազան փուլերում մերթ գերիշխել է ինքնուրույնության միտումը (19-րդ դարի երկրորդ կես), մերթ էլ սերբ, գրականության հետ նրա փոխներգործությունը ավելի միասնական բնույթ է կրել (19-րդ դարի առաջին կես, երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը)։ Սոցիալիստական Հարավսլավիայի պայմաններում Չեռնոգորիա գրականության զարգացման ընթացքը բնութագրվում է ազգային գրական ուժերի հետագա համախմբումով։

Չեռնոգորիայում վաղուց ի վեր գոյություն է ունեցել հարուստ բանահյուսություն։ Միջնադարից պահպանվել են կրոնական ստեղծագործություններ, սրբերի վարքագրություններ, պատարագամատույցներ։ Հետազոտողներից շատերը Չեռնոգորիա նոր գրականության զարգացման սկիզբը համարում են 18-րդ դարի վերջն ու 19-րդ դարի կեսը։ Նրա հիմնադիրը բանաստեղծ և պետական գործիչ Պետրոս II Պետրովիչ Նեգոշն է (1813-1851), որի պոեզիայի գլուխգործոցը «Լեռնային պսակ» (1847) դրամատիկական պոեմ վիպերգն է՝ ներթափանցված հարավային սլավոնների միավորման գաղափարով։ 19-րդ դարի 2-րդ կեսից մինչե առաջին համաշխարհային պատերազմն առաջատար տեղ է գրավել ռոմանտիկական պոեզիա։

Արձակը թույլ է զարգացած եղել։ Նույն շրջանում երևան է եկել պատմական դրաման (Նիկոլա I Պետրովիչ, «Բալկանյան թագուհին» (1884), Ռ․ Ռոգանովիչ Ցռնոգորեց (1859-1900), «Ցարե Լագ» (1894)։ 30-ական թվականների սկզբին Չեռնոգորիայի գրականության մեջ, ինչպես և հարավսլավական բոլոր գրականություններում, առաջացել է «սոցիալական ռեալիզմ» հոսանքը (Ռ․ Զոգովիչ, ծնված՝ 1907 թվական, Մ․ Բանևիչ, 1905-1968, Զոնովիչ)։

Այդ տարիներին հարստացել է նաե արձակի սոցիալական և հոգեբանական ներկապնակը, երևան է եկել վեպը։ Ժողովրդի կյանքի ռեալիստական նկարագիրն են ստեղծել Ռ․ Ռատկովիչը (1903—54), Դ․ Ջուրովիչը (ծն․ 1901), Ն․ Լոպիչիչը (1909-45)։ Չեռնոգորիա շատ գրողներ մասնակցել են Հարավսլավիայի 1941—1945 թվականների ժողովրդական ազատագրական պատերազմին։ Ետպատերազմյան տարիներին տեղի է ունեցել գրական ուժերի ինտենսիվ աճ ու հետագա միավորում։ 1956 թվականին ստեղծվել է Չեռնոգորիայի գրողների ընկերությունը։ 50-70-ական թվականների գրականության մեջ կենտրոնական դեմք է եղել Մ․ Լալիչը, որի վեպերում առավել վառ է արտացոլված ժողովրդա-ազատագրական պայքարի և հեղափոխության թեման։

Արձակագիրներ Ա․ Ասանովիչը, Չ․ Վոլկովիչը, Բր․ Շչեպանովիչը ժողովրդա-ազատագրական պատերազմի իրադարձությունների հետ միաժամանակ պատկերում են երկրի ժամանակակից կյանքը, անդրադառնում բարոյախոսական-բարոյագիտական ու հոգեբանական խնդիրներին։ Պոեզիայի հիմնական նվաճումները կապված են Ռ․ Զոգովիչի, Ջոնովիչի, Մ․ Բանեիչի, Դ․ Կոստիչի, Ռ․Վեշովիչի ստեղծագործության հետ։ Բանաստեղծներ Մ․ Կրալի, Ս․ Պետրովիչի, Բլ․ Շչեպանովիչի, Ե․ Բրկովիչի գործերի համար բնորոշ են նոր թեմայի և ձևի որոնումները։ Ժամանակակից դրամատուրգիան ներկայանում է Բրկովիչի, Վ․ Իվանովիչի, ժ․ Կոմանինի, Վ․ Ռադովիչի և ուրիշների պիեսներով։ Գրաքննադատության ասպարեզում հայտնի են Բ․Միլաչիչը, Մ․ Ստոյովիչը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։