Ողբերգություն Շվեդական տանը

Ողբերգություն Շվեդական տանը, 17 նորվեգացիների մահը Շպիցբերգենում առանձնացած մի տանը 1872—1873 թվականների ձմռանը։ Երկար ժամանակ համարվում էր, որ մահվան պատճառը եղել է լնդախտը[1], սակայն 2008 թվականի հետազոտությունները ցույց տվեցին, որ, հավանաբար, մահացածները տառապելիս էին եղել կապարային թունավորումից։ Շինությունը, որտեղ կատարվել էին ողբերգական իրադարձությունները, 2012 թվականի դրությամբ պահպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ։
Ողբերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]


«Շվեդական տունը» (շվեդերեն՝ Svenskehuset) Շպիցբերգենի ամենահին շինություններից մեկն է։ Այն 1872 թվականին Թորսդեն հրվանդանում կառուցել է Պ. Էբերգը (շվեդերեն՝ P. Öberg)՝ շվեդական լեռնային ընկերության համար, որը պատրաստվում էր այնտեղ շահագործել ֆոսֆատային հանքավայրեր[2]։ Տունը կառուցվել էր այն հաշվարկով, որ դիմակայի տեղի խիստ ձմեռներին, սակայն ծովախորշի վատ դրության պատճառով հանքափորները թողեցին այն[3]։ Այդ տարվա աշնանը հյուսիսային փոթորիկը սառույցով մեկուսացրեց նորվեգական 6 նավանոց խմբի 59 փոկորսիներին Շպիցբերգենի հյուսիսի ափամերձ տարածքում՝ մոտիկ Գրոհուկեն հրվանդանին (շվեդերեն՝ Gråhuken)[3][4]։ Որսորդներից յոթը, մոտ 50 կմ հաղթահարելով սառույցների միջով, կարողացան հասնել Ակտիկայի ֆիննաշվեդ հետախույզ Ադոլֆ Էրիկ Նուրդենշյոլդի մոտ, որի նավերը ևս ուղեփակել էր սառույցը, և դիմեցին նրան օգնության խնդրանքով։ Նուրդենշյոլդը պետք է սարքավորեր ձմեռային «Փոլհեմ» շոգենավը չափազանց սահմանափակ պաշարների պայմանում, և որոշվեց, որ նրանց մի մասը կուղարկվեն Շվեդական տուն, որտեղ հանքափորները թողել էին ուտելիքի և ածխի պաշարներ[3][4]։ Այդ ճանապարհորդության համար ընտրվեցին 17 ընտանեզուրկ տղամարդ, որոնք ճանապարհ ընկան թիանավակներով։ Երթուղու երկարությունը կազմում էր 350 կմ (220 մղոն), և ճանապարհը տևեց 7 օր. որսորդները հասան նպատակակետին 1872 թվականի հոկտեմբերի 14-ին[3][4]։
Այդ ընթացքում սառույցը հալվեց, և մնացած որսորդները կարողացան տուն վերադառնալ երկու նավերով։ Նրանցից երկուսը նախընտրեցին չթողնել մնացած նավերը և մահացան լնդախտից 1873 թվականի ապրիլին[3]։
Հաջորդ տարի նավերը Թրոմսյոյից Ֆրից Մակի (շվեդերեն՝ Fritz Mack) գլխավորությամբ թողեցին Նորվեգիան, որպեսզի փրկեն որսորդներին[5]։ Տանը փրկարարները գտան բրեզենտի մեջ փաթաթած հինգ մարմին։ Ներսից փակված դռների վրա կար նշան, որով զգուշացվում էր ներս չմտնել։ Ներսում գտնվում էին բազկաթոռների, անկողինների և հատակի վրա մեկնված մարմինները[4]։ Ամբողջ քննությունը հայտնաբերեց 15 մարմին, որոնք հանված էին տնից և թաղված էին անկողիններով հանդերձ։ Եվս երկու մարմին գտնվեցին մի քանի տարի անց կատարված հետաքննության ժամանակ[4]։ Որսորդներից մեկը՝ Կառլ Ալբերտսենը (շվեդերեն՝ Karl Albertsen), տանը եղած ընթացքում օրագիր էր պահել։ Գրառումների համաձայն՝ մինչև բևեռային գիշերների սկսելը նորվեգացիները որսում էին սպիտակ արջեր և հյուսիսային եղջերուներ, իսկ հետո սկսեցին սնվել պահածոներով[3]։ Առաջինը նոյեմբերին մահացել է Հանս Հանսեն (շվեդերեն՝ Hans Hansen) անունով մի մարդ։ Սուրբ ծնունդին Շվեդական տանը ձմեռած բոլոր մարդիկ հիվանդ էին[5].։ Օրագրի վերջին գրառումը թվագրված է ապրիլի 19-ին[1]։ Ենթադրվում է, որ Ալբերտսենը մահացել է նախավերջինը[6]։
2008 թվականի քննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտելիքի և վառելիքի պաշարների առկայությունը բացառում էին որսորդների մահը սովից կամ ցրտահարությունից[1]։ Երկար ժամանակ համարում էին, որ նրանք մահացել են լնդախտից՝ բևեռային շրջաններում ոչ հազվադեպ հիվանդությամբ, որն առաջանում է օրգանիզմում C վիտամինի պակասից[2][4]։ Հիմնականում կարծում էին, որ որսորդները դարձել են իրենց տգիտության և անհոգությանը զոհը[4]։ Սակայն մի շարք պատմական փաստեր դեմ են վկայում այս վարկածին։ Նախ հիվանդությունը զարգացել է բոլոր մահացածների մոտ միաժամանակ, որը բնորոշ չէ լնդախտին։ Երկրորդը՝ օրագրի գրառումներից հետևում է, որ խումբը գիտեր այդ հիվանդության վտանգի մասին և թե ինչպես խուսափեն դրանից[4]։ Առաջ է քաշվել նաև տեսակետեր, որ մահը վրա է հասել տուբերկուլոզից[7] կամ բոտուլիզմից[4]։
