Չանգոնիի ժայռապատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Չանգոնիի ժայռապատկերների գոտի
Chongoni Rock Art Area*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Chongoni rock art.jpg
Ժայռապատկեր Չանգոնիում
Երկիր Մալավի
Տիպ պահպանվող տարածք
Չափանիշներ III և IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Կոորդինատներ 14°17′36″ հվ. լ. 34°16′45″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006 թվական, հուլիսի 12  (30-րդ նստաշրջան)
Համար 476
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Չանգոնիի ժայռապատկերներ, հայտնի ժայռապատկերների գոտի, որը տեղակայված է Մալավիի կենտրոնական շրջանում՝ Մալավի սարահարթում։ Անտառապատ բլուրների վրա հայտնաբերվել են 127 գրանիտե կազմավորումներ՝ ուշ քարի և երկաթի դարերի ժայռապատկերներով ու նկարներով[1]։ Ի տարբերություն նմանատիպ այլ տարածքների՝ այն ունի մշակութային մեծ արժեք։

Ժայռապատկերները ստեղծվել են սկսած քարի դարից, գրանիտե կազմավորումների վրա և քարանձավների պատերին, առաջին բնիկների՝ բատվա պիգմեյների կողմից։ Նրանք զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ, այդ պատճառով հիմնականում պատկերում էին որսին վերաբերող տեսարաններ։ Հետագայում, Երկաթի դարում ժայռապատկերներն ավելացրել են այստեղ վերակնաբեցված հողագործ չևա ցեղերը[2]։ Չևա ցեղերի կողմից արված պատկերներն առավելապես ունեն պաշտամունքային նշանակություն։ Դրանց ստեղծման մեջ կարևոր է եղել չևա համայնքի կանանց դերը։ Հիմնականում վերաբերում են ծիսակարգերին, արարողակարգերին, կնոջ էությանը և պաշտամունքին։ Հաշվի առնելով ժայռապատկերների բովանդակությունը և իրականացման տեխնիկան, նկարազարդման այս ձևը համարում են առանձին արվեստի տեսակ (անգլ.՝ agropastoralist art): Հետագայում Չանգոնի բնակավայրի բանտու ցեղի ներկայացուցիչները զարգացրել են արվեստի այդ տեսակը՝ դրա միջոցով ներկայացնելով բնական միջավայրի օգտագործման, վերահսկման և բնական երևույթների մասին իրենց ընկալումները։

Քանի որ ժայռապատկերները համապատասխանում են 1978 թվականին մշակված մշակութային ժառանգության օբյեկտների գնահատման III և IV չափանիշներներին, և ունեն մշակութային մեծ նշանակություն, 2006 թվականին ընդգրկվել են ՄԱԿՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռապատկերները գտնվում են Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից 80 կմ հարավարևելք, լեռնային Դեդզա շրջանում, 1600 մետր բարձրության վրա։ Քանի որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից, այն նաև ունի հնագիտական մեծ նշանակություն։ Մալավիի սարահարթում հայտնաբերված 127 գրանիտե կազմավորումները զբաղեցնում են 126,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանցից միայն հինգն են գտնվում Չանգոնիի անտառ արգելոցի սահմաններից դուրս[1]։

Պաշտոնական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգոնիի ժայռապատկերները և հնագիտական նշանակության տեղանքները պաշտպանվում են 1990 թվականից՝ «Հուշարձանների և հնավայրերի պահպանման մասին» նորմատիվ ակտով, որը նախատեսում է նաև ժայռապատկերների և վիմափոր տարածքների պահպանությունը։ Բացի այդ, Չանգոնիի անտառային արգելոցում 1997 թվականից գործում է «Անտառօգտագործման մասին» նորմատիվ ակտը։ Այս երկու իրավական փաստաթղթերը համապատասխանում են մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պետական քաղաքականության նորմերին և կարգավորում են դրանց պահպանման հետ ծագած խնդիրները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրի տարածքում հայտնաբերվել են վաղ քարի դարին և վերին պլեյստոցենին բնորոշ հնագիտական հետքեր։ Այդպիսին է մ.թ.ա. 2500 թվականին թվագրվող բնակավայրը, որը ստեղծվել է որսորդությամբ զբաղվող բատվա ցեղերի կողմից։ Այդ ցեղերը ևս մասնակցել են ժայռապատկերների ստեղծմանը՝ պատկերելով որսի տեսարաններ[1] :

