Որդնալվիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որդնալվիճ, ֆիլոքսերախաղողի, լվիճների ենթակարգի, ֆիլոքսերիների ընտանիքի միջատ, խաղողի վազի վտանգավոր վնասատու։ Հայրենիքը ԱՄՆ է։ Տարածված էր Մոլդավիայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասի մի քանի շրջաններում, Հայաստանում՝ Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի և Թումանյանի շրջաններում։ Որդնալվիճի մարմինը օվալաձև է, դեղնականաչավուն, երկարությունը՝ 0,8- 1,2 մմ, աչքերը՝ կարմիր, կնճիթը՝ ծակող-ծծող տիպի։ Լրիվ ցիկլով զարգանում է խաղողի վազի վերերկրյա և ստորգետնյա օրգանների վրա։ Ունի 2 ձև՝ արմատային և տերևային։ Ձմեռում են առաջին և երկրորդ հասակի թրթուրները՝ արմատների վրա։ Չորրորդ մաշկափոխումից հետո ձևավորվում է էգը, բազմանում է կուսածնությամբ, արմատների վրա դնում մինչև 200 ձու։ Ծնված թափառող թրթուրները կպչում են արմատներին, և սկսվում է հաջորդ գեներացիան (սերունդը)։ Արմատային ձևը վեգետացիայի ընթացքում հարավային շրջաններում տալիս է 6—9 սերունդ։ Ամռանը արմատային թրթուրներից առաջանում են թևավոր լվիճներ, որոնց էգերը բեղմնավորվելուց հետո ձվադրում են բույսի վերերկրյա մասերի վրա։ Մեծ ձվերից ծնվում են էգեր, փոքրերից՝ արուներ։ Բեղմնավորված էգը բազմամյա ճյուղերի վրա դնում է մեկ ձմեռող ձու։ Գարնանը ձվերից դուրս են գալիս որդնալվիճի տերևային ձևեր, որոնք խաղողի ամերիկյան տեսակների և հիբրիդների տերևների վրա առաջացնում են սափորաձև գխտորներ, որի հետևանքով տերևները չորանում են։ Թրթուրները սնվում են, չորս անգամ մաշկափոխվում և վերածվում հասուն կուսածին էգ՝ սերնդահիմնադիրի, որը դնում է մինչև 400 ձու։ 2—3-րդ գեներացիայից սկսած գխտորներում ծնվում են որդնալվիճի տերևային, ինչպես նաև արմատային ձևերի թրթուրներ։ Աշնանը բոլորը (բացի արմատային թրթուրներից և ձմեռող ձվից) ոչնչանում են։ Որդնալվիճը լրիվ ցիկլով զարգանում է միայն ամերիկյան մի քանի տեսակների և դրանց հիբրիդների արմատների և տերևների վրա։ Եվրոպական և ասիական սորտերի վրա մակաբուծում և շատ վնասակար է միայն արմատային ձևը։ Որդնալվիճի թքի ֆերմենտների ազդեցությունից արմատների վնասված մասերի հյուսվածքները վերաճում են ուռուցքների, արմատները ճաքճքում են, առաջանում են խոցեր, ուր թափանցում են միկրոօրգանիզմները և փտեցնում դրանք։ Վարակված վազերը չեն պտղաբերում և 5—10 տարի հետո սովորաբար չորանում են։ Ամերիկյան խաղողի վազին առավելապես վնասում է տերևային ձևը։ Պայքարի միջոցները. կարանտինի խիստ պահպանում, տնկանյութի վարակազերծում հեքսաքլորանով, բրոմմեթիլով և այլ միջատասպաններով, ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկում, վնասված գոտիներում հողի պարբերական մշակում ֆումիգանտներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 644