Ուկոկի արքայադուստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկոկի արքայադուստր (Ալթայի արքայադուստր, Օչի բալա), 1993 թվականին Ալթայի Ուկոկ սարահարթի Ակ Ալախ դամբարանատեղում հնէաբանական պեղումների ժամանակ գտնված մոտավորապես 25 տարեկան կնոջ մումիային Ալթայի բնակիչների և լրագրողների տված անունը։ Կնոջ մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է եղել[1]։ Համաձայն Ալթայի ժողովուրդների հավատալիքների[2], «արքայադուստր»-ը, որին նաև կոչում են Ակ Կադին (Սպիտակ Տիրուհի), հանգստության պահապանն է և պահպանել է անդրշիրիմյան աշխարհի դարպասները, չթողնելով Չարին ներքին աշխարհից թափանցել վերև[3]։

Գտածոյի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայի «սառած» դամբարանատեղիների առաջին պեղումը սկսել է 1865 թվականին Վասիլի Ռադլովը։ Ուկոկ սարահարթում (Ալթայի երկրամաս) գտնվող Ակ Ալախ 3 դամբանաթմբի պեղումները 1993 թվականին սկսել է նովոսիբիրսկցի հնէաբան, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Պոլոսմակը։ Գերեզմանաթումբը, որտեղ թաղված էր այսպես կոչված արքայադուստրը, կիսաքանդ էր, այն դեռևս հին ժամանակներում փորձել էին թալանել։ Պեղումները սկսելուց հուշարձանը խիստ վնասված էր, և կիսաքանդ, քանի որ 1960-ական թվականների Խորհրդային միության և Չինաստանի հանրապետության կոնֆլիկտի ժամանակ սահմանի պաշտպանական կառույցների համար շինանյութ էր վերցվել դամբարանաթմբից։

Դամբարանատեղիում հայտանաբերվել էր Երկաթի դարի դամբարան, որի տակ կար մեկ ավելի հինը։ Պեղումներից պարզվեց, որ գուռը, որտեղ դիակն էր՝ լցված է սառույցով։ Այս պատճառով էլ կնոջ դիակը այդպես լավ էր պահպանվել։

Թաղման սենյակը բացել են մի քանի օրվա ընթացքում՝ աստիճանաբար հալեցնելով սառույցը, թույլ չտալով, որ գերեզմանի պարունակությունը վնասվի։

Սենյակում հայտնաբերվել են թամբած և հեծելասարքով վեց ձի, նաև փիճիի փայտից գուռ, որը գամված էր բրոնզե մեխերով։ Դամբարանի պարունակությունը ցույց էր տալիս թաղվածի նշանակալիությունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանը Ալթայի պազիրիկյան մշակույթի շրջանին է պատկանում և կառուցվել է մ․ թ․ ա․ 5-3 դարերում[4]։

Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկոկի արքայադստեր մումիան

Մումիան պառկած էր կողքի թեթևակի ծալած ոտքերով։ Թևերին բազմաթիվ դաջվածքներ էին։ Հագին եղել է սպիտակ մետաքսե շապիկ, բոսրագույն բրդե փեշ, թաղիքե գուլպաներ և մուշտակ։ Հատկապես ուշագրավ է հանգուցյալի բարդ սանրվածքը, որի մեջ սեփական մազերի հետ օգտագործված էին բուրդ, թաղիք և ուներ 90 սմ բարձրություն։ Հագուստը շատ որակյալ էր, ինչն էլ հաստատում էր հանգուցյալի բարձր կարգավիճակը։ Ուկոկի արքայադուստրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից, 25 տարեկան հասակում, ինչի մասին վկայում են հայտնաբերված կրծքի ուռուցքն ու տարածված մետաստազը։ Հանգուցյալի բարձր կարգավիճակի մասին են վկայում նրա հետ թաղված վեց ձիերը։

Ըստ գանգի վերականգնման երեք օրինակով ստեղծվել է հանգուցյալի կիսանդրին։ Դրանցից մեկը Նովոսիբիրսկի թանգարանում է, երկրորդը փոխանցվել է Ալթայի ազգային վերածնդի ընկերությանը (մինչև մումիայի վերադարձնելը), իսկ երրորդը փոխանցվել է Մոսկվայի Պուշկինի անվան պատմության թանգարանին (մինչ այժմ ցուցադրված չէ)։

