Ուկրաինական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն

Ուկրաինական թատրոն (ուկր.՝ український театр), ուկրաինական մշակույթի ճյուղերից մեկը, որի առանձնահատկությունը հանդիսատեսի առաջ դերասանների բեմական գործունեության միջոցով կյանքի գեղարվեստական արտացոլումն է։

Սկզբնավորում և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի թատերական արվեստը հնագույն ծագում ունի, երբ այն հանդես է եկել ժողովրդական խաղերի, պարերի, երգերի և ծեսերի ժամանակ։ 11-րդ դարից հայտնի են կատակածուների թատերական ներկայացումներ։ Կիևյան Ռուսիայի դարաշրջանում թատրոնի տարրեր կային եկեղեցական արարողությունների ժամանակ։ Այդ մասին վկայում են Կիևի Սոֆիայի տաճարի որմնանկարները (11-րդ դար)։

Կիևի և Լավրյան դպրոցի աշակերտները հրապարակավ արտասանում էին դրամայի առաջին օրինակները (16-17-րդ դարեր)։ Այդ ժամանակ կրոնական դրամայի զարգացման գլխավոր կենտրոններից էին համարվում Լվովյան եղբայրական դպրոցը և Օստրոժյան ակադեմիան։

17-18-րդ դարերում լայն տարածում ստացան տիկնիկային ներկայացումները՝ մարիոնետների թափառական թատրոններ, որոնք կատարում էին սուրբծննդյան դրամաներ և սոցիալ-կենցաղային միջախաղեր։

Կատակերգիչներ (13-րդ դար)

1795 թվականին բացվեց Ուկրաինայում առաջին ստացիոնար թատրոնը Լվովում՝ ճիզվիտների նախկին եկեղեցում։ Դնեպրի շրջակայքում, որտեղ առաջին թատերախմբերն ի հայտ էին եկել 18-րդ դարում, մշտական թատրոնի բացումը երկար ձգձգվեց։ Այսպես, Կիևում առաջին մշտական թատրոնը բացվեց 1806 թվականին, Օդեսայում՝ 1809 թվականին, Պոլտավայում՝ 1810 թվականին։

Դասական ուկրաինական դրամատուրգիայի ձևավորումը կապվում է Իվան Կոտլյարևսկու անվան հետ, որը գլխավորում էր Պոլտավայի թատրոնը, իսկ Գրիգորի Կվիտկի-Օսնովյանենկոն նոր ուկրաինական գրականության մեջ գեղարվեստական արձակի հիմնադիրն էր։

19-րդ դարի երկրորդ կեսին Ուկրաինայում տարածում էր գտել սիրողական թատերական շարժումը։ Սիրողական շրջանակներում սկսեցին իրենց գործունեությունը ուկրաինական թատրոնի ականավոր գործիչները՝ դրամատուրգներ և բեմադրիչներ Միխայիլ Ստարիցկին, Մարկ Կրոպիվնիցկին և Իվան Կարպենկո-Կարին։ Թատրոնի արագ զարգացման վաստակը պատկանում է նաև Տոբիլևիչների ականավոր ընտանիքին, որի անդամները հանդես էին գալիս բեմական Իվան Կարպենկո-Կարիի, Նիկոլայ Սադովսկի և Պանաս Սակսգանսկի անուններով։ Նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն ստեղծեց իր առանձին թատերախումբը, այլև նշանավոր դերասաններ և ռեժիսորներ էին։ Այդ ժամանակվա ուկրաինական թատրոնի ուղեցույց աստղը Մարիա Զանկովեցկայան էր։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թատրոնի պատմության նոր շրջանն սկսվեց 1918 թվականին, երբ Կիևում հիմնադրվեցին Պետական դրամատիկական թատրոնը (ուկր.՝ Державний драматичний театр) և Լեսյա Կուրբասի և Գնատ Յուրայի «Երիտասարդ թատրոնը» (ուկր.՝ «Молодий театр») (1922 թվականից՝ ուկրաինական ժամանակակից «Բերեզիլ» թատրոնը (ուկր.՝ «Березіль»)։ Թատերական բեմում հանդես էին գալիս տաղանդավոր դերասանների աստղաբույլ՝ Ամվրոսի Բուչմա, Մարյան Կրուշելնիցկի, Օլիմպիա Դոբրովոլսկայա, Ալեքսանդր Սերդյուկ, Նատալիա Ուվժի, Յուրի Շումսկի և ուրիշներ։

Պետական դրամատիկական թատրոնը շարունակեց ռեալիստական-հոգեբանական դպրոցի ավանդույթները։ «Երիտասարդ թատրոնը» հանդես էր գալիս ավանգարդիզմի դիրքերից։ «Բերեզիլ» թատրոնի մոդելները 1925 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային թատերական ցուցահանդեսում ոսկե մեդալ նվաճեցին։