Ուիլյամ Ջոնս (արևելագետ)
| Ուիլյամ Ջոնս անգլ.՝ Sir William Jones[1] | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1746[2][3][4][…] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] |
| Մահացել է | ապրիլի 27, 1794[2][6][4][…] (47 տարեկան) |
| Մահվան վայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն[6] |
| Գերեզման | South Park Street Cemetery[7] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն[8] |
| Կրթություն | Համալսարանի քոլեջ[1] և Հերոու դպրոց[1] |
| Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, դատավոր, թարգմանիչ, բանաստեղծ, գրող, բուսաբան, քաղաքական գործիչ և արևելագետ |
| Ամուսին | Anna Maria Shipley?[9] |
| Ծնողներ | հայր՝ Վիլյամ Ջոնս[6][9], մայր՝ Mary Jones?[9] |
| Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[1] |
Ուիլյամ Ջոնս (սեպտեմբերի 28, 1746[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] - ապրիլի 27, 1794[2][6][4][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[6]), բրիտանացի արևելագետ և իրավաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում 1746 թվականի սեպտեմբերի 28-ին, ուելսցի մաթեմատիկոս Ուիլյամ Ջոնսի ընտանիքում: Աչքի է ընկել Հարրոու գիշերօթիկ դպրոցում, որտեղ երեք տարի նվիրվել է արևելյան լեզուների ուսումնասիրությանը՝ ինքնուրույն սովորելով արաբերենի հիմունքները և բավական հեշտությամբ կարդալով եբրայերեն: Արձակուրդների ընթացքում բարելավել է ֆրանսերենի և իտալերենի իր իմացությունը: 1764 թվականին Ջոնսը ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Համալսարանական քոլեջ (University College), որտեղ շարունակել է ուսումնասիրել արևելյան գրականությունը և կատարելագործել պարսկերենի և արաբերենի իր տիրապետումը։ Նրան օգնել է Միրզա անունով մի սիրիացի, որին Ջոնսը հայտնաբերել էր Լոնդոնում: Նա հարստացրել է եբրայերենի իր գիտելիքները և զգալի առաջընթաց է գրանցել իտալերենի, իսպաներենի և պորտուգալերենի մեջ, սկսել է չինարեն սովորել: Հինգ տարի նա մասամբ ապրուստ է վաստակել՝ աշխատելով որպես լորդ Ալթորփի ուսուցիչ, իսկ 1766 թվականին ստացել է կրթաթոշակ:
Չնայած ընդամենը քսաներկու տարեկան էր, նա արդեն հայտնի էր դառնում որպես արևելագետ, և երբ Դանիայի Քրիստիան VII թագավորը 1768 թվականին այցելեց Անգլիա՝ իր հետ բերելով Նադիր շահի պարսկերեն կենսագրությունը, Ջոնսին խնդրեցին թարգմանել ձեռագիրը ֆրանսերեն: Թարգմանությունը լույս տեսավ 1770 թվականին՝ Ասիայի նկարագրությունը և Պարսկաստանի համառոտ պատմությունը պարունակող նախաբանով: Նույն թվականին հաջորդեցին «Տրակտատ արևելյան պոեզիայի մասին» (Traité sur la poésie orientale) ֆրանսերեն ուսումնասիրությունը և Հաֆեզի ներբողների ֆրանսերեն չափածո թարգմանությունը: 1771 թվականին նա հրատարակեց «Ակնարկ արևելյան գրականության մասին» (Dissertation sur la littérature orientale) ֆրանսերեն երկը՝ պաշտպանելով Օքսֆորդի գիտնականներին Անկետիլ-Դյուպեռոնի քննադատություններից: Նույն թվականին լույս տեսավ նրա «Քերականություն պարսից լեզվի» (Grammar of the Persian Language) երկը: 1772 թվականին Ջոնսը հրատարակեց «Բանաստեղծություններ, գլխավորապես թարգմանություններ ասիական լեզուներից» (Poems, Chiefly Translations from Asiatick Languages) հատորը, ինչպես նաև «Երկու ակնարկ արևելյան ազգերի պոեզիայի մասին…» (Two Essays on the Poetry of Eastern Nations…), իսկ 1774 թվականին՝ «Poeseos Asiaticæ commentariorum libri sex» վերնագրով տրակտատը, որը անկասկած հաստատեց նրա հեղինակությունը որպես արևելագետ: Գտնելով, որ անհրաժեշտ է ֆինանսապես ավելի շահավետ զբաղմունք գտնել, Ջոնսը իր սովորական եռանդով նվիրվեց իրավունքի ուսումնասիրությանը և 1774 թվականին ստացել է իր փաստաբանական իրավունքը: Նա ուսումնասիրեց ոչ միայն իրավունքի տեխնիկական կողմերը, այլև իրավունքի փիլիսոփայությունը, և երկու տարվա ընթացքում այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ 1776 թվականին նշանակվեց սնանկության գործով հանձնակատար: Գրել է «Գույքի իրավունքի մասին» էսսեն, որը բարձր է գնահատվել թե՛ Անգլիայում, թե՛ Ամերիկայում։ 1778 թվականին թարգմանել է Իսայոսի ճառերը աթենական ժառանգության իրավունքի մասին: 1780 թվականին նա Օքսֆորդի համալսարանի պատգամավորի թեկնածու էր, բայց ընտրության օրվանից առաջ հրաժարվեց մրցույթից, քանի որ հասկացավ, որ հաջողության ոչ մի շանս չունի իր լիբերալ հայացքների պատճառով, հատկապես Ամերիկյան պատերազմի և ստրկավաճառության հարցերի վերաբերյալ:
1783 թվականին հրատարակվել են նրա յոթ հին արաբական բանաստեղծությունների թարգմանությունը՝ «Մոալլաքաթ» վերնագրով: Նույն թվականին նշանակվել է Կալկաթայի գերագույն դատարանին և ստացել ասպետի կոչում: 1784 թվականի հունվարին հիմնադրել է Բենգալիայի Ասիական ընկերությունը (Bengal Asiatic Society), որի նախագահը մնաց մինչև իր մահը։ Համոզված լինելով, որ պետք է բնօրինակով ծանոթանալ հնդուական իրավունքի կոթողներին, նա անմիջապես սկսեց ուսումնասիրել սանսկրիտ լեզուն և 1788 թվականին ձեռնարկեց հնդուական և մուսուլմանական օրենքների ժողովածու կազմելու հսկայական աշխատանքը։ Այս նախաձեռնության սկիզբն է դրել «Հնդուական իրավունքի ինստիտուտներ կամ Մանուի կանոնադրություններ» (Institutes of Hindu Law, or the Ordinances of Manu, 1794), «Անկտակ մահացածների ունեցվածքի ժառանգության մասին մահմեդական օրենք» (Mohammedan Law of Succession to Property of Intestates) և «Ժառանգության մասին մահմեդական օրենք» (Mohammedan Law of Inheritance, 1792) աշխատություններով։ 1789 թվականին Ջոնսն ավարտել է Կալիդասայի ամենահայտնի դրամայի՝ «Սակունտալայի» թարգմանությունը։ Նա նաև թարգմանել է «Հիտոպադեսա» վերնագրով առակների ժողովածուն, «Գիտագովինդան» և Վեդաների զգալի մասը, խմբագրել է Կալիդասայի «Ռիտուսամհարա» պոեմի տեքստը։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել իր ընկերության «Ասիական հետազոտություններ» (Asiatic Researches) հատորներում։
Կալկաթայում Ջոնսն ընկերացել է հայ հասարակական գործիչ Հովսեփ Էմինին, որի ինքնակենսագրությունը ինքը խմբագրել է։ Ջոնսը բարձր է գնահատել Էմինի անձնավորությունը։ Բենգալիայի բրիտանական նահանգապետ Ջ. Մակֆերսոնին հասցեագրված նամակում նա գրում է, թե Էմինը «հիանալի մարդ է, իսկ եթե ակտիվ ծառայություն պահանջվի, նա ոչ մի բանի այնքան չի ձգտի, որքան հայտնվել մարտի ամենավտանգավոր եզրին»[10]։
Ջոնսի անդադար գրական աշխատանքը, զուգորդված ծանր դատական աշխատանքի հետ, ազդել է իր առողջության վրա։ Մահացել է Կալկաթայում 1794 թվականի ապրիլի 27-ին։ Լինելով արտակարգ լեզվաբան, լավ տիրապետելով տասներեք լեզվի և ունենալով միջին ծանոթություն քսանութ այլ լեզուների հետ, նրա գիտելիքների շրջանակը հսկայական էր։ Որպես սանսկրիտի ուսուցման ռահվիրա և որպես Ասիական ընկերության հիմնադիր՝ նա հին հնդուականների լեզուն և գրականությունը հասանելի դարձրեց եվրոպացի գիտնականներին և այդպիսով դարձավ սանսկրիտի և համեմատական բանասիրության ոլորտում հետագա նվաճումների անուղղակի պատճառը։ Նրա հիշատակին հուշարձան է կանգնեցվել Արևելահնդկական ընկերության կողմից Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում, իսկ արձան՝ Կալկաթայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 William Jones Biography
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 williwm jones biography
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 william jones biography
- 1 2 3 4 5 William Jones biography
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ William jones Biography
- 1 2 3 Kindred Britain
- ↑ Emin 1918, p. xxi. "He is a fine fellow, and if active service should be required, he would seek nothing so much as to be placed in the most perilous edge of the battle."
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 15 (11th ed.). Cambridge University Press. էջ 501.
- Emin, Emin Joseph (1918). Apcar, Amy (ed.). The Life and Adventures of Joseph Emin, 1726–1809 (2nd ed.). Calcutta: Baptist Mission Press. էջեր xix–xxii.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջոնս (արևելագետ)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջոնս (արևելագետ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
