Ուրի թագավորական խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրի թագավորական խաղ
Ուր քաղաքի թագավորական գերեզմանատանը Սըր Լեոնարդ Վուլլիի կողմից հայտնաբերված հինգ խաղատախտակներից մեկը, որը ներկայումս պահվում է Բրիտանական թանգարանում
Տեսակհնագիտական գտածո, խաղեր տախտակի վրա, race game? և dice game?
ԺանրԽաղադաշտով սեղանի խաղ, մրցավազքային խաղ, զառախաղ
Խաղացողների քանակ2
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ2
Տեղադրման ժամանակսովորաբար մոտ 30 րոպե
Պարտիայի տևողություն10-30 վայրկյան
Պատահականությունների ազդեցությունմիջին (զառի ընկնելը)
Անհրաժեշտ ունակություններստրատեգիա, տակտիկա, հաշվում, հավանականություն
 Royal Game of Ur Վիքիպահեստում

Ուրի թագավորական խաղ, հայտնի է նաև որպես 20 քառակուսիների խաղ կամ պարզապես Ուրի խաղ, երկու հոգու համար նախատեսված ստրատեգիական, մրցավազքային, խաղադաշտով սեղանի խաղ, որն առաջին անգամ խաղացել են Միջագետքում, մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի սկզբին։ Խաղը տարածված է եղել Միջին Արևելքի բոլոր սոցիալական խավերում, և խաղատախտակները գտնվել են Միջագետքից այնքան հեռավոր վայրերում, ինչպիսիք են Կրետեն և Շրի Լանկան։ Հանրաճանաչության գագաթնակետին խաղը ձեռք բերեց հոգևոր նշանակություն, և հավատում էին, որ խաղում տեղի ունեցող իրադարձությունները արտացոլում են խաղացողի ապագան և ուղերձ են փոխանցում աստվածներից կամ այլ գերբնական էակներից։ Ուրի խաղը մնաց տարածված մինչև ուշ անտիկ ժամանակաշրջանը, երբ դադարեցին այն խաղալ՝ հավանաբար զարգացնելով կամ փոխարինելով նարդու սկզբնական տարբերակի։ Այն, ի վերջո, մոռացվեց ամենուր, բացառություն էր կազմում հնդկական Կոչի քաղաքի հրեա բնակչությունը, որը շարունակեց խաղալ մինչև 1950-ական թվականներին Իսրայել արտագաղթելը։

Ուրի խաղն իր անունը ստացավ այն պատճառով, որ այն առաջին անգամ հայտնաբերեց անգլիացի հնագետ Սըր Լեոնարդ Վուլլին՝ 1922-1934 թվականներին, Ուրի թագավորական գերեզմանատանը իր պեղումների ժամանակ։ Այդ ժամանակվանից խաղի պատճենները հայտնաբերվել են այլ հնագետների կողմից Միջին Արևելքում։ Քանի որ Ուրի խաղը խաղում էին մ․թ․ա․ 2-րդ դարում, նրա կանոնները պահպանվել են բաբելոնյան կավե սալիկներում՝ գրված գրագիր Իտտի-Մարդուկ-բալատուի կողմից։ Հիմնվելով այդ սալիկների և խաղատախտակի ձևի վրա՝ Բրիտանական թանգարանի համադրող Իրվինգ Ֆինկելը վերականգնեց հիմնական կանոնները, որոնցով կարող էին խաղալ։ Խաղի նպատակն է բոլոր խաղաքարերը հեռացնել խաղատախտակից հակառակորդից առաջ։ Ինչպես ժամանակակից նարդին, խաղը ներառում է և՛ ստրատեգիական, և՛ հաջողության տարրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գրաֆիտի տարբերակը Սարգոն II-ի պալատից(Լոնդոնի բրիտանական թանգարան)[1][2]
Խաղատուփ սենետ և 20 քառակուսիներ խաղալու համար, մ․թ․ա․ 1635-1458 թթ․

