Jump to content

Ուիլյամ Գիլբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Գիլբերտ
անգլ.՝ William Gilbert
Ծնվել էմայիսի 24, 1544[1]
Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 30, 1603(1603-11-30)[1][3] (59 տարեկան)
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
բնական մահով
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, բժիշկ, ճարտարագետ, ֆիզիկոս, աստղագետ և բնագետ
Գործունեության ոլորտֆիզիկոս, բժիշկ, ֆիզիկա[4], աստղագիտություն[4], մագնիսականություն[4], ելեկտրականություն[4] և բժշկություն[4]
Պաշտոն(ներ)President of the Royal College of Physicians?
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[5][4] և անգլերեն[4]
ՀայրJerome Gilberd?[6]
ՄայրJane Wingfield?[6]
 William Gilbert (physicist) Վիքիպահեստում

Ուիլյամ Գիլբերտ (անգլ.՝ William Gilbert, երբեմն ազգանունը նշվել է Gilberd, մայիսի 24, 1544[1], Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[2] - նոյեմբերի 30, 1603(1603-11-30)[1][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն)[7], անգլիացի ֆիզիկոս և բժիշկ, Եղիսաբեթ I-ի և Հակոբ I-ի պալատական բժիշկ։ Ուսումնասիրել է մագնիսական ու էլեկտրական երևույթներ, առաջինն է ներմուծել էլեկտրական եզրույթը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Գիլբերտը ծնվել է 1544 թվականի մայիսին Կոլչեստրում, Ջերոմ և Էլիզաբեթ Գիլբերտների ընտանիքում[8]։ Նրա հայրը եղել է հաշտարար դատավոր[7]։ Գիլբերտների ընտանիքը բավական ապահովված էր, և Ուիլյամը բժշկական լավ կրթություն է ստացել[8]։ 1561 թվականին նա ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննեսի քոլեջի բալկալավրիատը, 1564 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1569 թվականին՝ բժշկության դոկտորի աստիճան[7]։ Մի քանի հեղինակների պնդումն այն մասին, որ Գիլբերտը նաև սովորել է Օքսֆորդում, փաստերով ապացուցված չէ[9]։

Ուսումն ավարտելուց հետո Ուիլյամ Գիլբերտը երկար ուղևորություն է ձեռնարկել՝ ամենայն հավանականությանմբ ուղևորվելով Իտալիա[8][9]։ 1573 թվականին նա հաստատվել է Լոնդոնում՝ Սենտ Պիտերս Հիլլ շրջանում։ Շուտով դարձել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ և սկսել իր բժշկական պրակտիկան՝ ճանաչում ձեռք բերելով ազնվականական շրջանակներում[7]։ 1580-ական թվականների մեծ մասում զբաղեցրել է Բժիշկների թագավորական քոլեջի գրաքննիչի պաշտոն, ինը տարի եղել է գանձապահ, իսկ 1600 թվականին ստանձնել է քոլեջի նախագահի պաշտոնը[7]։

1601 թվականին Գիլբերտը նշանակվել է Եղիսաբեթ թագուհու բժիշկ, իսկ նրա մահից հետո 1603 թվականին ստացել նույն պաշտոնը նոր արքայի՝ Հակոբ Ա-ի օրոք, սակայն մեկ տարի չանցած՝ նա մահացել է հավանաբար ժանտախտի համաճարակից[10]։ Լինելով ամուրի՝ Բժշկական քոլեջին է կտակել իր գրքերը, սարքավորումները, հանքաքարերի հավաքածուն, որոնք, սակայն, ոչնչացել են Լոնդոնի մեծ հրդեհի (1666) արդյունքում[7]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գործող բժիշկ՝ Գիլբերտը հետաքրքրություն է դրսևորել քիմիայի հանդեպ։ Նա հետաքրքրվել է նաև աստղագիտությամբ, ուսումնասիրել է մոլորակների մասին հասանելի գրեթե ողջ գրականությունը, Կոպեռնիկոսի ու Ջորդանո Բրունոյի գաղափարների կողմնակիցն է եղել Անգլիայում[11]։ Մասնավորապես, նա կողմ է եղել Կոպեռնիկոսի այն կարծիքին, որ Երկիրն անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ, և որ անշարժ աստղերը նրա նկատմամբ տարբեր դիրքեր ունեն։ Մոլորակներն ուղեծրում պահող ուժի մասին հարցը նա դիտարկել է իր հիմնական աշխատությունում։ Գիլբերտի առաջ քաշած տեսակետներն իրենց հերթին ազդել են Կեպլերի վրա[9][10]։