Երկաթի դարաշրջանի բնակավայրերի հետքերը թվագրվում են մ.թ. 1-ին հազարամյակին, որտեղ բնակեցված են եղել հողագործությամբ զբաղվող չևա ցեղերը։ Այս ցեղի համար հնագույն մշակութային գործիք էր հանդիսանում սպիտակ կավը, որի միջոցով էլ նկարազարդում էին ժայռերը։

Մինչև 19-րդ դարի սկիզբը, որսորդությամբ և հողագործությամբ զբաղվող ցեղերը համերաշխ ապրում էին նույն տարածքում՝ կազմելով առանձին ցեղային միություններ։ Եվ միայն 19-րդ դարի վերջում, հյուսիսարևմտյան Լուբալենդ կոչվող տարածքից ներգաղթած մալավի չևա կամ բանտու ցեղերը (որոնց պատվին երկիրը կոչվել է Մալավի) կարողացան միավորել բոլորը ցեղային միությունները և ստեղծել Մալավիի կայսրությունը։

Հետագայում այստեղ վերաբնակվել են Հարավային Աֆրիկայից գաղթած նգոնի ռազմատենչ ցեղերը՝ բնակություն հաստատելով Չանգոնիի հարավային շրջաններում։ Սկսել էին անհամաձայնություններ տեղաբնիկ նյաու և եկվոր նգոնի ցեղերի միջև, որի արդյունքում նյաու ցեղը հեռացավ տարածքից և թաքնվել է երկրի ներքին շրջաններում։ Սակայն հարկ է նշել, որ հենց նյաու համայնքի ներկայացուցիչներն են կարողացել պաշտպանել և փրկել ժայռապատկերները նգոնիներից, միսիոներներից և գաղութատերերի ավերիչ ազդեցությունից։ Այն բանից հետո, երբ 1924 թվականին տարածքը հայտարարվել է անտառային արգելոց, հնավայրերը հայտնի դարձան մարդկությանը և սկսվել են ակտիվ հնագիտական ուսումնասիրությունները։ Եթե 1930 թվականին հայտնի էին ընդամենը մի քանի առաձնացված գոտիներ, ապա արդեն 1950-ական թվականներին հրապարակվել են հնագիտական մանրամասն հետազոտական տվյալներ մի քանի վայրերի մասին, որից հետո դրանք բացվել են հասարակության լայն շրջանների և զբոսաշրջիկների համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ տարածքի առաջին բնակիչները՝ որսորդությամբ զբաղվող բատվա պիգմեյները, օգտագործում էին կարմիր հանքային ներկ՝ ստանալով բազմագույն նկարներ։ Ժամանակակից բանտու ցեղերն այդ ներկերն օգտագործելու սովորությունը պահպանվել են նաև մեր օրերում։ Դրանք այժմ էլ օգտագործվում են ամուսնական ծեսերում, անձրևին նվիրված պաշտամունքային արարողություններում ևն։ Հետագայում այստեղ վերաբնակեցված հողագործ չևա ցեղերը տարածել են սպիտակ կավով նկարելու արվեստը, որը խիստ տարբերվում էր նախկին նկարազարդման արվեստից։

Այդ իսկ պատճառով Չանգոնիի ժայռապատկերները բաժանվում են 4 ուղղությունների.

  1. վաղ շրջանի` պատկերված որոսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող բատվա պիգմեյների կողմից
  2. ուշ շրջանի` հողագործությամբ զբաղվող չևա ցեղերի կողմից
  3. նվաճող նգոնի ցեղի կողմից պատկերված
  4. գաղութատիրության շրջանի[3]։

Զբոսաշրջիկների համար բաց են 3 հիմնական գոտիներ.

  1. Չենտչերեի բլուրներ՝ այստեղ են գտնվում 6 քարանձավային բնակավայր թաքստոցներ, որտեղ կարելի է ծանոթանալ ժայռապատկերման սխեմատիկ և նատուրալիստական ոճին
  2. Նամզեզե քարանձավային համալիր՝ կազմված կարմիր հանքային ներկով արված երկրաչափական պատկերներից ու սպիտակ կավով արված մի քանի տեսարաններից
  3. Մփհունցի համալիրը՝ այստեղ ավելի շատ են որսի տեսարանները և կենդանիների պատկերները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Chongoni Rock Art Area»։ UNESCO Organization։ Վերցված է նոյեմբերի 11, 2013 
  2. «Chongoni Rock-Art Area (Malawi)»։ Trust for African Rock Art։ Վերցված է նոյեմբերի 11, 2013 
  3. «Chongoni Rock Art World Heritage Site» (pdf)։ Department of Antiquities, Ministry of Tourism, Wildlife & Culture։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2013