Jump to content

Չափերի մետրական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չափերի մետրական համակարգ
Չափերի տասական համակարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաconceptual system
 • Միավորների համակարգեր Խմբագրել Wikidata

Չափերի մետրական համակարգ, չափերի տասական համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորների համախումբ, որի հիմքում ընկած է երկարության միավորը՝ մետրը։ Սկզբնապես Չափերի մետրական համակարգ, բացի մետրից, ընդգրկել է մակերեսի միավորը՝ քառակուսի մետրը, ծավալի միավորը՝ խորանարդ մետրը, զանգվածի միավորը՝ կիլոգրամը (1 դմ³ ջրի զանգվածը 4°C-ում), ինչպես նաև լիտրը (տարողության համար), արը (հողամասերի մակերեսի համար) և տոննան (1000 կգ)։ Չափերի մետրական համակարգի կարևոր առանձնահատկությունը տասական հարաբերակցության մեջ գտնվող մասնական և պատիկային միավորների կազմման եղանակն է։ Ածանցյալ միավորների անվանումների կազմման համար ընդունվել են կիլո․․․, հեկտո․․․, դեկա․․․, դեցի․․․, սանտի․․․ և միլի․․․ նախածանցները։ Չափերի մետրական համակարգը մշակվել է Ֆրանսիայում, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի խոշոր գիտնականներից (Ժ․ Բորդա, Ժ․ Կոնդորսե, Պ․ Լապլաս, Գ․ Մոնժ և ուրիշներ) կազմված հանձնաժողովի առաջարկությամբ իբրև երկարության միավոր՝ մետր, ընդունվել է Փարիզի աշխարհագրական միջօրեականի 1/4 երկարության մեկ տասը միլիոներորդական մասը։ Չափերի մետրական համակարգին անցնելու դեկրետը Ֆրանսիայում ընդունվել է 1795-ի ապրիլի 7-ին։ 1799-ին պատրաստվել և հաստատվել է մետրի պլատինե նախատիպը։ Չափերի մետրական համակարգի մյուս միավորների չափերը, անվանումներն ու սահմանումները ընտրվել են այնպես, որ չկրեն ազգային բնույթ և ընդունվեն բոլոր երկրների կողմից։ Չափերի մետրական համակարգը իսկական միջազգային բնույթ է ձեռք բերել 1875-ին, երբ 17 երկրներ ստորագրեցին Մետրական կոնվենցիան՝ մետրական համակարգի կատարելագործման և միջազգային միասնություն ապահովելու նպատակով։

1975-ի տվյալներով Չափերի մետրական համակարգը կիրառվել է աշխարհի ավելի քան 120 երկրում։

Չափերի մետրական համակարգի հիման վրա ստեղծվել են միավորների մի շարք մասնավոր համակարգեր (տես Միավորների համակարգեր) և արտահամակարգային միավորներ, որոնք ընդգրկում են ֆիզիկայի կամ տեխնիկայի առանձին բնագավառներ։ Գիտության ու տեխնիկայի, ինչպես նաև միջազգային կապերի զարգացումը հանգեցրեց չափումների բոլոր բնագավառներն ընդգրկող նոր, համապիտանի համակարգի՝ Միավորների միջազգային համակարգի ստեղծմանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափերի մետրական համակարգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 683