Jump to content

Չաստվածների մթնշաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաստվածների մթնշաղ
Ֆրիդրիխ Նիցշեի ստեղծագործություն Խմբագրել Wikidata
գրական ստեղծագործություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1888 Խմբագրել Wikidata
Հիմնական թեմափիլիսոփայություն Խմբագրել Wikidata
ՆախորդԲարուց և չարից անդին
On the Genealogy of Morality
The Case of Wagner

Չաստվածների մթնշաղ Խմբագրել Wikidata

ՀաջորդՀակաքրիստոսը
Ecce Homo
Նիցշեն ընդդեմ Վագների Խմբագրել Wikidata
Ժանրփիլիսոփայություն, էսսե Խմբագրել Wikidata
ՀեղինակՖրիդրիխ Նիցշե Խմբագրել Wikidata
ԹարգմանիչR. J. Hollingdale, Հակոբ Մովսես Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ1889 Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԳերմանիա Խմբագրել Wikidata
Լեզուգերմաներեն Խմբագրել Wikidata
Ժամանակաշրջանմոդեռնիզմ Խմբագրել Wikidata

Չաստվածների մթնշաղ, կամ Ինչպես փիլիսոփայել մուրճով (գերմ.՝ Götzen-Dämmerung, oder, Wie man mit dem Hammer philosophiert), Ֆրիդրիխ Նիցշեի գիրք, գրվել է 1888 թ., հրատարակվել՝ 1889 թ.։

«Չաստվածների մթնշաղը» գրվել է մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում՝ 1888 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը, երբ Նիցշեն արձակուրդի մեջ էր Սիլս Մարիայում։ Նիցշեն այս գրքի մասին մի նամակում գրել է հետևյալը․ «Այս ոճը իմ փիլիսոփայությունն է՝ կեղևազերծված մինչև էությունը, արմատական՝ անգամ հանցավորության աստիճան արմատական…»[1]։

Գերմաներեն բնագիրը՝ Götzen-Dämmerung, բառախաղ է Ռիխարդ Վագների Götterdämmerung («Աստվածների մայրամուտը») օպերայի վերնագրի հետ։ Götze բառը գերմաներենում նշանակում է «չաստված» («կեղծ աստված») կամ «կուռք»։ Վալտեր Կաուֆմանը ենթադրում է, որ Նիցշեն այս բառ-եզրույթի կիրառման հարցում կարող է պարտական լինել Ֆրենսիս Բեկոնին, որն իր փիլիսոփայության մեջ օգտագործել է «կուռքի» (idol) հասկացությունը[2]։

Կարճ բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն քննադատում է իր ժամանակի գերմանական մշակույթը՝ այն բնութագրելով որպես թերզարգացած, դեկադենտ և նիհիլիստական, և քննադատական «նետեր» է արձակում նաև մի շարք կարևոր ֆրանսիական, անգլիական և իտալական մշակութային գործիչների ուղղությամբ, որոնք, նրա կարծիքով, մարմնավորում են նույն միտումները։ Այս ենթադրյալ մշակութային դեկադանսի ներկայացուցիչներին հակադրելով՝ Նիցշեն գովաբանում է Չեզարե Բորջային, Նապոլեոնին, Գյոթեին, Թուկիդիդեսին և սոփեստներին՝ որպես ավելի առողջ և ուժեղ մարդկային խառնվածքի օրինակներ։ Գրքում «բոլոր արժեքների վերագնահատումը» ներկայացվում է որպես Նիցշեի վերջնական և ամենակարևոր նախագիծը, ինչպես նաև առաջարկվում է հնության մի տեսլական, որտեղ հռոմեացիները առավելություն են ստանում հին հույների նկատմամբ, թեև միայն գրականության ոլորտում։

Գիրքը բաղկացած է տասներկու բաժնից։

Նախաբանում Նիցշեն նշում է, որ գիրքը հոգեբանի պարապ ժամերի ձեռնարկ է։ Այնուհետև նա ասում է, որ այս փոքրիկ գիրքը «մեծ պատերազմի հռչակագիր» է։ Նա հայտարարում է, որ մտադիր է իր ձեռքի փոքրիկ մուրճով «շտկել» կուռքերը։ Գրքի վերջում նա ստորագրում է այն՝ 1888 թվականի սեպտեմբերի 30 թվագրությամբ։

Ասույթներ և նետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը ներառում է 44 կարճ ասույթներ, որոնք ներկայացնում են աշխատության հիմնական թեմաները։ Այս բաժնի առավել հայտնի ասույթներից է 8-րդը. «Կյանքի ռազմական դպրոցից։ - Ինչ ինձ չի սպանում` ինձ ավելի ուժեղ է դարձնում»։

