Ուրոլոգիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուրոլոգիա, Հայաստանում ուրոլոգիական ծառայությունը կազմակերպել են Ռուբեն Յոլյանը, Ռ. Պարոնյանը, Մ. Կարապետյանը և Ավետիք Միդոյանը։ 1923 թվականին Համբարձում Քեչեկը ԵՊՀ բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնում դասավանդել է նաև ուրոլոգիա և միաժամանակ օգնություն է ցուցաբերել միզասեռական օրգանների հիվանդություններով տառապողներին։ 1940 թվականին վիրաբուժական կլինիկային կից ստեղծվել է 25 մահճակալով ուրոլոգիական բաժանմունք (ղեկավար՝ Մ. Կարապետյան1954-1961 թվականին ուրոլոգիական գիտական հետազոտություններ կատարվել են Երևանի 3 վիրաբուժական կլինիկաներում (ղեկավարներ՝ Ռուբեն Յոլյան, Սեդրակ Շարիմանյան, Հ. Գևորգյան)։ 1954 թվականից՝ ԵԲԻ-ում, 1962 թվականից ԲԿԻ-ում (1997 թվականից՝ ԱԱԻ) ուրոլոգիա է դասավանդել Ավետիք Միդոյանը (1960 թվականից՝ ՀԽՍՀ ԱՆ-ի գլխավոր ուրոլոգ)։ 1961 թվականին Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում բացվել է 60 մահճակալով ուրոլոգիական բաժանմունք (ղեկավար՝ Ավետիք Միդոյան), որը եղել է ԵԲԻ-ի և ԲԿԻ-ի ուսումնական հենակետը։ 1963 թվականին Ավետիք Միդոյանի նախաձեռնությամբ ուրոլոգիական բաժանմունքին կից ստեղծվել է «Արհեստական երիկամ» լաբորատորիան, որտեղ կատարվել է հանրապետությունում առաջին հեմոդիալիզը։ 1963 թվականին ստեղծվել է Ուրոլոգների հանրապետական գիտաբժշկական ընկերությունը (նախագահ՝ Ավետիք Միդոյան, 1988 թվականից՝ Իվան Աղաջանյան)։ Սկսած 1961 թվականից՝ Ավետիք Միդոյանի նախաձեռնությամբ մի խումբ բժիշկներ մասնագիտացել են ԽՍՀՄ-ում անվանի ուրոլոգներ Ա. Աբրահամյանի (Մոսկվա) և Ա. Գասպարյանի (Լենինգրադ) ղեկավարած կլինիկաներում։ Ավետիք Միդոյանի ջանքերով հանրապետությունում ուրոլոգիական օգնությունն առանձնացվել է վիրաբուժական ծառայությունից, ուրոլոգիական բաժանմունքներ են բացվել Երևանում և հանրապետության այլ քաղաքներում։ 1970 թվականին Հանրապետական կլինիկական հիվանդանոցում Ավետիք Միդոյանի նախաձեռնությամբ ստեղծվել են ԵԲԻ-ի ուրոլոգիայի ամբիոնը և 80 մահճակալով ուրոլոգիական կլինիկական հենակետ, 3-րդ հիվանդանոցից այնտեղ է տեղափոխվել «Արհեստական երիկամ» լաբորատորիան։ Հանրապետությունում ուրոլոգիական ծառայության կազմակերպմանը և այդ ոլորտի գիտաբժշկական զարգացմանը զգալիորեն նպաստել են առաջատար ուրոլոգներ՝ ՌԲԳԱ ակադեմիկոսներ հայր և որդի Ա. և Յու. Պիտելները, ՌԳԱ և ԲԳԱ ակադեմիկոսներ Նիկոլայ Լոպատկինը, Ալեքսանդր Ֆրումկինը, Հ. էպշտեյնը, Սողոմոն Գոլիգորսկին (Մոսկվա), Գիրեյ Բաիրովը (Լենինգրադ), որոնց կլինիկաներում իրենց ուսումնառությունը շարունակել են հայ ուրոլոգներից շատերը։ Լենինգրադում ուրոլոգիայի գծով կատարելագործվել է նաև ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը. 1982 թվականից նա ղեկավարում է մանկական ուրոլոգիական միակ բաժանմունքը (Երևան), որտեղ 1988 թվականին ստեղծել է հանրապետության մանկական հեմոդիալիզի առաջին ծառայությունը։ Արա Բաբլոյանի ջանքերով 1990 թվականին ստեղծվել է մասնագիտացված նոր՝ Ուրոնեֆրոլոգիական և մանկական վիրաբուժության կենտրոն, որտեղ 1991 թվականին, ՀՀ-ում առաջին անգամ, երեխային փոխպատվաստվել է երիկամ, որով դրվել է երեխաների, հետագայում՝ նաև մեծահասակների երիկամների փոխպատվաստման ծրագրի հիմքը։ 