Ուրուատրի-Նաիրի ցեղային միավորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրուատրի-Նաիրի ցեղային միավորումներ, ցեղային միավորումներ, Ուրուատրում։

Ներկայումս հայտնի գրավոր աղբյուրներն ու հնագիտական տվյալները դեռևս անբավարար են արտացոլում Ուրարտական պետության կազմավորման պրոցեսն ու նրա պատմության նախնական շրջանը։

Այս պրոցեսի հիմքում ընկած էր իրար ազգակից խուրրի-ուրարտական ցեղերի համախմբումը, ցեղեր, որոնք բնակվում էին Հայկական լեռնաշխարհի տերիտորիայում, մասնավորապես Վանա լճի շրջանում, որտեղ առավել նպաստավոր պայմաններ կային անասնապահության և երկրագործության համատեղ զարգացման համար։

Սկզբնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալմանասար I

Մ.թ.ա. 12-րդ դարի ասսուրական գրավոր աղբյուրները առաջին որոշակի տեղեկություններն են տալիս Հայկական լեռնաշխարհի երկրների մասին։ Այդ տեղեկությունները գալիս են ասորեստանյան արքաների դեպի հյուսիս կատարած արշավանքների նկարագրություններից։ Ինչպես հայտնի է, Ասորեստանի թագավոր Սալմանասար Ա-ի (1266-1243 թվականներ) արձանագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է Ուրուատրի տերմինը, այն երկրների միության անունը, որոնց դեմ ասսուրական թագավորը արշավանք էր կազմակերպել իր գահակալության առաջին տարիներին։ Արձանագրությունը պատմում է Ուրուատրի ընդհանուր անվան տակ միավորված ութ երկրների հպատակեցման մասին. դրանք գտնվում էին Վանա լճից հարավ-արևելք ընկած լեռնոտ վայրում, հավանաբար, Մեծ Զաբ գետի վերին հոսանքում։ Սալմանասար Ա-ի արձանագրության մեջ ասված է. «...ըմբոստացան իմ դեմ ուրուատրեցիները... Ես բարձրացա դեպի նրանց հզոր լեռնաշղթաները, Խիմմե, Ուատկուն, Բարգուն (կամ Մաշգուն), Սալուա, Խալիլա, Լուխա, Նիլիպախրի և Զինգուն՝ ութ երկրներին և նրանց աշխարհազորին ես հաղթեցի, նրանց 51 բնակավայր ես ավերեցի, հրկիզեցի, հափշտակեցի նրանց գերիներին և ունեցվածքը... Լեռների ծանր տուրքը ես հավիտյանս դրեցի նրանց վրա։ Արիննա քաղաքը..., որը սկզբում ըմբոստացավ... այդ քաղաքը... ես հաղթեցի, ավերեցի... Այն ժամանակները ես Մուծրու երկիրը խոնարհեցրի իմ տիրակալ Աշշուրի ոտքերի տակտ»։

Արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հետագա արշավանքներից մեկը Սալմանասար Ա-ը ուղղում է դեպի Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ «Ուրուատրու (երկրի) սահմանից մինչև Կադմուխի»։

