Ուիլյամ Հերշել
Ուիլյամ Հերշել (Ֆրիդրիխ Վիլհելմ Հերշել) (անգլ.՝ William Herschel, գերմ.՝ Friedrich Wilhelm Herschel, նոյեմբերի 15, 1738[1][2][3][…], Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4][…] - օգոստոսի 25, 1822[1][3][5][…], Սլաու, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), գերմանական ծագումով նշանավոր անգլիացի աստղագետ։ Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1781 թվականից), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1789 թ.)։ Հայտնի է որպես Ուրան մոլորակի և նրա երկու արբանյակների՝ Տիտանիայի և Օբերոնի հայտնաբերող։ Նաև հայտնաբերել է Սատուրն մոլորակի երկու արբանյակ և ինֆրակարմիր ճառագայթումը։ Ավելի քիչ հայտնի են նրա քսանչորս սիմֆոնիաները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գերմանական Հաննովեր քաղաքում՝ քրիստոնեություն ընդունած աղքատ հրեա երաժշտի ընտանիքում[13][14]։ Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։ Հայրը հոբոյ է նվագել տեղի զինվորական նվագախմբում։ Զինվորական նվագախումբը, որի կազմում հոբոյ էին նվագում նաև տասնյոթամյա Վիլհելմն ու իր եղբայր Յակոբը, գործուղվում է Անգլիա։
Այնտեղ 1757 թվականից Վիլհելմը սկսել է զբաղվել երաժշտությամբ, իսկ հետո սկսել է հրապուրվել մաթեմատիկայով և աստղագիտությամբ։ Աստղագիտություն սովորել է ինքնուրույն։ 1773 թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789 թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու շնորհիվ կարողանում է պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը (երկարությունը՝ 12 սմ, հայելու տրամագիծը՝ 122 սմ)։ Դրանով նա կարողացավ ուսումնասիրել միգամածություններն ու գիսավորները, ինչպես նաև՝ Ծիր Կաթինի կառուցվածքը՝ եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ Արեգակնային համակարգը գտնվում է նրա կազմում։ Այս բոլոր աշխատանքներում Ուիլյամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։
Հարկ է նշել նաև, որ նա անում էր նաև տարօրինակ գիտական հետևություններ, օրինակ՝ համարում էր, որ բոլոր մոլորակները բնակեցված են, որ Արեգակի եռացող մթնոլորտի տակ գտնվում է ամպերի խիտ շերտ, իսկ ավելի ներքևում՝ պինդ մակերևույթ։
Ուիլյամ Հերշելն ու իր կին Մերին ունեցել են մեկ որդի՝ Ջոն անունով, որը հետագայում նույնպես դարձել է ճանաչված աստղագետ։ Ուիլյամի եղբայրներից մեկը՝ Ալեքսանդրը, քրոջ՝ Կարոլինի և զարմիկ Ջոնի մոտ ապրելու համար նույնպես տեղափոխվել է Անգլիա։ Եղբոր մահից հետո Կարոլինը վերադարձել է Հաննովեր, որտեղ էլ մահացել է 1848 թ. հունվարին։
Երկնքի դիտումներն Ուիլյամ Հերշելն սկսել է 1773 թվականից։ Հայտնաբերել Է Ուրան մոլորակը (մարտի 13, 1783 թ.), Ուրանի երկու արբանյակները (1787 թ.), դրանց հակադարձ շարժումը (1797 թ.), Սատուրնի երկու արբանյակները (1789 թ.), չափել է Սատուրնի և նրա օղակների պտտման պարբերությունները (1790 թ.) ևն։ Հաստատել Է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց երեք աստղացուցակ։ Հայտնաբերել Է ավելի քան 2500 նոր միգամածություններ և աստղակույտեր, ուսումնասիրել է Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրները։ Առաջինն է նշել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չափերը։ Հայտնաբերել Է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ քաշել դիֆուզ նյութից աստղերի առաջացման միգամածային կոսմոգոնիայի վարկած։
- Ուիլյամ Հերշելի պատվին իրենց անուններն են ստացել Լուսնի, Մարսի և Սատուրնի արբանյակ Միմասի վրա գտնվող խառնարաններ, ինչպես նաև՝ (2000) Հերշել աստղակերպը։
Հայտնագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրան մոլորակը հայտնաբերել է 1781 թվակյանի մարտի 13-ին։ Հերշելն այս հայտնագործությունը նվիրել է անգլիական թագավոր Գեորգ III-ին և հայտնաբերված մոլորակի անունը նրա պատվին դրել է «Գեորգի աստղ»` Georgium Sidus, որը, սակայն, այդպես էլ չի օգտագործվել։
- Սատուրն մոլորակի Միմաս և Էնկելադուս արբանյակները (1789)։
- Ուրան մոլորակի արբանյակներ Տիտանիան և Օբերոնը։
- Ներմուծել է «աստերոիդ» տերմինը (այն օգտագործելով հայտնաբերված արբանյակները բնութագրելու համար, քանի որ Հերշելի տրամադրության տակ եղած աստղադիտակներով դիտարկելիս մեծ մոլորակները երևում էին որպես սկավառակներ, իսկ նրանց արբանյակները՝ կետեր, ինչպես և աստղերը)։
- Արեգակնային համակարգի շարժումը դեպի Հերկուլեսի համաստեղություն։
- Ինֆրակարմիր ճառագայթումը. իրականացվել է մի գեղեցիկ փորձով՝ արևի լույսը պրիզմայով տրոհելով։ Հերշելը ջերմաչափը տեղադրել է անմիջապես սպեկտրի տեսանելի կարմիր գծի կողքին և ցույց տվել, որ ջերմաստիճանը բարձրանում է, և հետևաբար, ջերմաչափի վրա ազդում է լուսային ճառագայթում, որը տեսանելի չէ մարդու աչքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Clerke A. M. Herschel, William // Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: Smith, Elder & Co., 1885.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Витковский В. В. Гершель, Вильям (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 572.
- ↑ 5,0 5,1 5,2 Friedrich Wilhelm Herschell / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 9,0 9,1 https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Kindred Britain
- ↑ Lubbock, Constance Ann (1933). The Herschel Chronicle: The Life-story of William Herschel and His Sister, Caroline Herschel. CUP Archive. էջեր 1–.
- ↑ Holden, pp. 6–7.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հերշել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 381)։ |
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1738 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1822 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի աստղագետներ
- Գերմանացի աստղագետներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