Ուեմբլի Արենա
Տեսակ | բազմաֆունկցիոնալ համալիր և Փակ արենա |
---|---|
Մարզաձև | հեծանվային սպորտ և Բադմինտոն |
Տեղագրություն | Բրենտ |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Բացված | հուլիսի 25, 1934 |
Ճարտարապետ | Arthur Elvin? |
Սեփականատեր | Quintain Estates and Development? |
Գործաղեկավար | Anschutz Entertainment Group |
Տարողություն | 12 500 |
Տնային թիմ | All England Badminton Championships? |
Կայք | ovoarena.co.uk |
Wembley Arena Վիքիպահեստում |
Ուեմբլի Արենա (անգլ.՝ Wembley Arena, ի սկզբանե՝ «Կայսերական լողավազան» (անգլ.՝ Empire Pool)), սպորտային և համերգային փակ համալիր Ուեմբլիում՝ Լոնդոնի Բրենթ շրջանում։ 1948 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի շրջանակներում այստեղ անցկացվել են մրցումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արենան կառուցվել է 1934 թվականին Արթուր Էլվինի նախաձեռնությամբ այդ տարվա բրիտանական կայսերական խաղերի համար։ Ի սկզբանե այն եղել է լողավազան, որի մասին է վկայում նաև նախնական անվանումը՝ «Կայսերական լողավազան»։ Այն օգտագործվել է 1948 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Ներկայումս Արենան օգտագործվում է սպորտային, երաժշտական, ժամանցային և ընտանեկան միջոցառումների համար։
Ուեմբլի շրջանի վերակառուցման շրջանակներում Ուեմբլի մարզադաշտի հետ միասին Արենան վերանորոգվել է։ Վերակառուցման արժեքը կազմել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։
Վերանորոգված Արենայի բացումը տեղի ունեցավ 2006 թվականի ապրիլի 2-ին «Դեփեշ Մոդ» խմբի համերգով։
Ուեմբլի Արենան ունի 12 500 տեղ և համարվում է Լոնդոնի՝ մեծությամբ երկրորդ փակ արենան O2 արենայից հետո, և տարածքի մեծությամբ երրորդ փակ համերգասրահը O2 արենայից և Էրլս Կորտ ցուցադրությունների կենտրոնից հետո։
Երաժշտական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեմբլի Արենայում անցկացվել են տարբեր ժանրերի աշխարհահռչակ երգիչների և խմբերի համերգներ։
1960-ական թվականների սկզբներին, երբ այն դեռ կոչվում էր «Կայսերական լողավազան», այնտեղ անցկացվում էին «New Musical Express» ամսագրի հարցումների հաղթողների ամենամյա համերգները։ 10 000 մարդուց բաղկացած լսարանի առջև երեք անգամ ելույթ է ունեցել «Բիթլզ» խումբը։ Այստեղ հանդես են եկել նաև Քլիֆ Ռիչարդը, «Ստվերներ» (անգլ.՝ «The Shadows») բրիտանական ռոք խումբը, Ջո Բրաունը, Ռոլինգ Սթոունզը, Ռոդ Ստյուարդը, «The Who» խումբը և այլք։ Համերգների ավարտին հաճախ բեմ էին հրավիրում հայտնի մարդկանց՝ կատարողներին պարգևներ շնորհելու նպատակով։ Այդպես Բիթլզը մրցանակ շնորհեց Ռոջեր Մուրին, իսկ Ռոյ Օրբիսոնը՝ Քլիֆ Ռիչարդին։ 1963 թվականին վերջինս նաև շնորհավորական նամակ է ստացել Էլվիս Փրեսլիից։ Այդ ժամանակ Ռիչարդը որպես մենակատար առաջ է անցել Էլվիսից՝ այդ տարի վաճառելով ավելի շատ ձայնագրություն, քան աշխարհում որևէ այլ երաժիշտ։ Նրա համերգները նկարահանվել են, ապա ցուցադրվել հեռուստատեսությամբ։
Ուեմբլի Արենայում ամենաշատ համերգներն ունեցել է Քլիֆ Ռիչարդը։ Այստեղ նրա առաջին մենահամերգը կայացավ 1984 թվականին, վերջինը՝ 63-րդը՝ 2009 թվականին։ Երգչուհիների մեջ առաջատար է Թինա Թըրները՝ 26 համերգով։