Իր նախորդի՝ Ադադներարի Ա-ի նման, Սալմանասար Ա-ը արշավանք է ձեռնարկում նաև Միաաննիի դեմ և հասնում է մինչև Կարքեմիշ։ Ըստ երևույթին, հենց ասորեստանյան վտանգն է, որ խեթական թագավոր Խատտուսիլիս Գ-ին (1275-1250) ստիպում է հաշտությամբ վերջացնել Ասորիքին ու Պաղեստինին տիրելու համար Եգիպտոսի դեմ մղվող գրեթե հարյուրամյա պատերազմները։ Ընդ որում, Պաղեստինն անցնում է Եգիպտոսի փարավոն Ռամսես Բ-ին, իսկ Ասորիքի մեծ մասը՝ Խատտուսիլիս Գ-ին[1]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է նկատի ունենալ, որ ասսուրական արձանագրություններում հիշատակվում են Ուրուատրիի ցեղային միության այն վայրերը միայն, որտեղ ասորեստանցիները ընդհարումներ են ունենում, և մեզ համար անհայտ է մնում, թե մինչև ուր էր հասնում նրա զբաղեցրած տարածությունը։ Սակայն պարզ է, որ Ասորեստանը անմիջականորեն սահմանակից էր Ուրուատրի ցեղային միությանը։ Այս ցեղերի մեջ առանձնապես աչքի էին ընկնում ուկումանեցիները՝ իրենց Կումմե կենտրոնով (ուրարտական Կումենու), որտեղ գտնվում էր Թեշուբ-Թեյշեբա աստծո տաճարը։ Ուկումտնեցիները, հավանաբար, ուրարտալեզու էին։ Նրանց երկրից հյուսիս գտնվում էր Մուծրու երկիրը (Մուսասիրի նախորդը)՝ Արիննա քաղաքում գտնվող իր սրբավայրով, որն այն ժամանակ հավանաբար արդեն Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնն էր։ Մուծրու երկիրը, Արիննա քաղաքով, գտնվում էր Մեծ Զաբ գետի վերին հոսանքի շրջանում։ Ասորեստանցիները լավատեղյակ չէին Ուրուատրիից հյուսիս ընկած մարզերին և դրանք կոչում էին ընդհանուր բնույթի տերմիններով՝ Բաբխի (ուրարտական «Բաբանախի», որ նշանակում է «լեռնային») կամ Խաբխի (Հայկական Տավրոսի լեռնային շրջանները)։

Քաշիարի (Մասիուս-Տուր-Աբդին) լեռների կիրճերը բնակեցնում էին «շուբարեցիներ» ընդհանուր անունը կրող բազմաթիվ ցեղեր։

Հարմարվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկանալի է, որ ասորեստանցիների արշավանքները, ստրուկներ և անասուններ ձեռք բերելու համար ձեռնարկվող ասպատակություններից բացի, նպատակ ունեին ապահովել իրենց պետության հյուսիսային սահմանների անվտանգությունը, որովհետև հյուսիսային սահմանի երկայնքով ապրող լեռնցիները հաճախ ներխուժում էին Ասորեստանի սահմանները՝ ստրկության տարված իրենց ազգակիցներին ազատելու և ավար ու անասուններ հափշտակելու նպատակով։ Սալմանասար Ա-ի որդու՝ Թուկոլթի-Նինուրտա Ա (1243-1221) թագավորի տեքստերում հանդիպում է արդեն Հայկական լեռնաշխարհի մի այլ ցեղային միության հավաքական անունը՝ «Նաիրի երկիրը», որը երկար ժամանակ, գրեթե մի ամբողջ դար, փոխարինեց Ուրուատրի երկրի անվանը։

Աշուր քաղաքի արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուր քաղաքում, Թուկուլթի-Նինուրտայի պալատում և տաճարում հայտնաբերված արձանագրություններում պատմվում է Ասորեստանի դեմ դուրս եկած Նաիրիի 43 ցեղապետների («թագավորների») մասին, որոնց երկրները մանրամասնորեն նշված չեն։ Ուշագրավ է, որ արձանագրություններից մեկը այդ ցեղապետների թվում հիշատակում է ոչ միայն «թագավորների» այլև «թագուհիների» (համեմատել խեթերի թագուհի Տավանաննասի և Առապխայի համայնական «թագուհիների» դերի հետ)։ Ասորեստանի թագավորներին հաջողվում է մի քանի ցեղապետի գերի վերցնել և ստիպել, որ տուրք վճարեն։ Այստեղ առաջին անգամ հանդես է գալիս Նաիրի տերմինը՝ որպես Հայկական լեռնաշխարհի ընդհանուր անվանումը ասսուրական տեքստերում, իսկ ասսուրական թագավորի տիտղոսաշարը հարստանում է ևս մեկով՝ «Նաիրիի բոլոր երկրների արքա»։

