Ուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուշի (գյուղ)ից)
Գյուղ
Ուշի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՀուշի
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1617[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378425
Փոստային դասիչ02108025
Ուշի (Հայաստան)##
Ուշի (Հայաստան)
Ուշի (Արագածոտնի մարզ)##
Ուշի (Արագածոտնի մարզ)

Ուշի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1400 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշի գյուղը նաև ճանաչված է եղել որպես Հուշի[3]։ Գյուղը տեղակայված է Արագած լեռան հարավարևելյան փեշերին։

Ըստ ավանդության` Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի։

Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ։ Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած։ Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. «Ուշի, ուշի»։ Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Բիթլիսից, Կարսից, Խութից, Մուշից, Խլաթից և Ռշտունիքից։ Ուշիի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 167 909[5] 1249 624 959 780 1003 1004 1246 1328 1617[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիր Սբ. Սարգիս

Գյուղը մինչ 1828 թվականի ռուսների կողմից գրավումը Սայյիդլի Աքսախի Մահալի վարչական կենտրոնն էր, որը բնակեցված էր նույն անվամբ թուրքական ցեղերով։ Ուշիում է գտնվում 10-րդ դարի մի փոքր եկեղեցի և ավերված վիճակում գտնվող Սուրբ Սարգիս վանքը[6]։

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է։

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

Կրթություն և Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի երկհարկանի տուն, գրադարան և բուժարան։

Գյուղի կենտրոնում է գտնվում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողը, որը կառուցվել է 1995 թվականին ճարտարապետ Վոլոդյա Բաբայանի կողմից։ Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել են ընդամենը 100 հոգի, որոնցից միայն 41-ն են վերադարձել։

2015 թվականին վերոնշյալ հուշակոթողի կողքին ավելացվեց ևս մեկ հուշարձան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-ամյակին։

Գյուղի Մշակույթի տունը երկար ժամանակ կիսավեր վիճակում էր գտնվում, սակայն 2014 թվականին վերակառուցվեց մի շարք բարերարների (նրանց մեջ հատկապես իր մեծ դերն ունի գյուղի կանադահայ բնակիչ Մ. Շարապխանյանը) և գյուղի բնակիչների ջանքերով։ Ներկայումս Մշակույթի տանը գործում է պարի, ասեղնագործության և հելունագործության խմբակներ։

Այս մարդիկ ապրել են Ուշիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 51. ISBN 9994101218.