Ուելսի արքայադուստր Շառլոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուելսի արքայադուստր Շառլոտա
անգլ.՝ Charlotte Augusta of Wales
 
Կուսակցություն՝ Վիգեր
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 7, 1796(1796-01-07)[1][2][3][…]
Ծննդավայր Carlton House, Լոնդոն
Վախճանի օր նոյեմբերի 6, 1817(1817-11-06)[1][2][4] (21 տարեկան)
Վախճանի վայր Կլարեմոն, Սըրրի
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Հանովերյան արքայատոհմ
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Princess Charlotte Augusta of Wales և հուն․՝ Καρλόττα Αυγούστα
Հայր Գեորգ IV[5]
Մայր Բրաունշվայգի արքայադուստր Կարոլինա[5]
Ամուսին Լեոպոլդ I[5]
Զավակներ stillborn son von Sachsen-Coburg und Gotha?[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Dame Grand Cordon of the Order of Saint Catherine

Շառլոտա Ավգուստա Ուելսցի (անգլ.՝ Charlotte Augusta of Wales, հունվարի 7, 1796(1796-01-07)[1][2][3][…], Carlton House, Լոնդոն - նոյեմբերի 6, 1817(1817-11-06)[1][2][4], Կլարեմոն, Սըրրի), Ուելսի արքայազն Գեորգի (որն ավելի ուշ դարձել է Գեորգ IV-ը) և նրա կնոջ՝ Բրաունշվայգի արքայադուստր Կարոլինայի միակ զավակը։ Ամբողջ կյանքի ընթացքում արքայադուստրը գահաժառանգման գծով հորից հետո երկրորդ տեղում է եղել։

Շառլոտա Ավգուստայի ծնողները միմյանց չեն համակրել դեռ մինչև ամուսնությունը և դստեր ծննդից հետո գրեթե անմիջապես բաժանվել են։ Արքայադստեր խնամքը Ուելսի արքայազնը հանձնարարել է տնային դաստիարակչուհիներին և ծառաներին՝ սահմանափակելով դստեր շփումը մոր հետ, որը վերջիվերջո լքել է երկիրը։ Երբ Շառլոտան մեծացել է, հայրը հարկադրել է նրան ամուսնանալ Օրանի թագաժառանգ Վիլլեմի՝ Նիդերլանդների ապագա թագավոր Վիլլեմ II-ի հետ։ Սկզբում արքայադուստրն ընդունել է Վիլլեմին, սակայն շուտով հրաժարվել է նրա հետ ամուսնական դաշն կնքել։ Երկար ժամանակ հոր կամքին ընդդիմանալուց հետո, վերջինիս համաձայնությամբ ամուսնացել է Սաքս Կոբուրգ Զաալֆելդի արքայազն Լեոպոլդի՝ Բելգիայի ապագա թագավորի հետ։ Մեկուկես տարվա ամուսնական երջանիկ կյանքից հետո Շառլոտա Ավգուստան մահացել է մեռելածին որդու ծննդաբերության ժամանակ։

Շառլոտայի մահը մեծ վիշտ է դարձել բրիտանացիների համար, որոնք նրա մեջ տեսնում էին իրենց ապագա թագուհուն, որը զարմանալիորեն տարբերվելու էր ժողովրդականություն չվայելող հորից և անմիտ պապից։ Քանի որ Շառլոտան Գեորգ III-ի միակ օրինական թոռնուհին էր, արքայի չամուսնացած որդիների վրա ճնշում է գործադրվել կին փնտրելու հարցում։ Արդյունքում, Գեորգ III-ի չորրորդ որդին՝ Քենտի դուքս Էդուարդ Ավգուստը, դարձել է գահի հավանական ժառանգորդի՝ Վիկտորյա Ալեքսանդրինայի հայրը, որը ծնվել է Շառլոտա Ավգուստայի մահից տասնութ ամիս անց։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտայի հայրը՝ Ուելսի արքայազն Գեորգը, 1792 թվականին

1794 թվականին Ուելսի արքայազն Գեորգը հարմար հարսնացուի փնտրտուքների մեջ էր։ Գեորգի փնտրտուքները ոչ թե բրիտանական գահի ժառանգորդությունն ապահովելու համար էին, այլ սեփական շահերի. վարչապետ Ուիլյամ Փիտ Կրտսերը արքայազնին խոստացել էր հարսանիքից հետո ավելացնել եկամուտները։ Թեպետ Գեորգը՝ որպես Ուելսի արքայազն և Կորնվալի դուքս, լավ եկամուտ է ունեցել, սակայն չէր ապրում միջոցներին համապատասխան, և 1794 թվականին փողերը նրան չէին հերիքում, որպեսզի մարի պարտքերի տոկոսները[6]։

Գեորգը փորձել է ամուսնանալ իր սիրուհու՝ Մարիա Ֆիցհերբերտի հետ, սակայն այդ ամուսնությունը չէր կարող ունենալ իրավաբանական ուժ, քանի որ Գեորգը, հստակ գիտակցելով մտադրության ապարդյունությունը, նույնիսկ չի փորձել դրա համար ստանալ հոր համաձայնությունը, քանի որ 1772 թվականից դա պարտադիր նախատեսված էր թագավորական ամուսնությունների օրենքով։ Ամեն դեպքում Ֆիցհերբերտը մնացել է արքայազնի սիրուհին նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մյուս սիրուհիները, օրինակ՝ լեդի Ջերսին, դուրս են եկել նրա հովանավորությունից[7]։

Որպես Գեորգի հավանական հարսնացուներ դիտարկվել են գերմանացի երկու արքայադստրեր, որոնք երկուսն էլ արքայազնի ազգականուհիներն էին։ Լուիզա Մեքլենբուրգ-Ստրելիցկայան Կառլոս II դուքսի՝ Գեորգի հարազատ մորեղբոր դուստրն էր։ Մյուս թեկնածուն՝ Կարոլինա Բրաունշվայգցին էր՝ Ավգուստա Մեծբրիտանացու դուստրը, որն արքայազնի հարազատ հորաքույրն էր։ Գեորգի մայրը՝ Շառլոտա թագուհին, բազմաթիվ անհանգստացնող լուրեր է ստացել արքայադուստր Կարոլինայի վարքի մասին, այդ իսկ պատճառով հակված էր Լուիզայի հետ ամուսնությանը, որին նաև համարում էր ավելի հրապուրիչ։ Բամբասանքներ էին պտտվում, որ արքայադուստր Կարոլինան անվայել էր պահել իրեն իռլանդացի սպաների հետ, որոնք ծառայում էին նրա հոր բանակում։ Բացի այդ՝ արքայադստեր հետ ամուսնության նախնական բանակցությունները ձախողվել էին անհայտ պատճառներով։ Անկախ այդ ամենից՝ Գեորգը, որն այդ ժամանակ գտնվում էր լեդի Ջերսիի ազդեցության տակ, և որն էլ Կարոլինային համարում էր ոչ սպառնալից մրցակից, քան Լուիզան, ընտրում է Բրաունշվայգի արքայադստերը, թեպետ նախկինում երբեք չէր հանդիպել նրան։ Արքայի կարգադրությամբ Բրաունշվայգ է ուղարկվում դիվանագետ, Մալմսբերիի կոմս Ջեյմս Հարիսը, որը պետք է ուղեկցեր արքայադստերը Մեծ Բրիտանիա[8]։

Հասնելով Բրաունշվայգ՝ Մալմսբերին արքայադստերը գտնում է անխնամ և ամենայն հավանականությամբ օրեր շարունակ չլողացած վիճակում։ Նա խոսում էր կոպիտ և անպատշաճ մտերմությամբ։ Կոմսը գրեթե չորս ամիս է անցկացրել նրա հետ՝ անելով ամենայն հնարավորը, որպեսզի բարելավի նրա պահվածքը և սովորությունները։ Այնուհետև արքայադստեր հետ մեկնել է Լոնդոն, սակայն ճանապարհը երկար է տևել ձմեռային վատ եղանակի և Ֆրանսիայում պատերազմի արդյունքում առաջ եկած դժվարությունների պատճառով։ Տեղ հասնելուց հետո Մալմսբերին Կարոլինային տարել է Սենթ Ջեյմսի պալատ, որտեղ արքայադուստրը հանդիպել է Ուելսի արքայազնին։ Իր հարսնացուին մեկ հայացք նետելով՝ Գեորգն արտաբերել է. «Հարի՛ս, ես լավ չեմ, խնդրում եմ, ինձ մի բաժակ բրենդի տուր»[9]։ Արքայազնի հեռանալուց հետո Կարոլինան Մալմսբերիին ասել է. «Ես կարծում եմ, որ նա շատ գեր է և այնքան գեղեցկադեմ չէ, ինչպես պատկերված էր նկարում»։ Երբ զույգը այդ երեկոյան ընթրել է, զայրացած արքայադուստրը կոպիտ ակնարկներ է արել արքայազնի և լեդի Ջերսիի հարաբերությունների վերաբերյալ[10], որը, Հարիսի խոսքերով, էլ ավելի է խորացրել Գեորգի տհաճությունը նրա հանդեպ։ 1795 թվականի ապրիլի 8-ին կայացած հարսանիքից առաջ Գեորգը իր եղբայր Ուիլյամին ուղարկել է Ֆիցհերբերտի մոտ՝ հաղորդելու նրան, որ նա միակ կինն է, որին ինքը կսիրի։ Այնուհետև Գեորգը հարբել է և գնացել հարսանեկան արարողությանը[11]։

