Ով աշխատի` նա կուտի (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ով աշխատի` նա կուտի
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԼեզուՀայերեն

Ով աշխատի` նա կուտի, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մոր ու որդու մասին, ովքեր շատ աղքատ են լինում, նրանց ունեցածը մի զույգ եզն է լինում։ Մի օր այդ տղայի մայրը հիվանդանում է և ոչինչ չի ուտում։ Տղան մորը հարցնում է, թե նրա սիրտը ինչ է ուզում։ Մայրն էլ ձեռքը եզների վրա է պահում և խնդրում, որ տղան եզներից մեկին մորթի, ու տա իրեն։ Տղան էլ մորթում է։ Ժամանակ է անցնում և գալիս է վար անելու ժամանակը, բայց մի եզն է մնացել։ Տղան մորը հարցնում է, թե ինչ պիտի անեն առանց երկրորդ եզան։ Մայրը մտածում է և ասում, որ մի եզան փոխարեն ինքը կլինի։ Այդպես էլ անում են։ Այդ օրերին էլ երկրի թագավորը որսի եկած է լինում[1]։ Մի թռչուն է հարվածում, տալիս ծառային, որ խորովի, ասելով, որ հանկարծ չվառի։ Ծառան կրակ է անում ու միսը դնում կրակի վրա։ Տեսնում է, որ մի տղա իր մորը լծել է մի եզան հետ ու հող է վարում։ Դա տեսնելուն պես, մոռանում է թագավորի ասածն ու միսը վառվում է։ Թագավորը դա տեսնելով շատ է բարկանում։ Ծառան նրան բացատրում է, թե ինչու է միսը վառել։ Այդ ամենը լսելով թագավորը զարմանում և իր մոտ է կանչում այդ տղային։ Տղային հարցնում է, թե ինչու է այդպես վարվում իր մոր հետ, ու տղան ամեն ինչ պատմում է։ Թագավորը տղային մի խամ աչառ է տալիս` ասելով, որ եթե տղան կարողանա նրան սովորեցնել` թող տանի լծի։ Տղան աչառին տանում է իրենց գոմը, մի լավ կապկպում ու երեք օր, երեք գիշեր սոված է պահում։ Հետո գալիս է գոմ, մի քիչ ջուր ու մի բուռ խոտ է տալիս, տանում լծում։ Թագավորը նրան նորից է կանչում, հարցնում, թե ինչպես արեց։ Տղան էլ ասում է, որ մի կերպ կարողացավ։ Թագավորը ասում է, որ նա շատ խելացի և շնորհքով է, իր աղջկան նրան հարս կտա։ Տղան գալիս է տուն մորն ասում, որ մայրը գնա թագավորի աղջկան իրենց տուն բերի։ Բայց մայրն ասում է, որ պատռված հագուստով պալատ չի գնա։ Տղան գնում գեղեցիկ հագուստներ է բերում մոր համար, ու նորից խնդրում, որ մայրը գնա թագավորի աղջկան հարս բերի։ Մայրը գնում է պալատի առաջ նստում ամաչում է, որ ներս մտնի։ Գնում թագավորին ասում են, որ մի ծեր կին եկել դռան առաջ նստել է։ Թագավորը պառավին ներս է կանչում, գնում ներս են բերում։ Նա թագավորին ասում է, որ մի խնդրանք ունի, բայց ամաչում է ասել։ Հետո ասում է, որ իր տղան թագավորի աղջկան հավանել է և ուզում է ամուսնանան։ «Շատ լավ,- ասում է թագավորը։ Երբ ցանկանաք եկեք, տարեք»։ Օրերն անցնում էին, և թագավորի աղջկան հարս են տանում, բայց նա ոչ մի գործ չէր անում։ Տղան մորն ասում է, որ աղջկան հաց չտա։ Մի քանի օր միայն մայր ու որդի են նստում հաց ուտելու, իսկ աղջիկը մի կողմ նստած նայում է։ Հետո նրան մի կտոր հաց ու մի քիչ էլ ջուր են տալիս։ Հաջորդ օրը վեր է կենում, տան կեսը ավլում։ Կես հաց ու կես թաս ջուր են տալիս։ Մյուս օրը արթնանում է ամբողջ տունը ավլում, դուրս գալիս բակն էլ հետը ավլում։ Դա իմանալով` տղան ասում է, որ հիմա աղջիկը կարող է նրանց հետ սեղան նստել։ Դրանից հետո աղջիկը շատ էր աշխատում, ամեն առավոտ տունն ու բակը ավլում էր, ջրի էր գնում։ Մի օր թագավորը կնոջն ասում է, որ իրենց անբան աղջկան ինչքան ժամանակ է չի տեսել։ Գնում է աղջկան հյուր։ Նրան լավ են դիմավորում։ Դրանք խաշ դրած են լինում։ Աղջիկը սխտորը հոր ձեռքն է տալիս, որ կլպի, ասելով, որ եթե գործ չանի, նրան հաց չեն տա։ Կեսուրը գալիս տեսնում է` թագավորը սխտոր է կլպում, աղջկա վրա բարկանում է։ Իսկ աղջիկը հարցնում է, թե որ հայրը գործ չանի, հաց կտա՞ն։ Թագավորն ու տղայի մայրը ծիծաղում են։ Տղան տուն է գալիս, մի լավ քեֆ են անում[2]։ Իզուր չի ասված` ով աշխատի նա կուտի։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով աշխատի, նա կուտի» արտահայտությունը շատ տարածված ժողովրդական իմաստնություն է։
  • Նույն վերնագրով կա նաև ռուսական ժողովրդական հեքիաթ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 43
  2. Նույն տեղուն, էջ 45
  3. Ով աշխատի, նա կուտի:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]