Ոչ արտադրական ոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ արտադրական ոլորտ, տնտեսության ճյուղերի ամբողջություն, որտեղ իրագործվում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունն ու սպառումը, ստեղծվում հոգևոր արժեքներ ու կատարվում սոցիալ-մշակութային ծառայություններ։ Ոչ արտադրական ոլորտին կարող են վերագրվել բնակարանային-կոմունալ տնտեսությունը և բնակչության կենցաղային սպասարկումը (ոչ արտադրական բնույթի), մարդատար տրանսպորտը, կապը (Ոչ արտադրական ոլորտին և բնակչությանը սպասարկող), առողջապահությունը, ֆիզդաստիարակությունը և սոցիալական ապահովությունը, կրթությունը, մշակույթը, արվեստը, գիտությունը և գիտական սպասարկումը, վարկավորումը և ապահովագրությունը, կառավարումը, հասարակական կազմակերպությունները։

Այս ոլորտում հիմնականում աշխատանքը (բժշկի, ուսուցչի, արտիստի, պետական ապարատի աշխատողների և այլն) հանդես է գալիս ծառայությունների ձևով, որոնց կատարումն ու սպառումը տեղի են ունենում միաժամանակ, իսկ հոգևոր արժեքների ստեղծման պրոցեսում աշխատանքը (նկարչի, քանդակագործի, գրողի և այլն) ստանում է «առարկայական» ձև, և դրանց իրականացումն ու սպառումը չեն համընկնում։ Ոչ արտադրական ոլորտում աշխատանքի գործընթացը, հետևանքի տեսակետից, արտադրություն չէ, ուստի օգտագործվող նյութական միջոցներն էլ արտադրության միջոցներ չեն, այլ սպառման առարկաներ։ Ծախսված աշխատանքով մեծանում է հասարակության սպառման ընդհանուր ծավալը, բայց ոչ ազգային եկամուտը, որովհետև այն անարտադրողական է և նյութական արդյունք, արժեք չի ստեղծում։

Ոլորտը գործում է նյութական արտադրության մեջ ստեղծված ազգային եկամտի վերաբաշխման հաշվին, արտադրությունը դրան տալիս է գործունեության նյութական միջոցներ (շենքեր, գործիքներ, մեքենաներ, նյութեր) ու սպառման առարկաներ (սնունդ, հագուստ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 618