Jump to content

Ուոլթեր Ուինչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Ուինչել
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1897(1897-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 20, 1972(1972-02-20)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանGreenwood/Memory Lawn Mortuary & Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, լրագրող, ռադիոհաղորդավար, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNew York Drama Critics' Circle?
 Walter Winchell Վիքիպահեստում

Ուոլթեր Ուինչել[5] (անգլ.՝ Walter Winchell, ապրիլի 7, 1897(1897-04-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 20, 1972(1972-02-20)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան բամբասանքների մեկնաբան և ռադիոլրագրող: Սկզբում լինելով վոդևիլի արտիստ՝ Ուինչելն իր լրագրողական կարիերան սկսել է որպես բրոդվեյան թղթակից, քննադատ և տեսաբան նյույորքյան թերթերում: Նա համազգային ճանաչում է ձեռք բերել 1930-ական թվականներին՝ Hearst թերթերի ցանցի և հայտնի ռադիոհաղորդման շնորհիվ: Ուինչելը հայտնի է եղել կտրուկ լրատվական ամփոփումների նորարարական ոճով, կատակներով և ջազի դարաշրջանի ժարգոնով: Կենսագիր Նիլ Գաբլերը նրա ժողովրդականությունն ու ազդեցությունը բացատրել է նրանով, որ «նա լրագրությունը վերածել է ժամանցի տեսակի»[6]։

Ուինչելը լուսաբանել է թե՛ լուրջ լուրեր, թե՛ հայտնի մարդկանց մասին սկանդալային պատմություններ՝ օգտագործելով իր լայն կապերը՝ սկզբում չոր օրենքի դարաշրջանի շոու-բիզնեսի ու հանցավոր աշխարհում, իսկ այնուհետև՝ իրավապահ մարմիններում և քաղաքականության մեջ: Նա հայտնի է եղել բամբասանքներով առևտուր անելով, երբեմն՝ դրանք լռեցնելու դիմաց: Նրա անկեղծ ու կտրուկ ոճը ստիպել է մյուսներին և՛ վախենալ, և՛ հիանալ իրենով: Սրամիտ բամբասանքների տեսաբանի նրա կերպարի վրա հիմնված են եղել բազմաթիվ գրքեր ու ֆիլմեր, որոնցից վաղ շրջանի նմանատիպ աշխատանքներից է 1932 թվականի «Օրհնված իրադարձություն» պիեսն ու ֆիլմը: Երկրորդ համաշխարհային պատերազմին ընդառաջ՝ նա խիստ քննադատության է ենթարկել նրանց, ովքեր կոչ էին անում ջերմ հարաբերություններ պահպանել նացիստների հետ: 1950-ականներին նա միացել է Ջոզեֆ Մաքարթիին՝ կոմունիստների դեմ նրա արշավում: Ուինչելը վնասել էր Չարլզ Լինդբերգի, Ժոզեֆին Բեյքերի և այլոց համբավը, որոնց վրա թափվել էր նրա հակակրանքը: Այնուամենայնիվ, Մաքարթիի հետ կապը ժամանակի ընթացքում նրան դուրս է մղել նորաձևությունից, և նրա պատմելու ոճը վատ է հարմարվել հեռուստալուրերին: Հեռուստատեսություն է վերադարձել 1959 թվականին՝ որպես 1920-ականների իրադարձությունները պատկերող «Անձեռնմխելիները» քրեական հեռուստասերիալի պատմող[7]։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինչելը ծնվել է Նյու Յորքում՝ Ջեննիի (Բակստ) և Ջեյկոբ Ուինչելների ընտանիքում, որոնք կանտոր (սինագոգի երգեցողության ղեկավար) և վաճառող էին. նրանք եղել են Ռուսաստանից գաղթած հրեաներ[8]։ Ուինչելը թողել է իր դպրոցը վեցերորդ դասարանում և սկսել հանդես գալ Հաս Էդվարդսի վոդևիլային խմբում, որը հայտնի է եղել որպես «Թերթավաճառների վեցյակ», որի կազմում հանդես են եկել նաև Էդդի Կանտորը և Ջորջ Ջեսելը[8]։ Այդ ժամանակ Ուինչելը հանդես է եկել որպես տափօղակով պարող[9]։ Ուինչելը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային նավատորմում՝ հասնելով լեյտենանտ-կոմանդերի (կապիտան-լեյտենանտ) կոչման[10][11]։