Սոկրատեսի հիմնախնդիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն պնդում է, որ պատմության ընթացքում ամենագիտուն մարդիկ հաճախ կիսել են այն համոզմունքը, թե կյանքը անարժեք է։ Նրա կարծիքով՝ սա ոչ թե առողջ հասարակության, այլ անկման մեջ գտնվող մշակույթի ախտանիշ է։ Սոկրատեսի և Պլատոնի նման փիլիսոփաները, ըստ Նիցշեի, ունեցել են կյանքի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող ընդհանուր ֆիզիոլոգիական կառուցվածք, ինչը արտացոլում էր նրանցից առաջ գոյություն ունեցած բարձր հունական մշակույթի քայքայումը։

Նիցշեն առանձնահատուկ արհամարհանքով է վերաբերվում Սոկրատեսին։ Նա Սոկրատեսին համարում է տգեղ՝ որպես ներքին թուլության և դեկադանսի (անկման) նշան, ինչպես նաև հասարակության «ստորին խավերի» ծնունդ։ Նիցշեն հարձակվում է Սոկրատեսի երկու հիմնական գաղափարների վրա․ առաջինը բանականության, առաքինության և երջանկության փոխկապակցվածությունն է, երկրորդը՝ դիալեկտիկական մեթոդի ներմուծումը փիլիսոփայություն։ Նիցշեի կարծիքով դիալեկտիկան թույլ է տվել անհիմն տեսակետներին և մակերեսային մտածողներին հասարակության մեջ չափազանց մեծ ազդեցություն ձեռք բերել։ Նրա սեփական ծրագիրը առաջնահերթություն է տալիս բնազդին՝ բանականության նկատմամբ, սակայն Սոկրատեսի և դիալեկտիկայի հետևանքով հունական մշակույթը դարձել է «անհեթեթորեն բանական»։ Նիցշեի թեզի առանցքային մասը այն է, որ «երջանկությունն ու բնազդը մեկ են», մինչդեռ բանականությունը կանգնած է բնազդի ուղղակի հակառակ կողմում։

Վերջում Նիցշեն պնդում է, որ կյանքի արժեքը հնարավոր չէ գնահատել, և դրա վերաբերյալ ցանկացած դատողություն բացահայտում է միայն դատող սուբյեկտի՝ կյանքը մերժող կամ հաստատող հակումները

«Բանականությունը» փիլիսոփայության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն մերժում է Պլատոնի բազմաթիվ գաղափարներ, մասնավորապես՝ էության և դառնալու, գաղափարների աշխարհի և զգայությունների անվստահելիության մասին ուսմունքները։ Նա չի կարծում, որ պետք է հերքել զգայությունները, ինչպես անում էր Պլատոնը։ Նիցշեի կարծիքով դա մարդկային գերազանցության իդեալների դեմ է և անձնական դեկադանսի (անկման) նշան է։ Դեկադանսը այստեղ նշանակում է կյանքի մարում, կենսականության թուլացում և թուլության ընդունում։ Եթե մեկը ոչզգայական, անփոփոխ աշխարհը համարում է գերազանց, իսկ զգայական աշխարհը՝ ստորադաս, ապա նա, ըստ Նիցշեի, որդեգրում է բնության և կյանքի նկատմամբ ատելություն։ Նման հավատքի կարող է հարել միայն թույլ, հիվանդագին կամ ստոր մարդը։

Նիցշեն այս ոչ նյութական աշխարհի մոլուցքը կապում է քրիստոնեության և դրախտի գաղափարի հետ։ Քրիստոնեական Աստծուն հավատալը, նրա կարծիքով, նույն դեկադանսի և կյանքի հանդեպ թշնամության արտահայտությունն է։ Քանի որ քրիստոնյաները հավատում են դրախտին՝ անփոփոխ և հավերժական աշխարհին, և աշխարհը բաժանում են «իրական» (դրախտ) և «երևացող» (կենդանի աշխարհ), նրանք ևս մերժում են բնությունը։

Ինչպես «ճշմարիտ աշխարհը» ի վերջո հեքիաթ դարձավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կարճ բաժնում վեց դրութների միջոցով Նիցշեն ցույց է տալիս փիլիսոփաների կողմից վերզգայական՝ «ճշմարիտ» աշխարհին հարաբերվելու էվոլյուցիան, որն ի վերջո հանգեցնելու է Զրադաշտի գերմարդու գաղափարի։