Հետագայում Գեորգը հայտնել է, որ կողակցի հետ անկողինը կիսել է միայն երեք անգամ, և որ արքայադուստրը մեկնաբանել է նրա սեռական օրգանի չափը, ինչը արքայազնի մոտ մտքեր է առաջացրել այն մասին, որ Կարոլինան համեմատելու նյութ է ունեցել և վաղուց արդեն կույս չէր։ Ինքը Կարոլինան ակնարկել է, որ արքայազնը իմպոտենտ է[12]։ Զույգը բաժանվել է հարսանիքից մի քանի շաբաթ անց, թեպետ նրանք շարունակել են ապրել նույն հարկի տակ։ Չնայած համատեղ այդքան կարճ կյանքին՝ հարսանիքից ինն ամիս անց արքայադուստրն աղջիկ է ունեցել[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտա Ավգուստայի դիմանկարը մանուկ հասակում

Շառլոտա Ավգուստան ծնվել է 1796 թվականի հունվարի 7-ին Կառլտոն հաուսում՝ հոր լոնդոնյան կալվածքում։ Գեորգը դժգոհ էր դստեր ծնունդից, քանի որ հույս ուներ, որ Կարոլինան որդի կծնի, սակայն թագավորին այդ հանգամանքն ընդհանրապես չի խանգարել. նա հիացմունքի մեջ էր ընտանիքում առաջին օրինական թոռան հայտնվելու առիթով և հույս ուներ, որ երեխան կարող է մտերմացնել ծնողներին։ Մտերմացում այդպես էլ տեղի չունեցավ. Շառլոտա Ավգուստայի ծննդից երեք օր անց նրա հայրը կազմել է կտակ, որտեղ հեռացրել է կնոջը դստեր դաստիարակությունից, իսկ իր ողջ կարողությունը կտակել է սիրուհուն՝ Մարիա Ֆիցհերբերտին։ Իշխող դինաստայի շատ անդամներ ժողովրդի շրջանում հայտնի չէին, իսկ արքայադստեր ծնունդն ընդունել են ուրախությամբ[14]։ 1796 թվականի փետրվարի 11-ին փոքրիկ արքայադստերը անվանակոչել են Շառլոտա Ավգուստա՝ ի պատիվ երկու տատիկների՝ Շառլոտա թագուհու և Ավգուստա դքսուհու[15]։ Արարողությունը տեղի է ունեցել Կառլտոն հաուսի հյուրասրահում Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջոն Մուրի գլխավորությամբ։ Կնունք ընդունողները թագավոր Գեորգ III-ը, Շառլոտա թագուհին և դքսուհի Ավգուստինան էին[16]։

Չնայած այն բանին, որ Կարոլինան ունեցել է գահի հաջորդականության մեջ երկրորդ հերթն զբաղեցնող երեխա, նա այդպես էլ չի ստացել իր հանդեպ լավագույն վերաբերմունքը։ Ընդ որում Գեորգը սահմանափակել է նրա շփումը դստեր հետ՝ թույլատրելով հանդիպել միայն բուժքրոջ և տնային դաստիարակչուհու ներկայությամբ[15]։ Կարոլինային թույլատրվել են ամենօրյա սովորական այցելություններ, որոնք ավանդական էին այդ ժամանակների բարձր դասի ծնողների համար, սակայն նա զրկված էր արքայադստեր դաստիարակության և խնամքի հարցերով ձայնի իրավունքից[17]։ Չնայած այս բոլոր արգելքներին՝ Գեորգի տան գթասիրտ սպասավորները հաճախ թույլ են տվել Կարոլինային՝ դստեր հետ մենակ մնալ։ Գեորգը տեղյակ չի եղել կատարվածից, քանի որ ինքը հազվադեպ է տեսակցել Շառլոտա Ավգուստայի հետ։ Ի վերջո, Կարոլինան դադարել է ամուսնուց թաքցնել իր գաղտնի հանդիպումները դստեր հետ և սկսել է ծածկակառքով երթևեկել նրա հետ Լոնդոնում ամբոխի ծափահարությունների ներքո[15]։

Շառլոտա Ավգուստան եղել է առողջ երեխա, և նրա կենսագիր Թեա Հոլմի խոսքերով՝ «վաղ գրառումներն այն տպավորությունն էին թողնում, որ Շառլոտան խելացնոր երջանիկ է և ջերմ սիրտ ունի»[18]։ Շառլոտան մեծանում էր և աստիճանաբար դառնում ծնողների պայքարի խաղազինվորը, որոնք ձգտում էին իրենց կողմը գրավել թագավորին և թագուհուն[19]։ 1797 թվականի օգոստոսին Կարոլինան թողել է Կառլտոն հաուսը և տեղափոխվել ապրելու Բլեքհիթի մոտ գտնվող վարձակալությամբ տանը՝ թողնելով իր դստերը ատելի ամուսնու խնամքի տակ, քանի որ այդպես էր պահանջում անգլիական օրենքը, ըստ որի՝ հայրն ավելի շատ իրավունքներ ուներ անչափահաս երեխաների դեպքում, քան մայրը։ Սակայն արքայազնը միջոցներ ձեռք չի առել՝ Կարոլինային սահմանափակելու դստերն այցելելու[20]։ 1798 թվականի դեկտեմբերին Գեորգը հրավիրել է կնոջը՝ ձմեռն անցկացնելու Կառլտոն հաուսում, սակայն Կարոլինան հրաժարվել է։ Այդ հրավերը եղել է Գեորգի կողմից հաշտության համար միակ լուրջ ջանքը, և դրա ձախողումը նշանակում էր, որ Գեորգն այլևս երբեք չի ունենա օրինական որդի, որը կկանգներ Շառլոտա Ավգուստայի և բրիտանական գահի միջև[21]։ Կարոլինան շարունակել է այցելել դստերը Կառլտոն հաուսում։ Բացի այդ, Շառլոտային երբեմն տանում էին Բլեքհիթ, որտեղ նա այցելում էր մորը, սակայն արքայադստերը երբեք թույլ չեն տվել մնալ մոր տանը[22]։ Ամառային արձակուրդների ժամանակ Գեորգը դստեր համար Բլեքհիթում վարձակալել է Շրուսբերի լոջը, ինչն էլ ավելի է հեշտացրել շփումը մոր հետ[23]։

Արքայադուստր Շառլոտա Ավգուստայի սիրելի տնային դաստիարակչուհին՝ Մարթա Բրյուսը

Երբ Շառլոտա Ավգուստան ութ տարեկան էր, նրա հայրը, որը կրկին վերադարձել էր Ֆիցհերբերտի մոտ, որոշել է, որ նա պետք է լինի Կառլտոն հաուսում։ Գեորգը վերցրել է կնոջ ննջարանը, իսկ Կարոլինան դրա փոխարեն սենյակ է ստացել Քենսինգթոնյան պալատում, իսկ Շառլոտա Ավգուստային տեղավորել է հարևան Մոնթեգյու հաուսում։ Ինչպես նշել է Ջեյմս Չեմբերսը՝ Շառլոտա Ավգուստայի մեկ այլ կենսագիր, երիտասարդ արքայադուստրը «ապրել է իր սեփական արքունիքում այնպիսի խմբի ընկերակցությամբ, որտեղ չկար որևէ մեկը, որոնցից որևէ մեկը չէր վճարի, որպեսզի տեղ չզբաղեցներ նրա արքունիքում»[22]։ Տեղափոխությունը տեղի է ունեցել արքայադստեր սիրելի տնային դաստիարակչուհու՝ Մարթա Բրյուսի բացակայությամբ, որը կոմս Էլջինի այրին էր և ըստ պաշտոնական տարբերակի՝ ստիպված էր ծերության պատճառով թոշակի գնալ։ Իրական պատճառը բոլորովին այլ է եղել. Մարթան բարկացրել է Գեորգին նրանով, որ առանց նրա թույլտվության Շառլոտա Ավգուստային այցելության է տարել թագավոր պապի մոտ։ Շուտով թոշակի է գնացել նաև Մարթա Բրյուսի նախկին օգնականուհին՝ միսս Հեյմանը, այն բանի համար, որ չափազանց ընկերական է եղել Կարոլինայի հետ, և որն էլ շուտով նրան ծառայության է վերցրել իր մոտ։ Նոր դաստիարակչուհի Սոֆյա Սաութվելը բարոն Քլիֆորդի այրին էր, հմայված էր Շառլոտա Ավգուստայով և չափազանց լավ էր դաստիարակված, որպեսզի կարգապահությամբ ընտելացներ երեխային, իսկ Շառլոտա Ավգուստան շուտով փոխակերպվել է թոկից փախածի։ Լեդի Քլիֆորդի ժամանակ արքայադստեր մանկական ընկերն է դարձել նրա ազգական հարգարժան Ջորջ Քեփելը, որը երեք տարով փոքր էր Շառլոտա Ավգուստայից։ Քառասուն տարի անց Քեփելը հիշատակել է արքայադստերն իր հուշագրություններում՝ դառնալով Շառլոտա Ավգուստայի մանկության մասին հումորների աղբյուր։ Բացի արքայադստեր մանկական չարաճճիությունները՝ նա հիշել է այն մասին, թե ինչպես մի անգամ իրենք սկզբում զննել են Էրլս կորտում Քեփել հաուսի մոտ երիտասարդ արքայադստերը տեսնելու հույսով հավաքված ամբոխը, իսկ հետո իրենք անճանաչելիորեն խառնվել են ամբոխին[24]։