Հայտնի չէ, թե ինչն է հատկապես պատճառ հանդիսացել Գիլբերտի՝ մագնիսականության նկատմամբ դրսևորած հետաքրքրության։ Հնարավոր է, որ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ նրա ժամանակներում մանրացված մագնիսը նշանակել են որպես լուծողական։ Մագնիսային երկաթի ֆիզիոլոգիական ազդեցության մասին բժիծշկը գրել է. «Վերադարձնում է աղջիկների գեղեցկությունը և առողջությունը, որոնք տառապում են գունատությունից, քանի որ այն չորացնում ու ձգում է մաշկը՝ առանց նրան վնաս պատճառելու»[11]։

Անկախ պատճառներից՝ մագնիսականությունը (ինչպես նաև էլեկտրականությունը) դարձել են Գիլբերտի գիտական հետաքրքրությունների գլխավոր առարկա, որը 17 տարի անց՝ 1600 թվականին, ավարտվել է վեցահատոր «De magnete, magneticisque corporibus et de Magno Magnete Tellure» (լատիներեն՝  «Մագնիսի, մագնիսային մարմինների և մեծ մագնիսի՝ Երկրի մասին») տրակտատով։ Այն դարձել է հիմնական աշխատությունը Եվրոպայում՝ նվիրված մագնիսականությանն ու էլեկտրականությանը[8]։ Հետագայում անգլիացի բանաստեղծ Ջոն Դրայդենը նրա մասին գրել է. «Գիլբերտը կապրի այնքան, քանի դեռ մագնիսներն իրար կձգեն» (անգլ.՝ Gilbert shall live till loadstones cease to draw)[7]:

Իր աշխատության մեջ Գիլբերտն առաջին անգամ տարանջատել է մագնիսկանությունն ու այսպես կոչված «սաթի էֆեկտը» (ժամանակակից եզրաբանության մեջ՝ ստատիկ էլեկտրականություն), ներմուծել է էլեկտրականություն հասկացությունը (սաթի հունարեն անվանումից՝ էլեկտրոն, հուն․՝ ἤλεκτρον )[8]: Ստեղծելով աշխարհում առաջին էլեկտրոսկոպը՝ նա ցույց է տվել, որ շփման դեպքում թեթև առարկաները դեպի իրեն ձգելու հատկություն ունի ոչ միայն սաթը, այլև մի շարք այլ նյութեր, որոնք նա նավանել է էլեկտրական մարմիններ (ալմաստ, շափյուղա, օպալ, ամեթիստ, լեռնային բյուրեղապակի, ծծումբ, հալիտ, ապակի, հալիտ և այլն)[12]։ Գիլբերտը նկարագրել է խոնավ միջավայրում էլեկտրականության հոսքի երևույթը և կրակի մեջ ստատիկ էլեկտրականության ոչնչացումը, որոշ նյութերի մեկուսիչ հատկությունը, կտորի, թղթի և մետաղի էկրանացման հատկությունը[12]։

Էռնեստ Բորդ (1877—1934), Ուիլյամ Գիլբերտը ցուցադրում է մագնիսը թագուհի Եղիսաբեթ I-ին, 1598