Մասնակցություների գլխավոր ռեկորդը սահմանվել է 1970-ական թվականներին, երբ Դեվիդ Քեսիդին 1973 թվականին Մեծ Բրիտանիա կատարած առաջին շրջագայության ժամանակ միայն հանգստյան օրերին տվեց վեց համերգ։
1978 թվականին այստեղ ելույթ ունեցավ «Electric Light Orchestra» խումբը՝ այստեղ տալով ութ մենահամերգ (այդ ժամանակի ռեկորդ)։
1979 թվականի նոյեմբերի 5-10-ը «Աբբա» խումբը տվեց վեց անշլագային համերգ։ Դրանք նկարահանվեցին, շվեդական հեռուստաընկերությունը փաստագրական ֆիլմ նկարահանեց, որը 2004 թվականին թողարկվեց DVD-ով[2]։ Դրանից հետո խմբի անդամները խոսում էին Ուեմբլի Արենայի հանդիսատեսի ջերմ ընդունելության մասին։ Կիթառահար Բյորն Ուլվեուսն ասել է․
Դա նման էր մի քանի գիշեր բացակայելուց հետո տուն վերադառնալուն[3]։ |
Միթ Լոուֆը իր 20/20 շրջագայության ժամանակ Ուեմբլիում հանդես է եկել 2 համերգով, որոնք ձայնագրվել են և հետագայում թողարկվել որպես ալբոմ։
1987 թվականին «Marillion» խումբը Ուեմբլիում տվել է երեք համերգ։ The Cure բրիտանական ռոք խումբը ևս այստեղ կազմակերպել է իր շոուն 1989 թվականի հուլիսին։
1991 թվականին Ջորջ Մայքլն իր «Cover to Cover tour» շրջագայության ժամանակ այստեղ ունեցել է չորս համերգ։ Վերջին համերգի ժամանակ՝ մարտի 23-ին, Էլթոն Ջոնը հավաքվածներին զարմացրեց համերգասրահում իր ասպասելի հայտնվելով, և նրանք միասին կատարեցին «Don’t Let the Sun Go Down on Me» երգը։
1994 թվականի ապրիլին Բարբարա Սթրեյզանդը իր «Բարբարա» համերգային շրջագայությունը սկսեց Արենայում տված չորս համերգով։ Դա Մեծ Բրիտանիայում նրա առաջին ելույթն էր 28 տարի անց և միակը ԱՄՆ-ից դուրս։
«Spice Girls» խումբը 1998 թվականին Արենայում տվել է ինը անշլագային համերգ։ 2003 թվականին այստեղ համերգով հանդես են եկել նաև Քրիստինա Ագիլերան և Բիյոնսեն, իսկ 2006-ին՝ Փինկը։
2007 թվականին այստեղ տեղի է ունեցել Pearl Jam-ի համերգը, որն ամենամարդաշատն էր Արենայի ողջ պատմության մեջ (12 470 մարդ)[4]։
Բոբ Դիլանն իր ողջ կարիերայի ընթացքում այստեղ ունեցել է 12 համերգ՝ վաճառելով 150 000 տոմս[5]։ Նորվեգական «a-ha» երաժշտական խումբը 2010 թվականի նոյեմբերի 27-ին արենայում տվել է Բրիտանական շրջագայության եզրափակիչ համերգը[6]։ Թեյլոր Սվիֆթը ևս ելույթ է ունեցել արենայում։ Դա Մեծ Բրիտանիայում նրա առաջին խոշոր ելույթն էր։
«McFly» խումբն իր կարիերայի ընթացքում Արենայում անցկացրել է 7 համերգ՝ վաճառելով ավելի քան 70 000 տոմս։ 2006 թվականին Մադոննան այստեղ ունեցել է 8 գիշերային համերգ, իսկ 2011 թվականին համերգով հանդես է եկել«Alter Bridge» ամերիկյան ռոք խումբը։
Արենայում երկու անգամ՝ 2002 և 2007 թվականներին, ելույթ է ունեցել Շակիրան։
2011 թվականին հայտարարվեց, որ Միացյալ Թագավորության «X Factor»-ի հաղթողը հնարավորություն կունենա հանդես գալ Արենայում, և 2011 թվականի դեկտեմբերին «Mix» խումբը հաղթանակից հետո ելույթ ունեցավ 11 500 հանդիսատեսի առջև։
2012 թվականին Արենայում համերգ տվեց նաև կանադական «Nickelback» ռոք խումբը։
