Ոսկեգույն ծածան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեգույն ծածան
Ոսկեգույն ծածան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Ծածանաձկներ
Տեսակ S. aurata
Լատիներեն անվանում
Sabanejewia aurata
(De Filippi, 1863)
Հատուկ պահպանություն
Ենթատեսակներ
  • S. a. aralensis, (Aral Spined Loach)
  • S. a. aurata, (Golden Spined Loach)

Ոսկեգույն ծածան (լատին․՝  Sabanejewia aurata), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում հայտնաբերվել է Արաքս և Մեծամոր գետերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն օձանման է՝ կողքերից սեղմված, երկար՝. 5-8 (երբեմն՝ մինչև 10) սմ։ Բերանը նեղ է և փոքր, գտնվում է դնչի ստորին մասում։ Պոչային ցողունը գրեթե մարմնի բարձրության է։ Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ, երկուսը դնչի առջևի մասում են, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում։ Աչքի տակ, մաշկային ծալքի մեջ, գտնվում է շարժուն, երկծայր, փշաձև ելուստ (այստեղից՝ անունը)։ Պոչային լողակը կորաեզր է։ Թեփուկները շատ մանր են ու բարակ։ Կողագիծն արտահայտված է միայն մարմնի առջևի մասում։ Մեջքային լողակում կա 8-10 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Ալանային ատամները միաշարք են։ Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է։

Մարմնի ընդհանուր գունավորումը կեղտոտ դեղնավուն է՝ պատված տարբեր մեծության ու ձևերի սև բծերով։ Խոշոր բծերի 2 շարք է ձգվում կողագծի վրայով՝ գլխից մինչև պոչային լողակը, մյուս շարքը՝ ողնաշարի երկայնքով։ Ավելի փոքրիկ բծեր կան նաև գլխի, մեջքային և պոչային լողակների վրա։ Բծերը լողակների վրա տեղադրված են որոշակի համաչափությամբ և ձևավորում են լողակի լայնությամբ ձգվող ընդհատ գծեր (մեջքի լողակի վրա՝ 4, պոչի լողակի վրա՝ 5)։ Բազմանում է գարնան վերջին և ամռան սկզբին՝ գետերի կամ ջրամբարների առափնյա տեղամասերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակեր է։ Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով (միջատներ և նրանց թրթուրները, որդեր)։ Կերային ակտիվությունն առավել բարձր է առավոտյան և երեկոյան։

Վարում է մերձհատակային կենսաձև՝ հիմնական ժամանակն անցկացնելով թաքստոցներում։

Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ հանդիպող տեսակ է։ Արդյունաբերական նշանակություն չունի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։