Որդուարի Բաբայանների մետաքսի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որդուարի Բաբայանների մետաքսի գործարան, գործարան Գողթն գավառի Գողթն քաղաքում։ Եղել է այս քաղաքի մետաքսի յոթ գործարաններից ամենանշանավորը 19-րդ և 20-րդ դարերի առաջին տասնամյակներում։ Գործարանը ստեղծվել է 1849 թվականին Հանդամեջ գյուղի բնակիչ Կարապետ Բաբայանի կողմից։ Ունեցել է 210-220 բանվոր, մետաքսի 30 մեքենա և տարեկան միջին հաշվով տվել է ընտիր մետաքսաթել՝ 66760 ռուբլուն համարժեք։

19-րդ դարում Բաբայանների գործարանը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների և առաջնակարգային գործարան է համարվել։ 1878 թվականին արժանացել է մեդալի և դիպլոմի՝ մասնակցելով Փարիզի մետաքսի ընկերության ցուցահանդեսին և համարվել է այդ ընկերության պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Մոսկվայի կայսերական հանդեսի մեդալով և արժանացել գովասանքների 1877 թվականին։ Իսկ 1890 թվականին պարգևատրվել է ոսկե մեդալով և դիպլոմով՝ մասնակցելով Նիժնի Նովգորոդի ցուցահանդեսին։

Բաբայանների, Որդուարի մյուս և Ագուլիսի մետաքսի գործարանների արտադրանքների մեծ մասը եվրոպական երկրներ էր արտահանվում։ Օրինակ, Ագուլիսի և Որդուարի գործարաններից 19-րդ դարի վերջերին ֆրանսիացի Էդուարդ Բերտրանը տարեկան գնել է 400 փութ թաց բոժոժ, որից 50 փութի չափ չոր բոժոժ և 20 փութ սերմ էր ստացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 49 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։