Ուինչելն իր լրագրողական կարիերան սկսել է՝ դերասանական խմբի մասին նշումներ փակցնելով կուլիսային հայտարարությունների տախտակներին: 1920 թվականին նա միացել է «Vaudeville News»-ին, իսկ 1924 թվականին թողել է թերթը «New York Graphic»-ի համար, որտեղ վարել է «Mainly About Mainstreeters» սյունակը։ 1929 թվականի հունիսի 10-ին նա տեղափոխվել է «New York Daily Mirror» թերթ, որտեղ դարձել է բամբասանքների առաջին սինդիկացված սյունակի հեղինակը[12]՝ «Բրոդվեյում» վերնագրով: Սյունակը տարածվել է King Features սինդիկատի միջոցով[13]։ Ուինչելն իր ռադիոդեբյուտը կատարել է Նյու Յորքի WCBS (AM) (CBS-ի մասնաճյուղ) ռադիոկայանում 1930 թվականի մայիսի 12-ին[14]։ «Սաքսը Բրոդվեյում» վերնագրով շոուն եղել է 15-րոպեանոց ծրագիր, որը ներկայացրել է Բրոդվեյի վերաբերյալ գործարար նորություններ: 1932 թվականին նա տեղափոխվել է WJZ (ավելի ուշ անվանափոխվել է WABC) և NBC Blue (ավելի ուշ՝ ABC Radio)՝ վարելով «Jergens Journal» հաղորդումը[14][15]։

Կապերը հանցավոր աշխարհի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1930-ական թվականները Ուինչելը եղել է «չոր օրենքի դարաշրջանում Նյու Յորքի թիվ 1 ավազակախմբի պարագլուխ Օունի Մեդենի մտերիմ ընկերը»[16], սակայն 1932 թվականին հանցագործների հետ մտերմությունն ստիպել է Ուինչելին մտածել, որ իրեն կարող են սպանել։ Նա փախել է Կալիֆոռնիա և «մի քանի շաբաթ անց վերադարձել օրենքների, G-մենների, քեռի Սեմի և Old Glory-ի հանդեպ նոր ոգևորությամբ»[16]։ Նրա լուսաբանումը Լինդբերգի առևանգման և դրան հաջորդած դատավարության վերաբերյալ գրավել է ամբողջ երկրի ուշադրությունը: Երկու տարվա ընթացքում նա մտերմացել է Ջոն Էդգար Հուվերի՝ չոր օրենքի չեղարկման դարաշրջանի թիվ 1 G-մենի հետ: Ուինչելը պատասխանատու է եղել Murder, Inc.-ի անդամ Լուիս «Լեպկե» Բուխալտերին Հուվերին հանձնելու գործում։

Նրա թերթի սյունակը տարածվել է աշխարհի ավելի քան 2000 թերթերում, և 1920-ականներից մինչև 1960-ականների սկիզբն այն օրական կարդացել են 50 միլիոն մարդ։ 1930-ականներից մինչև 1950-ականների վերջը նրա կիրակնօրյա երեկոյան ռադիոհաղորդումը լսել է ևս 20 միլիոն մարդ։ 1948 թվականին Ուինչելն ունեցել է ամենաբարձր վարկանիշն ունեցող ռադիոշոուն, երբ նա գերազանցել է Ֆրեդ Ալենին և Ջեք Բեննիին[17]։ Իր կարիերայի գագաթնակետին՝ նրա համբավի օրինակներից են եղել Ռիչարդ Ռոջերսի և Լորենց Հարթի 1937 թվականի «The Lady Is a Tramp» երգում նրա հիշատակումը. «I follow Winchell and read every line» («Ես հետևում եմ Ուինչելին և կարդում եմ ամեն մի տող»)[18]։

