Չանդրագուպտա II
| Չանդրագուպտա II | |
| Մասնագիտություն՝ | միապետ |
|---|---|
| Դավանանք | հինդուիզմ |
| Ծննդյան օր | 4-րդ դար |
| Վախճանի օր | 5-րդ դար |
| Քաղաքացիություն | Գուպտա կայսրություն |
| Հայր | Սամուդրագուպտա |
| Մայր | Dattadevi? |
| Ամուսին | Դհրուվադեվի |
| Զավակներ | Կումարագուպտա I, Պրաբհավատիգուպտա և Govindagupta? |
Չանդրագուպտա II (իշխել է մոտ 380 թ. - մոտ 415թ.), Հնդկաստանի պատմությամ մեջ ամենահզոր տիրակալներից մեկը, Սամուդրագուպտայի որդին, Չանդրագուպտա I-ի թոռը։ Նրա օրոք Գուպտաների պետությունը հասավ սահմանների աննախադեպ ընդարձակման։ Պատմության մեջ մտել է Վիկրամադիտյա անունով, ինչը նշանակում է «խիզախության որդի»[1]։ Նրա պատվին Մաթհուրա (Mathura) քաղաքում կանգնեցվել է մաքուր երկաթից հայտնի սյունը։
Համաձայն ավանդույթի, Չանդրագուպտան նախատեսված չէր գահաժառանգության համար և մեծանում էր տկար ավագ եղբոր ստվերում։ Կազմակերպելով եղբոր սպանությունը նա հորից ժառանգեց հսկայական տիրույթներ Հնդկաստանի հյուսիսում և սկսեց սահմանների ընդարձակումը խաղաղ ու ռազմական ճանապարհներով։ Չանդրագուպտայի թագադրման օրը դարձավ Վիկրամ սամվատ օրացույցի (Սամվատի օրացույց) հաշվարկման ելակետ, Նեպալում այն մինչ օրս նշվում է որպես Նոր տարի։
Քսան տարվա ընթացքում (մոտ 388-409 թթ.) Չանդրագուպտան նվաճում է Արևմտյան Կշատրապի հողերը (Հնդկաստանի հյուսիս-արևմուտք)։
Այդ հողերից հարավ սկսվում էին Վակատակ հարստության տիրույթները։ Չանդրագուպտան իր դուստր Պրաբխավատիին կնության տվեց այնտեղի մախարաջաին։ Ամուսնու մահից հետո Պրաբխավատին սկսեց կառավարել իր մանկահասակ որդիների անունից` հետևելով հոր խորհուրդներին։
Չանդրագուպտայի կառավարումը նշանավորվեց գիտությունների ու արվեստների աննախադեպ վերելքով։ Նրա պալատում փայլում էին պալատական բանաստեղծ- դրամատուրգ Կալիդասան, աստղագետ Վարախամիխարան` այլ նշանավոր բանաստեղծների ու գիտնականների հետ միասին։ Պատալիպուտրա՝ ներկայիս Պատնա, մայրաքաղաքում ստեղծվեցին վիթխարի ճարտարապետական կառույցներ։
Չանդրագուպտան, դավանելով հինդուիզմ, հանդուրժող էր Հնդկաստանի մյուս կրոնների՝ ջեյնիզմի ու բուդդայականության[1] նկատմամբ։ Նա հատում էր արծաթյա դրամներ «Վիկրամադիտյա» տիտղոսով, որով բնութագրում էին իմաստուն տիրակալին հնդկական բանահյուսությունում[1]։
Չինացի վանական Ֆա Սյանը, ով 405-411 թվականներին ճանապարհորդել է Հնդկաստանով, հավանությամբ է նկարագրել Գուպտաների պետության ներքին կառուցվածքը, որտեղ չկար մահապատիժ։
- Դրամ Չանդրագուպտա II պատկերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Chandra Gupta II // Encyclopædia Britannica.(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրագուպտա II» հոդվածին։ |
| ||||||||||