Ուկրաինայի դրամական բարեփոխում (1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1992 թվականին թողարկված 1000 կարբովանեց անվանական արժեքով թղթադրամի նմուշ (դիմերես), որը դուրս է մղվել շրջանառությունից 1996 թվականի բարեփոխման արդյունքում:
1992 թվականին թողարկված 1000 կարբովանեց անվանական արժեքով թղթադրամի նմուշ (դարձերես), որը դուրս է մղվել շրջանառությունից 1996 թվականի բարեփոխման արդյունքում: Բարեփոխման սկզբի դրությամբ նրա արժեքը 0.01 գրիվնա էր:
1993 թվականին թողարկված 100.000 կարբովանեց անվանական արժեքով թղթադրամի նմուշ (դիմերես), որը դուրս է մղվել շրջանառությունից 1996 թվականի բարեփոխման արդյունքում:
1993 թվականին թողարկված 100.000 կարբովանեց անվանական արժեքով թղթադրամի նմուշ (դարձերես), որը դուրս է մղվել շրջանառությունից 1996 թվականի բարեփոխման արդյունքում: Բարեփոխման սկզբի դրությամբ նրա արժեքը 1 գրիվնա էր:
1992 թվականին թողարկված 1 գրիվնա անվանական արժեքով թղթադրամի նմուշ(դիմային կողմ), որը շրջանառության մեջ է դրվել 1996 թվականի սեպտեմբերի 2-ից:

1996 թվականի դրամական բարեփոխում, Ուկրաինայի Սահմանադրությամբ[1] (1996 թվական, հոդված 99 և 102[2] ) և անկախ Ուկրաինայի այլ օրենսդրական ակտերով սահմանված նոր ազգային տարադրամի՝ գրիվնայի, և դրա հարյուրերորդ մասի՝ կոպեկի շրջանառության պաշտոնական ներդրումը։ Փոփոխության էությունը կայանում էր արժեզրկված կարբովանեցի դենոմինացիայի մեջ՝ 1 գրիվնայի դիմաց 100.000: 1996 թվականի սեպտեմբերի 2-ից 6-ը շրջանառվում էին երկու դրամական միավորներ։ Մինչև 1998 թվականը բանկերում փոխանակումն իրականացնումն էին առանց սահմանափակումների և հանձնաժողովների։

Բարեփոխման արդյունքում ստեղծվեց նոր դրամական միավոր՝ ուկրաինական գրիվնա։ Գրագետ PR քարոզարշավը նպաստեց գնաճի տեմպի դանդաղեցմանը և Ուկրաինայի կյանքում քաղաքական հետևանքներ ունեցավ։

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի պետական անկախացումը հայտարարվել է 1991 թվականի օգոստոսին։ Ուկրաինայի անկախության հռչակագիրը ենթադրում էր սեփական դրամական միավորի (ազգային արժույթի) և սեփական դրամական համակարգի ստեղծման անհրաժեշտություն, որոնք հանդիսանում էին քաղաքական և տնտեսական անկախության կարևոր նախապայմաններ։ 1992 թվականի սեպտեմբերի 10-ից «Հանրապետության տարածում բազմանգամյա օգտագործման թղթադրամների շրջանառության ներդրման մասին» (ուկրաիներեն՝ «Про введення в обіг на території республіки купонів багаторазового використання») հայտարարագրի համաձայն՝ 1991 թվականի սեպտեմբերի 9-ից Ուկրաինայի ազգային բանկի կողմից շրջանառության մեջ դրվեցին գրիվնայի նախորդները՝ ժամանակավոր թղթադրամներ՝ ռուբլու (ուկրաիներեն՝ карбованець) անվանական արժեքով։ Պաշտոնապես նրանք կոչվում էին կարբովանեցներ։ Օգտագործվում էր նաև թղթադրամ-կարբովանեց անվանումը, որը 1992 թվականի վերջին սկսեց կոչվել ուկրաինական կարբովանեց։ Բազմանգամյա օգտագործման թղթադրամները կանխիկ շրջանառության մեջ դնելու պահից սկսած Ուկրաինայում միաժամանակ շրջանառվում էր երկու արժույթ՝ խորհրդային ռուբլի և ուկրաինական թղթադրամ-կարբովանեցներ։ Միևնույն ժամանակ սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների ձեռքբերման համար ընդունվում էին միայն թղթադրամ-կարբովանեցներով վճարումներ[3], իսկ ֆերմերային շուկաներում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների և այլ վճարումների կատարման համար ընդունվում էին ինչպես թղթադրամ-կարբովանեցներ, այնպես էլ խորհրդայինՄ ռուբլի՝ մեկին մեկ փոխարժեքով (1:1)։ Ներդրման առաջին ամիսներին՝ կապված շրջանառության մեջ թղթադրամ-կարբովանեցների սահմանափակ քանակության և մեծ պահանջարկի հետ, դրանք խորհրդային ռուբլուց մի փոքր բարձր էին գնահատվում։ Մինչև 1992 թվականի ապրիլն ամբողջ կանխիկ շրջանառությունն աստիճանաբար լցվեց թղթադրամ-կարբովանեցներով։ 1992 թվականի նոյեմբերին խորհրդային ռուբլին փոխարինվեց կարբովանեցներով և անկանխիկ հաշվարկներով։ Չնայած նրան, որ դրամական շրջանառության մեջ թղթադրամ-կարբովանեցների օգտագործումը ենթադրվում էր կատարել 4-6 ամսվա ընթացքում, դրանք շրջանառվեցին մինչև 1996 թվականը՝ փաստացի իրենց վրա վերցնելով գնաճի հարվածի ողջ ծարությունը[4][5][6]։

