Jump to content

Շրջանառության ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջանառության ֆոնդեր, սոցիալիստական ձեռնարկությունների (միավորումների) շրջանառու միջոցների այն մասը, որ ապրանքային և դրամական ձևերով գտնվում է շրջանառության ոլորտում։ Ընդգրկում են պատրաստի արտադրանքի պաշարները (պահեստում և ճանապարհին), տարաները և նյութական այլ արժեքներ, բոլոր դեբիտորական պարտքերը և հաշվարկներում գտնվող այլ միջոցներ, ինչպես նաև դրամական միջոցները (դրամարկղում, հաշվարկային հաշվում)։ Շրջանառության ֆոնդերը ապահովում են վերարտադրության պրոցեսի անընդհատությունը։ Արտադրության պրոցեսի ավարտից հետո դրանք ընդունում են պատրաստի արտադրանքի ձև և, որոշ ժամանակ անց, որ անհրաժեշտ է կոմպլեկտավորման ու փաթեթավորման համար, ուղարկվում սպառողին։ Արտադրանքի իրացումից հետո շրջանառության ֆոնդերը ընդունում են դրամական ձև, ստացված դրամը փոխանցվում է պետական բանկում ձեռնարկության հաշվարկային հաշիվ և կրկին օգտագործվում արտադրական պաշարների ստեղծման, աշխատողների վարձատրության և այլ նպատակներով։ Ըստ կազմակերպման սկզբունքի շրջանառության ֆոնդերը ստորաբաժանվում են նորմավորվողի (պահեստում գտնվող պատրաստի արտադրանք) և չնորմավորվողի (արտադրանքը ճանապարհին, դրամական միջոցներն ու դեբիտորական պարտքը), ըստ ձևավորման աղբյուրների՝ սեփականի (պատրաստի արտադրանքը, դրամական միջոցները պետական բանկի հաշվարկային հաշվում, արտադրանքը ճանապարհին), դրանց հավասարեցվածի (աշխատավարձ) և փոխառուի (պետական բանկի վարկերը և կրեդիտորական պարտքերը)։

Տնտեսության տարբեր ճյուղերում շրջանառու ֆոնդերի կառուցվածքը տարբեր է։ Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց փոխվում է աշխատանքի առարկաների կազմը, ավելանում են բնական հումքի արհեստական փոխարինիչները, էներգիայի և վառելիքի էժան ու խնայողական տեսակները, որոնց օգտագործումը նպաստում է շրջանառու ֆոնդերի արդյունավետության աճին։

Շրջանառու ֆոնդերի ռացիոնալ օգտագործման տնտեսական նշանակությունը կայանում է  հետևյալում.

- հումքի, նյութերի, վառելիքի և աշխատանքի առարկաների այլ տեսակների տեսակարար ծախսումների կրճատումը տնտեսական մեծ եկամուտ է ապահովում։

- նյութական միջոցների խնայողաբար սպառումը նպաստում է արտադրական ռեսուրսների կազմի բարելավմանը և առարկայացած աշխատանքի տեսակարար ծախսումների կրճատմանը,

- նյութական ռեսուրսների խնայողությունը նպաստում է արտադրանքի ինքնարժեքի իջեցմանն ու համարվում է հասարակական ծախքերի խնայողության հիմնական ուղղությունը

- նյութական միջոցների խնայողաբար օգտագործման համար կարևոր նշանակություն են ստանում ռեսուրսախնայող և անթափոն տեխնիկայի ու տեխնոլոգիայի կիրառումը, հումքի, նյութերի կոմպլեքս օգտագործումը։

- նյութական ռեսուրսների խնայողությունը դրականորեն է ազդում ֆիրմայի ֆինանսական կայունության վրա և դրա հաշվին բարձրացնում է նրա եկամտաբերության մակարդակը։

Շրջանառության ֆոնդերն են՝

  1. պատրաստի արտադրանքը, որը գտնվում է ֆիրմայի պահեստներում,
  2. իրացման համար ուղարկված արտադրանքը, որի արժեքը դեռ չի վճարվել գնորդի կողմից,
  3. ձեռնարկության դրամարկղում առկա դրամական միջոցները,
  4. նրա հաշվարկային հաշվում, ակրեդիտիվների ու արժեթղթերի տեսքով եղած դրամական գումարները և այլն։

Շրջանառու միջոցների կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառու միջոցների կազմն իրենից ներկայացնում է շրջանառու միջոցները կազմավորող տարրերի համակցություն, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ հատկանիշների՝

  1. ըստ տնտեսական բովանդակության՝ շրջանառու արտադրական ֆոնդեր և շրջանառության ֆոնդեր,
  2. ըստ պլանավորման, կառավարման և վերահսկողության առանձնահատկությունների՝ նորմավորված և չնորմավորված միջոցներ,
  3. ըստ ֆինանսական աղբյուրների՝ սեփական, փոխառու, ներգրավված միջոցներ,
  4. ըստ ռիսկի աստիճանի՝ ներդրման մինիմում, ցածր, միջին և բարձր ռիսկով շրջանառու միջոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 590