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ավետիք Միդոյանի նախաձեռնությամբ Կանադայից ստացվել է հեմոդիալիզի 10 ապարատ, որոնց շնորհիվ «Արհեստական երիկամ» լաբորատորիան դարձել է հանրապետությունում հեմոդիալիզի առաջին բաժանմունքը։ 1970 թվականից ԲԿԻ-ի ուրոլոգիական դասընթացը, իսկ 1978 թվականից նաև ամբիոնը ղեկավարում է Հովսեփ Աղաջանյանը, որտեղ ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարվում են նաև բուժական նշանակության լայնածավալ ԳՀ, բուժական և կանխարգելիչ աշխատանքներ։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ուսանելով ժամանակակից էնդոուրոլոգիայի հիմունքները՝ 1987 թվականին Հովսեփ Աղաջանյանը հանրապետությունում կատարել է ներմիզուկային մասնահատում (տրանսուրեթրալ ռեզեկցիա՝ ՏՈՒՌ, և երիկամի փոխպատվաստում)։ Նույն թվականին ամերիկահայ անվանի ուրոլոգ Կարո Դերձակյանը, վերակառուցող, վիրահատությունների հետ մեկտեղ, Հայաստանում ուրոլոգների համար կազմակերպել է ներմիզուկային մասնահատման վերապատրաստման դասընթացներ։ 1987 թվականից լայնորեն կիրառվում են ՏՈՒՌ-ի, օպտիկական միզուկահատման (ուրեթրոտոմիա) եղանակները, միզուկաերիկամադիտման (ուրեթրոռենոսկոպիա) նպատակով երիկամների վրա ներմաշկային ճանապարհով (պերկուտան) կատարվել են առաջին փորձերը, որով հիմք է դրվել հայկական ուրոլոգիական հանրության ինտեգրմանը եվրոպական և ամերիկյան ուրոլոգիական ընկերակցություններին։ Ի. Աղաջանյանի ջանքերով 1989 թվականին քաղաքային № 1 կլինիկական հիվանդանոցում գերմանական նորագույն սարքավորումներով ստեղծվել է Հեռակառավարման լիթոտրիպսիայի հանրապետական կենտրոնը (տնօրեն՝ Ա. Բաղդասարյան), որտեղ լայնորեն կիրառվում է միզաքարային հիվանդության բուժման հեռահար և կոնտակտային լիթոտրիպսիայի եղանակը։ 1983-2003 թվականներին ԵԲԻ-ի ուրոլոգիայի ամբիոնը և «Արմենիա» ՀԲԿ-ի ամենամեծ ուրոլոգիական կլինիկան ղեկավարել է Յու. Զոհրաբյանը։ Այդ տարիներին 2 ամբիոններում և լիազոր-ներկայացուցչությունում ուսանել ու մասևագիտական որակավորում է ստացել շուրջ 40 ուրոլոգ։ 2003 թվականին ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնը վերակազմավորվել է (վարիչ՝ Ավետիք Մուրադյան), որտեղ, լայնածավալ բուժական աշխատանքներից բացի, կատարվում են նաև արդի պահանջներին համապատասխանող գիտական աշխատանքներ։ Ամբիոնում ստեղծվել են հայերեն առաջին 9 մեթոդ, ձեռնարկները՝ ուսանողների և լիազոր-ներկայացուցիչների համար։ Ամբիոնում Ա. Ավոյանի, Ռ. Հովհաննիսյանի («Արաբկիր» ՀԲԿ-ի մեծերի ուրոլոգիայի ծառայության ղեկավար), Արթուր Գրաբսկու («Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար), Մ. Սահակյանի, Ա. Զոհրաբյանի, Հ. Շիրիկչյանի և Գ. Երզնկյանի ղեկավարությամբ սովորել են 2 հազար ուսանող և 22 լիազոր-ներկայացուցիչ (2011)։ Ներկայումս ՀՀ-ում ուրոլոգիայի ոլորտում կատարվում են գիտատեխնիկական հեղաբեկումներ, կլինիկաներում ներդրվում են ախտորոշման նորագույն՝ անդրաձայնային, ռադիոիզոտոպային, համակարգչային ու միջուկամագնիսառեզոնանսային շերտագրության, հետազոտման ընդերադիտիկական և այլ եղանակներ։ Կիրառվում են ընդերադիտական, հեռահար և կոնտակտային լիթոտրիպսիայի, միզասեռական օրգանների ուռուցքների ճառագայթային, քիմիաբուժական նորագույն եղանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png