Կանադայի և ԱՄՆ-ի պահոցներում գտնվում էին 1992 թվականին տպված նոր գրիվնաներ։ Սակայն գնաճի բարձր տեմպերը ստիպեցին դրանց ներդրումը հետաձգել մի քանի տարով։ Չնայած նրան, որ Ուկրաինայի ազգային արժույթի թղթադրամները տպվել էին 1992 թվականին, նրանց ներդրումը շրջանառության մեջ իմաստ կունենար միայն գնաճի բարձր տեմպերի դադարեցման դեպքում։ Ուկրաինայի ազգային բանկի վարած քաղաքանության արդյունքում 1993 թվականին գնաճի տեմպը գերազանցեց 10000%-ը։ Դրամական բարեփոխումն այս պայմաններում կհանգեցներ արդեն տպված գրիվնայի արագ արժեզրկմանը։ Դրա փոխարեն առաջարկվեց մի մեթոդ, որը դրական դեր խաղաց և հետագայում քննադատվեց շատերի կողմից՝ թղթադրամ-կարբովանեցների կապը ԱՄՆ դոլլարին։ Այսպիսով, իրավիճակի կայունացման համար ներդրվեց վարչական ֆիքսված փոխարժեք և որը ենթակա էր պարտադիր գնման՝ ճգնաժամային ներմուծման դիմաց վճարումներ կատարելու համար։ Աստիճանաբար (երկու տարվա ընթացքում) հաջողվեց ստեղծել գրիվնայի ներդրման բարենպաստ դաշտ՝ ԱՄՆ դոլարի առևտրային և պաշտոնական փոխարժեքները հնարավորինս մոտեցնելու ճանապարհով[4]։

Աղյուսակ 1. Թղթադրամ-կարբովանեցների արժեզրկման տեմպերը
1 ԱՄՆ դոլարի արժեքը թղթադրամ-կարբովանեցներում՝ ըստ տարիների[4]
1992 1993 1994 1995
208 4539 31 700 147 463

Դրամական հեղաշրջման նախապայմաններից էին դևալվացիայի տեմպերի դանդաղեցումը, դրամական զանգվածի կարգավորման փորձը, ինչպես նաև շուկայի և բնակչության հանդարտեցումը՝ արժեզրկված թղթադրամի համեմատ նոր ազգային տարադրամի՝ գրիվնայի՝ կայուն փոխարժեք խոստանալու ճանապարհով։ Նոր դրամական միավորի ներդրման անհրաժեշտությունը նաև պայմանավորված էր թղթադրամ-կարբովանեցների ցածր որակով։ Վատ թուղթը, պաշտպանվածության գրեթե լրիվ բացակայությունը (թղթադրամների վրա առկա էին միայն ջրանիշներ) հնարավոր էին դարձնում թղթադրամի կեղծումը գունավոր տպիչներով։ Միայն 1996 թվականին շրջանառությունից հանվեց 14 մլրդ կեղծ կարբովանեց[4][5][6]։

Նոր թղթադրամների և մետաղադրամների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական թղթադրամների ընկերություն, Օտտավա