1805 թվականին թագավորն սկսել է պլաններ կառուցել Շառլոտային կրթության վերաբերյալ և իր միակ օրինական թոռնուհու համար վարձել է ուսուցիչների խումբ՝ եպիսկոպոս Էքսերեթի գլխավորությամբ, որը պետք է աղջկան ուղղության տար հավատի հարցերում, ինչն էլ իր հերթին, ինչպես կարծում էր թագավոր Գեորգը, Շառլոտա Ավգուստան պետք է պաշտպաներ թագուհու կարգավիճակում։ Թագավորը հույս է ունեցել, որ ուսուցիչները կկարողանան «պատիվ տալ նրան, իրենց հարաբերություններն ավելի մտերմիկ դարձնել և ծանոթացնել նրան դոմինիոնների հետ, որոնց նա հետագայում պետք է կառավարի»։ Այս հրահանգները մեծ տպավորություն չեն թողել Շառլոտա Ավգուստային վրա, որն իր համար հստակ որոշել էր, որ կսովորի այն, ինչ ինքը կուզի[25]։ Արքայադուստրը տարված էր դաշնամուր նվագելով[26] և որպես ուսուցիչ վարձված էր այդ ժամանակներում հայտնի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Ջեյն Մերի Գեսթը[27]։

Շառլոտա Ավգուստան 1807 թվականին

Թողնելով Կառլտոն հաուսը՝ արքայադստեր մայրը, այլևս զսպված չլինելով ամուսնական կարգավիճակով, սկսել է ազատ կյանք վարել։ Նա կազմակերպել է բազմամարդ ընդունելություններ և սիրախաղ է արել քաղաքական և ռազմական բազմաթիվ գործիչների հետ, ինչպես՝ ադմիրալ Սիդնի Սմիթի և Ջորջ Կանինգի[28]։ Կարոլինայի այդօրինակ վարքը հանգեցրել է նրան, որ 1807 թվականին նա մեղադրվել է ամուսնու հետ գժտվելուց հետո այլ տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալու մեջ։ Այդ մեղադրանքի պատճառը Կարոլինայի յուրօրինակ կապվածությունն էր փոքրիկ Ուիլյամ Օսթինի հետ, որին նա վերցրել էր խնամակալության 1802 թվականին, և որն էլ բացատրում էին նրանով, որ տղան նրա սեփական երեխան էր այլ տղամարդուց։ Կարոլինայի ամուսինը հույս է ունեցել, որ այսպես կոչված «նրբանկատ հետաքննությունը», որն սկսվել էր 1806 թվականին, կարող է ամուսնական անհավատարմություն ապացուցել կնոջ կողմից, ինչը թույլ կտար իրեն՝ Գեորգին, ամուսնալուծության իրավունք ստանալ և արգելել Կարոլինային տեսնվել դստեր հետ[29]։ Քննիչները չեն հարցաքննել ոչ Կարոլինային, ոչ նրա ենթադրյալ սիրեկաններին, որոնց թվում էին այնպիսի նշանավոր անձինք, ինչպես՝ ծովակալ Սիդնի Սմիթը, քաղաքագետ Ջորջ Կանինգը և նկարիչ Թոմաս Լոուրենսը, այլ կենտրոնացել են Ուելսի արքայադստեր ծառաների վրա։ Երբ ծառաներին հարցաքննել են Կարոլինայի ենթադրվող հղիության մասին, որոշ ծառաներ հաստատել են այն, բայց որոշներն էլ հերքել են։ Ծառաների մի մասը վստահ էր Կարոլինայի հղիության վերաբերյալ, իսկ մյուս մասը կասկածում էր՝ պնդելով, որ արքայադուստրն այնքան ավելորդ քաշ ուներ, որ չի կարելի հաստատ պնդել։ Ծառաները չեն կարողացել նշել Կարոլինայի ոչ մի սիրեկանի անուն, բայց նրա սպասավոր Ջոզեֆ Ռոբերթսը հայտարարել է, արքայադուստրը «շատ է սիրում սեքս»[30]։ Շառլոտա Ավգուստան տեղյակ է եղել քննությունից։ Տասնամյա արքայադուստրը խորը վշտացած էր, երբ հանդիպել է մորը այգում, որը հետևելով արքայազնի հրահանգին, այն է թե՝ ոչ մի շփում չունենալ Շառլոտա Ավգուստայի հետ, ձևացրել է, թե չի նկատում դստերը[31]։ Մեծ է եղել Գեորգի հիասթափությունը, երբ հետաքննող հանձնախումբը չի գտել որևէ ապացույց, որ Կարոլինան ծնունդ է տվել երկրորդ երեխայի, թեպետ նշվել է, որ արքայադստեր վարքը որոշ թյուրըմբռնումների տեղիք է տալիս։ Հետաքննության ժամանակ Կարոլինային շատ սիրող արքան հեռու է վանել նրան, սակայն երբ պարզ է դարձել, որ արքայադուստրը ոչ մի բանում մեղավոր չէ, կրկին սկսել է տեսակցել նրա հետ[30]։ Քննության ավարտից հետո Գեորգը դժկամորեն թույլ է տվեցլ Շառլոտա Ավգուստային հանդիպել մորը։ Հանդիպումները պետք է կայանային շաբաթվա մեջ միայն մեկ անգամ Կարոլինայի մոր ներկայությամբ[32] Բլեքհիթում կամ էլ Քենսինգթոնում միայն այն պայմանով, որ աղջիկը որևէ շփում չի ունենա Ուիլյամ Օսթինի հետ[33]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սեմյուել Ագարի աշխատանքի փորագրություն, որն արվել է Շառլոտա Ջոնսի 1814 թվականի ավելի վաղ նկարից

Դեռահասության շրջանում Շառլոտա Ավգուստայի մուտքի ժամանակ արքունիքի անդամները նրա պահվածքը համարել են անարժան[34]. մասնավորապես, արքայադստեր տնային դաստիարակչուհի լեդի Քլիֆորդը բողոքել է այն բանից, որ Շառլոտա Ավգուստան սիրում է ցուցադրել ներքնազգեստը[35]։ Լեդի Շառլոտա Բյորին՝ Շառլոտա Ավգուստայի մոր շքախմբի պալատական ազնվական օրիորդը և հուշագիրը, արքայադստերը նկարագրել է որպես «միս ու արյան հիասքանչ կտոր», որն անկեղծորեն և հազվադեպ է «ապավինում տիտղոսին»[36]։ Այդ շրջանում Շառլոտա Ավգուստան հիանալի կերպով յուրացրել է ձիավարությունը, ինչը հոր մոտ հպարտության զգացում է առաջացրել, ինչպես նաև սիրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Յոզեֆ Հայդնի երաժշտությունը։ Արքայադստերը նույնացրել են Ջեյն Օսթինի «Զգացմունք և բանականություն» վեպի Մարիաննա կերպարի հետ[37]։ 1808 թվականին Շառլոտա Ջոնսը պաշտոնապես նշանակվել է Շառլոտա Ավգուստայի անձնական դիմանկարիչ-մանրանկարչի պաշտոնում։

1810 թվականի վերջին թագավոր Գեորգ III-ը վերջնականապես խելագարության է մատնվել։ Շառլոտա Ավգուստան մտերիմ է եղել պապի հետ, և նրա հիվանդությունը շատ է վշտացրել նրան։ 1811 թվականի փետրվարի 6-ին արքայադստեր հայրը Գաղտնի խորհրդի առաջ երդում է տվել որպես գահապահ արքայազն[38]։ Երդման ժամանակ Շառլոտա Ավգուստան քայլում էր Կառլտոն հաուսի այգում՝ փորձելով տեսնել արարողությունը առաջին հարկի լուսամուտից[39]։ Շառլոտան Ավգուստան, ինչպես և նրա հայրը, հիացած են եղել վիգերով։ Սակայն այժմ, երբ նա սկսել էր կատարել միապետի լիազորությունները, Գեորգը չէր կանչել վիգերին, ինչպես շատերն սպասում էին։ Շառլոտան զայրացած էր դրանից և հորը համարել է դավաճան։ Որպեսզի ցույց տա իր աջակցությունը, օպերայում նա օդային համբույրներ է ուղարկել վիգերի առաջնորդ Չառլզ Գրեյի ուղղությամբ[40]։

