Jump to content

Շպիգելի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպիգելի գործ
ԵրկիրԲոնն, ԳՖՀ
Դատի սկիզբհոկտեմբերի 26, 1962
Դատի վերջփետրվարի 7, 1963
ՈրոշումՄեղադրյալների ազատ արձակում կալանքից
Ներգրավված նշանակալի անձինքՌուդոլֆ Աուգշտայն,
Կլաուս Յակոբի,
Յոհաննես Էնգել,
Կոնրադ Ալերս,
Ֆրանց Յոզեֆ Շտրաուս,
Վոլֆգանգ Շտամմբերգեր

Շպիգելի գործ (գերմ.՝ Spiegel-Affäre), քաղաքական սկանդալ, որ տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում 1962 թվականին։ Այն ծագեց արևմտագերմանական Der Spiegel շաբաթաթերթի հրապարակումների շուրջ։ Հոդվածների լույս տեսնելուց հետո պարբերականի մի քանի աշխատակիցներ ձերբակալվեցին և մեղադրվեցին պետական դավաճանության մեջ, սակայն հանգամանքների լիարժեք բացահայտումից հետո նրանք ազատ արձակվեցին[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալը կապված էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆ Շտրաուսի և Der Spiegel ամսագրի հիմնադիր Ռուդոլֆ Աուգշտայնի միջև ծագած վեճի հետ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ամսագրի խմբագրությունը մեղադրեց Շտրաուսին կոռուպցիոն գործարքի մեջ շինարարական FIBAG ընկերության հետ, որն կնքել էր բազմաթիվ պայմանագրեր ԳԴՀ-ում ռազմական օբյեկտների կառուցման համար[2]։ Այդ մեղադրանքների ֆոնին ԳԴՀ-ում մեկնարկեց խորհրդարանական հետաքննություն, որը չբացահայտեց պաշտպանության նախարարի գործունեության շուրջ կոռուպցիոն սխեմա։

Չնայած դրան՝ լրագրողները շարունակեցին քննադատել պաշտպանության նախարարության գործունեությունը։ 1962 թվականի հոկտեմբերի 10-ին Der Spiegel ամսագրում հրապարակվեց մի հոդված՝ «Պայմանականորեն պատրաստ պաշտպանությանը» վերնագրով։ Հեղինակ Կոնրադ Ալերսը ներկայացրել էր ՆԱՏՕ-ի «Fallex 62» զորավարժությունների արդյունքների հիման վրա Բունդեսվերի մարտունակության իրական պատկերը ։ Ուսումնասիրելով զորավարժությունների մանրամասները՝ հոդվածում մեջբերվում էին Հյուսիսատլանտյան դաշինքի մի հրամանատարի խոսքերը, որոնց համաձայն՝ Արևմտյան Գերմանիայի Զինված ուժերը կիսով չափ են պատրաստ պաշտպանելու երկիրը[3][4]։

Կոնրադ Ալերսի հոդվածի հրապարակման պատճառով ամսագրի բազմաթիվ լրագրողներ մեղադրվեցին պետական դավաճանության մեջ, քանի որ հոդվածում ներկայացված որոշ փաստաթղթեր, պաշտպանության նախարարության կարծիքով, գաղտնի էին։ 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Der Spiegel շաբաթաթերթի Համբուրգի գրասենյակներում կատարվեցին խուզարկություններ։ Ռուդոլֆ Աուգշտայնը և ամսագրի գլխավոր խմբագիրները ձերբակալվեցին։ Նույն կերպ, Իսպանիայում գտնվող Կոնրադ Ալերսը ձերբակալվեց տեղի ոստիկանության կողմից՝ ԳԴՀ կառավարության պահանջով[5]։

Ռուդոլֆ Աուգշտայնին (աջ) Վիլի Բրանդտի հետ 1970 թվականին

Կանցլեր Կոնրադ Ադենաուերը տեղեկացված էր քրեական գործի մասին և ծանոթ էր պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆ Շտրաուսի ու արդարադատության նախարար Վոլֆգանգ Շտամմբերգերի գործողություններին։ Երբ այս գործը լայն հնչեղություն ստացավ, երկրի հազարավոր քաղաքացիներ դուրս եկան բողոքի ակցիաների՝ պահանջելով լրագրողների անհապաղ ազատ արձակում՝ որպես մամուլի ազատության ոտնահարման դեմ արձագանք[6]։

