Ուղղիչ աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողղիչ Աշխատանքներ, առանց ազատազրկման, ըստ խորհրդային քրեական իրավունքի պատժատեսակ, որը նշանակում է դատարանը երկու ամսից երկու տարի ժամկետով, և որի ընթացքում դատապարտյալի աշխատավարձի 5–20% գանձվում է հօգուտ պետության։ Դատապարտյալը պատիժը կրում է իր աշխատանքի վայրում կամ պատիժը տնօրինող մարմինների որոշմամբ՝ նույն բնակավայրի այլ մասում։ Ուղղիչ աշխատանքներ նշանակում են այն դեպքում, երբ օրենքի սանկցիայում նախատեսված է միայն այդ պատժատեսակը, կամ երբ սանկցիան երկնտրելի է, սակայն, հաշվի առնելով հանցագործության բնույթն ու ամբաստանյալի անձը, դատարանը նպատակահարմար է գտնում դատապարտյալի նկատմամբ կիրառել հասարակությունից մեկուսացում չպահանջող պատժատեսակ։ Ուղղիչ աշխատանքներով դատապարտվածների իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են․ նրանք չեն կարող ազատվել աշխատանքից սեփական նախաձեռնությամբ, չեն օգտվում հերթական արձակուրդի, հավելյալ աշխատավարձի իրավունքից ու այլ արտոնություններից, ուղղիչ աշխատանքների ժամանակահատվածը չի մտնում ընդհանուր և անընդհատ ստաժի մեջ։ Եթե դատապարտյալը ուղղիչ աշխատանքներ կատարել է բարեխղճորեն, դատարանն իրավասում է հասարակական կազմակերպությունների կամ աշխատանքային կոլեկտիվի միջնորդությամբ ուղղիչ աշխատանքների ժամանակը մտցնել դատապարտյալի ընդհանուր ստաժի մեջ։ Եթե դատապարտյալը խուսափում է ուղղիչ աշխատանքներից, դրանք տնօրինող մարմինների միջնորդությամբ դատարանն իրավունք ունի փոխել նրա աշխատանքի տեղը։ Նոր վայրում ուղղիչ աշխատանքներից չարամտորեն խուսափող անձի նկատմամբ նշանակված ուղղիչ աշխատանքները դատարանը կարող է փոխարինել ազատազրկմամբ նույն ժամկետով։ Քրեական իրավունքում կիրառվող ուղղիչ աշխատանքներ պետք է տարբերել վարչական իրավախախտման համար նախատեսված ուղղիչ աշխատանքներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։