Խաղը տարածված է եղել ՄԻջին Արևելքում[1][3], և խաղատախտակները հայտնաբերվել են Իրանում, Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Շրի Լանկայում, Կիպրոսում և Կրետեում[1][3]։ Չորս խաղատախտակ, շատ մեծ նմանություն ունենալով Ուրի թագավորական խաղին, հայտնաբերվել են Թութանհամոնի դամբարանում[4]։ Այս խաղատախտակները տուփերով էին՝ զառ և խաղակտորներ պահելու համար[4] և շատերը ունեին սենետի տախտակ հակառակ կողմում այնպես, որ այն կարող էր օգտագործվել երկու խաղերի համար էլ, և պարզապես պետք էր շրջել[4]։ Խաղը տարածված է եղել բոլոր սոցիալական խավերում[1]։ Խաղի գրաֆիտի տարբերակը՝ փորագրված սուր առարկայով, հնարավոր է՝ դաշույնով, հայտնաբերվել է Խորսաբադ քաղաքում գտնվող Սարգոն II-ի պալատից՝ (մ.թ.ա. 721–705թվականներին) մարդու գլուխ ունեցող թևավոր ցլի դարպասի պաշտպաններից մեկի վրա[1][2]։

Ի վերջո, Ուրի խաղը սնոտիապաշտական նշանակություն ձեռք բերեց[1][5], և Իտտի-Մարդուկ-բալատուի սալիկը անորոշ կանխատեսումներ է տալիս խաղացողի ապագայի մասին, եթե նա կանգնում է խաղատախտակի որոշակի հատվածի վրա[1][5], այդպիսի կանխատեսումներից են՝ «Դու ընկեր կգտնես», «Դու կդառնաս առյուծի պես ուժեղ», կամ «Դու հիանալի գարեջուր ես լցնելու»[1][5]։ Մարդիկ կապ էին տեսնում խաղացողի՝ խաղում և իրական կյանքում հաջողության միջև[1][5]։ Ըստ երևույթին, պատահական իրադարձությունները, ինչպիսինն է որևէ քառակուսու վրա կանգնելը, մեկնաբանվում էին որպես ուղերձ աստվածներից, մահացած նախնիների ուրվականներից կամ մարդու սեփական հոգուց[5]։

Պարզ չէ, թե ինչն է հանգեցրել Ուրի խաղի վերջնական անկմանը ուշ անտիկ ժամանակաշրջանում[5]։ Մի տեսության համաձայն՝ այն վերածվել է նարդու[5], մինչդեռ մեկ այլ տեսակետ պնդում է, որ նարդու սկզբնական ձևերը ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերել և մոռացության են մատնել հին խաղը[1][5]։ Ինչ-որ պահի, երբ խաղը Մերձավոր Արևելքում հանրաճանաչությունից դուրս եկավ, մի խումբ հրեա վաճառականներ, ըստ երևույթին, այն ներմուծեցին հնդկական Կոչի քաղաք[1][5]։ Կոչիի հրեա բնակչության անդամները խաղում էին Ուրի խաղի ճանաչելի ձևը, որը նրանք կոչում էին Աաշա[6], մինչ 1950-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայել արտագաղթելը[1][5]։ Կոչիի խաղի տարբերակը ուներ քսան քառակուսի, ճիշտ ինչպես Միջագետքի սկզբնական տարբերակը, բայց յուրաքանչյուր խաղացող ուներ տասներկու կտոր՝ ի տարբերություն յոթի, և քսան քառակուսիների տեղադրումը մի փոքր այլ էր[1]։

