Շուշի մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Շուշիի ազատագրման համար», Արցախի պետական պարգև՝ մեդալ։ Սահմանվել է Արցախի ԱԺ 1994 մայիսի 7-ի որոշմամբ։ Պարգևատրվում են ՊԲ, Արցախի ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, կամավորական ջոկատների ազատամարտիկները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի ազատագրման կազմակերպիչները և ղեկավարները։

Մեդալը 32-մմ լայնությամբ և 42-մմ երկարությամբ ութանկյուն է՝ պատրաստված հատուկ ձուլվածքից։ Մեդալի երեսին՝ վերևում «Արցախ», ներքևում «Շուշի» մակագրություններն են, կենտրոնում՝ արծվի պատկերը, որի աջ թևի վերևում պատկերված է խաչ։ Մեդալը երիզված է ութանիստ շրջանակով։ Մեդալի դարձերեսին՝ «Շուշին ազատագրված է 1992. 9 մայիսի» մակագրությունն է, որից ներքև պատկերված է երեք խաչ։ Պատկերները և մակագրություններն ուռուցիկ են։ Ամրակալի և ուղղանկյան օղակի միջով մեդալին միացված է ուղղանկյունաձև շերտաձողիկ, որը պատված է 32 մմ լայնությամբ Արցախի դրոշի երեք գույներով, մետաքսե դափնեպսակով զարդարված ժապավենով։ « Շ.ա.հ.» մեդալով պարգևատրվել է 1060 մարդ (2003)։