Փառքի հրապարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Ուեմբլի Արենայի վերանորոգումից հետո կառույցի առջևի հրապարակը կոչվեց «Փառքի հրապարակ»։ Հոլիվուդյան փառքի ծառուղու նմանությամբ Ուեմբլի Արենայում հանդես եկած նշանավոր մարդիկ այս հրապարակում թողնում են իրենց անվանական բրոնզե ցուցանակներն ու ձեռքի հետքը։ Հրապարակում իր դրոշմն առաջինը թողել է Մադոննան 2006 թվականի օգոստոսի 1-ին[7]։
Այնուհետև իրենց հետքը թողեցին Քլիֆ Ռիչարդը, «Status Quo» խմբի անդամներ Ռիկ Պարֆիտն ու Ֆրենսիս Ռոսին։ 2007 թվականի հունվարի 9-ին հրապարակում ավելացավ նաև Քայլի Մինոուգի ձեռքի դրոշմը։
Փառքի հրապարակում կարելի է գտնել նաև մի շարք այլ աստղերի ցուցանակներն ու ձեռքի հետքերը։ Նրանց թվում են՝ սնուկերի աշխարհի յոթակի չեմպիոն Ստեֆան Հենդրին, երգչուհի Դոլլի Փարթոնը, կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը, Լայոնել Ռիչին, իռլանդական «Westlife» խմբի բոլոր անդամները[8]։
Սպորտային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունվարից Արենայում ամեն տարի անցկացվում է սնուկերի Մասթերս մրցաշարը։
Արենան հաճախ օգտագործվում է ներսում անցկացվող այնպիսի սպորտային հանդիպումների համար, ինչպես ընդհանուր մենամարտերը, բոքսը, հոկեյը։ Այստեղ է անցկացվել նաև Ալան Մինթերի և Մարվին Հագլերի միջև աշխարհի առաջնության մենամարտը։
1948 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Արենայում անցկացվեցին բոքսի, լողի, ջրացատկի և ջրագնդակի մրցումներ[9]։
«Wembley Lions» և «Wembley Monarchs» հոկեյի թիմերը պարբերաբար օգտագործել են արենան 1940-ական, 1950-ական և 1960-ական թվականներին, իսկ 1970-ականներին այստեղ տեղակայվել է «London Lions» թիմը։ Մինչև 1996 թվականը՝ Բրիտանական հոկեյի լիգայի լուծարվելը, լիգայի բոլոր մրցաշրջանների եզրափակիչ խաղերն անցկացվել են Ուեմբլի արենայում։ 1993 թվականին Արենան ընդունում էր նաև Հոկեյի ազգային լիգայի «Տորոնտո Մեյփլ Լիֆս» և «Նյու Յորք Ռենջերս» թիմերի խաղերը։
Այստեղ են կայացել 2009, 2010 և 2011 թվականների դարթսի պրեմիեր լիգայի եզրափակիչ խաղերը, իսկ 2018 թվականի սեպտեմբերին Արենայում անցկացվելու է «Faceit» ընկերության գլխավոր մրցարշավը[10]։
2012 թվականի օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Արենայում անցկացվել են բադմինտոնի (հուլիսի 28-օգոստոսի 5) և գեղարվեստական մարմնամարզության (օգոստոսի 9-12) մրցումներ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Carl Magnus Palm, «Bright Lights Dark Shadows» (2002)
- ↑ Documentary «Words and Music», Polar Music International AB (1980)
- ↑ «Pearl Jam set new Wembley record». Music Week. 2007 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Still On The Road Index Page». Bjorner.com. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ A-ha Setlist of last UK Wembley show 2010(չաշխատող հղում)
- ↑ «Wembley Arena». LiveNation. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Arena Square , Wembley City». Whatsonwembley.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 1948 Summer Olympic official report. Արխիվացված 2011-07-27 Wayback Machine pp. 43, 49.
- ↑ «Counter-Strike: Global Offensive». Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «profile». London2012.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-07-18 Wayback Machine