Պահպանման վայրն ու պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերումից մինչև 2012 թվականը մումիան պահպանվում էր Ռուսաստանի ԳԱ սիբիրյան բաժանմունքի Հնէաբանության և ժողովրդագրության ինստիտուտի թանգարանում, որը Նովոսիբիրսկի ակադեմիական ավանում է։ Այս փաստը առաջ է բերել Ալթայի ժողովրդի որոշակի մասի դժգոհությունը։ Նրանց տեսակետից Ուկոկի արքայադուստրը պետք է վերադարձվի Ալթայ, իսկ բնակչության մի մասի կարծիքով նրան պետք է վերաթաղել նախկին տեղում։

2012 թվականի սեպտեմբերից մումիան պահպանվում է Ալթայի Հանրապետության Գորնո Ալթայսկ քաղաքի Անոխինի անվան Ազգային թանգարանում։ Դրա համար կառուցվել է հատուկ սենյակ, որտեղ մշտապես պահպանվում է՝ հատուկ ջերմաստիճան և խոնավություն[5]։ Ցուցադրության համար հատուկ կցակառույց է սարքվել[6]։

2014 թվականի օգոստոսի 19-ին Ալթայի Հանրապետության ծերակույտը որոշում է կայացրել թաղել մումիան։ Այս որոշումը արժանացել է Հանրապետության նախագահի հավանությանը [7]։ Որոշման կայացումը կապված է եղել բնակչության մի մասի կարծիքի հետ, որ դամբարանից մումիայի հանելը վերջին քսան տարիներին հանգեցրել է աղետների, որոնց մի մասը տարերային, օրինակ 2014 թվականի ջրհեղեղները խոշոր քաղաքներում[8]։ Իր հերթին Անոխինի անվան Ազգային թանգարանի տնօրեն Էմիլիա Բելեկովը կասկած է հայտնել ծերակույտի իրավասությանը այս հարցում, նշելով, որ նման հարցերի որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը[3]։

2015 թվականի դեկտեմբերին Ալթայի մի խումբ բնակիչներ դիմել են Գորնո Աթայի քաղաքային դատարան հայցով, և պահանջել թաղել Ուկոկի արքայադստերը, պատասխանող կողմ է կանչվել թանգարանը, որտեղ պահվում է մումիան[9]։ Բայց դատարանը հայտը մերժել է[10]։ Ալթայի թյուրքերի հոգևոր առաջնորդ Ակայ Կինեն, որը այս հայցի նախաձեռնողներից մեկն էր, դատարանի որոշումը բողոքարկման է ներկայացրել[11] և խոստացել, որ հայցի մերժման դեպքում դիմելու են միջազգային դատարան[12]։

Ակադեմիկոս Վյաչեսլավ Մոլոդինը գտնում է, որ արքայադստեր պատմությունը խիստ չափազանցված է։ Ըստ նրա՝ 1930-1950-ական թվականներին մի քանի մումիաներ են գտնվել Ալթայից, և այժմ պահվում են Էրմիտաժում, և նրանց վերաթաղման մասին հարց չի բարձրացվել, թեև իրենց կարգավիճակով ավելի բարձր էին քան Ուկոկի արքայադուստրը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Принцесса Укока: диагноз спустя 2500 лет». www.moya-planeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  2. «Вопрос о захоронении мумии «Принцесса Укока» вызвал конфликт». www.moya-planeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Решение о захоронении мумии «принцессы Укока» останется за Минкультуры». РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  4. Тур С. С. Современные потомки носителей пазырыкской культуры Արխիվացված 2018-06-10 Wayback Machine // Древности Алтая, 2003 № 10
  5. ««Принцессу Укока» доставили в Горно-Алтайск» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  6. «Для хранения уникальной мумии «алтайской принцессы» строят музей» (ռուսերեն). РИА «Новости». 16:48 20 марта 2008 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 мая 2008-ին.
  7. «Старейшины Горного Алтая решили захоронить мумию «принцессы Укока»». РБК. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  8. «Александр Бердников привлек к выборам мумию». Газета "Коммерсантъ". 2014 թ․ օգոստոսի 20. էջ 2. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  9. «Начался суд по делу о захоронении принцессы Укока». www.moya-planeta.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  10. Суд отказал в захоронении «алтайской принцессы» (ռուս.)
  11. Общественники подали апелляцию на отказ в захоронении «алтайской принцессы» (ռուս.)
  12. Алтайская принцесса-мумия останется среди живых (ռուս.)
  13. «Анализируй этнос — Наука и технологии — Эксперт Online 2.0». 2007 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկոկի արքայադուստր» հոդվածին։