Jump to content

Ուշ միջնադարի հայկական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշ միջնադարի հայկական երաժշտություն, հայ ժողովրդի պատմության ուշմիջնադարյան փուլում՝ 15-17-րդ դարերում ձևավորված մշակույթի բաղկացուցիչ մաս, որն արտահայտում է միջնադարյան հայկական երաժշտության վերջին շրջափուլը։ Այն զարգացել է Կիլիկիայի հայկական թագավորության և Զաքարյան իշխանապետության անկախության կորստի պայմաններում։ Այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհում հաստատվել էին կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերը, ապա Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, իսկ Արևելյան Հայաստանը՝ Սեֆյան Պարսկաստանի։ Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում ձևավորվել էին հայկական գաղութներ, որտեղ ևս զարգանում էր հայկական մշակույթը։

Զարգացած միջնադարում հայ երաժշտությունն ունեցել է բարգավաճման 3 փուլ՝ 10-11-րդ, 12-13-րդ և 14-15-րդ դարեր։

Առաջինը տաղային արվեստի և, միաժամանակ, մոնումենտալ-դեկորատիվ ոճի ծաղկման շրջանն է, որի լավագույն օրինակներից են Գրիգոր Նարեկացու տաղերը, ավելի ուշ՝ Հովհաննես Սարկավագ վարդապետի երկերը։ Երկրորդ փուլը շարունակվում է Ներսես Շնորհալու ստեղծագործությամբ՝ տաղերով, ծանր ու ստեղի շարականներով և պատարագի երգերով։ Ընդհանրապես, Շնորհալու ժառանգության մեջ գրեթե ավարտուն տեսք են ստացել պատարագը (թվերգերի, մեներգերի և խմբերգերի հիմնական մասերով, ինչպես և տաղերի, մեղեդիների, սրբասացությունների տոնական հատվածներով), Շարակնոցը, Ժամագիրքը, Մաշտոցը և այլ մատյաններ, երևան են եկել նոր տիպի ժողովածուներ՝ Գանձարանը, Մանրուսումը և Տաղարանը։ Երրորդ փուլը նշանավորել են երաժիշտ-բանաստեղծներ Ներսես Լամբրոնացին, Խաչատուր Տարոնացին, Կոստանդին Սսեցին, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Մխիթար Այրիվանեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին և ուրիշներ, որոնց շնորհիվ այս շրջանում զարգացման որոշակի աստիճանի են հասել նաև խազագրության արվեստը (գործնականում) և խազագիտությունը։

Գուսանական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահապետ Քուչակ

12-13-րդ դարերում հին հայոց գուսանական արվեստը Հայաստանում շարունակել է ապրել մասամբ գուսանների շնորհիվ, մասամբ էլ ուսյալ մարդկանց ջանքերով, որոնք միջնադարյան տաղարաններում գրի են առել գուսանական հայրենների շարքեր։ 15-րդ դարում տակավին հիշատակվել են «գուսանները», և գրչագրերում եկեղեցականներին հորդորել են սովորել նրանցից։

16-17-րդ դարերում Պարսկաստանի հյուսիսում, Արևմտյան Հայաստանում, Անդրկովկասի հայ-թաթարական խառնաբնակ միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շրջանում երևան են եկել առաջին աշուղները (Նահապետ Քուչակն «աշըղ» է համարվում արդեն 16-րդ դարում), իսկ հայ գաղթավայրերում և բազմալեզու քաղաքներում (Նոր Ջուղա, Կոստանդնուպոլիս, Թիֆլիս) ձևավորվել են հայ աշուղի և նոր տիպի քաղաքային երգիչ-նվագածուի՝ սազանդարի կերպարները։ Այդ երաժիշտներն իրենց արվեստով ծառայել են հայ տարագիր քաղաքացուն, արտահայտել նրա խոհերը, վշտերն ու ուրախությունները։ Հիշատակելի են նաև հայ անանուն երգիչները՝ ժողովրդական ստեղծագործությունների (մասնավորապես պանդուխտի երգերի) մշակողները։ Հայ պանդուխտի երգն ինքնատիպ ձևով է դրսևորվել Մկրտիչ Նաղաշի ստեղծագործության մեջ։ Շնորհիվ անանուն մշակների հավաքական ջանքերի՝ նոր իմաստ է ձեռք բերել «Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ» ժողովորդական երգը։

Տաղերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ տաղերգությունը զարգացման նոր աստիճանի է հասել 17-րդ դարում։ Այս շրջանի հեղինակներից հիշատակելի է Նաղաշ Հովնաթանը, իր սիրո և խնջույքի երգերով զարգացնելով նախորդ շրջանի՝ 16-17-րդ դարերի քնարերգության ավանդույթները, միաժամանակ կրել է աշուղական ստեղծագործությունից եկող որոշակի հովեր։ Արևելյան ձայնեղանակների ու աշուղական արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքով Նաղաշ Հովնաթանին մոտենում է նոր շրջանի երաժշտության ներկայացուցիչներից Պաղտասար Դպիրը, որը հաղորդակից է թուրքահայ աշուղական արվեստին, ինչպես նաև Պետրոս Ղափանցին, ում շնորհիվ հայ տաղերգության մեջ զարգացել է հայկական ոճը։ Նրա «Գրքոյկ կոչեցեալ երգարան»-ում չի հիշատակվում թուրքական կամ առհասարակ արևելյան երգերի եղանակներ։ Այդ շրջանում աշխարհիկ տաղերի երգիչ-երաժիշտների թիվն ավելացել է, սակայն ոչ մեկի անունը հայտնի չէ։

Երաժշտագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համբարձում Լիմոնջյան

Ուշ միջնադարում հայ գիտնականները միջնադարյան ինքնուրույն ու թարգմանական մատենագրությունից բանաքաղելու միջոցով ստեղծել են ամբողջական երաժշտատեսական հոդվածներ։ Նրանք իրենց գիտելիքները նորովի համալրելու նպատակով դիմել են և՛ արևելյան երաժշտագիտական աղբյուրներին, և՛ բյուզանդական ձայնագրագիտությանը, և՛ արևմտաեվրոպական երաժշտության տեսությանը, որն արտացոլված է Ավետիք Պաղտասարյանի, Զեննե Պողոսի, Խաչատուր Էրզրումցու և Մխիթար Սեբաստացու աշխատություններում։ Գրիգոր դպիր Գապասաքալյանը, միջնադարին հատուկ երաժշտատեսական ու գեղագիտական դրույթները ձևակերպելուն և դասակարգելուն զուգընթաց, փորձել է ստեղծել նոր ձայնագրության համակարգ՝ ճգնաժամ ապրող հայկական խազագրության համակարգը համալրելով արևելյան ու բյուզանդական տարրերով։ Չնայած Գապասաքալյանի փորձը չի հաջողվել, սակայն սկզբնավորել է հայ արդի խազաբանության գիտությունը՝ խթանելով հայկական նոր ձայնագրության ստեղծումը, որի հեղինակն է Համբարձում Լիմոնճյանը։

Նորոգության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում հայ երաժշտության մեջ դրական տեղաշարժերը պայմանավորվել են ազգային ինքնագիտակցության վերելքով և տպագրության գարգացմամբ։ 1664-1665 թվականներին Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է առաջին տպագիր Շարակնոցը, որտեղ ձեռագիր վստահելի աղբյուրներից ընդօրինակվել են ձայնեղանակային նշումներն ու հոգևորականների մեծամասնության համար արդեն զուտ խորհրդանշական իմաստ ունեցող խազային նշանները։ Առայժմ մեզ հայտնի հայկական հնագույն տաղարանը Հակոբ Մեղապարտի հրատարակածն է, որից հետո գրչագիր տաղարանների (երգարանների) զարգացմանը լուրջ մասնակցություն են բերում եվդոկիացի երգիչներ Վրթանես Սռնկեցին, Մինաս դպիր Թոխաթեցին և ուրիշներ։ Տաղարաններում հանդիպում են երգիչ–բանաստեղծներ Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ու Գրիգորիս Աղթամարցու երգերից նաև խավավորված նմուշներ։

Քաղաքային կենցաղում կարևորվել է աշուղական արվեստը, որտեղ առաջնային էին խրատները, սիրո, սոցիալական և հայրենասիրական թեմաները։ Ժողովրդի գրեթե բոլոր խավերում տարածված էր ազգային-հայրենասիրական նոր տիպի քաղաքային երգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։