2007 թվականին բժիշկ Ուլֆ Օսեբյոն (նորվ.՝ Ulf Aasebø) և պատմաբան Խել Խյերը (նորվ.՝ Kjell Kjær) թույլտվության հայտ ներկայացրին, որ արտաշիրմեն Շվեդական տանը մահացածների աճյունները, որպեսզի բացահայտեն մահվան հստակ պատճառը[8]։ Նրանք ենթադրում էին, որ որսորդները մահացել են ոչ թե լնդախտից, այլ կապարային թունավորումից[4]։ 19-րդ դարում ուտելիքի պահածոների տարաների զոդման կարերի բաղադրությունը պարունակում էր մինչև 50% կապար[8]։ Նորվեգիայի մշակութային ժառանգության տեսչությունն (նորվ.՝ Riksantikvaren) սկզբում մերժեց հայցը, բայց գիտական նպատակների և հետազոտության մեթոդների հստակեցումից հետո 2008 թվականի հուլիսին տվեցին թույլտվություն[7]։
Հետազոտողները Թորսդեն հրվանդանում են եղել օգոստոսի 7-9[7]։ Որոշ գերեզմաններում մարմինները հայտնաբերվեցին հավերժական սառածության մեջ իրենց անկողիններով սառած սառույցի մեծաղյուսների մեջ այնպես լավ պահպանված, որ որոշվեց դրանց ձեռք չտալ։ Բժիշկ Օսեբյոյի խոսքերով դրանք բոլորովին էլ կմախքացած դիակներ չէին, և թույլտվություն ստանալով, ինչպես և նաև բարոյական պայմանավորվածություն, թույլ չտվեցին հետազոտողներին այդ մարմիններից վերցնել նմուշ[4]։ Երկու այլ մարմիններ, որոնք թաղված էին երկուսացած ոչ խոր գերեզմանում, ամբողջովին կմախքացած էին, և նմուշները վերցրին նրանցից[4]։ Վերցված նմուշները հաստատեցին հետազոտողների ենթադրությունը, քանի որ ոսկորները պարունակում էին կապարի չափազանց բարձր խտություն[5]։ Բացի այդ՝ որսորդների դեն նետած պահածոների տուփերը «պարունակում էին այնքան շատ կապար, որ լեզվակների պես կախվել էին տարաներից»[5]։ Այդ հայտնագործությունը մահացածների վրայից հանեց անհոգության մեղադրանքը, Խյերի խոսքերով՝ գիտական հետազոտությունը օգնեց ետմահու վերականգնել նրանց հեղինակությունը[4]։
Նորվեգացի որսորդների պահածո տարաների կապարով թունավորման պատճառով մահվան վարկածը հաստատվել է նաև 1984 թվականին Օուեն Բիթիի գլխավորությամբ կանադացի գիտնականների՝ բրիտանացի բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի (1845-1847) աճյունների ուսումնասիրության արդյունքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Tragedien i Svenskehuset»։ Norsk Nettskole (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ 2,0 2,1 Anders K. Orwin. The settlements and huts of Svalbard(անգլ.) // Norsk Geografisk Tidsskrift. — 1939.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ulf Aasebø, Kjell G Kjær. Lead poisoning as possible cause of deaths at the Swedish House at Kapp Thordsen, Spitsbergen, winter 1872-3(անգլ.) // BMJ. — London: BMJ Group, 2009. — ISSN 0959-8138.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Einem Nina Birgitte (2008-08-13)։ «Fant 15 lik»։ NRK (նորվեգերեն)։ Վերցված է 2012-06-22
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kemp Ida Halvorsen (2008-09-19)։ «Fangstmenn døde hverken av tuberkulose eller skjørbuk : 135 år gammelt mysterium på Svalbard oppklart»։ Aftenposten (նորվեգերեն)։ Վերցված է 2012-06-22
- ↑ Eilertsen Tobias Stein (2008-09-19)։ «Mysteriet oppklart»։ Framtid i Nord (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-02-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ 7,0 7,1 7,2 Ylvisåker Line Nagell (2008-07-19)։ «Får likevel åpne grav»։ Svalbardposten (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին։ Վերցված է 2012-06-22
- ↑ 8,0 8,1 Lilleås Heidi Schei (2007-05-19)։ «Vil løse 130 år gammel dødsgåte»։ Nettavisen (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-02-ին։ Վերցված է 2012-06-22