  1. Ճշմարիտ աշխարհը՝ իմաստունին, բարեպաշտին, առաքինուն հասանելի, - նա ապրում է նրա մեջ, նա այդ աշխարհն է։
  2. Ճշմարիտ աշխարհը, առայժմ անհասանելի, սակայն իմաստունի, առաքինու, բարեպաշտի համար խոստացված («մեղավորի համար, որ ապաշխարում է»):
  3. Ճշմարիտ աշխարհը, անհասանելի, անապացուցելի, անխոստանալի, սակայն արդեն, որպես մտածված, սփոփանք, պարտք, հրամայական։
  4. Ճշմարիտ աշխարհը՝ չհասած։ Եվ որպես չհասած՝ նաև անծանոթ։ Հետևաբար նաև չսփոփող, չփրկող, չպարտավորեցնող. «ինչի կարող է մեզ պարտավորեցնել մի բան, որն անծանոթ է...»
  5. «Ճշմարիտ աշխարհը»` գաղափար, որն այլևս ոչնչի պետք չէ, նույնիս ավելի չպարտավորեցնող, անպետք, ավելորդ դարձած գաղափար` վերացման ենթակա։
  6. Ճշմարիտ աշխարհը մենք վերացրինք. որ աշխարհը մնաց։ Թերևս թվացյալը... Բայց ո՛չ՝ ճշմարիտ աշխարհի հետ մենք նաև թվացյալը վերացրինք։ «Կեսօր․ ամենակարճ ստվերի ակնթարթը․ ամենաերկարատև մոլորության վերջը․ մարդկության գագաթնակետը․ INCIPIT ZARATHUSTRA (ՍԿՍՎՈՒՄ Է ԶՐԱԴԱՇՏԸ)»։

Բարոյականությունը որպես հակաբնականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն հեդոնիստ չէ և կարծում է, որ չափազանցված կրքերը կարող են կործանել մարդուն, սակայն պնդում է, որ դրանք կարող են «հոգևորացվել»։ Քրիստոնեությունը, ըստ նրա, փորձում է կրքերը ոչ թե վերափոխել, այլ վերացնել՝ ինչպես անփորձ ատամնաբույժը, որը ցավի փոխարեն հեռացնում է ամբողջ ատամը։ Այդ պատճառով Նիցշեն եզրակացնում է, որ եկեղեցին «թշնամական է կյանքի նկատմամբ»։ Մարդիկ, ովքեր ցանկանում են ամբողջությամբ վերացնել կրքերը, դա անում են, ըստ նրա, որովհետև չափազանց թույլ են ինքնակառավարման համար։

Նիցշեն զարգացնում է կրքերի հոգևորացման գաղափարը սիրո և թշնամանքի օրինակներով։ Սերը նա համարում է զգայականության հոգևորացում, իսկ թշնամանքը՝ հակառակորդ ունենալու վիճակի հոգևորացում։ Թեև նրա մտածողությունը խիստ հակաքրիստոնեական է, նա պարզաբանում է, որ չի ձգտում վերացնել եկեղեցին։ Ընդհակառակը՝ այն անհրաժեշտ հակառակորդ է իր սեփական ծրագրի համար։ Քրիստոնեական բարոյականությունը, ըստ Նիցշեի, «թուլացած և դատապարտված կյանքի» ախտանիշ է։

Նիցշեն եզրակացնում է, որ մարդկանց պարտադրելը՝ լինել այս կամ այն կերպ, անարդարացնում է մարդկային բազմազանության «կախարդական հարստությունը»։ Մարդը «ճակատագրի մի կտոր» է, և իր բնույթից չի կարող լիովին ազատվել։ Վերջապես նա հայտարարում է, որ հենց «անբարոյականներն» են, ինչպես ինքն է, ովքեր առավել հարգանք են ցուցաբերում անհատի ներքին արժեքի հանդեպ։

Չորս մեծ մոլորությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլխում Նիցշեն պնդում է, որ մարդիկ, հատկապես քրիստոնյաները, շփոթում են պատճառը և հետևանքը՝ մարդկային եսը և սուբյեկտիվությունը վերագրելով իրերին։ Իրականում շարժառիթը գործողության ուղեկիցն է, ոչ թե պատճառը։ Այս կերպ Նիցշեն քննադատում է պատասխանատվության էթիկան և բարոյականությունը՝ այն դիտարկելով որպես վերահսկման միջոց։

Մարդկության «բարենորոգիչները»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Նիցշեն հայտարարում է, որ գոյություն չունի օբյեկտիվ բարոյականություն։ Նա բերում է երկու օրինակ՝ կրոնը և հնդկական կաստայական համակարգը, որպես մարդկության «բարելավման» ձախողված փորձեր։

Ի՞նչ է պակասում գերմանացիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն քննադատում է իր ժամանակի գերմանական հասարակությունը՝ նշելով, որ պետությունն ու մշակույթը հակասության մեջ են։ Նա խիստ քննադատում է նաև բարձրագույն կրթության համահարթեցումը և պնդում, որ մեծ և նուրբ բաները չեն կարող համընդհանուր լինել։