Ուինչելը եղել է հրեա և դարձել է Ամերիկայի առաջին լրագրողներից մեկը, ով հարձակումներ է սկսել Ադոլֆ Հիտլերի և ամերիկյան պրոֆաշիստական ու պրոնացիստական կազմակերպությունների՝ մասնավորապես Գերմանո-ամերիկյան միության և դրա առաջնորդ Ֆրից Յուլիուս Կունի դեմ: Նա Մեծ ճգնաժամի տարիներին եղել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և «Նոր կուրսի» հաստատակամ աջակիցը, և 1930-ականների վերջին եվրոպական ռազմական ճգնաժամի ժամանակ հաճախ ծառայել է որպես Ռուզվելտի վարչակազմի բարձրախոս՝ ի պաշտպանություն ինտերվենցիոնիզմի[6]։ Սկզբում նա դատապարտել է ամերիկյան մեկուսացման կողմնակիցներին (իզոլյացիոնիստներին)՝ որպես Հիտլերի գործողությունների հանդուրժողականությանն աջակցողների, և բացահայտորեն դեմ է արտահայտվել այնպիսի հայտնի իզոլյացիոնիստների, ինչպիսիք են Չարլզ Լինդբերգը, որին նա անվանել է «Միայնակ ջայլամ», և Ջերալդ Լ. Ք. Սմիթը, որին նա տվել է «Ջերալդ Լյուցիֆեր Քքքոդֆիշ Սմիթ» մականունը[19][20]։ 1930-ական և 1940-ական թվականների ընթացքում Ուինչելը եղել է նաև աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների անկեղծ կողմնակիցը և հաճախ հարձակումներ է գործել Կու-կլուքս-կլանի և այլ ռասիստական խմբավորումների վրա՝ որպես հակաամերիկյան և պրոգերմանական նպատակներ հետապնդողների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա նաև հարձակումներ է գործել ԱՄՆ առևտրային նավատորմի քաղաքացիական ծառայողների արհմութենական կազմակերպության՝ Ազգային ծովային միության վրա, որը իբր ղեկավարվել է կոմունիստների կողմից (որպես օրինակ նա բերել է Արևմտյան ափի բանվորական առաջնորդ Հարի Բրիջեսին)[21]։ 1948–1949 թվականներին նա ազդեցիկ մեկնաբան Դրյու Փիրսոնի հետ միասին իրենց սյունակներում և ռադիոհաղորդումներում «անճշգրիտ և չարամտորեն հարձակումներ են գործել պաշտպանության նախարար Ջեյմս Ֆորեսթոլի վրա»[22]։ Հետագայում Ուինչելը սկսել է կոմունիզմն անվանել Ամերիկային սպառնացող գլխավոր վտանգ։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին Ուինչելն աջակցել է սենատոր Ջոզեֆ Մաքարթիի ջանքերին՝ ժամանցային ինդուստրիայում կոմունիստներ հայտնաբերելու գործում, սակայն նրա հայտնիությունն ու ազդեցությունը սկսել են նվազել, քանի որ հանրությունը երես է թեքել Մաքարթիից։ Նրա շաբաթական ռադիոհաղորդումը միաժամանակ հեռարձակվել է ABC հեռուստատեսությամբ, մինչև որ նա խզել է այդ կապը ABC-ի ղեկավարության հետ 1955 թվականին ծագած վեճի պատճառով։

Նա նկարահանվել է «Ուոլթեր Ուինչելի գործը» հեռուստատեսային քրեական սերիալում, որն սկզբում հեռարձակվել է 1957-1958 թվականներին՝ բեմադրելով Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի այն գործերը, որոնք լուսաբանվել էին «New York Daily Mirror»-ում։ 1956 թվականին նա պայմանագիր է ստորագրել NBC-ի հետ՝ վարելու «Ուոլթեր Ուինչելի շոու» վերնագրով ժամանցային ծրագիրը, որը փակվել է ընդամենը 13 շաբաթ անց. սա հատկապես դառը անհաջողություն է եղել՝ հաշվի առնելով նրա վաղեմի մրցակից Էդ Սալիվանի հաջողությունը նմանատիպ ֆորմատով՝ «Էդ Սալիվանի շոու» հաղորդումով[23]։ ABC-ն կրկին վարձել է նրան 1959 թվականին՝ չորս եթերաշրջան «Անձեռնմխելիները» պատմելու համար: 1960 թվականին Ուինչելի ռադիոհաղորդման և հեռուստատեսային հեռարձակման համընկնումը, որը վերսկսվել էր 1955 թվականից հետո, չեղարկվել է վեց շաբաթ անց։

