Ոչ նյութական ակտիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ նյութական ակտիվներ, ֆիզիկական սուբստանցիայից զուրկ որոշելի ոչ դրամային ակտիվներ[1]։ Ոչ նյութական ակտիվների մեջ են մտնում համակարգչային ծրագրերը, լիցենզիաները, արտոնագրերը, ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքները և այլ ոչ նյութական ակտիվները։ Գոյություն ունեն մի քանի ոչ նյութական ակտիվներ, որոնք կարող են գտնվել ֆիզիկական սուբստանցիայի մեջ կամ դրա վրա, օրինակ` իրավաբանական փաստաթղթերի (համապատասխան լիցենզիայի կամ արտոնագրի առկայության դեպքում)։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ նյութական ակտիվների սահմանումը ենթադրում է երեք պայման`

  • որոշելիություն,
  • միջոցների նկատմամբ վերահսկողություն,
  • ապագա տնտեսական օգուտների առկայություն։

Ոչ նյութական ակտիվի սահմանումը պահանջում է, որպեսզի այն լինի որոշելի։ Ոչ նյութական ակտիվը որոշելի է այն դեպքում, եթե այն`

  • առանձնացվելի է, ասինքն` եթե կարող է առանձնացվել կամ բաժանվել կազմակերպությունից և վաճառվել, փոխանցվել, տրամադրվել լիցենզիայով, վարձակալությամբ կամ փոխանակվել` կամ անհատապես, ակտիվի կամ պարտավորության հետ միասին, կամ
  • առաջանում է պայմանագրային կամ այլ իրավաբանորեն ամրագրված իրավունքներից` անկախ նրանից, թե արդյոք այդ իրավունքները փոխանցելի են կամ առանձնացվելի են կազմակերպությունից, կամ այլ իրավունքներից ու պարտականություններից։

Կան որոշ ոչ նյութական ակտիվներ, որոնք չեն պարունակում այնպիսի ոչ նյութական միջոցներ, որոնք կարգավորվում են այլ ստանդարտներով։ Մասնավորապես ֆինանսական ակտիվները, նյութական ակտիվների վարձակալությունը, հանքանյութերի, նավթի, բնական գազի և համանման չվերականգնվող ռեսուրսների հանքամշակման և արդյունահանման ծախսումները։

Կազմակերպությունը վերահսկում է ակտիվը, եթե կարող է ձեռք բերել ապագա տնտեսական օգուտները և սահմանափակել այդ օգուտների հասանելիությունը այլ կազմակերպությունների համար։ Ոչ նյութական ակտիվից առաջացող ապագա տնտեսական օգուտները կարող են հանդես գալ ապրանքների կամ ծառայությունների իրացումից հասույթի, ծախսումների տնտեսման կամ այլ օգուտների տեսքով, որոնք առաջանում են կազմակերպության կողմից այդ ակտիվը օգտագործելուց։ Շուկայական և տեխնիկական գիտելիքները կարող են ձևավորել ապագա տնտեսական օգուտներ։ Կազմակերպությունը վերահսկում է այդ օգուտները, եթե տվյալ գիտելիքը պաշտպանված է իրավաբանորեն սահմանված իրավունքով, ինչպիսին է հեղինակային իրավունքը։

Ոչ նյութական ակտիվների սահմանմանը չեն բավարարում ներստեղծված գնորդների պորտֆելը, շուկայի բաժինը, անձնակազմի կարողությունը։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ նյութական ակտիվների գնահատումը կատարվում է հետևյալ արժեքներով.

  1. սկզբնական (պատմական),
  2. իրական,
  3. վերագնահատման,
  4. հաշվեկշռային,
  5. մնացորդային։

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն` սկզբնական ճանաչումից հետո ևս ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվում է սկզբնական արժեքի մոդելը։ Պետական շնորհով ձեռք բերված ոչ նյութական ակտիվը սկզբնապես չափվում է իրական կամ անվանական արժեքով։ ՀՀՄՍ 38-ի համաձայն` սկզբնական ճանաչումից հետո ոչ նյութական ակտիվների նկատմամբ կարող է կիրառվել վերագնահատման մոդելը, սակայն գործող շուկայի բացակայության պատճառով գործնականում այն ՀՀ-ում չի կարող կիրառվել։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորի ճանաչումը, որպես ոչ նյութական ակտիվ, պահանջում է կազմակերպությունից ցուցադրել, որ այդ միավորը բավարարում է.

