Ուրուգվայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Ուրուգվայի զինանշանը
Ուրուգվայի դրոշը

Ուրուգվայի պատմություն : Ուրուգվայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են գուարանէ խմբի հնդկացի ցեղեր, որոնք գտնվել են նախնադարյան համայնական կարգի տարբեր փուլերում։ 16-րդ դարի 2-րդ կեսին իսպանացիները, որոնք դարի սկզբին (առաջին անգամ 1515 թվականին) թափանցել էին Ուրուգվայի տարածք, այստեղ հիմնել են մի շարք ամրոցներ։ 1617 թվականին ժամանակակից Ուրուգվայի տարածքը մտել է իսպանացի Լա Պլատա նահանգապետության մեջ՝ Արևելյան ափ անունով, 1776 թվականին՝ Լա Պլատա փոխարքայության մեջ։ Իսպանացի գաղութների անկախության պատերազմի ( Իսպանականն գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810-1826 թվականները)այդ ժամանակ գաղութային հարստահարման դեմ ոտի ելավ նաև Արևելյան ափի բնակչությունը։ 1811 թվականի մայիսին ազատագրվեց բանակը Խ․ Խ․ Արտիգասի գլխավորությամբ Լաս Պիեդրասի մոտ հաղթեց իսպանական զորքին։ 1814 թվականին Արևելյան ափն ազատագրվեց։ 1815 թվականին ժողովրդական ասամբլեան Արտիգասին հռչակեց Արևելյան նահանգի (այսպես սկսեց կոչվել Արևելյան ափը) ժողովրդի առաջնորդ։ Արտիգասն սկսեց իրականացնել ագրարային ռեֆորմ, ըստ որի հակահեղափոխականների հողերը հանձնվում էին մանր անասնապահներին (գաուչոներին), հնդկացիներին և ազատ նեգրերին։ 1816 թվականին Բրազիլիայից Արևելյան նահանգ են ներխուժել պորտուգալացի զորքերը և 1817 թվականին օկուպացրել այն։ 1821 թվականին Արևելյան նահանգը օկուպացվել է եվ միացվել է Բրազիլիային։ 1825 թվականին ուրուգվայցի հայրենասերները Խ․Ա․ Լավալիեխայի ղեկավարությամբ Արգենտինայից ներխուժել են Միսպլատինյան նահանգ, ապստամբություն բարձրացրել։ Ուրուգվայցիների և արգենտինացիների համատեղ պայքարի հետևանքով Արևելյան նահանգը անկախ է հռչակվել (1825 թվականի օգոստոսի 25) Պորտուգալիայից և Բրազիլիայից ու միացվել Արգենտինային։ Սակայն ազատագրական պայքարը շարունակվել Է։ 1828 թվականի օգոստոսի 27-ին Արգենտինան և Բրազիլիան ճանաչել են Արևելյան նահանգի անկախությունը և հրաժարվել նրա տարածքին հավակնելուց։ 1830 թվականի հուլիսի 18-ին Մոնտեվիդեոյում գումարված Ազգային կոնգրեսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին սահմանադրությունը։ Բուրժուակալվածատիրական տարբեր խմբավորումների միջև իշխանության համար պայքարի ընթացքում, 1830-ական թվականներին ձևավորվել են բուրժուազիայի «Կոլորադո» և հողատերերի «Բլանկո» կուսակցությունները։ 1839-1851 թվականներին տեղի է ունեցել, այսպես կոչված, Մեծ պատերազմ, որն սկսվել է ուրուգվայական և արգենտինա զորքերի միջև ընդհարմամբ։ Պատերազմին, Ուրուգվայի կողմում միջամտել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան (վերջինս միջամտել է Ուրուգվայի ներքին զործերին)։ 1855 թվականին բրազիլական զորքերը դուրս են եկել Ուրուգվայից։ Պատերազմի հետևանքով երկիրն ավերվել Է։ Նախագահ Բեռնարդո Պ․ Բեոն (1860-1864 թվականներ) ստեղծել է ազգային միասնության կառավարություն, եկեղեցուն զրկել արտոնություններից, սկզբնավորել երկաթուղիների կառուցումը, վերացրել մաքսատուրքերը և ձեռնարկել Ուրուգվայի արտահանությանը նպաստող միջոցառումներ։ 1864-1870 թվականներին Ուրուգվայը ներքաշվել է Պարագվայի դեմ պատերազմի մեջ։ 19-րդ դարի վերջին արագացել է կապիտալիզմի զարգացումը, ձևավորվել է բանվոր դասակարգը։ 1875 թվականին ստեղծվել է առաջին բանվորական կազմակերպությունը՝ Աշխատավորների միջազգային միավորումը (1885 թվականից՝ Ուրուգվայի աշխատավորների ֆեդերացիա)։ 1896 թվականին հիմնվել է սոցիալիստական կուսակցությունը (մինչև 1904 թվականը կոչվել է Բանվորների սոցիալիստական կենտրոն)։ 1903 թվականին նախագահ է դարձել «Կոլորադո» կուսակցության ղեկավար Բատլիեի Օրդոնիեսը, որն իրականացրել է մի շարք դեմոկրատական վերափոխումներ սահմանվել է 8-ժամյա բանվորական օր, համընդհանուր ընտրական իրավունք, օրենք կենսաթոշակների մասին, եկեղեցին անջատվել է պետությունից։ Բատլիեի օրոք ուժեղացել է ԱՄՆ-ի կապիտալի ազդեցությունը՝ դուրս մղելով անգլիական կապիտալը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) սկզբին Ուրուգվայը պահպանել է չեզոքություն, իսկ 1917 թվականին խզել դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png