Ժամանակակից վերահայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի հնագետ Սըր Լեոնարդ Վուլլին հայտնաբերեց Ուրի խաղի հինգ խաղատախտակներ Ուրի թագավորական գերեզմանատանը իր հետազոտության ընթացքում, 1922 և 1934 թվականների միջև[3][4][5]։ Քանի որ խաղը առաջին անգամ հայտնաբերվեց Ուրի թագավորական գերեզմանատանը, այն հայտնի դարձավ որպես «Ուրի թագավորական խաղ», բայց ավելի ուշ հնագետները հայտնաբերեցին խաղի այլ օրինակներ Միջին Արևելքի այլ վայրերից[5]։ Վուլլիի կողմից հայտնաբերված տախտակներից յուրաքանչյուրը թվագրվում է մ.թ.ա. մոտ 3000 տարվա[3][4]։ Բոլոր հինգ տախտակները նույն տեսակի են, բայց դրանք պատրաստված են տարբեր նյութերից և ունեն տարբեր ձևավորումներ[3][4]։ Վուլլին վերականգնել է այս տախտակներից երկուսի պատկերները իր՝ 1949 թվականի «Առաջին փուլերը» գրքում[3][4]։ Դրանցից մեկը համեմատաբար պարզ հավաքածու է, որի ֆոնը կազմված է կապույտ կամ կարմիր կենտրոններով պատյան սկավառակներից, որոնք դրված են փայտածածկ ասֆալտի մեջ[3][4]։ Մյուսն ավելի բարդ է, ամբողջովին ծածկված է թաղանթապատ տախտակներով, կարմիր կրաքարով և կապույտ քարով[3][4]։ Մյուս խաղատախտակների վրա փորագրված են կենդանիների պատկերներ[1][3][4]։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Rules tablet
Կանոնների սալիկ՝ թվագրված մ․թ․ա․ 177թվականի (Բրիտանական թանգարան)

Երբ առաջին անգամ ՈՒրի խաղը հայտնաբերվեց, ոչ ոք չգիտեր՝ ինչպես էին այն խաղում[3][4][5][7]։ Հետո, 1980-ական թվականների սկզբին, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանի մի համադրող, թարգմանեց կավե սալիկ, որը գրվել է մ.թ.ա. 177 թվականին, բաբելոնյան գրագիր Իտտի-Մարդուկ-Բալատուի կողմից, նկարագրելով, թե ինչպես են խաղացել այդ ժամանակահատվածում խաղը՝ հիմնվելով Իդդին-Բյոլ անունով մեկ այլ գրողի կանոնների ավելի վաղ նկարագրության վրա[5][7]։ Այս սալիկը գրվել է բաբելոնյան քաղաքակրթության անկման օրերին[5]՝ շատ ավելի ուշ, քան երբ առաջին անգամ խաղացին Ուրի խաղը[4]։ Այն հայտնաբերվել էր 1880 թվականին Բաբելոնի ավերակներում և վաճառվել Բրիտանական թանգարանին[7]։ Ֆինկելը նաև օգտագործեց կանոնների նկարագրման մեկ այլ սալիկ, որը Կոմս Այմար դե Լիեդեկերկե-Բոֆորտի անձնական հավաքածուում էր եղել, բայց ավերվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում[7]։ Այս երկրորդ սալիկը թվագրված չէ, բայց հնագետները հավատում են, որ այն գրվել է Իտտի-Մարդուկ-Բալատուի սալիկից մի քանի դար առաջ և ծագել է Ուրուկ քաղաքից[7]։ Երկու սալիկների հետևի մասում ցուցադրվում են խաղատախտակի գծապատկերներ՝ հստակ նշելով, թե որ խաղն են նկարագրում[1][7]։ Ելնելով այս կանոններից և խաղատախտակի ձևից՝ Ֆինկելը կարողացավ վերականգնել, թե ինչպես կարող էին խաղը խաղալ[4][5][7]։

Հիմնական կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր ուղղություն, որով խաղացողները մրցում են իրենց խաղաքարերը տախտակից դուրս բերելու համար, կապույտով ցուցադրված «անվտանգ» տարածություն- ներով և կանաչով ցույց տրված «մարտական» տարածություն- ներով[4][7] Ուշադրություն դարձնել, որ վերին երկու վարդազարդերը սխալ են տեղադրված և պետք է լինեն դրանց տակ գտնվող տարածություններում։
Եվս մեկ հավանական ընթացք, որի ժամանակ խաղացողները կրկնապատկում են միջին հատվածի չորս քառակուսիները ՝ այդպիսով երկարացնելով խաղը։ Նկատի ունենալ, որ ըստ այս պայմանավորվա- ծության, յուրաքանչյուր վարդազարդ հեռավորության վրա կլինի ուղիղ չորս տարածություն.

