Օգոստոսի 31-ին կոկորդիլոս Գենան ինքնաթիռով վերադառնում է, սակայն օդանավակայանում, հակառակ իր սպասելիքներին, Չեբուրաշկան նրան չի դիմավորում։ Գենան ինքնուրույն է հասնում տուն, ճանապարհին Շապոկլյակը նրան խաբում է՝ վերելակի և նրա տան դռան վրա կախելով «Վերանորոգում» գրությամբ ցուցանակ։ Պարզվում է, որ Չեբուրաշկան, ստանալով Գենայի հեռագիրն իր ժամանման մասին, չի կարողացել կարդալ այն, քանի որ կարդալ չգիտի։ Գենան հայտարարում է, որ Չեբուրաշկայի բախտը բերել է, քանի որ հաջորդ օրը հենց նոր ուսումնական տարվա սկիզբն է՝ սեպտեմբերի 1-ը։ Չեբուրաշկան ուրախությամբ համաձայնում է սովորել դպրոցում։ Հերոսները գնում են գնելու դպրոցական համազգեստ, սակայն հարմար չափսի համազգեստ չկա կոկորդիլոսի, առավել ևս Չեբուրաշկայի համար։ Շապոկլյակը նույնպես ձգտում է փոխել իր կյանքը և գնում է դպրոցական համազգեստ։ Սակայն դպրոցը փակ է վերանորոգման համար, որը ինչ-ինչ պատճառներով ոչ մի կերպ չի ավարտվում։ Շապոկլյակն իր առնետի հետ հալածում է բանվորներին, որոնք դպրոցը վերանորոգելու փոխարեն դոմինո են խաղում։ Իմանալով, որ ուսուցիչների կարիք կա, կոկորդիլոս Գենան համաձայնում է դառնալ կենդանի բնությանը նվիրված առարկայի ուսուցիչ, իսկ Շապոկլյակն ստանձնում է աշխատանքի ուսուցչի պարտականությունները։