Մի անժամանակյացի ասպատակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկի ամենաերկար գլխում Նիցշեն քննության է առնում իր ժամանակի տարբեր մշակութային գործիչների։ Միաժամանակ նա կատարում է մի շարք հոգեբանական դիտարկումներ այն գործոնների վերաբերյալ, որոնք հանգեցնում են կյանքի հանդեպ տարբեր վերաբերմունքների որդեգրմանը։

Ես ինչ եմ պարտական հույներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն քննադատում է Պլատոնին՝ նրան մեղադրելով «գերբարոյականության» մեջ և անվանելով «վեհացված խաբեություն»։ Նա ավելի հեռուն է գնում՝ պնդելով, թե «քրիստոնեությունը պլատոնականություն է ժողովրդի համար»՝ իր վնասակար բարոյականությամբ։ Նիցշեն հակադրվում է այն բանին, ինչը նա ընկալում է որպես Պլատոնի կողմից կյանքի հանդեպ ատելություն, և հիմնավորում է, որ մարդը պարտավոր է արժևորել կյանքը՝ անկախ տառապանքից։ Նա դիմում է դիոնիսյան խորհուրդներին՝ պնդելու համար, որ կյանքին պետք է պատասխանել հաղթական «այո»-ով, և որ նույնիսկ ցավն է սրբազան։ Նա նաև հիշատակում է հավերժական վերադարձի գաղափարը՝ իր մտափորձը, որով հարց է տրվում՝ երջանիկ կլինեի՞ք արդյոք, եթե իմանայիք, որ ձեզ վիճակված է ապրել նույն կյանքը նորից ու նորից՝ մինչև վերջին մանրուքը, առանց այդ մասին գիտակցելու (Նիցշեի կարծիքով պատասխանը պետք է լինի «այո»)․ այս կերպ նա խրախուսում է մարդկանց ընդունել և տոնել կյանքը։ Նիցշեն համոզված է, որ ինքն իրեն լինելը «դառնալու հավերժական ուրախություն» է։

Խոսում է մուրճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեն հղում է անում «Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործության «Հին և նոր օրենքների տախտակների մասին» բաժնին։

Հայերեն թարգմանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չաստվածների մթնշաղը» հայերեն է թարգմանվել Հակոբ Մովսեսի կողմից։ Թարգմանությունն առաջին անգամ հրատարակվել է 1992 թ. ` «Բարուց և չարից անդին» երկի հետ միասին[3], այնուհետև վերահրատարակվել 2013 թ.` Նիցշեի տարբեր երկերն ամփոփող հատորի մաս[4], ինչպես նաև 2018-19 թթ. լույս տեսած Նիցշեի երկերի ժողովածուի 5-հատորյակի մաս` ամփոփվելով 5/1 հատորի մեջ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Turin, 20 October 1888. To Georg Brandes. Originally titled A Psychologist's Idleness, it was renamed Twilight of the Idols or, How to Philosophize with a Hammer.
  2. Kaufmann, W., The Portable Nietzsche, New York: Viking, 1954, p. 463.
  3. Ֆրիդրիխ Նիցշե, Բարուց և չարից անդին: Չաստվածների մթնշաղ (Երևան, Ապոլոն, 1992), 272 էջ։
  4. Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը (Երևան, Գրիգոր Տաթևացի, 2013), 641 էջ։
  5. Ֆրիդրիխ Նիցշե, Երկեր հինգ հատորով։ Հատոր 5/1։ Վագների դեպքը; Չաստվածների մթնշաղ; Հակաքրիստոսը; Ecco Homo; Ինչու եմ ես ճակատագիր (Երևան : Անտարես, 2019), 664 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bernd Magnus: The Deification of the Commonplace: Twilight of the Idols, in: Solomon, Robert C. / Higgins, Kathleen M. (ed.): Reading Nietzsche, New York / Oxford 1988, pp. 152–181.
  • Duncan Large: Götzen-Dämmerung from the Perspective of Translation Studies, in: Nietzscheforschung. Jahrbuch der Nietzsche-Gesellschaft 16: Nietzsche im Film, Projektionen und Götzen-Dämmerungen, Berlin 2009, pp. 151–160.
  • Andreas Urs Sommer: Kommentar zu Nietzsches Der Fall Wagner. Götzendämmerung (= Heidelberger Akademie der Wissenschaften (ed.): Historischer und kritischer Kommentar zu Friedrich Nietzsches Werken, vol. 6/1). XVII + 698 pages. Berlin / Boston: Walter de Gruyter 2012 (978-3-11-028683-0).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են