ՈՒրի խաղը մրցավազքային է[4][5][7] և այն, հավանաբար, ուղղակի նախահայրն է սեղանի խաղերի կամ նարդու՝ խաղերի ընտանիքի, որ խաղում են մինչ օրս[4][5]։ ՈՒրի խաղը խաղում են՝ օգտագործելով յոթ խաղաքարերով երկու հավաքածու[4]։ Խաղաքարերի մի հավաքածուն սպիտակ է՝ 5 սև կետերով, իսկ մյուսը՝ սև՝ 5 սպիտակ կետերով[3][4]։ Խաղատախտակը կազմված է տուփերի երկու ուղղանկյուն հավաքածուներից, որոնցից մեկը պարունակում է երեք տող չորսական տուփից և մյուսը պարունակում է երեք տող երկուական տուփից, որոնք միավորված են երկու տուփի «նեղ կամրջով»[7]։ Խաղը ներառում է և՛ հաջողության, և՛ ստրատեգիայի տարեր[4]։ Շարժումները որոշվում են քառանիստ զառերի պտտմամբ[3][4]։ Յուրաքանչյուր զառի չորս անկյուններից երկուսը գծանշված են, իսկ մյուս երկուսը`ոչ յուրաքանչյուր զառին հավասար հնարավորություն տալով ընկնել նշված կամ չնշված անկյունով դեպի վեր[3][4]։ Զառերի պտտվելուց հետո դեպի վեր ուղղված նշված ծայրերի թիվը ցույց է տալիս, թե այդ շրջադարձի ընթացքում խաղացողը քանի քառակուսի կարող է տեղափոխվել[7]։ Մեկ խաղը կարող է տևել 30 րոպե և կարող է լինել ինտենսիվ[4]։ Խաղերը հաճախ անկանխատեսելի են և փակ են վերջում։ Խաղացողի նպատակն է շարժել բոլոր խաղաքարերը ընթացքում (Երկու առաջարկվող տարբերակները ցուցադրված են աջ կողմում) և հեռացնել դրանք խաղատախտակից նախքան իրենց հակառակորդը[4]։ Պահպանված բոլոր խաղատախտակների վրա երկու կողմերը միշտ նույնն են, ինչը ցույց է տալիս, որ ամեն կողմը պատկանում է յուրաքանչյուր խաղացողի[3]։ Երբ մի խաղաքարը գտնվում է խաղացողի սեփական քառակուսիներից մեկի վրա, այն ապահով է գրավումից[4], բայց, երբ այն գտնվում է տախտակի մեջտեղի ութ քառակուսիներից մեկում, հակառակորդի խաղաքարերը կարող են գրավել այն՝ ընկնելով նույն տարածության վրա՝ խաղաքարը հետ ուղարկելով, որպեսզի այն վերսկսի ընթացքը[4]։ Սա նշանակում է, որ կան 6 «ապահով» և 8 «մարտական» քառակուսիներ[4]։ Ցանկացած պահի մեկ քառակուսու վրա երբեք չի կարող լինել մեկից ավելի խաղաքար, այնպես որ տախտակի վրա միանգամից շատ խաղաքարեր ունենալը կարող է խանգարել խաղացողի շարժունակությանը[4]։

