Ուկրաինայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախապատմական Ուկրաինան Պոնտական տափաստանի մի մասն էր և խաղում էր կարևոր դեր Եվրոպայի մշակութային փոխհարաբերություններում, ներառյալ էնեոլիթի (պղնձի դար), բրոնզի դարի, հնդեվրոպական ընդլայնման և ձիու ընտելացման տարածման մեջ։ Հին ժամանակներում այստեղ ապրել են գեթեր (թրակիական ցեղ)։ Ուկրաինան նաև եղել է նախասլավոնական ընդլայնման վայրը և պատմության մեջ մտավ միջնադարյան Կիևյան Ռուսիայի հիմնադրմամբ, որը հզոր պետություն էր միջնադարում, սակայն կործանվեց 12-րդ դարում։ 14-րդ դարի կեսերից հետո Ուկրաինայի ներկայիս տարածքը հայտնվել 3 արտաքին ուժերի ազդեցության տակ`

  1. Ոսկե հորդա
  2. Լիտվական մեծ իշխանություն և Լեհական թագավորություն։ 1569 թվականից այս տարածքը անցել է Ռեչ Պոսպոլիտայի իշխանության տակ։
  3. Ղրիմի խանություն (15-րդ դարից սկսած)

1648 թվականի Լեհական կաթոլիկ իշխանության դեմ ապստամբությունից հետո Ժողովրդի խորհուրդը (ռադա) 1654 թվականի հունվարին համաձայնվում է Պերեյասլավի պայմանագրի հետ։ Ըստ պայմանագրի` Ռեչ Պոսպոլիտայի հարավ-արևելյան մասը (Դնեպր գետի արևելքը) հաջորդ դարերի ընթացքում պետք է անցներ ռուսական իշխանության տակ։ Լեհաստանի բաժանումների (1772-1795) և Ռուսաստանի կողմից Ղրիմի խանության գրավումից հետո` Ուկրաինան բաժանվել էր Ռուսական կայսրության և Ավստրիական կայսրության միջև։ Ռուսական հեղափոխությունից (1917) հետո երկիրը հայտնվեց պատերազմային քաոսային իրավիճակում։ Միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը 1917-1921 թվականներին հայտնվեց քաղաքացիական պատերազմի մեջ։ Սրան հաջորդեց Խորհրդա-ուկրաինական պատերազմը (1917-1921), որում բոլշևիկյան Կարմիր բանակը 1919 թվականի վերջին հաստատեց վերահսկողություն։ Ուկրաինայի բոլշևիկները տապալեցին ազգային կառավարությունը Կիևում և հիմնեցին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՈւԽՍՀ), որը 1922 թվականի դեկտեմբերի 30-ին դարձավ ԽՍՀՄ-ի հիմնադիր երկրներից մեկը։ ԽՍՀՄ-ի սկզբնական քաղաքականությունը ուկրաիներենի և ուկրաինական մշակույթի հանդեպ թույլ տվեց ուկրաիներենի դառնա դպրոցների և կառավարության պաշտոնական լեզուն։ Քաղաքականությունը 1930-ականներին փոխվեց ռուսականացման։ 1932 և 1933 թվականներին միլիոնավոր մարդիկ` հատկապես գյուղացիներ Ուկրաինայում սովամահ եղան արհեստական սովի հետևանքով, որը հայտնի է Հոլոդոմոր անունով։ Encyclopædia Britannica-ի գնահատմամբ 6-ից 8 միլիոն մարդ ԽՍՀՄ-ում մահացել է քաղց այս ժամանակաշրջանում, որոնցից 4-5 միլիոնը ուկրաինացիներ էին։ Նիկիտա Խրուշչովը 1938-ին նշանակվեց Ուկրաինայի կոմունիստական կուսակցության նախագահ։ Երբ 1939 թվականի սեպտեմբերին Նացիստական Գերմանիայի և Սովետական Միության զորքերը ներխուժեցին Լեհաստան, Ուկրաինայի տարածքը ընդարձակվեց արևմուտքում։ 1941-1945 թվականներին Առանցքի ուժերը օկուպացրին Ուկրաինան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ուկրաինայի ապստամբական բանակը կռվում էր Ուկրաինայի անկախության համար և՛ Գերմանիայի, և՛ Սովետական Միության դեմ։ 1945 թվականին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի հիմնադիր երկրներից մեկը։ Իոսիֆ Ստալինի մահից (1953) հետո Խրուշչովը` որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության նախագահ, թույլ տվեց Ուկրաինային որոշ արտոնություններ։ Այնուամենայնիվ, քաղաքական հալածանքները գրողների, պատմաբանների և այլ մտավորականների հանդեպ շարունակվում էին ԽՍՀՄ-ի բոլոր մասերում։ 1954-ին հանրապետության տարածքը ընդլայնվեց հարավում` ընդգրկելով Ղրիմը։ 1991-ին Ուկրաինան դարձավ անկախ։ Սրանով սկսվեց շուկայական տնտեսության մեջ անցումային շրջանը, որի ընթացքում Ուկրաինան կրեց ութամյա անկում։ Հետագայում, տնտեսությունը ունեցավ ՀՆԱ-ի բարձր աճ։ Ուկրաինան 2008-ին ընկավ համաշխարհային ճգնաժամի մեջ և տնտեսությունը անկում ապրեց։ 2008 թվականի գարնանից մինչև 2009-ի գարուն ՀՆԱ-ն ընկել է 20%-ով։ Ուկրաինական երկարատև ճգնաժամը սկսվեց 2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարեցրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ Այս որոշումը հանգեցրեց եվրոպամետների ցույցերի, որոնք հայտնի են <<Եվրոմայդան>> անունով։ Ցույցերից մի քանի ամիս հետո` 2014 թվականի փետրվարի 22-ին, ցույցարարները հեռացրեցին Յանուկովիչին։ Իր հեռացումից հետո անկարգությունները տեղի ունեցան Ուկրաինայի հիմնականում ռուսախոս արևելյան և հարավային շրջաններում, որտեղից Յանուկովիչը ստացել էր իր աջակցության մեծամասնությունը։ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն Ռուսաստանի ներխուժումը հանգեցրեց, որ 2014 թվականի մարտի 18-ին Ղրիմը բռնակցվի Ռուսաստանին։ Հետագայում, Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անկարգությունները վերածվեցին պատերազմի հետհեղափոխական ուկրաինական կառավարության և ռուսամետ ապստամբների միջև։ Ուկրաինական ճգնաժամը նաև շատ բացասական ազդեցություն ունեցավ Ուկրաինայի տնտեսության վրա։