Շվեդական պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդական պատ մարզասրահում

Շվեդական պատ, մարզագույք, որն օգտագործվում է մարզասրահներում մարզվելու համար, բուժական ֆիզկուլտուրայի կաբինետներում բուժական և վերականգնողական նպատակներով, ինչպես նաև տնային պայմաններում։ Այն սանդուղք է, որ կազմված է ուղղահայաց տեղադրված առնվազն երկու հենակներից և բազմաթիվ զուգափայտերից[1]։

Մարզական պատից կարելի է կախել մարզական բազմաթիվ լրացուցիչ սարքավորումներ՝ զուգափայտ, թեք նստարան, երեխաների համար կարող են լինել ճոպանը, պարանե սանդուղքը, ճոճը, օղակը, ճոճաձողը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզասրահ Մարմնամարզության կենտրոնական ինստիտուտում, հիմնադրվել է 1813 թվականին Պեր Լինգի կողմից (Ստոկհոլմ, Շվեդիա, մոտ 1900)

Մարմնամարզական նման պատի օգտագործումը նկարագրվել է դեռևս 1793 թվականին գերմանացի մանկավարժ Յոհան Գութս-Մութսի կողմից[2] «Մարմնամարզություն երիատասարդների համար» աշխատության մեջ (գերմ.՝ Gymnastik für die Jugend[3]):

19-րդ դարի սկզբին շվեդ բժիշկ և ուսուցիչ Պեր Հենրիկ Լինգը (1776-1839), հիմնվելով հին և միջնադարյան Չինաստանի ֆիզիկական մշակույթի վրա, մշակել է մարմնամարզության համակարգ։ Հայտնի է, որ նա ծանոթ էր «Մարմնամարզություն երիտասարդների համար» գրքի շվեդական հրատարակությանը, իսկ Գութս-Մութսի և Պեստալոցցու փորձերը Պեր Լինգին դրդել են ֆիզիկական վարժությունները դասակարգելու կենսաբանական գիտելիքների հիման վրա։ Նրա որդի Յալմար Լինգը (1820-1886) հոր աշակերտների հետ մշակել և մարմնամարզության մեջ ներդրել է մարմնամարզական տարբեր առարկաների օգտագործումը՝ մարմնամարզական պատ, զուգափայտ, ցատկահարթակ։ Մոտավորապես 19-րդ դարի երկրորդ կեսից Լինգի մարմնամարզությունն ու նրանում օգտագործվող գույքը տարածվել են Սկանդինավիայում և մյուս բոլոր երկրներում, որտեղ ներդրվել է ֆիզիկական դաստիարակություն[4]։

Շվեդիայում պատն անվանում են ribbstol (ռիբսթուլ), ինչը նշանակում է «շրջանակ զուգափայտերով»։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեմենտ Դրոշակիկ, որ կատարվում շվեդական պատի վրա: Մարմնամարզության կենտրոնական ինստիտուտ

Կախված նպատակից և տեղադրման վայրից՝ շվեդական պատի հենակների բարձրությունը տատանվում է 1800-3200 մմ սահմաններում։ Մարմնամարզական պատի պատրաստման դասական նյութը փայտն է։ Զուգափայտերը պատրաստվում են ամուր տեսակի փայտից (կեչու, հաճարի, թխկիի, կաղնու) և նրբատախտակից։ Կախերի հարմարության համար ամենավերևի զուգափայտը կարող է տեղադրվել պատից մի փոքր առաջ։

Շվեդական պատի կառուցվածքային մոտավոր և պարտադիր չափերը՝ համաձայն ԳՈՍՏ Ռ 56435-2015 անվտանգության պահանջների։

  • Հենակների բարձրությունը՝ 2600 մմ
  • Հենակների չափերը՝ լայնությունը 140 մմ, հաստությունը 33 միլիմետրից ոչ պակաս։
  • Երկու հարևան հենակների միջև հեռավորությունը՝ ոչ պակաս 800 մմ։
  • Ամենավերևի զուգափայտի բարձրությունը՝ հատակից 3000 միլիմետրից ոչ ավելի։
  • Զուգափայտերի առանցքների միջև եղած հեռավորությունը՝ 140 մմ։
  • Զուգափայտի լայնական հատույթի չափերը՝ շրջանաձև կտրվածքը 28-41 մմ, օվալաձև կտրվածքը 51 միլիմետրից ոչ ավելի։
  • Զուգափայտերը պետք է ամրացված լինեն, չպտտվեն իրենց առանցքի շուրջը։
  • Պատի կառուցվածքում չպետք է օգտագործել մեխ և պտուտակ (սուր առարկաներ՝ վնասվածքի վտանգ)։
  • Զուգափայտերը կարելի է տեղադրել ինչպես ուղիղ (հենակներում զուգափայտերի ամրացման կենտրոնները պետք է լինեն ուղիղ գծի վրա), այնպես էլ աղեղով։ Դա նպաստում է մեջքի «կախերի» միջոցով ողնաշարի լավ ձգմանը։ Աղեղի շառավիղը կախված է հենակների պատրաստման համար օգտագործված կոճղի լայնությունից։

Տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական պատը պետք է ամուր ամրացվի պատին, հատակին կամ առաստաղին։ Զուգափայտերի առանցքները հենակետային պատից պետք է լինեն առնվազն 105 մմ հեռավորության վրա[1]։

Միասեկցիոն փայտե շվեդական պատը հենակետային պատին ամրացվում է մինչև 2,6 մետր բարձրության վրա մետաղյա 4 անկյունակներով, որոնք հենակներին միացվում են նրանց վերևի ու ներքևի եզրերից մոտավորապես 30 սմ հեռավորության վրա։ 2,6 մետրից ավելի բարձր պատի համար անհրաժեշտ են ևս 2 անկյունակներ, որոնք տեղադրվում հենակների մեջտեղում։ Անկյունակները տեղադրվում են պատի արտաքին կողմնային մասում, որպեսզի նվազագույնի հասցվեն ամրացման տարրերից ստացվող վնասվածքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ГОСТ Р 56435-2015 Оборудование гимнастическое. Шведские стенки, решётчатые лестницы, каркасные конструкции для лазания. Требования безопасности и методы испытаний.
  2. «Подробная биография Йоганна Гутс-Мутса».
  3. Johann Christoph Friedrich Guts Muths, Gymnastik für die Jugend, Schnepfenthal, 1793; Marschner P., Vorwort zur Gymnastik für die Jugend, B., 1957; Festschrift zum 200. Geburtstage von Johann Christoph Friedrich Guts Muths, [B., 1959].
  4. Кун Л. Всеобщая история физической культуры и спорта = L. Kun Egyetemes testnevelésés sporttörténet (1978) / Пер. с венгерского И.П. Абоимова. — М.: Радуга, 1982. — С. 174—176. — 399 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ГОСТ Р 56435-2015 Оборудование гимнастическое. Шведские стенки, решётчатые лестницы, каркасные конструкции для лазания. Требования безопасности и методы испытаний.
  • Берглинд А. Г. Врачебная гимнастика по системе шведского гимназиарха Линга. — В 2 частях. — СПб.: Тип. Э. Веймара, 1860—1861. — 556 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդական պատ» հոդվածին։