Երբ խաղացողը զառ օգտագործելով թիվ է պտտում, նա կարող է ընտրել իր խաղաքարերից որևէ մեկը տախտակի վրա տեղափոխելու համար կամ նորը ավելացնել, եթե այն դեռ խաղ չի մտել[4]։ Խաղացողից չի պահանջվում ամեն անգամ գրավել խաղաքարը, երբ հնարավորություն կա[4]։ Այնուամենայնիվ, խաղացողներից պահանջվում է խաղաքարը տեղափոխել ուր հնարավոր է, եթե նույնիսկ դա անբարենպաստ արդյունքի հանգեցնի[4]։ Պահպանված բոլոր խաղատախտակները կենտրոնական շարքի մեջտեղում ունեն գունավոր վարդազարդ[3][7]։ Ըստ Ֆինկելի վերականգնման, եթե մի խաղաքարը վարդազարդով տարածության վրա է, ապա այն ապահով է գրավումից։ Ֆինկելը նաև ասում է, որ երբ մի խաղաքարը ընկնում է երեք վարդազարդերից որևէ մեկի վրա, խաղացողը պտտման ևս մեկ հնարավորություն է ստանում[7]։ Տախտակից խաղաքար հեռացնելու համար խաղացողը պետք է գլորի ճիշտ մնացած քառակուսիների թիվը մինչև ընթացքի ավարտը գումարած մեկ[4]։ Եթե խաղացողը գցում է այս թվից բարձր կամ ցածր թիվ, նա չի կարող հեռացնել խաղաքարը տախտակից[4]։

Մոլախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հնագիտական պեղման ժամանակ Ուրի խաղի հավաքածուում հայտնաբերվեց 21 սպիտակ գնդակ[4]։ Ենթադրվում է, որ այս գնդակները օգտագործվել են խաղադրույքներ կատարելու համար[4]։ Ըստ Իտտի-Մարդուկ-բալատու-ի սալիկի՝ ամեն անգամ, երբ խաղացողը բաց է թողնում վարդազարդով նշված քառակուսիներից մեկը, նա պետք է նշան դնի ամանի մեջ[7]։ Եթե խաղացողը կանգնում է վարդազարդի վրա, նա պետք է նշան վերցնի ամանից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Green, William (2008 թ․ հունիսի 19). «Big Game Hunter». Time (ամերիկյան անգլերեն). London. ISSN 0040-781X.
  2. 2,0 2,1 Collon, Dominique (2011 թ․ հուլիսի 1). «Assyrian guardian figure». BBC History (բրիտանական անգլերեն). BBC. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Bell, Robert Charles (1979) [1960]. Board and table games from many civilizations (Revised ed.). New York: Dover Publications. էջեր 16, 17, 21, 25. ISBN 1306356377. OCLC 868966489.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 Botermans, Jack (2008). The book of games : strategy, tactics & history. Fankbonner, Edgar Loy. New York: Sterling. էջեր 712–20. ISBN 9781402742217. OCLC 86069181.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 Donovan, Tristan (2017). It's all a game : the history of board games from Monopoly to Settlers of Catan (First ed.). New York: Thomas Dunne Books. էջեր 13–16. ISBN 9781250082725. OCLC 960239246.
  6. S, Priyadershini (2015 թ․ հոկտեմբերի 1). «Traditional board games: From Kochi to Iraq». The Hindu – via www.thehindu.com.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Becker, Andrea (2007). «The Royal Game of Ur». In Finkel, Irving (ed.). Ancient Board Games in Perspective: Papers from the 1990 British Museum Colloquium, with Additional Contributions. London, England: British Museum Press. էջեր 16. ISBN 9780714111537. OCLC 150371733.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Botermans, Jack (1988). Le Monde des jeux. Paris: Le Chêne. 978-2851085122.
  • Finkel, Irving (2007), “On the Royal Game of Ur,” in Ancient Board Games in Perspective, ed. Irving Finkel. London: British Museum Press, pp. 16–32.
  • Finkel, Irving (1991). La tablette des régles du jeu royal d'Ur. Jouer dans l'Antiquité, Catalogue de l'Exposition. Marseille: Musée d'Archéologie Méditerranéenne.
  • Finkel, Irving (2005) [1995]. Games: Discover and Play Five Famous Ancient Games (3rd ed.). London: British Museum Press. 978-0714131122
  • Lhôte, Jean-Marie (1993). Histoire des jeux de société. Paris: Flammarion. 978-2080109293.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]