Jump to content

Չարջ քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Photo of American Express Centurion Card being held with front side of the card visible
American Express Centurion Card is an example of charge card

Չարջ քարտ (անգլ.՝ Charge card), կրեդիտ քարտի տեսակ, որը քարտապանին հնարավորություն է տալիս կատարել գնումներ, որոնց դիմաց վճարում է քարտ թողարկողը, ինչի արդյունքում քարտապանը վերջինիս պարտք է մնում։ Քարտապանը պարտավոր է ամբողջությամբ մարել պարտքը մինչև վերջնաժամկետը՝ սովորաբար ամսական կտրվածքով, հակառակ դեպքում կենթարկվի տուգանքների և քարտի հետագա օգտագործման սահմանափակումների:

Չարջ քարտերը տարբերվում են ավանդական կրեդիտ քարտերից,որոնց դեպքում կարիք չկա ամեն ամիս պարտքն ամբողջությամբ մարել, և մնացորդը կարող է փոխանցվել հաջորդ ամիս, ինչի համար տոկոսներ են վճարվում: Չարջ քարտերը սովորաբար թողարկվում են առանց ծախսերի սահմանաչափի, մինչդեռ կրեդիտ քարտերը սովորաբար ունենում են հստակ սահմանված վարկային սահմանաչափ, որը քարտապանը չի կարող գերազանցել: Նման քարտերի մեծ մասը պատկանում է բիզնեսներին, ընկերություններին կամ դրանց ղեկավարներին, և դրանք տրամադրվում են լավ կամ գերազանց վարկային պատմություն ունեցող հաճախորդներին:

1914 թվականին Western Union ընկերությունն իր հաճախորդների համար բացեց առաջին չարջ հաշիվները և նրանց տրամադրեց թղթե նույնականացման քարտեր[1][2] : Կային բազմաթիվ խոշոր հանրախանութներ, որոնք նույնպես իրենց հաճախորդների համար բացում էին խանութի չարջ հաշիվներ՝ թղթե նույնականացմամբ, ինչը հաճախորդին հնարավորություն էր տալիս գնումներ կատարել խանութի տրամադրած վարկի հաշվին: Այնուամենայնիվ, այս հաշիվները կարող էին օգտագործվել միայն այն խանութի ներսում, որը թողարկել էր դրանք:

1950 թվականին Diners Club-ը սկսեց չարջ հաշիվներ բացել թղթե նույնականացման քարտերով՝ թիրախավորելով ճանապարհորդության և ժամանցի շուկաները: Այս քարտերի նորարարական առանձնահատկությունն այն էր, որ չարջ քարտը կարող էր օգտագործվել մեծ թվով խանութներում: Այս խանութները պետք է պայմանագիր կնքեին Diners Club-ի հետ և միջնորդավճար վճարեին ընկերությանը: Այդ միջնորդավճարի դիմաց Diners Club-ն իր վրա էր վերցնում հաշիվների ստեղծման, յուրաքանչյուր գործարքի հաստատման, գործարքների մշակման ու գումարների հավաքագրման ծախսերը, ինչպես նաև կրում էր ֆինանսավորման ծախսերն ու քարտապանների կողմից դեֆոլտի ռիսկը: Նոր համակարգը հատկապես գրավիչ էր փոքր խանութների համար, որոնք մրցակցում էին խոշոր խանութների հետ, բայց չէին կարող արդարացնել սեփական չարջ հաշիվների ենթակառուցվածքների ստեղծման ծախսերը: Ի վերջո, խոշոր խանութները նույնպես սկսեցին ընդունել այս քարտերը՝ փաստելով, որ քարտային օպերատորի կողմից գանձվող միջնորդավճարներն ավելի փոքր էին, քան խանութի սեփական հաշիվների սպասարկման ծախսերը: 1957 թվականին American Express-ը նույնպես մուտք գործեց այս ոլորտ, իսկ 1959 թվականին դարձավ առաջին ընկերությունը, որը թողարկեց ISO/IEC 7810 ստանդարտներին համապատասխանող պլաստիկ չարջ քարտեր:

Եվրոպայում MasterCard-ին պատկանող Maestro բրենդը (որը դեբետային քարտ է, այլ ոչ թե չարջ քարտ) 2002 թվականին վճարային քարտերի շուկայում փոխարինեց եվրոպական Eurocheque բրենդին[3]: Բազմաթիվ Eurocheque քարտեր, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրիան և Գերմանիան, չարջ քարտեր էին՝ թողարկված Eurocheque լոգոյով: Բացի այդ, եվրոպական Eurocard-ը, որը թողարկվել էր որպես American Express-ի մրցակից, որոշ երկրներում (օրինակ՝ Հյուսիսային եվրոպական երկրներում) եղել է և դեռևս հանդիսանում է չարջ քարտ: Հետևաբար, այս երկրներում MasterCard քարտերի մեծ մասը դեռևս չարջ քարտեր են: Visa չարջ քարտերը նույնպես հասանելի են

Եվրոպայում:

Աշխատանքի սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարջ քարտի օգտատերը պետք է վճարի իր հաշվի մնացորդը յուրաքանչյուր ամսվա վերջում, և չարջ քարտ թողարկող ընկերությունը, ի տարբերություն վարկային քարտի, տոկոսներ չի գանձում: Չարջ քարտային ընկերության եկամտի հիմնական աղբյուրը առևտրային միջնորդավճարն է, որը կազմում է գործարքի արժեքի որոշակի տոկոս՝ սովորաբար 1-ից մինչև 4%-ի սահմաններում, գումարած միջբանկային կամ նվազագույն վճարը:

Բազմաթիվ չարջ քարտեր օգտատերերին հնարավորություն են տալիս որոշ գնումների դիմաց վճարել ժամանակի ընթացքում: Օրինակ՝ American Express-ի չարջ քարտապանները կարող են միանալ «Երկարաձգված վճարման տարբերակին» (ներքին անվանումը՝ ExPO)՝ 200 դոլարից ավելի գնումների դիմաց ժամանակի ընթացքում վճարելու համար[4], կամ «Sign & Travel» ծրագրին՝ ճանապարհորդության հետ կապված ծախսերը ժամանակի ընթացքում մարելու համար[5]:

Չարջ քարտերի մեծ մասն ունի նաև մի գործառույթ, որը կոչվում է «Նախապես չսահմանված ծախսերի սահմանաչափ» (NPSL)[6]: Թեև սպառողները NPSL-ն հաճախ հասկանում են այնպես, որ իրենց քարտերն ընդհանրապես սահմանափակումներ չունեն, իրականում NPSL-ն նշանակում է, որ քարտի սահմանաչափը փոփոխվում է (հաճախ ամսեամիս)՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են սպառողի ծախսերի ու վճարումների պատմությունը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական միտումները: Ըստ WalletHub.com-ի NPSL ուսումնասիրության՝ այն ձևը, որով NPSL չարջ քարտերի մասին տեղեկատվությունը փոխանցվում է հիմնական վարկային բյուրոներին, տարբերվում է ըստ թողարկողի և կարող է հանգեցնել վարկային միջոցների օգտագործման արհեստական մեծացման՝ դրանով իսկ նվազեցնելով անձի Ֆայկո վարկանիշը (վարկային միավորը):

Կառավարություններն ու խոշոր ընկերությունները հաճախ օգտագործում են չարջ քարտեր՝ պաշտոնական գործունեության հետ կապված ծախսերը վճարելու և դրանց հետևելու համար. դրանք հաճախ անվանվում են «գնումների քարտեր» (անգլ.՝ purchasing cards)[7]: Բազմաթիվ մանրածախ վաճառողներ և բանկեր հաճախորդների համար թողարկում են չարջ քարտեր: American Express և Diners Club քարտերից մի քանիսը ոչ թե կրեդիտ կամ դեբետային քարտեր են, այլ հենց չարջ քարտեր:

Coutts Silk Charge Card-ը և Centurion Card-ը աշխարհում ամենահայտնի չարջ քարտերից են:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Charge card: What it means», encyclopedia.com
  2. J. Lauer (2020 թ․ հունվար), «Plastic surveillance: Payment cards», SAGE Publishing, 7 (1), doi:10.1177/2053951720907632, S2CID 216424288
  3. «Maestro Cards: What they are, pros & cons». 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  4. American Express Extended Payment Option Արխիվացված Դեկտեմբեր 6, 2003 Wayback Machine
  5. American Express Sign & Travel
  6. Ron Lieber (2010 թ․ մայիսի 22). «How the Finance Bill Affects Consumers». The New York Times. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Damon Darlin (2006 թ․ մարտի 4). «Tax Bills and Plastic Don't Mix». The New York Times.