Որովայնի ճողվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որովայնի ճողվածք
Children with umbilical hernias, Sierra Leone (West Africa), 1967.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս intestinal disease[1]
Բուն պատճառ C98997[1]
Բժշկական մասնագիտություն աղեստամոքսաբանություն
MedlinePlus 000987
MeSHID D006554
Disease Ontology DOID:0060321
NCI Thesaurus C98997[1]
Umbilical hernia Վիքիպահեստում

Որովայնի ճողվածքները լինում են արտաքին և ներքին: Որովայնի արտաքին ճողվածքի տակ պետք է հասկանալ որովայնի խոռոչի օրգանների դուրս գալը մաշկի տակ որովայնի խոռոչի պատի վրա եղած բնական կամ ձեռք բերված անցքից, ընդ որում դուրս եկող օրգանը ծածկված է լինում առպատային որովայնամզով: Որովայնի ներքին ճողվածքի տակ հասկացվում է ներքին օրգանների դուրս գալը կապանային որևէ բացվածքի կամ որովայնի գրպանկների մեջ, ինչպես և ստոծանու բնածին կամ բացվածքների միջով: Կախված տեղակայումից, արտաքին ճողվածքները լինում են՝ աճուկային, ազդրային, պորտի, որովայնի սպիտակ գծի, փակողական, նստատեղի և այլն: Տարբերում են

  1. ճողվածքային դրունք. սա այն բացվածքն է, որի միջով դուրս է գալիս ճողվածքի պարունակությունը,
  2. ճողվածքի պարկ. սա առպատային որովայնամզի մի մասն է, որը դուրս է ցցվում ճողվածքային դրունքից և ծածկում է ներքին օրգանները,
  3. ճեղվածքապարկի պարունակություն՝ առավել հաճախ լինում են բարակ աղիքի գալարները և ճարպոնը:

Կլինիկական պատկերը - Ճողվածքի առաջին ախտանիշը հանդիսանում է ցավը, որը առարջանում է քայլելու, հազի, տարբեր ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ: Որից հետո նկատվում է ուռուցքանման գոյացություն ճողվածքի դուրս եկած տեղում ⟨աճուկային և ազդրային խողովակներ, պորտ և այլն⟩: Պառկած դիրքում այս արտացցվածությունը կարող է վերանալ: Եթե ճողվածքային պարունակությունը պառկած դիրքում չի վերանում և հնարավոր չի լինում այն ձեռքով ներուղղել, ապա դա խոսում է չուղղվող ճողվածքի մասին: Ձեռքի ափը ճողվածքի արտափքվածության վրա դնելու և հիվանդի հազալու դեպքում հազի հրոցը հաղորդվում է ափի վրա: Ընդբախման դեպքում կարող է լսվել տիմպանիկ ⟨աղեգալար⟩ կամ բութ ձայն: Ներքին ճեղվածքների դեպքում կլինիկական պատկերը հիմնականում բնորոշվում է աղիքային անանցանելիությամբ: Ախտորոշումը բարդ է, պահանջում է մանրազնին կլինիկական հետազոտում:

Բուժում

Բուժումը վիրահատական է, պլանային: Վիրահատումը ենթադրվում է ճողվածքապարկի հեռացումը և ճողվածքային դրունքի ամրացումը շրջակա հյուսվածքների պլաստիկայի ճանապարհով կամ արհեստական նյութից պատրասված ցանցով:

Օղակված ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակված ճողվածքի տակ հասկացվում է ճողվածքի պարկի մեջ նրա պարունակության սեղմվելը, ճողվածքի դրունքի ջղաձգական կծկման հետևանքով: Օղակման դեպքում զգալիորեն խանգարվում է արյան շրջանառությունը, որը սկզբում կարող է հանգեցնել օղակված օրգանի մեջ կանգային երևույթների, հետագայում մեռուկցման և էքսուդատի առաջացման: Այսպիսի դեպքում հյուսվածքները, որոնք շրջապատւմ են ճողվածքապարկը, ենթարկվում են բորբոքային ձևախախտումների մաշկը կարում է, տեղային ջերմաստիճանը բարձրանում, սկսվում է հյուսվածքների տեղային պնդացում, ցավ, ճողվածքի արտափքվածությունը ձգվում է և լարվում: Աղեգալարի սեղմվելու դեպքում կարող է առաջանալ աղիքային անանցանելություն: Օղակված ճողվածքի դեպքում կատարվում է շտապ վիրահատական միջամտություն: Օղակված ճողվածքը ուղղել արգելվում է: Ճողվածքի պարկը հատվում է, նրա պարունակությունը դուրս է բերվում, հատվում է սեղմող ճողվածքային դրունքը, ճողվածքի պարունակությունը փաթաթվում է տաք ֆիզիոլոգիական լուծույթով թրջված անձեռոցիկներով, եթե հյուսվածքների կենսունակությունը չի վերականգնվում, կատարվում է նրանց մասնահատումը: Ճողվածքադրունքի պլաստիկան իրագործվում է ընդհանուր կանոններով:

Աճուկային ճողվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց մարդկանց մոտ աճուկային ճողվածքները հանդիպում են հաճախ, քան երեխաների ու պատանիների մոտ: Նրանք նկատվում են գերազանցապես տղամարդկանց մոտ: Ըստ ծագման տարբերվում են բնածին և ձեռքբերովի աճուկային ճողվածքները: Ըստ հարաբերակցության ճուկային խողովակի տարբերի հետ դրանք լինում են թեք և ուղիղ: Աճուկային ճողվածքները կարող են լինել միակողմանի և երկկողմանի:

Աճուկային թեք ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ավելի տարածված է: Որովայնապատը սկսվում է արտափքվել աճուկային խողովակի ներքին բացվածքի մեջ, այն շարժվում է սերմնալարին զուգահեռ և նրա հետ զուգահեռ դուրս է գալիս աճուկային խողովակի արտաքին բացվածքի միջով: Տղամարդկանց մոտ ճողվածքը մեծանալով կարող է իջնել փոշտի մեջ, իսկ կանանց մոտ սեռական մեծ ամոթաշուրթը:

Աճուկային ուղիղ ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ առաջանում է տարեց և ծերունական մարդկանց մոտ վորովայնապատի թուլության հհետևանքով: Աճուկային խողովակից դուրս գալով աճուկային ուղիղ ճողվածքը սովորաբար չի իջնում սեռական ամոթաշուրթը: Ուղիղ ճողվածքներին հատուկ է ձեռք բերել սողացող բնույթ և այս դեպքում ճողվածքի պարունակությունը կարող է լինել միզապարկը, կույր աղիքը, երբեմն միզածորանը: Որովայնապատի մկանների թուլության հետևանքով ուղիղ ճողվածքը հաճախ կրկնվում է:

Կլինիկական նշաններ

Սկսվող թեք աճուկային ճողվածքի դեպքում արտափքումը տեղակայվում է աճուկային խողովակի մուտքի մոտ: Հիվանդը գանգատվում է մորմոքիչ ցավից ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ: Մատը, որը մցվում է աճուկային խողովակի մեջ, նրա արտաքին բացվածքի միջով, հազի ժամանակ կարող է զգալ մատի ծայրին թեթևակի հրոց: Ոչ լրիվ աճուկային թեք ճողվածքի դեպքում ճիգ գործ դնելու դեպքում առաջանում է գնդաձև ուռածություն: Լրիվ թեք աճուկային ճողվածքի դեպքում ճողվածքի պարունակությունը իջնում է փոշտի խոռոչ: Ճողվածքի պարունակությունը սովորաբար ինքնուրույն կերպով չի ուղղվում, նույնիսկ պառկած դիրքում: Սովորաբար ուղղումը կատարվում է ձեռքով, ճնշելով ճողվածքի արտափքվածության վրա: Աճուկային ուղիղ ճողվածքը հաճախ լինում է երկկողմանի: Ճողվածքի արտափքվածությունը ունի կլորավուն, գնդաձև տեսք:

Բուժում

Սիրտ-անոթային համակարգի մեծ խանգարումներով տարեց մարդկանց, որոնց համար վիրահատական բուժումը հակացուցված է, կարելի է հանձնարարել կրելու հատուկ ամրակապ: Բուժման արմատական եղանակը վիրահատական է: Ի տարբերություն աճուկային թեք ճողվածքի, ուղիղ ճողվածքների դեպքում, վիրահատումների ժամանակ աճուկային խողովակի հետին պատը ամրացվում է:

Ազդրային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճուկային ճողվածքների հետ համեմատած, հանդիպում են զգալիորոն քիչ: Տեղակայվում են պուպարյան կապանից ներքև ազդրային խողովակի մեջ, հաճախ ազդրային երակից դեպի ներս, օվալաձև փոսի շրջանում: Ազդրային ճողվածքը հաճախ առաջանում է կանանց մոտ կոնքի մեծ լայնության, նրա հատուկ թեքության, օվալաձև բացվածքի մեծ չափերի, ինչպես և ներորովայնային ճնշման ուղղության պատճառով: Բնածին ազդրային ճողվածքներ չեն լինում:

Կլինիկական պատկեր

Բնորոշվում է ոչ մեծ ուռուցքանման գոյացությամբ, որը տեղակայվում է պուպարյան կապանից ներքև: Երբեմն ազդրային խողովակի շրջանում զգացվում է ցավ, զուգակցված մարսողական խանգարումների, փորափքանքի և փորկապության հետ: Չուղղվող ճողվածքի դեպքում նրա պարունակությունը հաճախ լինում է ճարպոնը:

Բուժում

Բուժումը վիրահատական է: Օղակման հակվածությունը պարտադրում է վիրահատման ենթարկել որքան կարելի է շուտ:

Պորտային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Umbilical hernia growth.gif

Հաճախ առաջանում է երեխաների և կանաց մոտ: Երեխաների մոտ տարբերում են բնածին և ձեռքբերովի պորտային ճողվածք: Պորտալարի բնածին ճողվածքները պատկանում են զարգացման արատներին կապված սաղմնային շրջանում որովայնի առաջային պատի ձևավորման կասեցումից: Ճողվածքները լինում են տարբեր չափերի, ունեն գնդաձև տեսք: Կապված որովայնային ծածկույթների բացակայության հետ ճողվածքի պարունակությունը ծածկված է ամնիոնով:

Բուժում

Բուժումը պորտալարի բնածին ճողվածքի, որովայնի առաջային պատի շերտ առ շերտ կարելն է: Մեծ արատների դեպքում կիրառվում է պլաստիկ վիրահատումը: Պորտալարի ճողվածքները երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին հանդիպում է պորտի օղի անբավարար փակվելու հետևանքով կապված հազի, փորկապության, սնուցման խանգարման հետ: Ճողվածքներն այս դեպքում լինում են ոչ մեծ չափերի և ազատորեն ներուղղվում են: Երեխաների մոտ կիռարվում է պահպանողական բուժում պորտի եզրերը ձգելով իրար մոտեցնելը կպչուն սպեղանու թերթիկներով, բամբակթանզիֆային գոտիով: Անպայմանորեն բուժել թոքերի, մարսողական ուղու ուղեկցող հիվանդությունները, ընդհանուր կազդուրող բուժում: Պորտային ճողվածքները մեծերի մոտ նկատվում է գերազանցապես բազմածին կանանց մոտ: Ճողվածքները կարող են լինել տարբեր չափսերի, երբեմն հասնում են մեծ չափերի և չուղղվող են: Հաճախ նկատվում է ճարպոնի օղակում: Պորտային ճողվածքները չափահասների մոտ ենթակա են վիրահատական բուժման:

Որովայնի սպիտակ գծի ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հանդիպում է մեծահասակ տղամարդկանց մոտ: Նրանց առաջացման հիմքում ընկած են սպիտակ գծի ջլոնի թելիկների իրարից հեռացումը և առաջացած բացվածքից սկզբում վերորովայնամզային ճարպաբջջանքից դուրս գալը, որի հետևանքով հետագայում զարգանում է իսկական ճողվածք ճողվածքապարկով և նրա պարունակությունով:

Կլինիկական պատկեր

Որովայնի սպիտակ գծի ուղղությամբ, հաճախ էպիգաստրյալ շրջանում, առաջանում է ուռուցքանման գոյացություն, որը շոշափելիս ցավոտ է: Որովայնի սպիտակ գծի ճողվածքը կարող է կեղծել ստամոքսի խոցային հիվանդության, խոլեցիստիտի և պանկրեատիտի կլինիկական պատկերները: Դրանց ժխտման համար պահանջվում է հիվանդի մանրազնին հետազոտում:

Բուժում

Բուժումը վիրահատական է: Կարվում է ճողվածքային դրունքը:

Հետվիրահատական վենտրալ ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկատվում են որովայնի խոռոչի օրգանների վրա վիրահատական միջամտությունից հետո, երբ վիրահատական վերքը ենթարկվում է թարախակալման: Վիրահատական վերքերի թարախակալումի հետո, որպես կանոն, լավացումը տեղի է ունենում եկրորդային ձգումով: Առաջանում են սպիներ: Սպիական ճողվածքային դրունքները կարող են լինել տարբեր չափսերի: Այս ճողվածքների դեպքում առաջին տեղը բռնում է ցավը, որը ուժեղացնում է ֆիզիկական ծանրաբեռնման դեպքում: Հաճախ նկատվում են մարսողական խանգարումներ, փորափքանք: Բարակ աղիքի գալարը և ճարպոնը հաճախ սերտաճում են որովայնապատի հետ, որը կարող է հանգեցնել աղիքային անանցանելիության: Կարող է նկատվել օղակում:

Բուժում

Բուժումը վիրահատական է: Կտրվում և հեռացվում է սպիական հյուսվածքը: Որովայնի պատի արատը կարվում է:

Ճողվածքով խնամյալի խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանային վիրահատությունից առաջ խնամյալին ենթարկում են ամբուլատոր հետազոտման: Ստացիոնարում վիրահատման նախօրեին երեկոյան և առավոտյան կատարվում է մաքրող հոգնա: Վիրահատումը կատարվում է տեղային անզգայացման տակ: Վենտրալ մեծ ճողվածների դեպքում վիրահատությունից առաջ 2 շաբաթվա ընթացքում կատարվում է որովայնի պինդ բինտակապում ներորովայնային ճնշման խիստ բարձրացումը կանխարգելելու համար, բուժման ֆիզկուլտուրա և սովորեցնում են կրծքային շնչառությանը: Օղակված ճողվածքի դեպքում խնամյալին շտապ հոսպիտալավորում են վիրաբուժական բաժանմունք անհետաձգելի վիրահատման համար: Ցավազրկողների և սպազմոլիտիկների ներմուծումները անթույլատրելի է, քանի որ կարող է տեղի ունենալ ինքնաուղղում: Վիրահատական նախապատրաստումը կատարվում է 1.5 ժ ոչ ավելին: Վիրահատումից հետո խնամյալին նշանակվում է 2 օրով անկողնային կենսակարգ: Առանց բարդությունների ընթացող վիրահատական միջամտությունից 2 ժամ անց թույլատրվում է խմել և ընդունել ջրիկ կերակուր: Խնամյալին հանձնարարվում է կրել պինդ գոտի որովայնի շուրջը 1-2 շաբաթ ժամանակով և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 3-4 շաբաթով: Աճուկափոշտային ճողվածքի վիրահատությունից հետո փոշտի այտուցվածությունը նվազեցնելու համար կիրառվում է ամորձակալ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոստոմ Արևյան «Քույրական գործը վիրաբուժությունում»/մաս 3 «Զանգակ-97» Երևան 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Overview at Cincinnati Children's Hospital Medical Center
  • Overview at Penn State

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-03-01 — 2019-03-01 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 «UOTW #44 - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ 18 April 2015։ Վերցված է 27 May 2017