1960-ականների սկզբին Ջեք Պաարի հետ հանրային վեճն իրականում վերջ է դրել Ուինչելի կարիերային, որն արդեն եղել է անկման մեջ՝ իշխանության տպագրությունից դեպի հեռուստատեսություն անցնելու պատճառով: Ուինչելը բարկացրել էր Պաարին մի քանի տարի առաջ, երբ հրաժարվել էր հետ կանչել մի հոդված՝ պնդելով, թե Պաարն ընտանեկան դժվարություններ ունի: Կենսագիր Նիլ Գաբլերը 1961 թվականին այս իրավիճակը «Պաարի շոուում» նկարագրել է հետևյալ կերպ.

Էլզա Մաքսվելը հայտնվել է հաղորդման ժամանակ և սկսել ծաղրել Ուոլթերին՝ մեղադրելով նրան կեղծավորության մեջ այն բանի համար, որ նա թափահարել է դրոշը, բայց երբեք չի քվեարկել (ինչը, ի դեպ, ճիշտ չէր. շոուն ավելի ուշ հերքում է հրապարակել): Զրույցին միացել Պաարը: Նա ասել է, որ Ուոլթերի սյունակը «գրված է ճանճի կողմից» և որ նրա ձայնն այդքան բարձր է, քանի որ նա կրում է «շատ նեղ ներքնազգեստ»… որ Ուոլթերն «անձի մեջ ծակ (հոգում՝ դատարկություն)» ուներ։[24].

Հետագա ծրագրերում Պաարը Ուինչելին անվանել է «հիմար ծերունի» և բերել նրա նենգ մարտավարության այլ օրինակներ[25]։ Ոչ ոք նախկինում չէր համարձակվել հրապարակայնորեն քննադատել Ուինչելին, բայց մինչ այդ նրա ազդեցությունն այնքան էր թուլացել, որ նա չէր կարողացել արդյունավետ պատասխան տալ: «New York Daily Mirror»-ը՝ նրա գլխավոր 34-ամյա թերթը, փակվել է 1963 թվականին. նրա ընթերցողների թիվը անընդհատ նվազել է, և նա անհետացել է հանրության տեսադաշտից[26]։

Էթիկական թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինչելը հայտնի է դարձել իր քաղաքական և անձնական թշնամիների կարիերան կործանելու փորձերով, քանի որ զարգանում էր նրա սեփական կարիերան, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սիրելի մարտավարությունն էին կոմունիստական կազմակերպությունների հետ կապերի և սեռական անպարկեշտության մեջ մեղադրանքները[27]։ Նա չէր ամաչում հայհոյանքներից կամ վիրավորական մականուններից. օրինակ՝ նա Նյու Յորքի ռադիոհաղորդավար Բարի Գրեյին անվանում էր «Բորի Փինկ» և «ձայնասկավառակային հիմար»[28]։ Ուինչելը լսել էր, որ «Editor & Publisher» մասնագիտական ամսագրից Մարլեն Էդվին Պյուն քննադատել է իրեն, և ի պատասխան՝ նա նրան անվանում էր «Մարլեն Պի-յու»[16]։

