Ուոլտեր Թայլեր
Ուոլտեր Թայլեր անգլ.՝ Wat Tyler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 1320 և ոչ ուշ քան հունվարի 4, 1341 |
Ծննդավայր | Քենթ, Միացյալ Թագավորություն կամ Essex, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունիսի 15, 1381 |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | առաջնորդ, ապստամբ և հեղափոխական |
![]() |
Ուոլտեր / Ուոտ/ Թայլեր (անգլ.՝ Walter "Wat" Tyler, ոչ վաղ քան 1320 և ոչ ուշ քան հունվարի 4, 1341, Քենթ, Միացյալ Թագավորություն և Essex, Միացյալ Թագավորություն - հունիսի 15, 1381, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի հեղափոխական։ Միջնադարյան Անգլիայում 1381 թ. տեղի ունեցած խոշորագույն գյուղացիական ապստամբության առաջնորդն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի սկզբնական տարիների մասին տեղեկությունները քիչ են, հավանաբար ծնվել է Բրոքսլի գյուղում (Քենթի կոմսություն) տանիքագործ Ուոլտեր Հիլարդի ընտանիքում։ Ուոտ Թայլերի երիտասարդական տարիների իրադարձությունները իրենց արտացոլեւմն են գտել պատմաբանների կողմից (անգլ.՝ «Life and Adventures of Wat Tyler, the Brave and Good», 1851 թվական)։ Գրքում Թայլերը անհաջող սիրավեպից հետո անցնում է զինվորական ծառայության անգլիական բանակում և ուղևորվում է Ֆրանսիա։ Նա մասնակցում է 100-ամյա պատերազմի մի շարք ճակատամարտերի։ Անձամբ թագավոր Էդուարդն է նկատում նրա արիությունն ու խիզախությունը։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ Թայլերը ամուսնանում է և սկսում աշխատել որպես դարբին։ Այդ ժամանակ Անգլիայում խռովություն էր հասունանում, իրավիճակը բարդանում էր կապված Ֆրանսիայում և Ֆլանդրիայում ցածր դասերի ապստամբության հետ։
1381 թ. գյուղացիական խոշոր ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1348 թ. ժանտախտի համաճարակից հետո, որը հայտնի էր «Սև մահ» անունով, միջնադարյան հաշվարկներով բնակչության թիվը նվազել է մեկ երրորդով։ Գյուղատնտեսությունն անկում է ապրել։ Բերքը ցանող և հավաքող չկար։ Գները կրկնապատկվել էին։ Հաջորդել էին ավելի բարձր աշխատավարձ ունենալու պահանջները։ Գյուղական համայնքը, որի ընտանիքները սերնդեսերունդ հարմարվել էին ապրել նույն հողում, սկսել էին քայքայվել։ Գյուղացիների մի մասը տեղափոխվել էին քաղաքներ՝ դառնալով վարձու բանվորներ։ Հողատերերի անմիջական հարկադրանքները անարդյունք էին։ Սկսվեց արմատավորվել հողատիրության նոր՝ հողերի, անասունների, գույքի վարձակալության ձև։ Սա կարևոր քայլ էր կապիտալիստական գյուղատնտեսության զարգացման համար։ Բայց իշխանները փորձել էին հետ վերադարձնել իրենց նախկին դիրքերը, քանի որ նրանք հիմա ստիպված էին հաշվի նստել ավելի ազատ գյուղացիների և վարձու բանվորների հետ։ Այս իրադրությունը 1381 թվականին առաջ բերեց գյուղացիական ապստամբության։ Փախուստ ճորտային կախվածությունից հնարավոր էր միայն միայնակ մարդկանց։ Ընտանիք ունեցող մարդկանց մնում էր կազմակերպվել և ռազմական ապստամբություն բարձրացնել։ Գյուղացիական միություններն աստիճանաբար սկսում էին զարգանալ։ 1381 թվականի ապստամբությունը իրագործել են նրանք, ովքեր արդեն նվաճել են ազատության որոշակի աստիճան և բարեկեցություն և հիմա պահանջում էին ավելին։ Վիլլանների մոտ արթնացել էր մարդկային արժանապատվությունը։ Գյուղացիների պահանջները հետևյալներն էին՝
- Ճորտատիրական իրավունքի վերացում
- Բնամթերային պարտքի փոխարինում գումարով
