Ուռենի ճիպոտանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռենի ճիպոտանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի ճիպոտանման
Լատիներեն անվանում
Salix viminalis
Հատուկ պահպանություն

Ուռենի ճիպոտանման (լատին․՝ Salix viminalis), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 5֊6, երբեմն՝ 8֊10 մետր բարձրությամբ։ Երրտասարդ ընձյուղները մոխրաթավշապատ են կամ գրեթե մերկ, բազմամյաները՝ ամբողջովին մերկ։ Մերկ բնափայտը ակոսիկներ չունի։ Բողբոջները երկարավուն-ձվաձև են, սեղմված, կեռիկավոր գագաթով, դեղին կամ կարմրագորշավուն, մոխրագույն մազմզուկապատ, 3֊5 միլիմետր երկարությամբ։ Տերևակիցը նեղ նշտարաձև է, երկար-սրածայր, գեղձիկա-ատամնաեզրը՝ վաղ թափվող։ Տերևները գծանշտարաձև են, 15֊20 սմ երկարությամբ և 0,3֊2,4 սմ լայնությամբ, սրածայր, ամբողջական՝ ոլորված եզրերով, ալիքաձև, երբեմն՝ ատամնաեզր, վերևի կողմից մուգ դեղնականաչ, մերկ կամ ծածկված սպիտակ մազմզուկներով, ներքևից՝ արծաթափայլ, գլխավոր ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Կատվիկները հասնում են 3֊4, պտղաբերելիս՝ մինչև 6 սմ երկարության, գլանաձև են։

Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են ապրիլ-մայիսին։

Կտրոնները հեշտությամբ են արմատակալում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ռուսաստանի եվրոպական մասում, Սիբիրում, հեռավոր Արևելքում, Հարավային և Միջին Եվրոպայում, Սկանդինավիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Հնդկաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Ապարան-Հրազդանում, Վայքում, Սևանի ավազանում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, առուների և գետերի ափերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա ճյուղերը շատ ճկուն են, որի շնորհիվ օգտագործվում են կողովներ, զամբյուղներ գործելու համար։ Այդնպատակով հնուց մշակվելով, ներկայումս հայտնի են բազմաթիվ սորտեր ու այլատեսակներ։ Կեղևը պարունակում է 6֊14% տանիդներ, պիտանի է կոպիտ թել ստանալու համար։

Ամենուրեք օգտագործվում է թեք լանջերի ու ջրամբարների ափերի ձևավորման համար։ Խորհուրդ է տրվում մշակել որպես կենդանի ցանկապատ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 246։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի ճիպոտանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի ճիպոտանման» հոդվածին։