Գեորգը դաստիարակվել է խիստ պայմաններում և այդ իսկ պատճառով վրդովված էր դստեր պահվածքից։ Նա փորձել է վերադաստիարակել Շառլոտա Ավգուստային, որն իր տասնհինգ տարեկանում հասուն կնոջ տեսք ուներ։ Գեորգը շրջազգեստների համար ոչ բավարար գումար էր տալիս հասուն արքայադստերը և համառորեն պնդում, որ եթե նա հաճախում է օպերա, ապա պետք է նստի օթյակի հետին մասում և չլքի այն մինչև ներկայացման ավարտը[41]։ Քանի որ գահապահ արքայազնը զբաղված էր պետական գործերով, Շառլոտա Ավգուստան պարտավոր էր իր ժամանակի մեծ մասն անցկացնել Վինձորում՝ իր չամուսնացած հորաքույրների հետ։ Ձանձրացող արքայադուստրը սիրահարվել է իր զարմիկ Ջորջ Ֆիցկլարենսին՝ դուքս Կլարենսի ապօրինի որդուն։ Ֆիցկլարենսը կարճ ժամանակ անց կանչվել է Բրայթոն, որտեղ միացել է իր գնդին, իսկ Շառլոտա Ավգուստան ուշադրություն է դարձրել Չառլզ Հեսսենին՝ թեթև դրագունների լեյտենանտին, որը շատերի կարծիքով Յորքի դքսի՝ Շառլոտա Ավգուստայի հորեղբոր ապօրինի որդին էր[42]։ Հեսսեն և Շառլոտա Ավգուստան մի քանի անգամ գաղտնի հանդիպել են։ Լեդի Քլիֆորդը վախեցել է գահապահ արքայազնի զայրույթից, եթե բացահայտեր նրանց, սակայն արքայադուստր Կարոլինան հիացած էր իր դստեր կրակոտությամբ։ Նա անում էր ամեն ինչ, ինչն իր ուժերի սահմանում էր, որպեսզի խթանի նրանց հարաբերությունները, այդ թվում թույլ էր տալիս նրանց հանդիպել իր հարկաբաժնի սենյակներից մեկում[43]։ Այդ հանդիպումներն ավարտվել են, երբ Հեսսենը միացել է Իսպանիայում բրիտանական զորքերին։ Արքայական ընտանիքի անդամները մեծամասնությունը, բացառությամբ գահապահ արքայազնի, տեղյակ էին այդ հանդիպումների մասին, բայց ոչինչ չէին անում դրանք դադարեցնելու համար և հավանություն չէին տալիս այն մեթոդներին, որոնցով Գեորգը փորձում էր վերադաստիարակել արդեն հասուն դստերը[44]։

1813 թվականին՝ Նապոլեոնյան պատերազմների եզրափակիչ շրջանում, Գեորգն սկսել է լրջորեն ամուսնության տարբերակներ դիտարկել իր դստեր համար։ Շառլոտա Ավգուստայի համար գահապահ արքայազնը և նրա խորհրդականներն ընտրել են Վիլլեմին՝ Օրանի ժառանգորդ արքայազնին, որն արքայազն Վիլլեմ IV Օրանացի Նասսաուի որդին և ժառագն էր։ Այդպիսի ամուսնությունը կավելացներ բրիտանական ազդեցությունը Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Վիլլեմը վատ տպավորություն է թողել Շառլոտա Ավգուստայի վրա, երբ նա առաջին անգամ տեսել է Վիլլեմին իր հոր ծննդյան տոնակատարությանը, որտեղ արքայազնը շատ այլ հյուրերի պես եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Թեպետ ոչ ոք արքայադստերը ուղիղ չի ասել ամուսնական առաջարկի մասին, նա լավ տեղեկացված էր հոր պլանների մասին, որոնց մասին ողջ արքունիքը փսփսում էր[45]։ Բժիշկ Հենրի Հելֆորդը բացատրել է Շառլոտա Ավգուստային ամուսնության մասին այդ շշուկները. արքայադուստրը դժկամորեն է լսել՝ համարելով, որ Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին չպետք է ամուսնանա օտարերկրացու հետ[46]։ Ենթադրելով, որ Շառլոտա Ավգուստան մտադիր է ամուսնանալ Գլոստերի դուքս Ուիլյամի հետ, գահապահ արքայազնը դստեր հետ հանդիպման ժամանակ սկսել է բառերով անպատվել նրան և Գլոստերին. ինչպես հետագայում ասել է Շառլոտա Ավգուստան. «նա այնպես էր խոսում, ասես նա ամենաանբարենպաստ պատկերացումներն ուներ իր հակումների մասին։ Ես տեսնում եմ, որ նա ամբողջությամբ ինձ հակառակ է տրամադրված և երբեք ինձ հետ նույն կարծիքը չի ունենա»[47]։ Նա խորհուրդ է հարցրել կոմս Գրեյին, և նա առաջարկել է ժամանակը ձգձգել[48]։ Այդ հարցը կարճ ժամանակում տարածվել է թերթերում, որոնցում հարցնում էին, թե իրոք Շառլոտան կամուսնանա «նարնջի կամ պանրի հետ», «բարեկազմ Բիլլիի կամ հիմար Բիլլի հետ»[49]։ Գահապահ արքայազնը փորձել է ավելի մեղմ եղանակ գտնել աղջկա վրա ազդելու, սակայն Շառլոտային տարհամոզել չի ստացվել։ Նա գրել է, որ «չի կարող թողնել այս երկիրը, առավել ևս որպես թագուհի», և եթե ամուսնանան, Օրանի արքայազնը ստիպված կլինի «միայնության մեջ այցելել իր գորտերին»[50]։ Սակայն դեկտեմբերի 12-ին Գեորգը կազմակերպել է դստեր հանդիպումը Վիլլեմ Օրանացու հետ հրավիրյալ ընթարիքի ժամանակ և ընթրիքից հետո խնդրել է Շառլոտա Ավգուստային որոշում կայացնել։ Նա հայտնել է, որ իրեն դուր է եկել այն, ինչ ինքը տեսել է մինչ օրս, և դա Գեորգը ընդունել է որպես համաձայնություն նրա կողմից և արագորեն կանչել է Օրանի արքայազնին, որպեսզի հաղորդի նրան ուրախալի նորությունը[51]։

Նկարչի պատկերացումը Շառլոտա Ավգուստայի (աջում) և արքայազն Լեոպոլդի (դռան մոտ) հանդիպման մասին։
Լուսամուտի առաջ պատկերված է մեծ կայսրուհի Եկատերինա Պավլովնան և իշխան Նիկոլայ Գագարինը։

Ամուսնական պայմանագրի վերաբերյալ բանակցությունները տևել են մի քանի ամիս, որոնց ընթացքում Շառլոտա Ավգուստան համառորեն պնդել է այն մասին, որ ինքը պարտավոր չէ լքել Բրիտանիան։ Դիվանագետները չէին ցանկանում երկու գահերի ապագա միավորումը, այդ իսկ պատճառով պայմանագրում նշված էր, որ զույգի ավագ որդին կժառանգի բրիտանական գահը, իսկ երկրորդը՝ Նիդեռլանդների։ Իսկ եթե Շառլոտա Ավգուստան կունենա միայն մի որդի, ապա Նիդեռլանդների գահը կանցնի Օրանական տոհմի գերմանական ճյուղին[52]։ 1814 թվականի հունիսի 10-ին արքայադուստրն ստորագրել է ամուսնական պայմանագիրը[53]։ Անմիջապես դրանից հետո Շառլոտա Ավգուստան տարվել է ոմն պրուսական արքայազնով, որի անձը ստույգ նույնականացնել չի հաջողվել. հուշագիր Չառլզ Գրևիլը կարծել է, որ դա եղել է արքայազն Ավգուստը, իսկ պատմաբան Արթուր Ասպինելը ենթադրել է, որ դա եղել է երիտասարդ արքայազն Ֆրիդրիխը[54]։ Հափշտակվածությունն անցել է նույնքան արագ, որպես և սկսվել էր։ Լոնդոնում Պուլտենի հյուրանոցի երեկույթի ժամանակ Շառլոտա Ավգուստան ծանոթացել է ռուսական հեծելազորի գեներալ-լեյտենանտ արքայազն Լեոպոլդ Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդցու հետ[55]։ Արքայադուստրը հրավիրել է Լեոպոլդին հյուրընկալվել իրեն։ Արքայազնը ընդունել է հրավերը, սակայն նշված ժամանակից քառասունհինգ րոպե առաջ հրաժարվել է՝ գահապահ արքայազնին նամակ ուղարկելով անքաղաքավարության համար ներողությամբ։ Այդ նամակը շատ մեծ տպավորություն է թողել Գեորգի վրա, թեպետ նա աղքատ Լեոպոլդին իր դստեր համար արժանի դասի չի համարել[56]։

Շառլոտա Ավգուստայի մայրը դեմ է հանդես եկել դստեր և Օրանի արքայազնի ամուսնությանը և այդ հարցում ստացել է հասարակական մեծ աջակցություն. երբ Շառլոտա Ավգուստան հայտնվել է հանրության մեջ, ամբոխը կոչ է արել մորը չթողնել միայնության մեջ՝ ամուսնանալով Օրանի արքայազնի հետ։ Շառլոտա Ավգուստան հաղորդել է իր փեսացուին, որ եթե նրանք ամուսնանան, իր մայրը միշտ ջերմ ընդունելություն պիտի ստանա իրենց տանը. այդ պարտադիր պայմանը ընդունելի չի եղել գահապահ արքայազնի համար։ Երբ Օրանի արքայազնը չի համաձայնվել այդ պայմանին, Շառլոտա Ավգուստան խզել է նշանադրությունը[57]։ Ի պատասխան դրան Գեորգը փաստացի պատրաստ է եղել դստերը տնային կալանքի ենթարկել. Շառլոտա Ավգուստան պետք է մնար Կառլտոն հաուսի մոտ իր տանը, մինչև որ նրան չտեղափոխեին Վինձորի Քրանբորն լոջ, որտեղ նրան թույլատրվելու էր տեսնվել միայն թագուհու հետ։ Այդ մասին լսելով՝ Շառլոտա Ավգուստան դուրս է նետվել տնից. փողոցում անփորձ արքայադստեր թափառումներները լուսամուտից նկատած տղամարդն օգնել է նրան քեբ գտնել, որով նա բարեհաջող հասել է իր մոր տուն։ Կարոլինան, որն այդ պահին այցելել էր ընկերներին, շտապել է տուն. արքայադուստրը կանչել է մի քանի վիգերի, որպեսզի նրանք խորհուրդ տային, թե ինչ է անհրաժեշտ անել։ Վիգերի հետ Կարոլինայի տուն են ժամանել նաև ընտանիքի որոշ անդամներ, այդ թվում Յորքի դուքսը, որին հանձնարարված էր Շառլոտա Ավգուստային վերադարձնել հոր մոտ, եթե անհրաժեշտ լինի՝ անգամ ուժով։ Երկարատև խորհրդակցությունից հետո վիգերը Շառլոտա Ավգուստային խորհուրդ են տվել վերադառնալ հոր տուն, ինչը և նա արել է հաջորդ օրը[58]։

