Ուղղագրության մասնակի բարեփոխություն (1940)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղագրության մասնակի բարեփոխություն, հայերենի ուղղագրության մասնակի փոփոխություններ։

1940 թվականի օգոստոսի 15-ին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը հաստատում է Տերմինաբանական կոմիտեի նախագիծը 1922 թ. նոր ուղղագրությունը մասնակիորեն բարեփոխելու վերաբերյալ։ Այդ որոշմամբ հայերենի ուղղագրության մեջ կատարվում են հետևյալ փոփոխությունները՝

  • Վերականգնվում են հայոց այբուբենի Է և Օ տառերը, որոնք այբուբենից դուրս էին մնացել 1922 թվականին կատարված ուղղագրական բարեփոխության հետևանքով։ Այդ տառերը գրության մեջ գործածվում են բառասկզբում՝ իբրև Է և Օ, օրինակ՝ էակ, էություն, էջ, օր, օթևան, օղակ, օրրան և այլն։
  • Բառամիջի և բառավերջի դիրքերում գործածվում են միայն Ե և Ո տառերը, օրինակ՝ տեսնել, րեպո, խելոք, կորով, հեգնել և այլն։
  • Ե և Ո տառերը բառասկզբում գործածվում են միայն իբրև յե և վո, օրինակ՝ ես, երազ, երեկո, ողջունել, ոսկի, որակ և այլն։
Բացառություն են կազմում ով, ովքեր դերանունները։
  • Բարդ և ածանցավոր բառերում պահպանվում է ստուգաբանական գրությունը, օրինակ՝ բնօրինակ, առօրյա, կեսօր, անօթևան, ամենաէական, առէջ, անէանալ, չէր և այլն։
  • Յ-ն՝ իբրև ձայնակապ, գործածվում է ա-ից և ո-ից հետո, օրինակ՝ նայել, խնայել, գոյանալ, հաճոյախոսել և այլն։
  • Ե և ու ձայնավորներից հետո Յ ձայնակապը չի գրվում, օրինակ՝ մարգարեի, թեկնածուի։
  • Սահմանվում է եմ օժանդակ բայի խոնարհման տարբեր ձևերի հետևյալ ուղղագրությունը՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին, չեմ, չես, չէի, չէ և այլն։

Այսպիսով՝ 1940 թվականին կատարված ուղղագրական մասնակի բարեփոխումը թեև չի լուծում գրաբարյան ու նոր ուղղագրության միջև առաջացած սկզբունքային, էական տարբերությունները, բայց, վերացնում է նոր ուղղագրության որոշ թերություններ, վերականգնում է 1922 թվականի ուղղագրական բարեփոխության հետևանքով հայերենի այբուբենից դուրս մնացած տառերը, որոշ հարցերում մոտենում է ավանդական (գրաբարյան) ուղղագրությանը, արտահայտում է արևելահայ գրական լեզվի հնչույթային կազմի արդի վիճակը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 89։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]