Ըստ անկախ Ուկրաինայի առաջին թղթադրամների հեղինակ, ուկրաինացի հայտնի գրող և նկարիչ, Ուկրաինայի ժողովրդական նկարիչ[7] Վասիլի Լոպատայի՝ 1991 թվականի ապրիլին նոր ուկրաինական տարադրամի էսքիզների մշակման համար հրավիրվել էին ՈւԽՍՀ հայտնի նկարիչներ։ Էսքիզների մշակման խմբի մեջ ընդգրկվել էին Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ա. Դանչենկոն, արվեստի վաստակավոր գործիչ Վ. Պերևալսկին, Ուկրաինայի վաստակավոր նկարիչներ Վ. Յուրչիշինը, Ս. Յակուտովիչը և հենց ինքը՝ Վ. Լոպատան։ Թղթադրամների ստեղծման աշխատանքներն իրականացվում էին Ուկրաինայի գերագույն ռադայի՝ տնտեսական բարեփոխումների և ժողովրդական տնտեսության կառավարման հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև մշակույթի և հոգևոր վերածննդի հարցերով հանձնաժողովների հովանու ներքո։ Թղթադրամների էսքիզներն ուսումնասիրում էր Գերագույն խորհրդի նախագահությունը, որի ղեկավարը Լեոնիդ Կրավչուկն էր, որը հաստատեց Վ․ Լոպատայի կողմից ստեղծված էսքիզները[8]։

1992 թվականին Վ. Լոպատայի էսքիզների հիման վրա Կանադայում պատրաստվեցին ուկրաինական ազգային արժույթի առաջին օրինակները։ Սակայն 1992 թվականից սկսած Ուկրաինայի տարածքում դրամական շրջանառության մեջ ներդրվեց ժամանակավոր արժույթ՝ հաշվարկված անցումային ժամանակաշրջանի համար, որը կոչվում էր ուկրաինական կարբովանեց կամ թղթադրամ- կարբովանեց։ Հենց այս դրամական միավորն էր, որ 1992-1995 թվականների ընթացքում դարձավ գնաճի զոհ, ինչը պայմանավորված էր անցումային ժամանակաշրջանի տնտեսական ճգնաժամով։

Գրիվնայի առաջին թղթադրամները պաստրաստվել են 1992 թվականին Կանադայում՝ «Canadian Bank Note Company» ընկերության կողմից և այլևս չեն տպվել։ Հենց այդ ժամանակ Ֆրանսիայում և Իտալիայում տպվել են նաև անկախ Ուկրաինայի նոր դրամական նշանները (գրիվնաները)։ 1992-1993 թվականներին «Ուկրաինայի վահան» գործողության ընթացքում «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հսկողությամբ նոր արժույթով բեռնարկղերը ծովով և օդով տեղափոխվեցին Ուկրաինա[9]։ Թղթադրամների ստեղծման համար օգտագործվել է համակցված տեխնիկա՝ պողպատե փորագրություն եւ լիտոգրաֆիա։ Ավելի ուշ` 1994 և 1995 թվականներին, Ուկրաինայի ազգային դրամահատարանում թողարկվեցին համապատասխան նմուշի թղթադրամներ։ Բոլոր թղթադրամները 1996 թվականի սեպտեմբերի 2-ին միաժամանակ դրվեցին շրջանառության մեջ։

Առաջին մետաղադրամները հատվել են 1992 թվականին, բայց շրջանառության մեջ են մտել միայն 1996 թվականի սեպտեմբերի 2-ին։ Դրանք պատրաստվել են Իտալիայի և Ֆրանսիայի դրամահատարաններում, ինչպես նաև Լուգանսկի փամփուշտների գործարանում[10][11][12]։ Բարեփոխման արդյունքում շրջանառության մեջ դրվեցին 1, 2, 5, 10, 25, 50 անվանական արժեքներով մետաղադրամներ և 1 գրիվնա։ Մետաղադրամների դիմերեսին զինանշանի պատկերն է և պետության անունը, ծաղկային դեկորացիա և դրամահատման տարին, իսկ դարձերեսին՝ անվանական արժեքը և ծաղկային դեկորացիա։

Բարեփոխման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի դրամական բարեփոխման մասնակիցներից մեկի՝ Վիկտոր Սուսլովի խոսքերով՝ Ուկրաինայի նախագահի կողմից «Ուկրաինայում դրամական բարեփոխման մասին» հրամանագիրը ստորագրելուց մոտ մեկ ամիս առաջ գաղտնի որոշում է կայացվել Ուկրաինայում ստեղծել դրամական բարեփոխումների պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը գլխավորում էր այդ պահին երկրի վարչապետ Պավել Լազարենկոն և երկու տեղակալները՝ Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Վիկտոր Յուշչենկոն և փոխվարչապետ Վիկտոր Պինզենիկը, բացի այդ հանձնաժողովի կազմի մեջ էին մտնում Ազգային բանկի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ստելմախը և Կոմիտեի ֆինանսական և բանկային գործունեության ղեկավար Վիկտոր Սուսլովը[4]։