  1. ոչ նյութական ակտիվի սահմանմանը,
  2. ոչ նյութական ակտիվների չափանիշներին։

Ոչ նյութական ակտիվը պետք է ճանաչվի միմիայն այն դեպքում, երբ.

  1. հավանական է, որ գալիք տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպություն,
  2. ակտիվի արժեքը կարող է հուսալիորեն գնահատվել։

Ոչ նյութական ակտիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ճանաչումից հետո։

Չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ նյութական ակտիվը նախապես չափվում է սկզբնական արժեքով։ Սկզբնական արժեքը որոշելիս պետք է հաշվի առնվի տվյալ ոչ նյութական ակտիվի ձեռք բերման կամ ստեղծման կարգը և ակտիվի փոխհատուցման աղբյուրը։ Ելնելով դրանից ոչ նյութական ակտիվի սկզբնական չափման ժամանակ հաշվի են առնում հետևյալ դեպքերը.

  1. ոչ նյութական ակտիվի ձեռքբերում դրամական միջոցներով կամ այլ դրամային ակտիվներով,
  2. ոչ նյութական ակտիվների փոխանակում,
  3. ոչ նյութական ակտիվի ձեռքբերում պետական շնորհի միջոցով,
  4. ոչ նյութական ակտիվի ձեռքբերում` որպես ձեռնարկատիրական գործունեության միավորման մաս,
  5. ներստեղծված ոչ նյութական ակտիվներ։

Առանձին ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունն ակնկալում է տնտեսական օգուտների ներհոսք նույնիսկ այն դեպքում, երբ այդ ներհոսքի վերաբերյալ առկա է անորոշություն` ժամանակային կամ գումարային առումով։ Պարզ էլ, որ առանձին ձեռք բերվող ոչ նյութական ակտիվների համար ճանաչման հավանականության չափանիշը միշտ համարվում է բավարարված։ Առանձին ձեռք բերված ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի մեջ են մտնում`

  • գնման գինը, այդ թվում` ներկրման տուրքերն ու գնման չփոխատուցվող հարկերը,
  • ուղղակիորեն վերագրելի ծախսումները (աշխատակիցների հատուցումների գծով ծախսումները, ակտիվի պատշաճ աշխատանքի ստուգման ծախսումները)։

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ոչ նյութական ամորտիզացվում են իրենց օգտակար ծառայության ընթացքում։ Ոչ նյութական ակտիվի ամորտիզացվող գումարը պարբերական հիմունքով բաշխվում է ակտիվի օգտակար ծառայության ընթացքում։ Ամորտիզացվող գումարը ակտիվի սկզբնական արժեքն է։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանի ամորտիզացիայի գումարը ճանաչվում է հավելուրդով կամ պակասուրդով, բացառությամբ, եթե այն ներառվում է մեկ այլ ակտիվի հաշվեկշռային արժեքում։

Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայությունը այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում կազմակերպությունը ակնկալում է օգտագործել ակտիվը։ Ոչ նյութական ակտիվների օգտակար ծառայությունը գնահատվում է այն պահին, երբ դրանք դառնում են մատչելի օգտագործման համար։ Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան սկսվում է հաշվարկվել, երբ այն մատչելի է օգտագործման համար։ Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիայի հաշվարկը դադարեցվում է, երբ ակտիվը ապաճանաչվում է և դասակարգվում է` որպես վաճառքի համար պահվող։

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն՝ ոչ նյութական ակտիվները ունենում են որոշակի ժամկետով օգտակար ծառայություն, իսկ ՀՀՄՍ 38-ի համաձայն՝ անորոշ ժամկետով օգտակար ծառայություն։ Վերջինս չի ամորտիզացվում։

Սովորաբար ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվում է ամորտիզացիայի հաշվարկման գծային մեթոդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.