Իր կարիերայի մեծ մասի ընթացքում թերթերի և ռադիոյի գործատուների հետ նրա պայմանագրերը պահանջել են, որ նրանք ապահովագրեն իրեն զրպարտության վերաբերյալ դատական հայցերի հետևանքով կրած ցանկացած վնասից[29]։ Նա առանց ներողություն խնդրելու հրապարակում էր ընկերների կողմից իրեն գաղտնի պատմված նյութերը. երբ նրան ասում էին նման դավաճանությունների մասին, նա սովորաբար պատասխանում էր. «Ես գիտեմ. ես ուղղակի սրիկա եմ»[16]։ 1950-ականների կեսերին շատերը նրան համարում էին մեծամիտ, դաժան և անհողդողդ[30]։ 1951 թվականի ամերիկյան շրջագայության ժամանակ Ժոզեֆին Բեյքերը, որը երբեք հանդես չի եկել առանձնացված լսարանի առաջ, քննադատել է «Stork Club»-ի չգրված քաղաքականությունը՝ սևամորթ հաճախորդներին մերժելու վերաբերյալ, իսկ այնուհետև խստորեն նախատել է Ուինչելին այն բանի համար, որ նա չի օգնել իր պաշտպանությանը: Ուինչելն արագորեն պատասխանել է կծու հրապարակային հանդիմանությունների շարքով, ներառյալ՝ կոմունիստների հանդեպ համակրանքի մեջ մեղադրանքները[6]։ Նա մերժել է ընկերների ցանկացած փորձ՝ մեղմելու նրա սուր հռետորաբանությունը: Դրան հաջորդած հանրային արձագանքը հանգեցրել է Բեյքերի աշխատանքային վիզայի գործողության դադարեցմանը՝ ստիպելով նրան հրաժարվել բոլոր պարտավորություններից և վերադառնալ Ֆրանսիա: Գրեթե տասը տարի է պահանջվել, նախքան ԱՄՆ պաշտոնյաները թույլ են տվել նրան վերադառնալ երկիր: Այս և նմանատիպ միջադեպերի շուրջ առաջացած անբարենպաստ հասարակական արձագանքը խաթարել է նրա հեղինակությունն ու ազդեցությունը[31]։

Շատ այլ տեսաբաններ սկսել են բամբասանքներ գրել Ուինչելի առաջին հաջողությունից հետո, օրինակ՝ Էդ Սալիվանը, որը փոխարինել է նրան «New York Evening Graphic»-ում, և Լուելլա Պարսոնսը Լոս Անջելեսում։ Նա գրում էր ժարգոնով և ոչ լրիվ նախադասությունների ոճով: Հայտնի է, որ Ուինչելի առօրյա գրելաոճը հարուցել էր գանգստեր Հոլանդացի Շուլցի զայրույթը, ով Նյու Յորքի «Cotton Club»-ում դեմ է դուրս եկել նրան և հրապարակայնորեն քննադատել՝ շիկահերների հանդեպ Շուլցի հակումը նկարագրելու համար «մանրուք» արտահայտությունն օգտագործելու համար[32]։ Ուինչելի առավել հայտնի աֆորիզմներից են եղել. «Ոչինչ այնպես հետ չի նահանջում, ինչպես հաջողությունը» և «Ես սովորաբար ստանում եմ իմ նյութերն այն մարդկանցից, ովքեր խոստացել էին մեկ ուրիշին, որ գաղտնի կպահեն դա»։

Հերման Կլուրֆելդը, որը գրեթե երեք տասնամյակ Ուինչելի գրպանային գրողն էր, սկսել է շաբաթական չորս թերթային սյունակ գրել Ուինչելի համար 1936 թվականին և աշխատել նրա մոտ 29 տարի։ Նա նաև գրել է շատ ֆիրմային կարճ սրտաբաց կամ սրամիտ արտահայտություններ, որոնք կոչվում էին «lasties» («վերջիններ»), որոնք Ուինչելն օգտագործում էր իր կիրակնօրյա երեկոյան ռադիոհաղորդումների ավարտին։ Նման դիտարկումներից մեկը, որը գրել էր Կլուրֆելդը, եղել է հետևյալ արտահայտությունը. «Նա ավելի հաճախ էր հայտնվում ինչ-որ մեկի ծնկներին, քան ճաշարանային անձեռոցիկը»: 1952 թվականին «New York Post» թերթը բացահայտել է Կլուրֆելդին որպես Ուինչելի գրական ստրուկ[33]։ Կլուրֆելդն ավելի ուշ գրել է Ուինչելի կենսագրությունը՝ «Ուոլթեր Ուինչել. նրա կյանքն ու ժամանակները» վերնագրով, որը հիմք է հանդիսացել «Ուինչել» (1998) ֆիլմի համար։