Բնական մագնիսների փորձերի շրջանակում Գիլբերտը ցուցադրել է, որ մագնիսական երկաթի մասնատման դեպքում նրա փշուրներից ամեն մեկը կունենա երկու բևեռ, որտեղ նման բևեռները իրար կվանեն, իսկ տարբեր բևեռները կձգեն իրար[11]։ Գիտնականը ցույց է տվել, որ երկաթյա իրերը մագնիսի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ, իսկ մագնիսի ուժը մակերևույթին մեծանում է։ Գիլբերտին հաջողվել է ժխտել չափազանցված տեսակետն այն մասին, որ սխտորը կարող է ազդեցություն ունենալ կողմնացույցի վրա[8]։ Չկարողանալով բացատրել բնական մագնիսականությունը՝ նա գրել է մագնիսի «հոգու» մասին, որով բացատրվում են նրա հատկությունները[11]։

Իր տրակտատում Գիլբերտն առաջին անգամ գիտականորեն բացատրել է այն փաստը, թե ինչու են կողմնացույցի սլաքները միշտ հյուսիսը մատնանշում[8]։ Փորձ կատարելով գնդի տեսք ունեցող մշակված մագնետիտով (այն անվանել է տերելլա, լատիներեն՝  երկիր)՝ նա ցուցադրել է, որ նրանում տեղադրված կողմնացույցը իրեն դրսևորում է այնպես, ինչպես այն կիրառում են ծովում կողմնորոշվելիս[11]։ Այս հիմքով էլ Գիլբերտն առաջին անգամ վարկած է քաշել այն մասին, որ Երկիրը հսկայական մագնիս է, որտեղ մագնիսական բևեռները կարող են համընկնել աշխարհագրական բևեռներին։ Հենվելով այս փաստերի վրա՝ նա նաև ենթադրել է, որ մոլորակներն ուղեծրում մնում են Արևի շուրջ որոշակի մագնիսական ուժի շնորհիվ[10]։

Բացի իր հիմնական աշխատությունից՝ Գիլբերտը մասնակցել է լոնդոնյան «Ֆարմակոպեայի» առաջին հրատարակության աշխատանքներին, որն արդեն լույս է տեսել նրա մահից հետո[12]։ 1651 թվականին Գիլբերտի կրտսեր խորթ եղբայրը Ամստերդամում հրատարակել է նրա ևս երկու ձեռագիր՝ «Մեր աշխարհի նոր փիլիսոփայություն» (լատիներեն՝ «De Mundo Nostro Sublunari Philosophia Nova») ընդհանուր անվանումով, սակայն այս աշխատությունը, ի տարբերություն «Մագնիսի մասին» տրակտատից, նշանակալի ազդեցություն չի թողել գիտական հասարակության վրա[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Olomouc City Library regional database (չեխերեն)
  2. 1 2 Гильберт Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 1 2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. CannadineOxford: OUP, 2004.
  4. 1 2 3 4 5 6 7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. 1 2 3 4 5 6 7 |Книга:DNB|автор=Norman Moore|статья=Gilbert, William (1540-1603)|том=21|страница=338
  8. 1 2 3 4 5 6 7 8 9 Gilbert, William (1544-1603) // Encyclopedia of British Writers, 16th and 17th Centuries / Dr. Alan Hager, general editor. — New York: Facts on File, 2005. — P. 169—170. ISBN 0-8160-5495-9
  9. 1 2 3 Emmanuel Dormy Gilbert (Gilberd), William // Biographical Encyclopedia of Astronomers / Thomas Hockey, Virginia Trimble, Thomas R. Williams (editors). — Springer, 2007. — Т. Volime I: A-L. — P. 418—419. ISBN 978-0-387-21022-0
  10. 1 2 3 |Британка онлайн|https://www.britannica.com/biography/William-Gilbert|William Gilbert|2020-06-09
  11. 1 2 3 4 5 Виктория Барановская (2017 թ․ մայիսի 24). «История науки: врач, отыскавший душу у магнита». Indicator.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  12. 1 2 3 Ги́льберт // Гермафродит — Григорьев. М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 124. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 7). ISBN 978-5-85270-337-8.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гильберт У. О магните, магнитных телах и большом магните — Земле. М., 1956
  • Edgar Zilsel, «The Origin of William Gilbert’s Scientific Method», Journal of the History of Ideas 2:1-32, 1941
  • Bochenski, Leslie «A Short History of Lunar Cartography» (April 1996) University of Illinois Astronomical Society

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գիլբերտ» հոդվածին։