Jump to content

Ուսանողի երդում (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսանողի երդման տեքստը

Ուսանողի երդում կամ Մեր երդում (թուրքերեն՝ Öğrenci andı ya da Andımız), հավատարմության երդում, որը 1933 թվականից մինչև 2013 թվականը Թուրքիայի տարրական դպրոցներում ամեն առավոտ կարդացվել է աշակերտների առջև։

Թուրքիայի Հանրապետությունում այն ծառայել է որպես ազգային պետության արժեքները քաղաքացիներին փոխանցելու և ներքինացնելու գործիք: Տեքստը 1933 թվականին գրել է այն ժամանակվա ազգային կրթության նախարար Ռեշիթ Գալիփը: Նա երդում առաջին անգամ արտասանել է Անկարայում 1933 թվականի ապրիլի 23-ի տոնակատարության ժամանակ հավաքված երեխաների առջև:

Ֆրանսիական հեղափոխությունից սկիզբ առած և բազմաթիվ մայրցամաքներ տարածվող ազգայնական շարժման ազդեցությունը նույնպես ազդել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման վրա:

Թուրքիայում այս երդման տեքստը ուսանողներին արարողության ժամանակ ընթերցելը համարվում է ազգային արժեքները փառաբանող կրթական մոտեցման մի մաս[1]։ Ուսանողի երդումը ընթերցվում է նաև Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում[2]։

Այդ ժամանակվա ազգային կրթության նախարար Ռեշիթ Գալիփը 1933 թվականի ապրիլի 23-ի առավոտյան (Թուրքիայի Հանրապետությունը 10-ամյակի օրը), երեխաներին խնդրել է արտասանել իր գրած երդումը։ Նա կարդացել է տեքստը այդ օրը բացման իր ելույթում և ասել հետևյալը[1][3]

Երեխաներ, գեղեցիկ դեմքով թուրք երեխաներ, սա այն օրն է, երբ ձեր Ղազի հոր ձեռքով բացվեց Մեծ Ազգային ժողովը։ Օ՜, թուրք երեխաներ, որքա՜ն բախտավոր եք, որ այս օրը՝ ժողովի բացման օրը, պետության հիմնադրման օրը, դարձրիք տոն ձեզ համար։ Թող միշտ հնչի ձեր ականջներում, ո՜վ գեղեցիկ երեխաներ, ովքեր հիմա պատրաստվում եք լինել մեծ թուրքական ապագայի կառուցողների շարքում, որ նրանք, ովքեր չեն աշխատում, չեն համարվում թուրք, իսկ նրանք, ովքեր բարոյականություն չունեն, չեն կարող լինել թուրք։ Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ, որ ձեզանից նրանք, ովքեր չեն աշխատում, ովքեր չեն հետևում լավ դաստիարակությանը, մեր ապագա թշնամիներն են։ Ազգերի մեջ միակ գեղեցիկ թուրք երեխաներ, թուրքականության մեծ ապագան ընկած է ձեր թվացյալ փոքրիկ, բայց իսկապես ամուր և դիմացկուն ուսերին։ Մտածեք այս մասին, իմացեք, հասկացեք և մի՛ մոռացեք նույնիսկ մի պահ։

Ես ձեզ տալիս եմ առաջադրանք. արձակուրդից հետո՝ դպրոց վերադառնալուն պես, սկսած առաջին օրվանից, երբ մտնեք ձեր առաջին դասին, ամեն օր միասին կրկնեք այս խոսքերը ձեր դասարաններում.

Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ։
Իմ օրենքն է կրտսերներին պաշտպանել, մեծերին՝ հարգել, սիրել իմ երկիրն ու ժողովրդին անձիցս առավել։
Բարձրանալ, առաջ շարժվել։
Թող իմ գոյությունը նվեր լինի թուրք ազգի գոյությանը։

Աֆեթ Ինանի խոսքով՝ այս ելույթը հրապարակվել է 1933 թվականի ապրիլի 24-ին «Հակիմիյեթ-ի Միլլիյե» թերթի առաջին էջում՝ «Թուրքիայի երեխաների մասին օրենք» վերնագրով[1]։ Այս ելույթից հետո «Ուսանողի երդում» անունով հայտնի տեքստը միաձայն ընփերցվել է դպրոցներում՝ սկսած Հանրապետության 10-ամյակից, համաձայն նախարարության հրատարակած շրջաբերականի: Ուսանողի երդման նպատակն ու իմաստը, ինչպես նաև այն աշակերտներին փոխանցելու եղանակը բացատրվել են նախարարության 1933 թվականի մայիսի 18-ի 1749/42 համարի շրջաբերականում՝ «Ուսանողների կողմից ամեն օր կրկնվող արտահայտության մասին» վերնագրով: Շրջաբերականը ներառվել է տարրական դպրոցի կանոնադրության մեջ: Տեքստը մի քանի անգամ 1972 և 1997 թվականներին փոփոխվել է։

Կա կարծիք, որ Ռեշիթ Գալիփը տեքստը գրելիս ոգեշնվել է դպրոցական դասագրքերում նախկինում գրված տեքստերից[1]: Տեքստը ցույց է տալիս Ռեշիթ Գալիփի «զինվոր քաղաքացի» դաստիարակելու իդեալը, որը շեղվում է քաղաքացիական իդեալից և հարմար է Երկրորդ համաշխարհային պատերազմի մթնոլորտին[1]: Ընդհանուր առմամբ ազգայնական տեքստ համարվող երդումը տարբեր խմբեր բնութագրու են որպես ֆաշիստական մեկնաբանություններ պարունակող երդում[4][5][6]:

Խաղաղության գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններով, Թուրքիայի դպրոցներում երդում տալու պրակտիկան 2013 թվականին դադարեցվել է: Թուրքական կրթական միության կողմից Պետական խորհրդում երդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված հայցից հետո Պետական խորհրդում 8-րդ պալատը 2018 թվականին մեծամասնության ձայներով որոշում է կայացրել չեղյալ համարել երդումը չեղյալ հայտարարող կանոնակարգը[7]: Սակայն այս որոշումը գործադիր իշխանությունը չի իրականացրել[8]։ Ազգային կրթության նախարարությունը բողոքարկել է որոշումը, և գործը ուղարկվել Պետական վարչական դատավարությունների պալատների խորհուրդ: 2021 թվականի մարտի 13-ին Խորհուրդը մեծամասնության ձայներով ընդունել է բողոքը՝ չեղյալ համարելով Պետական խորհրդի 8-րդ պալատի որոշումը, որով մինչ այդ չեղյալ էր հայտարարվել կարգավորումը[9]:

Երդման տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր երդումը

1933
Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ։
Իմ օրենքն է կրտսերներին պաշտպանել, մեծերին՝ հարգել, սիրել իմ երկիրն ու ժողովրդին անձիցս առավել։
Բարձրանալ, առաջ շարժվել։
Թող իմ գոյությունը նվեր լինի թուրք ազգի գոյությանը։

1972
Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ։
Իմ օրենքն է կրտսերներին պաշտպանել, մեծերին՝ հարգել, սիրել իմ երկիրն ու ժողովրդին անձիցս առավել։
Բարձրանալ, առաջ շարժվել։
Թող իմ գոյությունը նվեր լինի թուրք ազգի գոյությանը։
Օ՜, Մեծ Աթաթուրք, որ հնարավոր դարձրիր այս օրը։ Երդվում եմ անդադար քայլել քո հարթած ճանապարհով, քո սահմանած օրենքով և քո ցույց տված նպատակով։

Ի՜նչ երջանիկ է «թուրք եմ» ասողը

1997
Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ։
Իմ օրենքն է կրտսերներին պաշտպանել, մեծերին՝ հարգել, սիրել իմ երկիրն ու ժողովրդին անձիցս առավել։
Բարձրանալ, առաջ շարժվել։
Օ՜, Մեծ Աթաթուրք, որ հնարավոր դարձրիր այս օրը։ Երդվում եմ անդադար քայլել քո հարթած ճանապարհով և քո ցույց տված նպատակով։
Թող իմ գոյությունը նվեր լինի թուրք ազգի գոյությանը։ Ի՜նչ երջանիկ է «թուրք եմ» ասողը:

- Թուրք ուսանողի երդում

2021 թվականի մարտի 4-ին Պետական խորհրդի բարձրագույն պալատը համաձայնվել է Կրթության նախարարության վերաքննիչ պահանջի հետ և կրկին չեղարկել է Ուսանողական երդման ընթերցումը[10][11]:

Որոշումը վերսկսեց արտասանության շուրջ վեճը։ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է որոշումը և համեմատել այն դիպուկ նետված ռումբի (pin-pulled bomb) հետ[12]։ Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Լավ» կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները Բահչելիին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ ԱԶԿ կառավարությանը աջակցելու պատճառով[13]։ Միևնույն ժամանակ, նախագահ և ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անուղղակիորեն արտահայտել է իր աջակցությունն այդ որոշմանը և ասել. «Ազգային օրհներգը մեր ազգային երդումն է»[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Prof. Dr. Sadık KARTAL (2019). «TÜRKİYE CUMHURİYETİ'NİN EĞİTİM İDEOLOJİSİ VE "ANDIMIZ" METNİ1».
  2. Hurriyet (Şubat 01, 2020). «Afrika kökenli Kelvin'in okuduğu 'Andımız' büyük alkış aldı».
  3. Şerafettin TURAN. «Dr. Reşit Galip'in Atatürk'e Yakınmaları MD.Reşit Galip's Complaints to Atatürk». {{cite web}}: line feed character in |title= at position 41 (օգնություն)
  4. «Andımız faşist bir zihniyetin yansıması». 03.10.2013.
  5. Fuat Uğur. «"Andımız açılımı" ve ırkçılık».
  6. https://www.toplumsol.org/andimiz-chpnin-fasizm-ile-flortu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Hürriyet (Ekim 18, 2018). «Danıştaydan "Öğrenci Andı" kararı».
  8. «Akşener'den Andımız çıkışı: Danıştay kararını uygulayın».
  9. «Devlet madalyalarından Atatürk kabartması yine çıkarıldı».
  10. Duvar, Gazete (2021 թ․ մարտի 13). «'Andımız' için karar: Okutulmayacak». www.gazeteduvar.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Andımız kararının gerekçesi açıklandı». www.haberturk.com (թուրքերեն). 2021 թ․ հունիսի 10. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Duvar, Gazete (2021 թ․ մարտի 15). «Bahçeli: Öğrenci Andı kararı pimi çekilmiş bomba». www.gazeteduvar.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «Öğrenci Andı tartışması neden yeniden gündeme geldi?». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «Erdoğan: Milli Andımız İstiklal Marşı». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսանողի երդում (Թուրքիա)» հոդվածին։