Ուինչելն իր ռադիոհաղորդումները սկսում էր տելեգրաֆի կոճակը սեղմելով։ Այդ ձայնը շտապողականության և կարևորության զգացողություն էր ստեղծում։ Ուինչելն օգտագործում էր «Բարի երեկո, միջին և միջին Ամերիկայի պարոն և տիկին՝ սահմանից սահման, մեկ ափից մյուսը և բոլոր նավերը ծովում։ Գնանք տպագրության» թևավոր արտահայտությունը։ Այնուհետև նա կարդում էր իր յուրաքանչյուր պատմվածքը ստակկատոյով (մինչև 197 բառ րոպեում արագությամբ, թեև 1967 թվականի հարցազրույցում նա հայտարարել էր, որ արագությունը զգալիորեն գերազանցում է 200 բառը րոպեում)[34], ինչը նկատելիորեն ավելի արագ է, քան ամերիկյան խոսքի տիպար տեմպը: Նրա առոգանությունը կարելի է լսել նաև «Անձեռնմխելիները» հեռուստասերիալի նրա շնչասպառ պատմողականում, ինչպես նաև Հոլիվուդյան մի քանի ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի օգոստոսի 11-ին Ուինչելն ամուսնացել է Ռիտա Գրինի՝ իր բեմական գործընկերներից մեկի հետ: Զույգը մի քանի տարի անց բաժանվել է, և նա տեղափոխվել է Էլիզաբեթ Ջուն Մագիի մոտ, ով արդեն որդեգրել էր դստերը՝ Գլորիային, և 1927 թվականին Ուինչելից ծնել է իրենց առաջնեկին՝ Ուոլդային[35]։ Ի վերջո, Ուինչելը բաժանվել է Գրինից 1928 թվականին, բայց նա երբեք չի ամուսնացել Մագիի հետ, թեև նրանք միասին ապրել են մինչև կյանքի վերջ:

Ուինչելն ու Մագին ունեին երեք երեխա՝ երկու դուստր՝ Գլորիան (որին զույգը որդեգրել էր), Ուոլդան, և որդին՝ Ուոլթեր կրտսերը: Գլորիան մահացել է թոքաբորբից ինը տարեկան հասակում, իսկ Ուոլդան ապրում էր հոգեբուժական հիվանդանոցում[36]։ Ուոլթեր կրտսերը ինքնասպանություն է գործել ընտանեկան ավտոտնակում 1968 թվականի Սուրբ ծննդյան գիշերը[37]։ Նախորդ երկու տարիներն անցկացնելով սոցիալական ապահովության համակարգում՝ Ուոլթեր կրտսերը վերջին անգամ աշխատել է որպես աման լվացող Սանտա Անայում, բայց իրեն անվանել է ֆրիլանսեր, ով որոշ ժամանակ վարել է սյունակ «Los Angeles Free Press»-ում, որը լույս է տեսել 1964-ից 1978 թվականներին[38]։

1960-ականներին Ուինչելը մի քանի սյունակ է գրել «Photoplay» կինոամսագրի համար[39]։ Ուինչելը հայտարարել է իր թոշակի անցնելու մասին 1969 թվականի փետրվարի 5-ին՝ որպես հիմնական պատճառ նշելով որդու ինքնասպանությունը, ինչպես նաև իր ուղեկցորդուհի Ջուն Մագիի խարխուլ առողջությունը: Թոշակի անցնելուց ուղիղ մեկ տարի անց Մագին մահացել է Ֆինիքսի հիվանդանոցում՝ սրտամկանի ինֆարկտի բուժում անցնելիս[40]։

Ուինչելն իր վերջին երկու տարիներն անցկացրել է մեկուսացման մեջ Լոս Անջելեսի «Ամբասադոր» հյուրանոցում[41]։ Լարի Քինգը, ով փոխարինել է Ուինչելին «Miami Herald»-ում, հիշում էր.

