Ողբ (գրական ժանր)
Ողբ, գրականության մեջ՝ գրական ժանր։

Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագել է հնագույն ժամանակներում և բարձր զարգացման հասել անտիկ աշխարհի և միջնադարի գրականության մեջ։ Հայկական ողբի ժանրային ձևավորման բանահյուսական-գրական ակունքներից է ազգային-ժողովրդական լալյաց բանաստեղծությունը, որը կազմել է հուղարկավորության անհրաժեշտ տարրը և ունեցել իր հատուկ հորինող-կատարողները։
Ողբի բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողբը թեմատիկ առումով լայն ընդգրկում ունի, արտացոլում է կյանքի այնպիսի իրողություններ ու դեպքեր, որոնք եղերական բնույթ ունեն։ Ըստ այդմ հայկական ողբերը լինում են պատմական, դամբանական (գերեզմանական), անձնական-քնարական, ողբ-հիշատակարաններ և այլն։ Ողբին հատուկ են սրտաճմլիկ պատումը, հուզական լարվածությունը, խոսքի հռետորական երանգը, սուր և չափազանցված համեմատությունները, թեմայի քնարական մեկնաբանությունը։ Իրար են հակադրվում «երանելի» անցյալը և դառնաղետ ներկան։ Ի հակակշիռ ողբերգական իրականության, հեղինակի միտումը դառնում է գալիքի երազանքը, ժամանակակիցներին հորդորելն ու մխիթարելը։ Ողբը գրվում է «ի սփոփանս տրտմեցելոց»։ Հայ գրական ողբի առաջին նշանավոր արտահայտությունը Մովսես Խորենացու «Ողբ»-ն է («Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 69), ամենակատարյալ օրինակը՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունը։ Աչքի են ընկնում Դավթակ Քերթողի, Գրիգոր Տղայի, Խաչատուր Կեչառեցու, Ստեփանոս Օրբելյանի, Առաքել Բաղիշեցու, Սիմեոն Ապարանեցու, Հովհաննես Մակվեցու ողբերը, որոնք ստեղծվել են VII–XVII դդ․՝ ժանրի բուռն զարգացման շրջանում, որից հետո գրական այդ տեսակն աստիճանաբար դադարել է գոյություն ունենալուց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 610)։ ![]() |