Շուշիի Մարիամ-Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարիամ-Ղուկասյան օրիորդաց դպրոց, 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմում են կաթողիկոսին, խնդրում թույլ տալ Շուշիի Մարիամյան իգական դպրոցը վերանվանելու Մարիամ-Ղուկասյան։ Այդ գործի իրականացման համար նրանք իրենց սեփական երկհարկանի շինությունը, որ 50 000 ռուբլուց ավել արժեր, նվիրել են հայոց Մարիամյան օրիորդաց դպրոցին, որ իրենց քրոջ անունով պետք է անվանվի Մարիամ-Ղուկասյան, ընդ որում, թե՝ նվիրաբերած առանձնատունը և թե՝ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ. Էջմիածնի տրամադրության ներքո։ 1913 թ. Արցախի թեմի ժամանակավոր կառավարիչ Զավեն վարդապետին հղված հայրապետական կոնդակում նշվում է դպրոցի բացման մասին։ Նույն թվականի մեկ այլ կոնդակով հաստատվում է դպրոցի կանոնադրությունը։

1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերում են 30 000 ռ., իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրում 200 000 ռ.։ Նոր դասարանների շինարարական աշխատանքների համար կազմվում է հանձնաժողով, որի անդամներից էին քաղաքագլուխ Գր. Քալանթարյանը, Ն. Օհանյանը, Կ. Շխեյանը, տեխնիկ Լ. Մինասբեկյանը, Ս. Սարուխանյանը և Մ. Դանիելյանը։ Աշխատանքները սկսվում են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունենում հիմնօրհնեքը։ Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը “…կառավարվելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրությամբ, բոլոր առարկաների դասավանդությունը լինելու է անպայման Հայ լեզվով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմության և աշխարհագրության դասերից…»։ Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը։ 1915 թ. դպրոցն արդեն ուներ 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի։ 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործում էր լրիվ միջնակարգ դասընթացով։