1996 թվականի օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման ստորագրեց «Ուկրաինայում դրամական բարեփոխման մասին» հրամանագիր, համաձայն որի արմատական շուկայական բարեփոխում իրականացնելու և երկրի տնտեսությունը կայուն ազգային դրամական միավորով ապահովելու նպատակով շրջանառության մեջ էր դրվում Ուկրաինայի ազգային արժույթը՝ գրիվնան և նրա հարյուրերորդ մասը՝ մետաղադրամը[2]։ 1996 թվականին Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ դրեց 1, 2, 5, 10, 20, 50 և 100 գրիվնա անվանական արժեքներով թղթադրամներ և մանրադրամներ՝ 1, 2, 5, 10, 25 և 50 անվանական արժեքներով, ինչպես նաև դադարեցրեց ուկրաինական կարբովանեցների թողարկումը, որոնք ենթակա էին փոխանակման հետևյալ կուրսով՝ 100.000 կարբովանեց=1 գրիվնա։ Բարեփոխումն իրականացվեց երկու շաբաթում ՝ 1996 թվականի սեպտեմբերի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո դրամական շրջանառության մեջ գտնվող ուկրաինական կարբովանեցների շրջանառությունը դադարեցվեց և Ուկրաինայի տարածքում վճարման միակ օրինական միջոցը մնաց գրիվնան։ Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունեին փոխանակել թղթադրամ֊կարբովանեցները նոր պետական դրամական միավորով՝ առանց սահմանափակումների և փոխանակում իրականացնելու համար հավելյալ վճարների։ Բարեփոխմանը համապատասխան 1996 թվականի սեպտեմբերի 2-ից բանկերում տրվում էին միայն գրիվնաներ։ Մինչև սեպտեմբերի 16-ը վճարման համար ընդունվում էին ինչպես կարբովանեցները, այնպես էլ գրիվնաները։ 1996 թվականի սեպտեմբերի 16-ից փոխանակումը հնարավոր էր իրականացնել միայն բանկերում։ Ընդ որում, բոլոր այն թղթադրամները, որոնք դուրս էին մնացել շրջանառությունից բարեփոխման ընթացքում, չնայած որ հանվել էին շրջանառությունից, այնուամենայնիվ մնում էին (հանդիսանում էին) վճարման օրինական միջոց։ Փոխանակման գործընթացը շարունակվեց մինչև 1998 թվականը[4][5][13]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամական բարեփոխման արդյունքում ստեղծվեց անկախ Ուկրաինայի նոր ազգային արժույթը, արժեզրկվեցին թղթադրամ-կարբովանեցները, բացի այդ գրիվնայի գրագետ PR քարոզարշավը նպաստեց ոչ միայն գնաճի և արժեզրկման գործընթացների դանդաղեցմանը, այլև ունեցավ քաղաքական հետևանքներ։

Բարեփոխման անցկացման հաջողությունները վերագրվեցին Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին[4][13]՝ դասելով նրան պետության ամենահայտնի քաղաքական գործիչների շարքում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стаття 99, Стаття 102». Конституція України, Закон від 28.06.1996 № 254к/96-ВР (ուկրաիներեն). zakon3.rada.gov.ua. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 «Про грошову реформу в Україні». Указ Президента України від 25.08.1996 (ուկրաիներեն). zakon3.rada.gov.ua. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Постанова ВРУ Про введення в обіг на території республіки купонів багаторазового використання». Законодавство України від 09.09.1991 № 1519-XII (ուկրաիներեն). zakon3.rada.gov.ua. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Взлеты и падения гривни». Главком. glavcom.ua. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 История гривны на сайте Нацбанка Украины Արխիվացված 2018-07-06 Wayback Machine(ուկր.)
  6. 6,0 6,1 «Когда украинцы были миллионерами: 15 лет назад у нас ввели купоны». Сегодня. 2007 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Указ Президента України від 21 серпня 2001 року № 697(ուկր.)
  8. «Василий Лопата не только рисует гривни, но и пишет о них». Анна Ященко, 29 сентября 2007 года. unian.ua.
  9. Владимир Крашевский. Профессионалы: Украинская «Альфа»: терроризм не пройдет Արխիվացված 2015-09-23 Wayback Machine // журнал «Братишка», июнь 2009
  10. «Как появилась гривна». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Podrobnosti.ua
  11. «Гривни-иммигрантки». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Зеркало недели
  12. Андрей Шляхтин. 1996 — год введения полноценной собственной валюты // «24TV.UA» от 4 августа 2016
  13. 13,0 13,1 «Гривна. История денег, которые не стоят ничего». rian.com.ua. РИА Новости Украина. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Ющенко, Виктор. Бывший президент Украины». Lenta.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]