Շվեյցարիայի ազգային օր (գերմ.՝ Schweizer Bundesfeiertag, ֆր.՝ Fête nationale suisse, իտալ.՝ Festa nazionale svizzera, ռետոռոմաներեն՝ Fiasta naziunala svizra), ազգային տոնՇվեյցարիայում: Նշվում է օգոստոսի 1-ին: Շվեյցարիայի Համադաշնության հիմնադրումն առաջին անգամ նշվել է 1891 թվականի օգոստոսի 1-ին, 1899 թվականից՝ ամեն տարի, իսկ որպես պաշտոնական տոն նշվում է 1994 թվականից[1]: Որոշ քաղաքներում պաշտոնական արարողությունը տեղի է ունենում տոնի նախօրեին` հուլիսի 31-ին:
Շվեյցարական ազգային առասպելի համաձայն 1291 թվականին Ֆիրվալդշտետ լճի ափին գտնվող Ռյուտլի բացատում հավաքվում են երեք կանտոնների` Շվիցի, Ուրի և Ունտերվալդենի ներկայացուցիչները և դաշինք են կնքում արտաքին հարձակումներից պաշտպանվելու համար: Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ Շվեյցարիայի Համադաշնության կազմավորման համար: Պաշտոնապես տոնը սահմանվել է 1891 թվականին, Շվեյցարիայի կազմավորման վեցհարյուրամյակի տարում: Երկար ժամանակ օգոստոսի 1-ը կանտոնների մեծ մասում համարվում էր աշխատանքային օր: 1993 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեում ժողովրդական նախաձեռնությանը հավանություն տալուց հետո 1994 թվականից այն պաշտոնապես հայտարարվեց ոչ աշխատանքայի օր ամբողջ Շվեյցարիայի տարածքում[2]:
Տոնի օրը շատ մարդիկ իրենց տները զարդարում են դաշնային և մունիցիպալ դրոշներով: Գանդոների մեծ մասում հասարակական շինությունների, փողոցների և հրապարակների զարդարման ավանդույթը օրինական պահանջ է: Ամեն տարի երկրի նախագահը հանդիսավոր ելույթ է ունենում Ռյութլի բացատում[2]:
Մութն ընկնելուն պես փողոց են դուրս գալիս բազմաթիվ երեխաներ լապտերներով և հրավառության միջոցներով: Իսկ բլուրների և լեռների գագաթներին կարելի է տեսնել մի քանի մետր բարձրությամբ կոնաձև խարույկներ: Այս ավանդույթը սկիզբ է առնում միջնադարից, երբ երկիր տարածքային սահմանների երկայնքով բլուրների կատարներին կազմավորվում էր նմանատիպ համակարգ և խարույկները վառվում էին թշնամիների մոտենալիս[3]: