Սուրբ Մարիամ-սուրբ Եղիսաբեթ մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռ, գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ) մտնող ճանապարհի ձախակողմյան բարձունքի վրա։ Կառուցվել է 1998-2000 թթ-ին։

Ճարտարապետական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու գմբեթավոր կառույց է։ Այն նախագծել է ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը։ Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանը, Ջիմ Թորոսյանը, Գրիգոր Խանջյանը և ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Այս մատուռի կառուցման նախաձեռնող Իրինա Գալստյանը մատուռի կառուցման խնդրանքով 1998 թվականին դիմել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Վեհափառ Տեր Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսին։ Վերջինս օգնության համար նամակով դիմել է Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդին։ Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով 1999 թ-ի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (ներկայիս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը։ Կառույցի համար ընտրվել է բաց կարմրավուն տուֆ քարը, որը թե ձմեռային սպիտակ, թե ամառային կանաչ համայնապատկերի վրա խիստ ընդգծված տեսանելիություն է ապահովում։ Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է 2000 թ-ի հուլիսի 13-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։ Արայի գյուղապետարանի ջանքերով մատուռի շրջակայքը բարեկարգվել ու բարեխնամ տեսք է ստացել։ Այստեղ տնկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ։ 2005 թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել։ Այս նույն բարձունքին դեռևս 1982 թ-ի սեպտեմբերի 27-ին տեղադրվել է հուշաքար Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին։ Գյուղապետարանը, գյուղի հասարակությունը պատրաստվում է իրականացնել նախաձեռնությունըª հուշարձանը նվիրելով Հայոց ցեղասպանության զոհերի, Ապարանի հերոսամարտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախյան ազատամարտի արայեցի կամավորականների ու մարտիկների հիշատակին։

Նվիրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատուռի մուտքի բարավորին փորագրված է. "Որդեկորույս մայրերի մատուռ"։ Մատուռի հյուսիսային պատին ամրացված նույնագույն տուֆի վրա փորագրվել է. "Հայրապետութեանն Տ. Տ. Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան Արագածոտնի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից"։
  • Նույնատիպ երկրորդ տախտակի վրա փորագրվել է. "Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն Գարեգին Ա Քեսաբցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան։ Ամի տեառն 1998 եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1447+551=1998)"։
  • Նույն հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.

"Մեյրի Շատպէկյան ի յիշատակ Էլիզապէթ եւ Մարիամ Ճանիկեան Արաքսի եւ Սերոբ Ուզունյան ի յիշատակ Յասմիկ Ուզունեանի, Վենեզուէլա Ագնես Սահակեան ի յիշատակ Էլիզա Սահակեանի Մարգրիտ եւ Մարտիկ Տարկունեան, Վենեզուէլա Անոյշ եւ Երուանդ Պալեան Մարիա, Արթուր եւ Արմեն Պալեան, Մարիամ եւ Սերոբ Պետրոսեան Փօլ Արա Քիւրքճեան Թինա եւ Լեւոն Քիւրքճեան"։

  • Հարավային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.

"Ժանէթ եւ Եդուարդ Գէլճիքեան Նատիա, Աննա, Գարնիկք ի յիշատակ Անահիտ եւ Յարութիւն Գարնիքեանի Սոնա եւ Սեդրակ Իսկէնտերեան Թագուհի եւ Վարդանին Կիլիզեան Ծովակ եւ Գրիգոր Կիւլտալեան Մարի եւ տոքթ. Նշան Կուտսուզեան Եւա եւ Ճեք Մեծօրեան Մէյրի եւ Մարկրիտ Յովնանեան Արմինուհի Նաճարեան"։