Սկզբում պաշտպանության նախարար Շտրաուսը մերժում էր իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ Սակայն ի վերջո նա խոստովանեց, որ նպաստել է գործընթացի ընթացքին՝ զանգահարելով ԳԴՀ-ի դեսպանության ռազմական կցորդին Իսպանիայում և խնդրելով ձերբակալել Ալերսին։ Արդյունքում՝ իշխող կոալիցիայում ընդգրկված Ազատ դեմոկրատական կուսակցության հինգ նախարարներ հրաժարական տվեցին, ինչն առաջացրեց ճգնաժամ երկրի ղեկավարության ներսում։ Կառավարության այս գործողությունները լրջորեն վտանգեցին Ադենաուերի իշխանությունը. նրան մեղադրում էին մամուլի ազատությունը ճնշելու մեջ[7]։

Ֆրանց Յոզեֆ Շտրաուս

1962 թվականի նոյեմբերի 26-ին վերաբացվեցին Der Spiegel շաբաթաթերթի գրասենյակները, իսկ 1963 թվականի փետրվարի 7-ին ազատ արձակվեցին Ռուդոլֆ Աուգշտայնը, Կոնրադ Ալերսը և պարբերականի այլ աշխատակիցներ։ 1962 թվականի դեկտեմբերին կանցլեր Կոնրադ Ադենաուերը ձևավորեց նոր կառավարություն՝ պաշտոնանկ անելով Ֆրանց Յոզեֆ Շտրաուսին և Վոլֆգանգ Շտամմբերգերին։1965 թվականի մայիսի 13-ին ԳԴՀ բարձրագույն վերաքննիչ դատարանը հրաժարվեց քրեական գործ հարուցել Աուգշտայնի և Ալերսի դեմ։ Գործը հետագայում քննարկվեց նաև Գերմանիայի սահմանադրական դատարանում՝ 1966 թվականի օգոստոսին, որը և լրագրողներին արդարացրեց։

Սկանդալն անդրադարձավ Ֆրանց Յոզեֆ Շտրաուսի հետագա քաղաքական կարիերայի վրա․ 1980 թվականի կանցլերի ընտրություններում նա չկարողացավ հաղթել և պարտվեց սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Հելմուտ Շմիդտին։ Գործը բացասական ազդեցություն ունեցավ նաև հանրային կարծիքի վրա՝ կապված Կոնրադ Ադենաուերի կանցլերության հետ։ Օրինակ՝ բրիտանացի պատմաբան Ֆրեդերիկ Թեյլորը նշել է, որ «Շպիգելի գործը» Գերմանիայի պատմության մեջ շրջադարձային պահ էր, քանի որ այն հնարավորություն տվեց հրաժարվել ավտորիտար ռեժիմի հնացած հայացքներից՝ ընտրելով ժողովրդավարական արժեքները, որոնք հետագայում դարձան ժամանակակից գերմանական պետության հիմքը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Spiegel affair | German history | Britannica». www.britannica.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Fibag scandal(անգլ.) // Wikipedia. — 2019-12-31.
  3. Gunkel, Christoph (2012 թ․ սեպտեմբերի 21). «50th Anniversary of the SPIEGEL Affair». Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Bedingt abwehrbereit». Der Spiegel. 1962 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Bönisch, Georg (2002 թ․ հոկտեմբերի 20). «»Dummheiten des Staates«». Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. John Gimbel The "Spiegel Affair" in Perspective // Midwest Journal of Political Science. — 1965. — В. 3. — Т. 9. — С. 282–297. — ISSN 0026-3397. — doi:10.2307/2109134 Архивировано из первоисточника 7 դեկտեմբերի 2022.
  7. Daniela Dau. «Von Gier und Größenwahn». Süddeutsche.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Exorcising Hitler(անգլ.) // Wikipedia. — 2022-11-15.