Մեկուսացում և վերադարձ արքունիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտա Ավգուստայի փախուստի և տուն վերադառնալու պատմությունն արագորեն դարձել է հասարակության սեփականությունը։ Պառլամենտի նախկին անդամ և վիգերի ապագա լորդ-կանցլեր Հենրի Բրումը հաղորդել է, որ «բոլորը արքայազնին դեմ էին տրամադրված», իսկ ընդդիմադիր մամուլը փախած արքայադստեր պատմությունից մեծ աղմուկ է սարքել։ Չնայած դստեր հետ զգացմունքային հաշտեցմանը՝ գահապահ արքայազնը նրան շուտով ուղարկել է Քրանբորն լոջ, որտեղ նրա լրտեսները հրաման են ստացել՝ աչքից չկորցնել արքայադստերը։ Հակառակ խիստ միջոցներին՝ արքայադստերը հաջողվել է երկտողներ ուղարկել իր սիրելի հորեղբայր Սասեքսի դուքս Ավգուստ Ֆրեդերիկին։ Սասեքսը հարցախեղդ է արել թորի վարչապետ Լիվերպուլի լորդին լորդերի պալատում։ Նա հարցրել է, թե արդյոք կարող է Շառլոտա Ավգուստան ազատ գալ ու գնալ, արժե նրան թույլատրել ծով գնալ, ինչպես ավելի վաղ խորհուրդ էին տվել բժիշկները, և այժմ, երբ լրացրել էր նրա տասնութ տարին, պլանավորու՞մ է կառավարությունը նրա համար առանձին գերատեսչություն ստեղծել։ Լիվերպուլը խուսափել է պատասխանից[59], իսկ Սասեքսը կանչվել է Կառլտոն հաուս, որտեղ ստացել է գահապահ արքայազնի կշտամբանքը, որը հետագայում էլ երբեք չի խոսել իր եղբոր հետ[60]։

Ուելսի արքայադուստր Շառլոտա Ավգուստա, Ռիչարդ Վուդման, Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահ

Չնայած իր մեկուսացմանը՝ Շառլոտա Ավգուստան բավականին հաճելի կյանք է գտել Քրանբորն լոջում և աստիճանաբար հաշտվել է իրավիճակի հետ[61]։ 1814 թվականի հուլիսի վերջին գահապահ արքայազնը այցելել է մեկուսացած դստերը և հաղորդել, որ նրա մայրը պատրաստվում է լքել երկիրը՝ մայրցամաքում տևական բնակություն հաստատելու նպատակով։ Դա բարկացրել է Շառլոտա Ավգուստային, բայց նա զգացել է, որ ինչ էլ ինքն ասի, չի փոխի մոր որոշումը, և ավելի շատ զայրացել է հրաժեշտի ժամանակ Կարոլինայի անուշադրությամբ, քանի որ կարծել է, որ «Աստված գիտի՝ ինչքան ժամանակ կանցնի և ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան, մինչ մենք կրկին կտեսնվենք»[62]։ Արքայադստեր խոսքերը մարգարեական են դարձել, և նա այլևս չի տեսել մորը[63]։ Օգոստոսի վերջին Շառլոտա Ավգուստային թույլատրվել է ծով մեկնել։ Արքայադուստրը ցանկացել է գնալ նորաձև Բրայթոն, սակայն նրա հայրը կամեցել է, որ նա Ուեյմութ մեկնի[64]։ Երբ արքայադստեր ծածկակառքը դադար է առել ճանապարհին, մեծ ամբոխ է հավաքվել, որպեսզի տեսնեն նրան։ Ինչպես նշել է Թեա Հոլմը. «այդպիսի գորովալից ընդունելությունը նշանակում էր, որ մարդիկ արդեն նրան համարում էին իրենց ապագա թագուհին»[65]։ Էլ ավելի ջերմ ընդունելություն էր սպասվում Շառլոտա Ավգուստային հենց Ուեյմութում։ Արքայադուստրը ժամանակն անցկացրել է՝ ուսումնասիրելով մոտակա տարածքի տեսարժան վայրերը, ֆրանսիական մետաքսի մաքսանենգ խանութները, և սեպտեմբերի վերջին ծովային ջրով տաք լոգանքների կուրս է ընդունել[66]։ Նա դեռ տարված էր իր պրուսական արքայազնով և անօգուտ հույս ուներ, որ նա կտեղեկացնի իր հետաքրքրվածության մասին իր հորը։ Եթե նա չաներ դա, ինչպես գրել է նա ընկերուհուն, ինքը «կանի ուրիշ, ոչ պակաս լավ բան մեկ այլ լավ, հավասարակշիռ, բարի մտադրություններով մարդու հետ [sic]... այդ մարդը կլինի ա Ս-Կ [արքայազն Սաքսեն Կոբուրգը, այսինքն՝ Լեոպոլդը]»[67]։ Դեկտեմբերի կեսին՝ Ուեյմութից հեռանալուց կարճ ժամանակ առաջ, Շառլոտա Ավգուստան «անսպասելի շփոթված» է եղել, երբ իմացել է, որ իր պրուսացի երկրպագուն նոր հարաբերություններ է ստեղծել[68][69]։ Վերադառնալով Սուրբծննդյան ընթրիքի ժամանակ երկարատեև խոսակցությունից հետո հայրը և դուստրը վերջ են տվել իրար հետ ունեցած տարաձայնություններին[61]։

1815 թվականի առաջին ամիսներին Շառլոտա Ավգուստան ավելի հաստատուն է դարձել այն մտքում, որ իր ամուսինը պետք է լինի Լեոպոլդը (կամ ինչպես նա փաղաքշական կոչում էր՝ «Լեո»)[70]։ Միևնույն ժամանակ արքայադստեր հայրը չէր կորցրել Օրանի արքայազնի հետ նրան ամուսնացնելու մտքերը, այնինչ Շառլոտա Ավգուստան գրել է, որ «ոչ մի փաստարկ, ոչ մի սպառնալիք երբեք չեն կարող իրեն ստիպել ամուսնանալու այդ ատելի հոլանդացու հետ»[71]։ Այդ հարցում իր սեփական ընտանիքում դեմ առ դեմ բախվելով ընդդիմադիր տրամադրությունների հետ՝ Գեորգը վերջիվերջո հանձնվել է և հրաժարվել դստերը Վիլլեմ Օրանացու հետ ամուսնացնելու մտադրությունից, որն այդ նույն թվականի ամռանը նշանվել է մեծ կայսրուհի Աննա Պավլովնայի հետ[72]։ Շառլոտան միջնորդի միջոցով կապ է հաստատել Լեոպոլդի հետ և բացահայտել, որ իր հետաքրքրությունը փոխադարձ է, սակայն այդ ընթացքում մայրցամաքում վերսկսվել է կոնֆլիկտը Նապոլեոնի հետ, և Լեոպոլդն ստիպված էր իր գնդի հետ մասնակցել մարտերին[73]։ Հուլիսին՝ Ուեյմութ վերադառնալուց կարճ ժամանակ առաջ, Շառլոտա Ավգուստան պաշտոնապես հորից թույլտվություն է խնդրել Լեոպոլդի հետ ամուսնանալու համար, սակայն Գեորգը պատասխանել է, որ մայրցամաքում անկայուն քաղաքական դրության պատճառով ինքը չի կարող այժմ դիտարկել այդ խնդրանքը[74]։ Ի մեծ հիասթափություն արքայադստեր՝ Լեոպոլդը չի եկել Մեծ Բրիտանիա խաղաղության վերականգնումից հետո, նույնիսկ երբ գտնվել է Փարիզում, որտեղից ըստ Շառլոտա Ավգուստայի Ուեյմութ կամ Լոնդոն հասնելը րոպեներ կարող էր տևել[75]։

1816 թվականին գահապահ արքայազնը հրավիրել է իր դստերը Բրայթոնում գտնվող Թագավորական տաղավար, և աղջիկն աղաչել է նրանից ամուսնության թույլտվություն։ Վինձոր վերադառնալով՝ նա գրել է հորը. «Ես այլևս չեմ տատանվում Կոբուրգի արքայազնին իմ կապվածության խոստովանության մեջ. հավատացնում եմ ձեզ, որ ոչ ոք չի լինի ավելի համառ և հետևողական այդ իրական և վերջին նշանադրության մեջ, քան ես ինքս»[76]։ Գեորգը հանձնվել է և Մեծ Բրիտանիա կանչել Լեոպոլդին, որը Ռուսաստան գնալու ճանապարհին կանգ էր առել Բեռլինում։ Լեոպոլդը Մեծ Բրիտանիա է հասել 1816 թվականի փետրվարի վերջին և ուղևորվել Բրայթոն, որպեսզի բանակցի ապագա աներոջ հետ։ Հոր և Լեոպոլդի հետ համատեղ ընթրիքից հետո Շառլոտա Ավգուստան գրել է. «Ես նրան սքանչելի եմ համարում և անկողին եմ մտնում անհամեմատ երջանիկ, քան երբևէ եղել եմ իմ կյանքում... Ես իհարկե շատ հաջողակ էակ եմ և Աստծուց օրհնված։ Ոչ մի արքայադուստր երբեք, ես հավատում եմ, կյանքում կամ սիրո մեջ չի ունեցել երջանկության այսպիսի հեռանկար ինչպես այս երկրում, այնպես էլ այլ մարդիկ»[77]։

Շառլոտա Ավգուստայի և արքայազն Լեոպոլդ Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդցու հարսանիքը։
Ռոբերտ Հիքսի փորագրություն, 1818 թվական

Գահապահ արքայազնը զմայլված է եղել Լեոպոլդով և ասել դստերը, որ Կոբուրգի արքայազնն «ունի այն բոլոր հատկանիշները, որ կնոջը երջանիկ դարձնի»[78]։ Շառլոտա Ավգուստա Գեորգի պահանջով մարտի 2-ին հետ է ուղարկվել Քրանբորն լոջ՝ թողնելով Լեոպոլդին իր հոր հետ։ Մարտի 14-ին Համայնքների պալատում ընդհանուր խրախուսանքով հայտարարվել է նախատեսվող հարսանիքի մասին. երկու կուսակցություններն էլ թեթևացմամբ ընդունել են արքայադստեր ռոմանտիկ դրամայի ավարտը[79]։ Պառլամենտը քվեարկել է Լեոպոլդին տարեկան հիսուն հազար ֆունտի չափով ապրուստի միջոց հատկացնելու օգտին. զույգի համար Իշերում ձեռք է բերվել Կլերմոնտ հաուսը, ինչպես նաև շռայլ միջոցներ են առանձնացվել տան կառուցապատման համար[80]։ Վիլլեմ Օրանացու հետ տեղ ունեցածի վտանգից խուսափելու համար Գեորգը սահմանափակել է Շառլոտա Ավգուստայի շփումը փեսացուի հետ։ Երբ արքայադուստրը վերադարձել է Բրայթոն, նա թույլատրել է հանդիպել իրար միայն ընթրիքի ժամանակ և երբեք նրանց մենակ չի թողել[81]։

Պսակադրության արարողությունը նշանակվել է 1816 թվականի մայիսի 2-ին։ Հարսանիքի օրը ահռելի ամբոխ է լցվել Լոնդոնի փողոցներում՝ խանգարելով արարողության մասնակիցների գալուստը։ Երեկոյան ժամը իննին Կառլտոն հաուսի մորեգույն հյուրասենյակում Շառլոտա Ավգուստան ամուսնացել է Լեոպոլդի հետ, որն առաջին անգամ հագել է բրիտանական գեներալի տոնական համազգեստ։ Արքայադստեր հարսանեկան զգեստը գանձարանին արժեցել է մոտ տասը հազար ֆունտ։ Արարողությունն ընթացել է առանց կշտամբանքների, բացառությամբ, երբ Շառլոտա Ավգուստան քթի տակ ծիծաղել է, երբ աղքատ Լեոպոլդը խոստացել է նրա հետ կիսել իր բոլոր աշխարհիկ բարիքները[82]։

Ամուսնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց մեղրամիսը Շառլոտա Ավգուստան և Լեոպոլդն անցկացրել են Օթլենդի պալատում՝ Սուռեյում Յորքի դքսի նստավայրում։ Օթլենդում արքայադստերը դուր չի եկել, քանի որ Յորքի տունը լի է եղել շներով և կենդանիների հոտերով։ Սակայն Շառլոտա Ավգուստան նշել է, որ իր երիտասարդ ամուսինը «կատարյալ սիրեցյալ է»[83]։ Ամուսնությունից երկու օր անց նորապսակներն այցելել են գահապահ արքայազնին։ Նա անցկացրել է երկու ժամ՝ նկարագրելով Լեոպոլդի ռազմական համազգեստի մանրամասները, ինչը Շառլոտա Ավգուստայի խոսքերով «իր հոր ամենակատարյալ տրամադրության հիանալի նշան էր»[84]։ Ամուսինները Լոնդոն են վերադարձել եղանակի սկզբին և երբ այցելել են թատրոն, մշտապես արժանացել են հանդիսատեսների բուռն ծափահարություններին և «Աստվա՛ծ, պահպանի՛ր արքային» երգեցողությանը։ Երբ Շառլոտա Ավգուստան տկարություն է զգացել օպերայում, նրա դրությունը հասարակական անհանգստություն է առաջացրել. հետագայում հայտարարվել, որ արքայադուստրը վիժում է ունեցել[85]։ 1816 թվականի օգոստոսի 24-ին ամուսիններն առաջին անգամ մեկնել են Իշերի իրենց կեցավայր[86]։

Շառլոտա Ավգուստան ամուսնու հետ, նկարիչ՝ Ջորջ Դեյվ

Լեոպոլդի անձնական բժիշկ Քրիստիան Ֆրիդրիխ Սթոքմարը գրել է, որ ամուսնության առաջին վեց ամիսներին Շառլոտա Ավգուստային միշտ տեսել է հասարակ, բայց նորաձև շրջազգեստով։ Նա նաև նշել է, որ արքայադուստրն ավելի հանգիստ և իրեն հավասարակշռած էր, քան նախկինում էր, և դա կապել է Լեոպոլդի ազդեցության հետ[87]։ Ավելի ուշ Լեոպոլդը գրել է, որ «բացի այն պահերից, երբ ես գնում էի կրակելու, մենք միշտ միասին ենք եղել և դա բացարձակ չի հոգնեցրել մեզ»[88]։ Երբ Շառլոտա Ավգուստան չափազանց անհանգիստ է դարձել, Լեոպոլդը միայն ասել է «հանգիստ, սիրելիս», և արքայադուստրը գրեթե ակնթարթորեն հանդարտվել է[89]։

Կոբուրգները, ինչպես այժմ կոչում էին Շառլոտա Ավգուստային և Լեոպոլդին, իրենց սուրբծննդյան արձակուրդներն անցկացրել են Բրայթոնի տաղավարում՝ իրենց ազնվատոհմ հարազատների հետ։ Հունվարի 7-ին Գեորգը շքեղ պարահանդես է կազմակերպել Շառլոտա Ավգուստայի 21-րդ տարեդարձի պատվին, սակայն Կոբուրգները չեն այցելել՝ վերադառնալով Կլերմոնտ՝ այնտեղ հանգիստ նշելը նախընտրելով։ 1817 թվականի ապրիլին Լեոպոլդը գահապահ արքայազնին հաղորդել է, որ Շառլոտա Ավգուստան կրկին հղի է, և որ կան բոլոր հնարավորությունները, որ արքայադուստրը կկրի երեխային մինչև սահմանված ժամկետը[90]։

Արքայադստեր հղիությունը հասարակական լայն հետաքրքրություն է առաջացրել։ Խաղադրույքային գրասենյակները խաղագումարներ են ընդունել, թե ինչ սեռի կլինի երեխան։ Տնտեսագետները հաշվարկել են, որ արքայադստեր ծնունդը ֆոնդային շուկան կբարձրացնի 2,5 %-ով, իսկ արքայազնի ծնունդը՝ 6 %-ով։ Շառլոտա Ավգուստան ժամանակն անցկացրել է հանգստի մեջ և երկար ժամերով կեցվածք է ունեցել դիմանկարի համար, որի վրա աշխատում էր սըր Թոմաս Լոուրենսը[91]։ Նա շատ էր ուտում և գրեթե անշարժ կեսնակերպ էր վարում, ինչի պատճառով էլ բավականին ավելորդ քաշ է հավաքել։ Երբ նրա բուժանձնակազմը 1817 թվականի օգոստոսին սկսել է մինչծննդաբերական խնամքը, արքայադստերը խիստ դիետա են նշանակել՝ հուսալով նվազեցնել երեխայի չափը և հեշտացնել ծնունդը։ Դիետան և պարբերական արյունառությունը հավանաբար թուլացրել են Շառլոտա Ավգուստային։ Սթոքմարը զարմացած էր բուժման մեթոդներից, որոնք համարել է հնացած, և հրաժարվել է միանալ բուժական խմբին՝ ենթադրելով, որ եթե ինչ-որ բան այն չլինի, կմեղադրեն հենց իրեն, քանի որ ինքն օտարերկրացի էր[92]։

Սըր Թոմաս Լոուրենսի՝ Շառլոտա Ավգուստայի վերջին օրերին ստեղծված դիմանկարի փորագրությունը

Շառլոտա Ավգուստային հիմնական բուժխնամք ցուցաբերել է սըր սըր Ռիչարդ Քրոֆթը, որը նրա բժիշկը չէր, այլ մանկաբարձ բժիշկը կամ տղամարդ մանկաբարձը, ինչը նորաձև էր ունևոր բրիտանացիների շրջանում[93]։ Ծննդաբերության ժամկետը նշանակվել էր հոկտեմբերի 19-ին։ Սակայն հոկտեմբերն ավարտվել է, իսկ Շառլոտա Ավգուստան մոտակա ծննդաբերման որևէ նշան ի հայտ չի բերել։ Նոյեմբերի 2-ին՝ կիրակի, նա սովորական շրջայց է կատարել ամուսնու հետ, իսկ արդեն հաջորդ երեկոյան արքայադուստրը կծկացավեր է ունեցել։ Սըր Ռիչարդը նրան վարժություններ է առաջարկել և հրաժարվել ուտելիք տալուց, նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան նա ուղարկել է ազնվական վկաների հետևից, որոնք պետք է ներկա լինեին ծննդաբերությանը և վկայեին երեխայի արքայական ծագումը։ Անցել է նոյեմբերի 4-ը և եկել է 5-ը. պարզ է դարձել, որ Շառլոտա Ավգուստան չի կարող ծննդաբերել, և Քրոֆթը, խորհրդակցելով արքայադուստր Մեթյու Բեյլիի անձնական բժշկի հետ, կանչել է մանկաբարձ Ջոն Սիմսին[94]։ Սակայն Քրոֆթը թույլ չի տվել Սիմսին՝ տեսնելու արքայադստերը և հրաժարվել է օգտագործել ունելիներ։ Ինչպես գրել է Էլիսոն Պլոուդենն իր գրքում. «Նրանք կարող էին փրկել նրան և երեխային՝ չնայած այն բանին, որ այդ դարաշրջանում՝ մինչ հականեխիչների դարաշրջանում, շատ բարձր էր մահացության աստիճանը բժշկական գործիքներ կիրառելիս[95]։

Նոյեմբերի հինգի երեկոյան ժամը իննին Շառլոտա Ավգուստան վերջապես ծննդաբերել է խոշոր մեռելածին տղայի։ Վերակենդանացման փորձերն իզուր են եղել, իսկ ազնվազարմ դիտորդները հաստատել են, որ նա եղել է գեղեցիկ նորածին՝ նման արքայական ընտանիքի անդամներին։ Նրան համոզված էին, որ Շառլոտա Ավգուստան իրեն լավ է զգում, այդ իսկ պատճառով լքել են նրան։ Տանջահար արքայադուստրը հանգիստ է ընդունել այն նորությունը, որ իր երեխան մեռած է՝ հայտնելով, որ դա «Աստծո կամոք է եղել»։ Նա երկարատև ժուժկալությունից հետո սնունդ է ընդունել, և կարծես թե դեպի կազդուրում է գնացել[96]։ Լեոպոլդը, որը մնացել է կնոջ հետ ծննդաբերության ժամանակ, ամենայն հավանականությամբ քնաբեր է ընդունել և հեռացել քնելու[97]։

Կեսգիշերից կարճ ժամանակ անց Շառլոտա Ավգուստան ուժեղ փսխումներ և ստամոքսում ցավեր է ունեցել։ Անհապաղ կանչել են սըր Ռիչարդին, որը տագնապած էր այն փաստից, որ արքայադուստրը հպվելիս սառն է և դժվարությամբ է շնչում, բացի այդ արյունահոսություն է սկսվել։ Քանի որ այդ ժամանակ տարածված էր հետծննդաբերական արյունահոսությունները, արքայադստերը տաք կոմպրեսներ են արել, սակայն արյունը չի դադարել։ Քրոֆթը կանչել է Սթոքմարին և խնդրել նրան արթնացնել և բերել Լեոպոլդին։ Սթոքմարը չի կարողացել արթնացնել արքայազնին, և ինքն է եկել արքայադստեր մոտ, որը բռնել է նրա ձեռքը և ասել. «Նրանք խմեցրել են ինձ»։ Սթոքմարը լքել է սենյակը՝ որոշելով նորից փորձել արթնացնել Լեոպոլդին, սակայն լսել է Շառլոտա Ավգուստայի ձայնը, որը կանչում էր նրան. «Սթոքի՛, Սթոքի՛»։ Նա հետ է դարձել, սակայն Շառլոտա Ավգուստան արդեն մեռած է եղել[98]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորին գերազանցություն արքայադուստր Շառլոտա Ուելսցի և Սաքսեն Կոբուրգցու թաղման ծիսակատարությունը».
Թոմաս Սազերլենդի վիմատպությունը, 1818 թվական

Շառլոտա Ավգուստայի մահն ընդունվել է որպես ազգային ողբերգություն. մարդիկ այնպես էին ողբում, ասես ողջ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր ընտանիք կորցրել էր իր սիրելի երեխային[99]։ Վուշի բոլոր կտորներով սգո հագուստ է կարվել. եղերական փաթաթաններ են կրել նույնիսկ չքավորները և անտունները։ Խանութները փակ են մնացել երկու շաբաթ շարունակ, ինչպես նաև Թագավորական բորսան, դատարանները և նավանորոգարանները։ Հանգուցյալի հանդեպ որպես հարգանքի նշան թաղման օրը փակ են եղել բոլոր որջերը[100]։ Սուգն այնքան լի էր, որ ժապավեններ և անձապիտո այլ իրեր պատրաստողները, որոնք սգի ժամանակ կրել չեն նախատեսվել, դիմել են իշխանությանը՝ խնդրելով կրճատել սգի ժամանակահատվածը՝ երկյուղելով սնանկացումից[99]։ Հատուկ ուշադրության է արժանացել բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին, որն իր «Դիմում ժողովրդին արքայադուստր Շառլոտայի մահվան դեպքի առթիվ» գործում մատնացույց է արել, որ արքայադստեր մահվան հաջորդ օրը մահապատժի են ենթարկվել երեք տղամարդ, որոնք մեղադրվել են իշխանության տապալման նպատակով դավադրության մեջ, ինչը եղել է մեծ ողբերգություն[101]։

Արքայազն Գեորգն այնքան կոտրված է եղել ցավից, որ չի կարողացել ներկա լինել իր միակ զավակի թաղմանը։ Նա հրաժարվել է տեղի ունեցածի մասին լուրը հաղորդել կնոջը՝ թողնելով դա Լեոպոլդի վրա։ Լեոպոլդը ևս գտնվել է խորը վշտի մեջ և զոքանչին նամակ է ուղարկել բավականին ուշացմամբ, երբ նա արդեն ինքը գիտեր ողբերգական լուրը։ Գեորգից հորը նամակ տանող սուրհանդակը կանգ է առել Պեզարոյում Կարոլինայի տանը և հաղորդել Շառլոտա Ավգուստայի մահվան մասին։ Արքայադուստր Կարոլինան վշտից և ցնցումից կորցրել է զգացմունքները։ Ուշքի գալով նա հայտարարել է. «Անգլիան՝ հզոր երկիրը, կորցրել է ամեն ինչ՝ կորցնելով իմ սիրելի դստերը»[102]։ Նույնիսկ Օրանի արքայազնը հեկեկացել է՝ լսելով այդ նորությունը, իսկ նրա կինը իր ֆրեյլիններին հրամայել է սգո հանդերձանքով զգեստավորվել[102]։ Սակայն ամենից շատ ողբացել է արքայազն Լեոպոլդը։ Սթոքմարը շատ տարիներ անց գրել է. «Նոյեմբերը փլուզման ենթարկեց այդ երջանիկ տունը և մեկ հարվածով ոչնչացրեց արքայազն Լեոպոլդի բոլոր հույսերը և երջանկությունը։ Նա այդպես էլ չկարողացավ վերադարձնել երջանկության զգացումը, որով օրհնվել էր նրա կարճատև ամուսնական կյանքը։ Ինչպես գրել է Թեա Հոլմը. «Առանց Շառլոտայի նա լիարժեք չէր։ Դա այնպես էր, ասես նա կորցրել էր սիրտը»[103]։ Ավելի ուշ Լեոպոլդը գրել է սըր Թոմաս Լոուրենսին. «Երկու սերունդ է անցել։ Անցել է պա՛հը։ Ես զգացել եմ դա իմ մեջ, բայց նաև զգացել եմ գահապահ արքայազնի մեջ։ Իմ Շառլոտան լքել է երկիրը, երկիրը նրան կորցրել է։ Նա լավ, հիասքանչ կին էր։ Ոչ ոք չէր կարող իմանալ իմ Շառլոտային այնպես, ինչպես ե՛ս եմ նրան իմացել։ Այն եղել է իմ գիտությունը, իմ պարտականությունը՝ իմանալ նրա բնավորությունը, բայց դա նաև իմ ուրախությու՛նն էր»[104]։ Լեոպոլդը այրի է մնացել մինչև 1832 թվականը, երբ արդեն դառնալով Բելգիայի թագավոր՝ ամուսնացել է Լուիզա Մարիա Օռլեանցու հետ։

Հուշակոթող Սանդվելում

Շառլոտա Ավգուստան թաղվել է որդու հետ (նորածնի մարմինը դրվել է մոր ոտքերին) Վինձոր ամրոցում՝ Սուրբ Գեորգի մատուռում, 1817 թվականի նոյեմբերի 19-ին։ Նրա գերեզմանին հուշարձան է կանգնեցվել ժողովրդի նվիրատվությամբ։ Թաղումից կարճ ժամանակ անց թագուհու և գահապահ արքայազնի վրա հրապարակային մեղադրանքներ են տեղացել, որ նրանք ներկա չեն եղել ծննդաբերության ժամանակ, թեպետ դա խնդրել էր հենց Շառլոտա Ավգուստան[104]։ Դիահերձումը համոզիչ արդյունքներ չի տվել, և շատերը մեղադրել են Քրոֆթին՝ արքայադստեր հանդեպ անհմուտ հոգածության համար։ Գահապահ արքայազնը նրան չի մեղադրել, սակայն Շառլոտա Ավգուստայի մահից երեք ամիս անց՝ մեկ այլ երիտասարդ կնոջ զննման ժամանակ Քրոֆթը արագությամբ վերցրել է ատրճանակը և մահացու վիրավորել իրեն[101]։ «Մանկաբարձական եռակի ողբերգություն»՝ երեխայի, մոր և ավելի ուշ մանկաբարձի մահը նշանակալի փոփոխությունների է հանգեցրել այդ ժամանակների մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկան։ Մասնավորապես, ծննդաբերության ժամանակ բուժական միջամտություն կատարող մանկաբարձները, որոնք օրինակ ավելի ազատ էին ունելիների կիրառման մեջ, դարձել են ավելի տարածված, քան բնական ճանապարհով ծննդաբերության կողմնակիցները[105]։

Շառլոտա Ավգուստայի մահը թագավորին դարձրել է առանց օրինական թոռների, իսկ նրա կրտսեր որդին այդ ժամանակ քառասուն տարեկանից ավելի է եղել։ Թերթերը արքայի չամուսնացած որդիներին կոչ են արել շուտով ամուսնություն կնքել։ Այդպիսի հոդվածներից մեկն ընկել է Գեորգ III-ի չորրորդ որդու՝ Քենտի դուքս Էդուարդ Ավգուստի աչքով, որն այդ ժամանակ Բրյուսելում ապրում էր իր սիրուհի Ժյուլի դե Սեն Լորանի հետ։ Էդուարդ Ավգուստը անհապաղ բաժանվել է իր սիրուհուց և առաջարկություն արել արքայազն Լեոպոլդի քրոջը՝ Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդցուն, որը գերմանացի իշխան Կառլ Լեյնինգենցու այրին էր[106]։ Նրանց դուստր Ալեքսանդրինա Վիկտորյան, ծնված 1819 թվականին, 1837 թվականին տասնութ տարեկանում Բրիտանիայի գահ է բարձրացել[103]։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի արքայադուստր Շառլոտա Ավգուստայի զինանշանը

Շառլոտա Ավգուստայի սեփական զինանշանը հիմնված է եղել Հաննովերների դինաստիայի բրիտանական արքայական զինանշանի վրա։ Վահանը պսակված է թագով, որը համապատասխանում է գահաժառանգների երեխաների տիտղոսին։ Վահանը պահողները կրում են վահանի վրայի հապավանշանից. ոսկեգույն, կարմիր ճանկերով զինավառ և ոսկե թագով պսակված ընձառյուծ և արծաթագույն, ոսկով զինավառ միաեղջյուր, որը կրում է վզկապի նման ոսկե թագ, որը նրան է ամրացված շղթայով[107]։

Վահանը կանացի է (շեղանկյունաձև), կրում է եռատամ արծաթե հապավանշան, մեջտեղի ատամիկին՝ մուգ կարմիր վարդ է՝ արծաթագույն միջուկով և կանաչ տերևներով։ Վահանը քառամաս է. առաջին և չորրորդ մասերի մուգ կարմիրում երեք ոսկեգույն, բաց կապույտ ճանկերով զինավառ ընձառյուծներ են՝ մեկը մյուսի վրա (Անգլիա), երկրորդ մասում՝ ոսկեգույն դաշտում մուգ կարմիր, բաց կապույտ ճանկերով առյուծ, որը շրջապատված է փթթած և հակառակ կողմից փթթած ներքին եզրանախշերով (Շոտլանդիա), երրորդ մասում՝ բաց կապույտ դաշտում արծաթագույն լարերով ոսկեգույն տավիղ է (Իռլանդիա)[108]։

Վահանի վրա տեղակայված է երեք մասից բաղկացած փոքր վահան, որի առաջին մասում երկու երեք ոսկեգույն, բաց կապույտ ճանկերով զինավառ ընձառյուծներ են՝ մեկը մյուսի վրա (Բրաունշվեյգ), երկրորդ մասի ոսկեգույն դաշտում՝ ցիրուցան մուգ կարմիր սրտեր և բաց կապույտ, կարմիր ճանկերով զինավառ առյուծ (Լյունեբուրգ), երրորդ մասում՝ մուգ կարմիր դաշտում արծաթագույն վազող նժույգ է (Վեսթֆալիա)[109]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Collective Biographies of Women
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Kindred Britain
  6. Chambers, 2007, էջ 6
  7. Chambers, 2007, էջ 7
  8. Chambers, 2007, էջեր 8—9
  9. Chambers, 2007, էջեր 10—13
  10. Chambers, 2007, էջեր 13—14
  11. Chambers, 2007, էջ 14
  12. Williams, 2008, էջ 24
  13. Chambers, 2007, էջեր 15—16
  14. Williams, 2008, էջեր 26—27
  15. 15,0 15,1 15,2 Williams, 2008, էջ 28
  16. Carlton-House, February 16(անգլ.) // The London Gazette : газета. — 1796. — № 13867. — С. 176.
  17. Plowden, 2005, էջեր 32—33
  18. Holme, 1976, էջ 45
  19. Williams, 2008, էջեր 28—29
  20. Plowden, 2005, էջեր 43—44
  21. Holme, 1976, էջեր 46—47
  22. 22,0 22,1 Chambers, 2007, էջ 16
  23. Plowden, 2005, էջ 47
  24. Chambers, 2007, էջեր 17—19
  25. Holme, 1976, էջ 53
  26. Holme, 1976, էջ 69
  27. Raessler, 2004, էջ 133
  28. Plowden, 2005, էջեր 62—65
  29. Holme, 1976, էջեր 62—63
  30. 30,0 30,1 Chambers, 2007, էջեր 26—29
  31. Williams, 2008, էջ 42
  32. Plowden, 2005, էջեր 109, 128
  33. Plowden, 2005, էջ 86
  34. Williams, 2008, էջ 50
  35. Holme, 1976, էջ 68
  36. Plowden, 2005, էջ 88
  37. Holme, 1976, էջեր 68—69
  38. Holme, 1976, էջ 72
  39. Plowden, 2005, էջեր 94—95
  40. Chambers, 2007, էջեր 43—45
  41. Williams, 2008, էջ 51
  42. Plowden, 2005, էջ 102
  43. Williams, 2008, էջեր 60—63
  44. Chambers, 2007, էջեր 39—40, 47
  45. Chambers, 2007, էջեր 68—69
  46. Plowden, 2005, էջեր 130—131
  47. Plowden, 2005, էջ 132
  48. Holme, 1976, էջեր 122—123
  49. Chambers, 2007, էջ 73
  50. Chambers, 2007, էջեր 81—82
  51. Plowden, 2005, էջեր 134—135
  52. Chambers, 2007, էջեր 82—83
  53. Chambers, 2007, էջ 91
  54. Aspinall, 1949, էջ xvii
  55. Williams, 2008, էջեր 88—89
  56. Holme, 1976, էջեր 196—197
  57. Plowden, 2005, էջեր 149—150
  58. Plowden, 2005, էջեր 156—160
  59. Plowden, 2005, էջեր 161—163
  60. Chambers, 2007, էջ 120
  61. 61,0 61,1 Smith, 2000, էջ 163
  62. Plowden, 2005, էջեր 164—165
  63. Holme, 1976, էջ 177
  64. Williams, 2008, էջ 102
  65. Holme, 1976, էջ 183
  66. Holme, 1976, էջ 186
  67. Aspinall, 1949, էջ 165
  68. Aspinall, 1949, էջ 169
  69. Williams, 2008, էջ 107
  70. Chambers, 2007, էջ 138
  71. Williams, 2008, էջ 111
  72. Plowden, 2005, էջ 176
  73. Plowden, 2005, էջ 178
  74. Plowden, 2005, էջ 181
  75. Holme, 1976, էջեր 206—207
  76. Holme, 1976, էջ 210
  77. Holme, 1976, էջ 213
  78. Plowden, 2005, էջ 187
  79. Plowden, 2005, էջեր 188—189
  80. Chambers, 2007, էջ 164
  81. Holme, 1976, էջ 215
  82. Chambers, 2007, էջեր 164—167
  83. Holme, 1976, էջ 223
  84. Smith, 2000, էջ 164
  85. Holme, 1976, էջեր 224—225
  86. Chambers, 2007, էջ 174
  87. Holme, 1976, էջ 227
  88. Chambers, 2007, էջ 177
  89. Holme, 1976, էջ 228
  90. Plowden, 2005, էջ 201
  91. Williams, 2008, էջ 133
  92. Chambers, 2007, էջեր 188—189
  93. Chambers, 2007, էջ 1
  94. Williams, 2008, էջեր 134—135
  95. Plowden, 2005, էջ 206
  96. Plowden, 2005, էջեր 206—207
  97. Williams, 2008, էջ 136
  98. Chambers, 2007, էջեր 193—194
  99. 99,0 99,1 Williams, 2008, էջ 137
  100. Holme, 1976, էջեր 240—241
  101. 101,0 101,1 Williams, 2008, էջ 240
  102. 102,0 102,1 Williams, 2008, էջեր 138—139
  103. 103,0 103,1 Holme, 1976, էջ 241
  104. 104,0 104,1 Chambers, 2007, էջ 201
  105. Gibbs, 2008, էջ 471
  106. Chambers, 2007, էջեր 202—204
  107. Boutell, 2010, էջեր 245—246
  108. Георгий Вилинбахов, Михаил Медведев Геральдический альбом. Лист 2(ռուս.) // Вокруг света : журнал. — 1990. — № 4 (2595).
  109. Willement, 1821, էջեր 104—106

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Augusta Charlotte (1796-1817) Princess, daughter of George IV» (անգլերեն). The National Archives. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.