- Միասնական դրամական ռենտայի սահմանում՝ 4 պենսա 1 ակրից
Երկիրը կառավարում էր շահամոլ ու ծախված էլիտան, որի տիպիկ ներկայացուցիչն էր Լանտկաստերի դուքս Ջոն Գոնտը։ Ներքաղաքական իրավիճակը վատթարանում էր. դեպի Ֆրանսիա կատարված վերջին արշավանքներն անհաջողությամբ էին ավարտվել, ինչը պակասորդ էր առաջացրել գանձարանում։ Կառավարությունն որոշել է մտցնել շնչահարկ մինչև 3 գրոտ (արծաթյա մետաղադրամ, որը հավասար է 4 պեսի), ինչը հասարակության հուզում էր առաջացրել։ Ֆրանսիայի հետ երկարաձգվող պատերազմը և շնչահարկի մտցնումը համարվել են 1381 թվականի ապստամբության գլխավոր պատճառները։ Թայլերը գլխավորել էր դեպի Լոնդոնի Քենթ կոմսություն կատարված գյուղացիական արշավանքը։ Ճանապարհին նրանց էին միացել գյուղացիներ ուրիշ կոմսությունից , ինչպես նաև աղքատներ և քաղաքների խաժամուժը։ Ապստամբությունը տարածվել էր Քենթերբերիում, իսկ հետո Լոնդոնում։ Գյուղացիները հարձակմամբ վերցրել էին Թաուերը և սպանել լորդ-կանցլերին և արքեպիսկոպոս Սայմոն Սադբերին։ Ապստամբների հետ, ովքեր պահանջում էին ճորտատիրական իրավունքի վերացում, 1381 թվականի հունիսի 14-ին հանդիպել է թագավոր Ռիչարդ 2-րդը, ով խոստացել էր իրականացնել բոլոր պահանջները։ Հաջորդ օրը (հունիսի 15-ին) տեղի է ունենում նոր հանդիպում թագավորի հետ Սմիթֆիլդ դաշտում՝ Լոնդոնի քաղաքային պատի մոտ, մեծ բազմության հետ։ Հիմա ապստամբները պահանջում էին բոլոր դասերի հավասար իրավունքներ և համայնական հողերի վերադարձ գյուղացիներին։ Սակայն հանդիպման ժամանակ թագավորի մերձավորները սպանում են Ուոտ Թայլերին (Լոնդոնի վարչաետ Ուիլյամ Ուոլվորտը դաշունահարեց նրա վզին, իսկ ասպետներից մեկը գործն ավարտին հասցրեց՝ հետևից մոտենալով Թայլերին խոցեց սրով)։ Դա իրարանցում և խառնաշփոթ առաջացրեց ապստամբների շարքում, ինչից էլ օգտվեց Ռիչարդ 2-դը։ Ապստամբությունն արագ կերպով ճնշվեց ասպետական աշխարհազորի միջոցով։ Չնայած, որ ապստամբությունը ճնշվել էր, բայց նախկին կարգերի լրիվ վերադարձ տեղի չունեցավ։ Ակնհայտ էր, որ ղեկավարող դասերն արդեն չէին կարող գյուղացիների նկատմամբ ցուցաբերել անզսպվածություն։
Կերպարը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]1794 թվականին անգլիացի պոետ Ռոբերտ Սաութին գրել էր դրամա «Ուոտ Թայլեր» անունով։ Իր կարևոր և առավել արժեքավոր աշխատությամբ այդ ապստամբությանն է անդրադարձել ռուս միջնադարյան պատմաբան Դ.Մ. Պետրուշևսկին. նա «Ուոտ Թայլերի ապստամբություն» գրքի հեղինակն է։ 1922 թվականին ռուս խորհրդային գրող Անդրեյ Գլոբան գրել է պոեմ «Ուոտ Թայլեր» անունով։ Անգլիացի երգահան Ալան Բուշը ստեղծել է այդ իրադարձություններին նվիրված «Ուոտ Թայլեր» անունով օպերա, որի առաջնախաղը կայացել է 1953 թվականի սեպտեմբերի 6-ին Լեյպցիգի պետական օպերայի թատրոնում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мортон, А. Л. История Англии. М.: Издательство иностранной литературы, 1950. — 462 с.
- Парнов Е. Под ливнем багряным: Повесть о Уоте Тайлере. М.: Политиздат, 1988. — 447 с. (Серия «Пламенные революционеры»)
- Андрей Глоба. Уот Тайлер. Поэма. Иллюстрации М. Соломонова Петербург Гос. Изд-во Петербург 1922.- 78 с.
- Петрушевский Д. М. «Восстание Уота Тайлера». Ч. 1—2, Спб.; М., 1897—1901; М., 1937.
- Life and adventures of Wat Tyler, the good and the brave. L.: Collins Publishing, 1851.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլտեր Թայլեր» հոդվածին։ |
|