Նա այնքան տխուր էր։ Գիտե՞ք, թե ինչ էր անում Ուինչելը վերջում։ Տպում էր իր սյունակի թերթիկները և բաժանում փողոցի անկյունում։ Ահա թե որքան էր նա տխրել։ Երբ նա մահացավ, նրա հուղարկավորությանը միայն մեկ մարդ եկավ՝ նրա դուստրը[42]։

Ուինչելի նախկին գործընկերներից ոմանք ցանկություն էին հայտնել մեկնելու, սակայն նրա դուստրը՝ Ուոլդան, մերժել էր նրանց[43]։

Ուինչելը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից 74 տարեկանում՝ 1972 թվականի փետրվարի 20-ին, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նա թաղված է Ֆինիքսի «Գրինվուդ» գերեզմանատանը[44]։

Ուինչելիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինչելի գունեղ և լայնորեն ընդօրինակվող լեզուն ոգեշնչել է «ուինչելիզմ» տերմինը, որը նշանակում է «ցանկացած բառ կամ արտահայտություն, որն առաջ է քաշվել տեսաբան Ուոլթեր Ուինչելի կողմից»[45] կամ նրա հետնորդների կողմից։ Այդ ժամանակների ստուգաբաններից մեկն ասել է. «Կան բազմաթիվ... արտահայտություններ, որոնք նա է ծնել և որոնք այժմ հայտնի են նրա ընթերցողների ու հետնորդների շրջանում և կազմում են «ուինչելյան բարբառ» կոչվող ժարգոնային լեզուն։ Համազգային տպաքանակ ունեցող թերթի սյունակում Ուինչելը հասել է ժամանակակից սլենգի թելադրողի (դիկտատորի) դիրքի»[46]։ Սլենգի, ակնարկների և հնարովի հոմանիշների (էվֆեմիզմների) օգտագործումը նաև պաշտպանել է նրան զրպարտության մեղադրանքներից[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  4. ↑ Find A Grave — 1996.
  5. ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 307
  6. 1 2 3 4 Robinson, Jennifer (2020-10-19). «American Masters: Walter Winchell: The Power Of Gossip». PBS. Արխիվացված է օրիգինալից 2020-12-01-ին. Վերցված է 2020-10-21-ին.
  7. ↑ «Walter Winchell, American journalist». Encyclopædia Britannica. 2018-02-14. Արխիվացված է օրիգինալից 2018-03-10-ին. Վերցված է 2018-03-11-ին.
  8. 1 2 Leonard, Thomas C. (January 1999). Winchell, Walter. doi:10.1093/anb/9780198606697.article.1602802. ISBN 9780198606697. Արխիվացված է օրիգինալից 2018-12-11-ին. Վերցված է 2018-03-11-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  9. ↑ Gottfried, Gilbert, host. “Howard Storm and Steve Soltair” Gilbert Gottfried’s Amazing Colossal Podcast, Starburn, 3 Feb. 2020, http://traffic.megaphone.fm/STA9864432424.mp3
  10. ↑ 70 years ago: Orson Welles’ patriotism, military service made headlines. Արխիվացված 2020-12-05 Wayback Machine wellesnet.com. Retrieved May 17, 2020.
  11. ↑ Walter Winchell at Արխիվացված 2020-11-16 Wayback Machine Encyclopædia Britannica. Retrieved May 17, 2020.
  12. ↑ «The Age of Winchell». Արխիվացված օրիգինալից 2019-10-25-ին. Վերցված է 2015-02-19-ին.
  13. ↑ «Walter Winchell papers, 1920–1967: Biographical / historical information» (անգլերեն). New York Public Library for the Performing Arts. Արխիվացված օրիգինալից 2014-02-03-ին. Վերցված է 2021-04-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 48 (օգնություն)
  14. 1 2 Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջեր 708–710. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019-09-09-ին. «Walter Winchell's Jergens Journal, news and gossip.»
  15. ↑ Obituary Variety Obituaries, February 23, 1972, page 71.
  16. 1 2 3 4 «Columny». TIME. 1940-09-23. Արխիվացված է օրիգինալից 2013-07-21-ին. Վերցված է 2011-10-17-ին.
  17. ↑ Thomas, Bob (1971). Winchell. Doubleday. «His ranking among the most listened-to radio programs climbed higher and higher until in 1948 his audience was the biggest in radio.»
  18. ↑ Mary Martin - Topic (2014-11-07). «The Lady Is a Tramp». Արխիվացված օրիգինալից 2021-03-12-ին. Վերցված է 2020-12-07-ին.