Թուկուլթի-Նինուրտա Ա-ի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուկուլթի-Նինուրտա Ա-ը մեծ արշավանք է ձեռնարկում նաև «շուբարեցիների (այսինքն՝ խուրրիների) երկրի» բաբխի-լեռնցիների դեմ։ Իր արձանագրության մեջ նա հաղորդում է, որ անցել է հետևյալ երկրները՝ Կադմուխի, Պուշշի, Մումմի, Ալզի, Մադանի, Նիխանի, Ալայա, Տեդիզմի (կամ Տեբուրզի) և Պուրուլումզի։

Հնարավոր է, որ հետագայում ևս Թուլկութի-Նինուրտան արշավանքներ է ձեռնարկել դեպի լեռները։

Դայաենի երկրի արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի հյուսիս՝ Նաիրիի երկրները, Տիգրիսի ակունքներից սկսած մինչև Ճորոխ գետի ավազանում գտնվող Դայաենի երկիրը ասորեստանցիների կատարած արշավանքի մանրամասն նկարագրությունը պահպանվել է Թիգլաթպալասար Ա-ի (մ.թ.ա. 1115-1077) տարեգրության մեջ։ Արշավանքն ուղղված էր ոչ թե դեպի Վանա լճից հարավ-արևելք ընկած շրջանները, ինչպես Սալմանասար Ա-ի ժամանակ, այլ դեպի Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը, հարավից հյուսիս, ըստ որում ասորեստանցիները խորացան հակառակորդի երկրի մեջ ավելի քան 500 կմ։

Ասորեստանի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորեստանի թագավորի նպատակը սոսկ ավերումն ու կողոպուտը չէր։ Գերի թագավորների նկատմամբ ցույց տված բարյացակամ վերաբերմունքով նա ջանում էր հաստատուն դարձնել իր իշխանությունը Նաիրի երկրում։ Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ նկարագրված արշավանքում չի հիշատակվում Վանա լճի (որն անվանում էր «Նաիրիի ծով») շրջանը՝ հավանական է, որ ասորեստանցիները գիտակցորեն չէին ներխուժում հզոր ցեղային միության կենտրոնական մասը, ուր կարող էին հանդիպել առավել ուժեղ դիմադրության։

Հաջորդ 9-10-րդ դարերում ասորեստանյան թագավորները հիմնականում զբաղված էին Միջագետք թափանցած արամեացիների դեմ մղված պայքարով, և նրանց ասպատակությունները դեպի հյուսիս, ու դրա հետ միասին՝ համապատասխան երկրների հիշատակությունը՝ խիստ հազվադեպ է դառնում։ Մ.թ.ա. 9-րդ դարի ասսուրական արձանագրություններում վերստին հանդիպում է Ուրուատրի ցեղային միության հիշատակությունը։ Սակայն Աղադներարի Բ-ի (մ.թ.ա. 911-890) ժամանակներից սկսվում է և Աշուրնասիրապալ Բ-ի (մ.թ.ա. 883-859) ժամանակներից սովորական է դառնում արդեն Ուրարտու տերմինի հիշատակությունը, հաճախ Նաիրիի հետ միասին, առանց այդ երկու տերմինների որոշակի սահմանազատման։

Ասորեստանի պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 9-րդ դարի կեսերը Առաջավոր Ասիայի պատմության մեջ նշանավորվում են իր սասանված ռազմական հզորությունը վերականգնած Ասորեստանի թալանչիական պատերազմների սաստկացումով։ Նվաճված երկրներում Ասորեստանի տիրապետությունը ամրապնդվում էր հրով ու սրով, անհնազանդ թշնամիների հետ հաշվեհարդար էր տեսնվում բացառիկ դաժանությամբ։ Բայց դրան զուգընթաց աճում էր այն երկրների դիմադրությունը, որոնց դեմ հանդես էին գալիս ասորեստանյան զորքերը։ Մանր ցեղերը միավորվում են խոշոր պետությունների մեջ և այդ հիմքի վրա ծնունդ են առնում Հին Արևելքի նոր պետություններ, որոնցից կարևորագույնը Ուրարտուն էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. М. Дьяконов, Предысторня армянского народа, Ереванм 1968