  19. ↑ Cp. с прозвищем «Кингфиш», под которым был известен политик Хьюи Лонг, чьи посты «наследовал» Джеральд Л. К. Смит в 1930-е гг.
  20. ↑ Вырезка с колонкой «Уолтер Уинчелл говорит» Արխիվացված 2021-05-02 Wayback Machine из газеты The Clarion-Ledger[en] (1945) на сайте Newspapers.com.
  21. ↑ Документальный фильм «Liberty Ships», 1995, Public Broadcasting Service (PBS)
  22. ↑ CBS’s Don Hollenbeck: An Honest Reporter in the Age of McCarthyism Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Loren Ghiglione, 2008, Chapter 16
  23. ↑ Gabler, N. Winchell: Gossip, Power and the Culture of Celebrity. Knopf (1994), pp. 434-5.0679417516
  24. ↑ Gabler (1994), pp. 362-3.
  25. ↑ Gabler (1994), p. 364.
  26. ↑ Gabler (1994), pp. 420-35.
  27. ↑ Winchell: Gossip, Power and the Culture of Celebrity, Neal Gabler, 1994, chap 8–9.
  28. ↑ «The Press: Feud Days». Time. 1952-12-08. Արխիվացված է օրիգինալից 2006-03-01-ին. Վերցված է 2010-05-27-ին.
  29. ↑ Winchell: Gossip, Power and the Culture of Celebrity, Neal Gabler, 1994, noted in several places in the book.
  30. ↑ Winchell: Gossip, Power and the Culture of Celebrity, Neal Gabler, 1994, chap 8–10.
  31. ↑ Hinckley, David (9 November 2004). "Firestorm Incident at The Stork Club, 1951" Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. New York Daily News. Retrieved 29 February 2016.
  32. ↑ Sann, Paul. "Kill the Dutchman!"
  33. ↑ «Herman Klurfeld, 90, Dies; Wrote Winchell Columns and Quips». The New York Times. 2006-12-25. Արխիվացված է օրիգինալից 2021-03-08-ին. Վերցված է 2017-10-29-ին.
  34. ↑ Wallace, David (2011). Capital Of The World. Guildford, CN: Lyons Press. էջ 79. ISBN 978-0-7627-7010-6.
  35. ↑ Gabler, Neal (1994). Walter Winchell: Gossip, Power and the Culture of Celebrity. New York: Knopf. էջեր 98–99. Արխիվացված է օրիգինալից 2021-03-09-ին. Վերցված է 2017-07-05-ին.
  36. ↑ Weinraub, Bernard (1998-11-18). «He Turned Gossip Into Tawdry Power; Walter Winchell, Who Climbed High and Fell Far, Still Scintillates». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021-03-09-ին. Վերցված է 2015-02-05-ին.
  37. ↑ «Winchell's son suicide victim». Terre Haute Tribune. 1968-12-26. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2020-12-07-ին.
  38. ↑ «Milestones». Time Magazine. 1969-01-03. Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին. Վերցված է 2011-10-17-ին.
  39. ↑ «Photoplay». 1963-06.
  40. ↑ «Mrs. Winchell dies; services set Monday». The Arizona Republic. 1970-02-07. էջ 85. Արխիվացված է օրիգինալից 2019-02-24-ին. Վերցված է 2015-02-05-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  41. ↑ Wallace, David (2012). Capital of the World: A Portrait of New York City in the Roaring Twenties. Rowman & Littlefield. էջ 88. ISBN 978-0-762-76819-6.
  42. ↑ Garvin, Glenn (2007-01-25). «King reflects on his 50 years in broadcasting». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին. Վերցված է 2020-10-18-ին.
  43. ↑ Neal Gabler, Winchell: Gossip, Power, and the Culture of Celebrity (Vintage, 1995), p. 3.
  44. ↑ «Mrs. Winchell's Little Boy». Time Magazine. 1972-03-26. Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին. Վերցված է 2011-10-17-ին.
  45. ↑ Kuethe, J. Louis (1932-06). «John Hopkins Jargon». American Speech. 7 (5): 327–338. doi:10.2307/452954. JSTOR 452954.
  46. ↑ Beath, Paul Robert (1931-10). «Winchellese». American Speech. 7 (1): 44–46. doi:10.2307/451313. JSTOR 451313.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Ուինչել» հոդվածին։